ԳՆԱՑԻՆՔ, ՈՐ ՓԱԿԵՆՔ ՉԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ… / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հովիկ Վարդումյան Հավերժական շարժումը

Հովիկ Վարդումյանի նոր գիրքը՝ «Հավերժական շարժումը», հեղինակից նվեր ստանալու օրը ամրա­գրված է ընծայականում՝ 12.10.20 թ.: Սա այն պահն էր, երբ Գրողների միությունում հավաքվել էինք և սկսելու էինք պաշտպանական ցանցեր գործել մեր բանակի համար: Ի՜նչ հավատով էինք ցանցին ագուցում հազարավոր կտորտանքից յուրաքանչյուրը: Հենց նույն օրն էլ կպա այս գրքից, քանի որ առաջին իսկ էջերից պարզ էր. այստեղ մեծ ասելիք կա…
Հովիկի ֆանտասմագորիկ մտածողությանը շատ լավ ծանոթ լինելով՝ այնուամենայնիվ հանկարծակիի էի եկել: Էս որտեղների՞ց է սկսել և ո՞ւր է ուզում տանել… Ինքը գիտի…
Գրող եմ և գիտեմ, որ նոր գործ սկսելու պահին շատ աղոտ պատկերացում ես ունենում, թե ո՞ւր է քեզ հասցնելու քո խելահեղ քայլը… Բայց արդեն արել ես ու գիտես, առնում ես ընթացքի զգլխիչ բույրը, որից ետ կանգնելը դավաճանություն է:
Այդ օրը, ցանց գործելիս չգիտեինք, թե ինչ է գալու գլխներիս գրեթե մեկ ամիս անց… Հավատացած էինք, որ «Հաղթելու ենք»: Իսկ Հովիկի այս տողերն իր նոր գրքում արդեն գրված էին. «Դաշտերի բոլոր գույները մեռան: Սավառնող թռչունները երկինքը նետված քարերի նման շրմփացին գետնին: Ամեն ինչ մեռավ: Մնաց միայն սևը՝ մեռյալ աշխարհի դեմքը: Հետո սկսեցին տարբեր կողմերից կրակել: Տարբեր զենքերով: Ասպարեզ եկավ զրահատեխնիկան: Կրակում էին վերևից ու ներքևից: Հրթիռային կայանքներից հրթիռներ էին թռչում: Երկնքում բազմապիսի թռչող ապարատներ հայտնվեցին: Աշխարհը խառնվեց, դարձավ անկառավարելի խառնարան: Զրահատեխնիկան դիմացից շարժվեց առաջ: Ինչքան խփում էին, այնքան բազմապատկվում էր: Ռումբեր ու արկեր էին պայթում: Հրթիռները սուլոցով թրատում էին երկինքը…
Հետո արեգակի դեմքը ծածկեց սարսափազդու սունկը: Երկինք ու երկիր խառնվեցին իրար: Դաշտերը դարձան վառված ու մեռած անապատ, լցվեցին մարդկանց, կենդանիների ու թռչունների դիակներով: Ուռած, փքված դիակների նեխահոտը լցրեց աշխարհը, շնչելու օդը պակասեց:
Փոքրիկ աղջնակի երգը մեռավ: Գերեզմանային լռություն տիրեց: Երկրագունդը դարձավ մի վառված գնդակ…
Տե՛ր Արարիչ…,- կանչեց:
Տե՛ր Արարիչ…,- կանչեցին երկնքից իջած առաքյալները,- հրամա՛ն տուր…
Արևն արդեն հասել էր զենիթին, բայց դեռ ծնկի իջած աղաչում էին Արարչին:
Իսկ երկնքից նայող այլանդակ դեմքը ծամածռվում էր՝ մեկ՝ քմծիծաղում, մեկ՝ քրքջում…
Ապա խաղաղություն իջավ: Այդ ամենը միայն տեսիլք էր: Ներքևում խաղաղ երանություն էր: Փոքրիկ աղջկա հոգեզմայլ երգը շրջում էր կանաչ արտում»:
Եվ այս գլխի ամփոփումը, որ չգիտես՝ պայծառատեսությո՞ւն է, մարգարեությո՞ւն, թե՞ երկար կյանք ապրած փիլիսոփա, ռազմիկ գրողի մեկնություն. «Տեսաք,- ասաց ձայնը, գնացե՛ք և կանգնեցրե՛ք: Գնացե՛ք, փակե՛ք չարի ճանապարհը: Եթե գնաք, դո՛ւք կկրեք աշխարհի չարչարանքները, եթե հրաժարվեք՝ Աշխարհը: Ընդունե՛ք տառապանքը, որ աշխարհը փրկվի»:
Գնացինք, որ փակենք չարի ճանապարհը… Որ փրկվի աշխարհը:
Այս գիրքը գրված է իմաստունի պարզ, անսեթևեթ լեզվով, ու այն կարելի է անվանել՝ աշխարհի բոլոր ճշմարտություններն ու անցուդարձը մի գրքում: Հենց սա է պատճառը, որ կդժվարանամ այս օրերին, մեր ազգին հասած արհավիրքից բթացած իմ ուղեղով խոսել գրքի գոնե մի քանի կարևոր արժանիքների մասին: Բայց կփորձեմ:
Գրքում հիմնական կերպարներ են Պրոմեթևսը, փարավոնները, գլխավոր քուրմը, դարբինը, պալատական ծաղրածուն, Խուրրի Միտենե հազարամյակների շղարշով պատված երկիրը, որ հաճախ նույնանում է Աստվածային օրենքների երկրի կամ Հայաստան աշխարհի հետ, Ժամանակը, Անծանոթը, Հավերժական անցորդը…
