Բանաստեղծ Հայկազ Խնկոյան, դու գրեցիր «քո հիշողության կապույտ առասպելը», որտեղ խոսքդ փթթում էր. «Ինչ բարձր է քո հույսերի գմբեթը»: Մինչ հիշողությունն իր սահմանները կճշտի, ինձ ասա. «Ո՞վ է տվել քեզ սուրբ հացի համբերություն,//ո՞վ է բաշխել նվիրյալի պատկերը քեզ,//հայտարարել քո հայտնության հրաշքը պարզ.// Միտքը պահել այսպես զվարթ, ոգին՝ արթուն»:
Բանաստեղծ Հայկազ Խնկոյան, թռիչքդ դեպի բառի խորքը եղավ, և խորհեցիր. «Մե՛րթ զեփյուռի պես մեղմիվ, մե՛րթ մոլեգին որպես հողմ,//Կորուստներիս տեր դարձած, շռայլումիս անտարբեր,//Ճշմարտության պես պայծառ ու խղճի պես անողորմ://Ցնորքներիս եզերքով դեգերում եմ օրնիբուն,// Միտքս ձգտում է առաջ՝ որպես մեղու ժրաջան,//Թվում է, թե ոչ մի վիշտ չի ծանրացել իմ հոգուն,//Եվ ցավատանջ իմ ուղին չունի ընթացք ու վախճան»:
Բանաստեղծ Հայկազ Խնկոյան, դու հեռացար մեզանից, որպեսզի կյանքդ տևականացնես երկնային արքայությունում, իսկ մենք, միևնույն է, շարունակելու ենք թակել հոգուդ դռները, որի փեղկերը «Նախանշան», «Արևագալ», «Միջօրե», «Կաթնծիր» գրքերիդ բանաստեղծություններով են զարդանախշված:
Բանաստեղծ-թարգմանիչ Հայկազ Խնկոյան, արարումներիդ մեջ նրբահոգի «ցոլցոլում են հիացումի բառերը մեր,//և կարոտիդ նշակետին մեր ինքնակամ սիրտն է դրված»:
Բանաստեղծ Հայկազ Խնկոյան, Բյուրեղավանի «Առագաստ» արվեստի ակումբի հիմնադիր նախագահ, լավագույնս դրսևորեցիր բարեկիրթ ու համեստ, մշակույթին նվիրյալ մշակիդ ջանասիրությունը, երբ ուղեկիցդ էր «Հույսը՝ հոգուն մխիթար,//Ցավը՝ մտքին դաշնակից,//Սերը՝ սրտից վիրավոր» հուզաբախումը:
Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