Արդեն ավելի քան մեկ ամիս է՝ հայ ժողովուրդը կենաց-մահու պայքար է մղում մեր հինավուրց Արցախում ազերաթուրքական ահաբեկչական խմբավորումներով համալրված բանակի սանձազերծած պատերազմում: Աշխարհի ողջ հայությունն է ոտքի կանգնել՝ դիմագրավելու թշնամու պանթյուրքիստական նկրտումներին, պաշտպանելու հայոց պետականությունը:
Հրադադարի մասին պայմանավորվածությունները Ադրբեջանը խախտել է արդեն երրորդ անգամ, վերջինը պայմանավորված էր հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08-ից:
Մեր ժամկետային զինծառայողների, կամավորականների սխրանքներն աներևակայելի դրսևորումներ են ունենում, որոնց մասին դեռ երկար կխոսվի վերջնական հաղթանակից հետո:
Հայաստանի դիվանագիտական գերատեսչությունը և Սփյուռքը մեծ ջանքեր են գործադրում ամբողջ աշխարհին հայերի նոր ցեղասպանության փորձը ներկայացնելու, խոշոր տերություններին ու միջազգային կազմակերպություններին կտրուկ քայլեր պարտադրելու ուղղությամբ: Չնայած ոչ շոշափելի արդյունքներին՝ այս գործընթացը պետք է շարունակվի չթուլացող ինտենսիվությամբ: Սակայն պետք է ցավով նշեմ, որ աշխարհից մենք լուրջ սպասելիքներ չպետք է ունենանք: Ամբողջ աշխարհը լռում էր, որոշ պետություններ էլ անթաքույց աջակցում էին թուրքերին 105 տարի առաջ: Նրանք լռում էին և ոչ մի կոնկրետ քայլ չարեցին, երբ Թուրքիան օկուպացրեց Կիպրոսի տարածքի զգալի մասը, նրանք լռում էին նաև անցած մի քանի տարիներին, երբ Թուրքիան ռազմական գործողություններ էր իրականացնում ու իր վերահսկողության տակ վերցնում Սիրիայի հյուսիսային մասը, իսլամական ահաբեկչական խմբավորումներով ներխուժում էր Իրաք և Լիբիա:
Միամտություն կլինի կարծել, թե Արցախի դեմ պատերազմն սկսելուց առաջ Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, իր գործողությունները չի համաձայնեցրել ԱՄՆ-ի հետ, որը շահագրգռված է թուլացնել, նաև հնարավորության դեպքում ի չիք դարձնել Ռուսաստանի Դաշնության ազդեցությունը Հարավային Կովկասում, որտեղ՝ կոնկրետ Հայաստանում, զսպող դեր է կատարում ռուսական 102-րդ ռազմաբազան: Ավելին՝ հումանիտար զինադադարի մասին Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված երկու պայմանավորվածությունների միտումնավոր խախտումը, Արցախի դեմ ռազմական գործողությունները շարունակելը, Էրդողանի հայտարարությունները վկայում են, որ Թուրքիան փորձում է ընդլայնել պատերազմի աշխարհագրությունը, դրդել Ռուսաստանին բացահայտ մասնակցել պատերազմին՝ իր բոլոր աղետալի հետևանքներով: Մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի ղեկավարությունն այս ամենը լավ է հասկանում: Կարևորն այն է, որ մեր երկու երկրների համագործակցությունը պատշաճ մակարդակի վրա է:
Մենք չպետք է մեծ սպասելիքներ ունենանք նաև եվրոպական երկրներից, որոնց համար միշտ էլ գերակա է լինելու իրենց պետական շահը: Օրինակ՝ Գերմանիան, ըստ մեր տեղեկությունների, տարեկան միլիարդավոր դոլարի զենք է վաճառում Թուրքիային, որն այդ զենքով ռազմական գործողություններ է իրականացնում աշխարհի տարբեր երկրներում, մեծաքանակ փախստականներ են հայտնվում Եվրոպայում, այդ թվում նաև՝ Գերմանիայում: Հետո Անգելա Մերկելը Եվրամիությունում, ՄԱԿ-ում և այլ կառույցներում բողոքում է փախստականների հսկա քանակից: Երկակի ստանդարտների կիրառումը, կեղծ մարդասիրությունն ու ժողովրդավարությունն արդեն վաղուց դարձել են ոչ միայն Գերմանիայի, այլև Եվրոպական այլ երկրների պետական քաղաքականության անբաժանելի բաղադրիչը: Նույնիսկ մեր վաղեմի բարեկամ Ֆրանսիան է հապաղում ճանաչելու Արցախի անկախությունը (չմոռանանք, թե ինչպես ժամանակին հայոց Կիլիկիան հանձնվեց թուրքերին): Տարօրինակ է նաև մեր բախտակից երկրների՝ Հունաստանի և Բուլղարիայի պահվածքը: Վերջինս լիովին անտարբերություն է ցուցաբերում արցախյան մերօրյա պատերազմի նկատմամբ, իսկ Հունաստանը, ինչպես նաև շատ այլ երկրներ, բավարարվում է «մտահոգիչ» հայտարարություններով:
Շատերն են հիշում քրեական գործերն Ալիևի նավթադոլարներով կաշառված այն գործիչների նկատմամբ, ովքեր բարձր պաշտոններ են զբաղեցրել եվրոպական միջազգային կառույցներում:
Բոլորին կաշառելու և իր կողմը շրջելու հարյուրամյա փորձ ունի նաև Թուրքիան: Այս օրերին նշվածի հետևանքները դրսևորվում են աշխարհի առաջատար բազմաթիվ լրատվամիջոցների պահվածքում:
Աշխարհի հզոր երկրներն, իհարկե, հումանիտար օգնություն և արտոնյալ վարկեր կտրամադրեն Հայաստանին, կաջակցեն պատերազմի հետևանքների վերացմանը, սակայն ավելին չենք կարող սպասել:
Շատերը կարող են անիմաստ համարել այս թվարկումները, սակայն պետք է չկորցնենք մեր զգոնությունը ոչ միայն պատերազմի դաշտում, այլև դիվանագիտական ասպարեզում: Այս պատերազմում մենք թշնամուն դիմակայում ենք մեր երիտասարդների կյանքի գնով, մեր բնակավայրերի մեծաթիվ ավերածությունների, խաղաղ բնակիչների մահվան գնով:
Ոչ միայն Հայաստանի և Արցախի ղեկավարության, այլև ողջ հայ ժողովրդի կարծիքով, մենք թշնամուն պետք է պարտադրենք խաղաղություն՝ վերջնականապես ջախջախելով նրան, պատճառելով մարդկային և տարածքների կորուստներ: Այլապես արյունարբու թուրքը կանգ չի առնի:
Բոլորս պետք է հավատանք հաղթանակին, հավատանք, որ թեև մենք ենք կռվում թշնամու դեմ, բայց մենակ չենք: Մենք ունենք ռազմավարական գործընկեր, որը լավ է պատկերացնում նահանջի կործանարար հետևանքները: Պետք է կտրականապես հրաժարվենք ավելորդ հուզականությունից և պահպանենք զգոնությունը:
Մենք հաղթելո՛ւ ենք, քանզի բոլորիս գիտակցության մեջ ջնջվել են մյուս բոլոր բառերը:
Միայն հաղթանակով ենք կոտրելու աշխարհի լռությունը: