Ճակատագիրը շատ դաժան ու խոր է գրվել հայ ժողովրդի ճակատին։ Ու երբ ցանկացել է թոթափել դրա հետևանքները, ամեն անգամ հայտնվել է կյանքի ու մահվան պայքարի կիզակետում։ Եթե հայ ես, հող վարող քո խոփը պարբերաբար պետք է դեմ առնի քարին, զգուշավոր պետք է շրջես հողդ, որ չվնասես մագաղաթյա գիր, խաչքար, մշակութային կոթող։ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած նոր լայնամասշտաբ պատերազմը վերահաստատեց 1915 թ. Հայոց ցեղասպանության արհեստածին պատճառներն ու կրկնվող պատմությունը։
Դժբախտաբար, ներսի ու դրսի որոշ վայ-քաղաքագետներ, պետական ու քաղաքական գործիչներ ներկա պատերազմը փորձում են որակել որպես «տարածքային ամբողջականության» և «ինքնորոշման իրավունքի» հարց։ Շատերը նոր միայն հասկացան, որ այս ամենը ոչ այլ ինչ է, քան պանթյուրքիզմի իրագործման ծրագիր։ Չպետք է մոռանալ, որ սա միայն հայկական հարց չէ, այլ սպառնացող մեծ վտանգ ողջ առաջադեմ մարդկության, պետությունների համար: Դժբախտաբար, իբր դեմոկրատիայի և մարդու իրավունքների հաստատման գնացող աշխարհը չտեսնելու է տալիս թուրք մարդակերների կողմից՝ «առաջադեմ աշխարհին» հայտնի ահաբեկիչ խմբավորումների ներգրավումով ի՛նչ մեծ վտանգ է ստեղծվում ողջ մարդկության ու պետությունների համար: Նրանց բոլորին արթնացնել է պետք, և դրանում իր մեծ դերն ունի աշխարհի առաջադեմ մտավորականությունը, այդ թվում և՝ մենք:
Թուրք-ադրբեջանական դաշինքը ոչ միայն ոտնահարում է հարևան ժողովուրդների իրավունքները (այդ թվում և՝ իրենց ժողովրդի), այլև վարձկան ահաբեկիչներով, միջազգայնորեն արգելված զինատեսակներով իրավունքը մորթում է օրորոցում, խեղդում արյան մեջ: Աշխարհի առաջադեմ մարդկությունը իրավունք չունի լռելու, թույլ տալու, որ պետականորեն աշխարհի առաջինը քրիստոնեություն ընդունած ժողովրդի նկատմամբ իրագործվի ցեղասպանության նոր դրսևորում, լայն ճանապարհ բացելով պանթյուրքիզմի առաջ: Մահվան չափ ծանր է տեսնել, թե ներկայումս ինչ սերունդի ճակատագրի հետ են խաղում նրանք, ինչպիսի շեն բնակավայրեր ու պատմամշակութային հուշարձաններ ավերում թնդանոթների հարվածների տակ:
Դեռ կյանք չմտած, վառ ապագայի երազանքներով ապրող ամեն մի հայրենասեր երիտասարդի ինքնազոհաբերումը և՛ փառք է, և՛ մեծ կորուստ ոչ միայն մեր ժողովրդի համար:
Մենք խոնարհվում ենք բոլոր նահատակների և հայրենիքի համար մարտնչող յուրաքանչյուրի առջև: Մենք համոզված ենք, որ մեր ժողովուրդը իր մեջ նորից կվերագտնի մեծ ուժ՝ առաջադեմ մարդկության աջակցությամբ փակելու մեծ արհավիրքի ճանապարհը: Մենք դարձյալ պատվով ու հաղթանակած դուրս կգանք այս արհավիրքից: Երբ վտանգված է բարձր քաղաքակրթությունը, մշակույթն ու ժողովուրդների ստեղծած ժառանգությունը, մուսաները իրավունք չունեն լռելու…
ԵՐԳ ՀԱՂԹԱՆԱԿԻ
Կռիվ է գնում, դաժան մի կռիվ.
Մեկը իր հողն է պաշտպանում կյանքով,
Մյուսը՝ փորձում սուրբ հողը զավթել
Մահաբեր, դաժան, մարդակեր զենքով։
Հայի դարավոր սուրբ հողն է այրվում
Անարգ թշնամու պայթյունների տակ,
Ինչ էլ որ լինի, ջախջախվելու է
Թուրքը մարդակեր ու սատանային հոգով հպատակ:
Մեր սեգ լեռների ու խոր ձորերի
Ուժն է դարավոր քո մեջ, հա՛յ զինվոր,
Որ միշտ փրկել է բյուր ոսոխներից
Հողը հայրենի՝ արդար, դարավոր։
Քանի որ դու ես տերը քո հողի,
Գիտեմ, թշնամու մահը դու կտաս,
Որ անմեղ թափած քո արյան տեղում
Հաղթական սեղան շուտով դու բանաս…
Այնտեղ, ուր հայի մարմինն է հանգչում,
Երազներն իրենց երկինք են թռչում.
Սրբավայրեր են նրանք դառնալու,
Ուխտի է հայը աշխարհից գալու։
Այն մորը մատաղ, ով քաջ է ծնել,
Այն հողին մեռնեմ, որ քաջ է սնել,
Սերունդներ կգան ու կհամբուրեն
Սուրբ ձեռքը նրա, ով գիր կթողնի
Մեծ հաղթանակի կամարի վրա։