Գիրքը մարդկության նոր էվոլյուցիոն փուլ, նոր քաղաքակրթական համակարգ մտնելու անխուսափելիության ու անհրաժեշտության մասին է:
Պրոմեթևսն ու Քրիստոսը մարդկությանը լույս պարգևեցին. Մեկը՝ կրակը գողացավ աստվածներից, որ մարդն իր տանը գիշերով ճրագ ունենա, թոնրում հաց թխի, միսը եփած ուտի, Մյուսը՝ իր հետ բերեց հոգու լույսը, թողեց այն մեզ… Երկուսն էլ աստվածներ են, մեկը՝ հեթանոսական, մյուսը՝ Արարչի Որդի՝ Փրկիչ… Երկուսի համար էլ նորից երկնքում լինելու պայմանը նույնն է՝ մարդանալ, անցնել մարդկային կյանքի բոլոր հանգրվաններով… նաև՝ դժոխքներով…
Խիստ տարբեր էր, սակայն, նրանց տարածած լույսի բնույթը: Գուցե սա՞ էր պատճառը, որ մարդացած Պրոմեթևսին (ըստ Վարդումյանի) սիրեցին ու պաշտպանեցին, երբ ժողովրդի աչքի առաջ գանահարում էին նրան, Ծաղրածուին ու Դարբնին: Քրիստոսին էլ էին սիրում, տեսել էին ու ճաշակել նրա հրաշքները, բայց ոչ միայն չպաշտպանեցին, երբ Նա Խաչը բարձրացվեց, այլև ծաղրեցին, իրենց չարությունը թափեցին անմեղ Գառան վրա: Ինչո՞ւ է այսպես դասավորվել Վարդումյանի այս երկու հերոսների ճակատագիրը: Ըստ իս, Հովիկը ուզում է, որ այս հարցի մասին մտորելիս հասկանանք, թե որքան ավելի նուրբ են հոգևոր թրթիռները, և որքան ավելի քիչ էին այդ թրթիռներն ունեցողները Խաչելության պահին և դրա հաջորդող հազարամյակներում: Իսկ Պրոմեթևսի տված հուրը առկա է մեր առտնին բոլոր կարիքների պարագայում, դրանով է հունցվում նյութը…
Վեպում շատ անգամ է խոսվում միաստվածության, միակ Արարչի մասին, որի գաղափարը սերում է Աստվածային օրենքների երկրից, որ Հայաստանն է: Պատմական փաստերը Հովիկի գրչի տակ ժամանակի մեքենայի անվակների են վերածվում: Գրքի նոր գլխին անցնելիս մենք չգիտենք, թե այս անգամ ո՞ր ժամանակում և ո՞ր երկրում ենք հայտնվելու: Բայց որ Ժամանակը հավերժական է, և այդ հավերժության մեջ ոչինչ չի կրկնվում, դրա մասին է վկայում այն, որ հին իրադարձություններից դասեր քաղելու մասին ուսուցումները չեն արդարացնում իրենց, հնացել են արդեն:
Հովիկի գիրքը հենց այն մասին է նաև, որ նոր ժամանակները միշտ նոր լուծումներ են պահանջում: Իսկ էվոլյուցիոն նոր փուլը մարդկության կենսագրության այս պահին մեզ դրել է միանգամայն անսպասելի, մինչև այժմ չեղած խնդիրների առաջ: Եվ ամենակարևորը՝ նոր մարդու ձևավորման խնդրի:
Թե ինչո՞ւ է Հովիկ Վարդումյանը համոզված, որ Հայաստանն է հենց Աստվածային օրենքների երկիրը, դժվար է ասել… Քանի որ հենց այս օրերին, հենց Աստվածային օրենքների այս երկրում ամեն քայլափոխի ոտնահարվում են Աստվածային օրենքները: Գուցե խնդիրն այն է, որ հենց այստեղ էր, որ ճշմարտությունը, արդարությունը, հույսը, հավատն ու սերը պետք է թագավորեին: Եվ դրա համար կային բոլոր պայմանները… Երբ օպերայի երգիչ-երգչուհիները, բուհերի ուսանողներն ու դասախոսները, ֆիզիկոսները ցանցեր էին գործում, պաշտպանական գլխարկներ, վերմակներ, անջրանցիկ թիկնոցներ էին կարում, համոզված էինք, թե հենց միայն սրանք են հարկավոր մեր քաջարի զինվորներին՝ թշնամու հարվածներից քողարկելու, պաշտպանելու համար…
Հիմա արդեն կարևոր չէ, թե դրանցից քանի՛սը ծառայեցին իրենց նպատակին, քանիսը՝ ոչ. եթե գոնե մեկ զինվորի կյանք է փրկվել, ուրեմն ճիշտ է… Կարևորը այն միասնական ոգին էր, որը, պարզվում է՝ եթե կա, ոչ մի տրամաբանության չի ենթարկվում… Մենք այդ օրերին չէինք տրամաբանում, այլ գործում էինք՝ այո՛, ցանցեր էինք գործում, որոնց խտության մասին տրվող հրահանգներին ենթարկվում էինք անվերապահ…
Կարևորը հենց այս ան-վե-րա-պահն է…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։