Դեկտեմբերյան այս օրերին մեր հիշողություններից չէր ջնջվում 7 թիվը: Այս դեկտեմբերն ավելի է ծանրացել մեր մեջ Արցախի «երկրաշարժով» (էպիկենտրոնը՝ Շուշի), Քարվաճառի, Բերձորի… ավելի շուտ՝ Հադրութի…
հետցնցումներով:
***
Մեր հոգու սահմանները դատարկվեցին… Մեր հոգու սահմանները անխրամատ են մնացել… Մեր մտքի զորանոցները քանդվել են… Մեր հավատի սպաներն ու զինվորները դարձյալ իրենց մտքում անտունիներ են մրմռում… Մեր մրմուռը էլի՛ մեզ վերևից շպրտեցին… Այսքա՜ն ապաշնորհ, այսքա՜ն ցինիկ ու այլանդակ վերևներ դարձյալ ինքներս մեզ պարտադրեցինք… Ինքնաանդամահատի նշտարի վրա մեր մատնահետքերն են՝ մեր խղճի այլևս երբեք չմաշող մատնահետքերը…
Մեր Սիրո գետերի ջրերը ինչպե՞ս թույլ տվեցինք խլեին մեզանից, որ հետո մեր գետերի ջրերը խլեն… Մեր ներսի՞, թե՞ դրսի թշնամին էր աննախադեպ զինված… Մեր դրսի թշնամու դեմ մեր տասնութից քսան, մեր քսանից հիսունհինգ, մեր տարեց կամավոր տղաները անհավասար պայմաններում հերոսացան, իսկ ինչո՞ւ կամովին խաբվեցին մեր տասնութից քսան, քսանից հիսունհինգ, հիսունհինգից տարեց տղաները մեր ներսի թշնամուն…
Նախ մեր ներսի թշնամին հարձակվեց մեզ վրա հյուսիսից, հյուսիս-արևելքից, արևելքից, հարավ-արևելքից, հարավից… պղծեց մեր հավատքի տաճարները, կողոպտեց մեր մշակույթը, ապա նույնն արեց արտաքին թշնամին… Այս ի՞նչ ներդաշնակ դիվային ծրագրեր էին, ներսի և դրսի ի՞նչ ռազմավարական նույնացումներ։ Հիմա մեր հոգու ձգված սահմաններին ովքե՞ր են կանգնելու… Մեր չխաղաղվող հոգու սահմաններին ի՞նչ խաղաղապահներ… Մեր մեջ հազարավոր մարված լույսերի այս խավարում որքա՞ն ենք խարխափելու… Այդ հազար-հազար լույսերի լուսավոր պատկերների ծանր բացակայությունն ինչպե՞ս ենք կրելու մեր մեջ… Ինչպե՞ս ենք դիմանալու նրանց խաղաղված հայացքների փոթորկուն հանդիմանանքին… Մեր մնացած օրերի մեջ մխրճված այս «ինչուի» և «ինչպեսի» հետ կկարողանա՞նք կողք կողքի ապրել… Մի՞թե մենք կույր էինք… Մի՞թե առաջին օրերից չէր երևում մեր փլուզված այսօրվա ուրվագիծը… Մի՞թե չգիտեինք, որ ով ինչ չունի՝ դրանով է պարծենում. ողորմելին իր հպարտությամբ, վախկոտն իր «դուխով», պարտվելու եկածն իր հաղթելու դիֆերամբներով… Մենք խաբեցինք ինքներս մեզ, մենք խաբվեցինք մեր ձեռքով մեզ պարտադրած հրեշին… Հրեշը մեր հույսի, հավատի ու սիրո աղբյուրի ակը փակեց (հիմա էլ է փակել) և պահանջեց-տարավ մեզանից մեր ամենաթանկը՝ մեր սրբազան հողը, մեր զավակներին, մեր արժանապատվությունը… Չկա… Երեկն այլևս գոյություն չունի… Հիմա ամեն մի աչքբացումից հետո պիտի ափսոսանք, պիտի չուզենանք նայել իրականության աչքերի մեջ… Պիտի հայհոյենք նրանց, որ հաջողեցրին իրենց հրեշավոր ծրագրերը… Հազար անգամ պիտի կկոցած աչքերով հայհոյենք, հետո նոր միայն ոտքներս դնենք մեր մեղքերի ծանրությանը չդիմացող հողին… Այս հողին, որ, արդեն վստահ չենք, կարժանանա՞նք արդյոք… հետո…
Հ.Գ. Վաղը կգա չսխալվելու ժամանակը.. Մենք չսխալվելու պարտք ունենք
մեր թանկ-թանկ լույսերով լուսավորված երկնքին…