Կանգնե՛ք «Գոմեշի» կողքին, վրաներիցդ մի քիչ մարդահոտ գա:
Խաչիկ Մանուկյան
Այսօր, երբ գրական դաշտում ազգային մտածողության հետմղման միջոցով ավելի ու ավելի են տարածվում գլոբալիստական գաղափարները, օրախնդիր է դառնում ազգային ակունքներն արժևորող, բայց միաժամանակ համամարդկային շնչառություն ունեցող բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի գրականության վերարժևորումը։ Նրա հրապարակախոսական և քննադատական հոդվածներն իրենց բնույթով գեղարվեստական երկերի գաղափարական լրացում-շարունակություններն են: Դրանք ամբողջական գաղափար են հաղորդում գրողի ստեղծագործական հետաքրքրությունների, հասարակական-քաղաքական դիրքորոշման և գրական-մշակութային ըմբռնումների մասին։ Որոշ հոդվածներ գրողի ստեղծագործությունների մեկնաբանության հետաքրքիր բանալիներ են։ Ավանդույթի և նորարարության, գրական մտածողության դասական և ժամանակակից ըմբռնումների հարաբերությունները լավագույնս բացահայտված են այս հոդվածներում։ Բանաստեղծի երկերի քառահատորյակի չորրորդ հատորում ամփոփված հոդվածները և հուշերը հիմնականում ներկայացնում են Խաչիկ Մանուկյանի վերաբերմունքը դասական արժեքների նկատմամբ, ժամանակակից գրական ընթացքի և քննադատական մտքի հեղինակային գնահատականը։ Հոդվածները գրվել են տարբեր տարիներին, սակայն բնորոշվում են գաղափարական միասնությամբ: Հենց դրանով էլ փոխլրացնում և փոխշարունակում են միմյանց:
Խաչիկ Մանուկյանի ստեղծագործություններում հաճախ են նկատվում գեղարվեստական և հրապարակախոսական շերտերի փոխներթափանցումներ։ Առավել քան նկատելի է քննադատական և հրապարակախոսական հոդվածների գեղարվեստականությունը։ Որոշ հոդվածներ հագեցած են խոր քնարականությամբ: Իսկ որոշ բանաստեղծություններում նկատելի են քննադատական, հրապարակախոսական տարրեր.
Հազար ձեռքերով հրմշտեցին՝/ Բառերն այդպես էլ երգ չդարձան,/ Հին մայրցամաքից մարդ բերեցին,/ Ծայրեծայր բոլոր ջրերն անցան,/ Հիսուսի անվամբ վկայեցին,/ Նարեկացուն կեղծ ախպերացան,/ Բայց երգի ոտքի տակ մնացին,/ Փոշեկալվեցին ու վերացան1։
Հենց այս ոգով են գրված հեղինակի այն հոդվածները, որոնք ունեն բանավիճային բնույթ։ Դրանց առավել հանգամանորեն կանդրադառնանք ստորև։ Այժմ փորձենք հեղինակի քննադատական-հրապարակախոսական ժառանգությունը ենթարկել թեմատիկ բաժանումների.
1. քաղաքական-հասարակական իրավիճակը լուսաբանող հոդվածներ,
2. դիմանկարներ,
3. հուշեր,
4. հոդված-բանավեճեր կամ հոդված-պատասխաններ:
Սրանց սահմանները խստորեն ընդգծված չեն: Գրեթե բոլոր հոդվածներում առկա են տարբեր փոխներթափանցումներ: Քաղաքական-հասարակական իրավիճակը ներկայացնող հոդվածներում ամեն կերպ ընդգծվում է ազգային ինքնության պահպանման, օտարամետ քաղաքական երևույթներից, «կուսակցականությունից» զերծ մնալու գաղափարը («Չկորցնենք մեր գտածը», «Դարավերջի շունչը ծանր է»)։ Դիմանկարային բնույթի աշխատանքներում վերն ասվածը տեղափոխվում է մշակութային հարթակ՝ բեկվելով այս կամ այն մշակութային գործչի ստեղծագործական գործունեության մեջ («Ավելի շքեղ չի լինում», «Տիրական ընթացք», «Մեծերից չեն բաժանվում», «Խոսքի և գույնի հմայքով» և այլն)։ Մահախոսականները և ծննդյան շնորհավորանքները նույնպես պետք է դասել այս խմբին, քանի որ դրանք արվեստագետների ստեղծագործական գործունեության ամփոփման արտահայտություններ են։ Հուշերը կատարում են նմանատիպ գործառույթ, բայց այստեղ կենտրոնում դրվում է ոչ թե դիմանկարային ամբողջությունը, այլ՝ այս կամ այն նշանակալից դրվագը («Իմ ու ձեր Համո Սահյանը դեռ 100 տարեկան է», «Անմահական հայը»)։ Ժամանակի հեռավորությունից հեղինակը վերհանում է իր գործունեության վրա խոր հետք թողած դրվագները։ Իհարկե, վերջիններս բավականին ընգրկուն են և մասնավորի միջոցով ամբողջի մասին պատկերացում կազմելու հնարավորություն են ստեղծում։ Այս երեք տիպի երկերն էլ ամեն կերպ ընդգծում են ազգային մշակույթն արժևորելու անհրաժեշտությունը։ Հոդված-բանավեճերը կամ հոդված-պատասխանները նույնպես հարում են այդ գաղափարին, սակայն այս դեպքում վերը նշված գործառույթը կատարվում է հերքման հնարի օգնությամբ։ Այսինքն՝ Խաչիկ Մանուկյանն այս հոդվածներում հակադրվում է այս կամ այն ապազգային գաղափարին՝ հաստատագրելով ազգայինի պահպանման անհրաժեշտությունը։ Գրական կյանքի բազմազանության և պայքար-բանավեճերի ուսումնասիրության տեսանկյունից ամենահետաքրքիրը թերևս ա՛յս խմբի հոդվածներն են։ Դրանք գաղափար են հաղորդում արդի գրական կյանքի տարբեր, հակադիր միտումների և դրանց բախման մասին։ Այդպիսին են «Նույն գինը կտան», «ՀՀ պետական մրցանակը Հակոբ Մովսեսի վեհերոտ գրին», «Հայելին քիթ-բերնին մոտեցնելով» հոդվածները։ Դրանցում բանավեճեր են մղվում համապատասխանաբար Վահրամ Մարտիրոսյանի, Հակոբ Մովսեսի և Սուրեն Աբրահամյանի հետ։ Բանավեճ-հոդվածներում Խաչիկ Մանուկյանը հանդես է գալիս ազգային կողմնորոշման դիրքերում։ Բանաստեղծը առաջ է բերում գրական ընթացքի առողջ ընկալումների նշանակությունը։ Հակոբ Մովսեսի՝ Հ. Սահյանի, Հ. Շիրազի, Պ. Սևակի, Վ. Դավթյանի ստեղծագործություններում մշակութաբանական արժեք չտեսնելու միտումներն արդյունք են գրական ընթացքի անառողջ ընկալումների, քանի որ գրականության զարգացումը մեծապես պայմանավորված է ավանդույթի արժևորմամբ, իսկ Հակոբ Մովսեսը փորձում է արհեստականորեն շրջանցել ավանդույթը: Խ. Մանուկյանն այդ հոդվածում ցույց է տալիս Հակոբ Մովսեսի՝ հայրենի մշակութային ավանդներից կտրված լինելու հանգամանքը. «Դե, դու մշակութաբանորեն ոչինչ չես գտնում կենսական մեծ լիցքով հագեցած այս հեղինակների ստեղծագործություններում, և դա բնական է. դու հայ մարդուն բնորոշ արժեհամակարգի կրողը չես…»2։ Վահրամ Մարտիրոսյանի հետ մղվող բանավեճն առանձին կետերում ձեռք է բերում քաղաքական երանգներ, սակայն խորքային մակարդակում խնդիրը մշակութային է։ Ուշագրավ են նախագահ-մշակութային գործիչ հարաբերությունների մարտիրոսյանական և մանուկյանական ընկալումները։ Խ. Մանուկյանն առաջ է բերում այն ըմբռնումը, որ երկրները ճանաչվում են ոչ թե քաղաքական գործիչներով ու նախագահներով, այլ՝ մշակութային գործիչներով. «Հավանաբար ուզում էիր ասել, որ հե՜յ-հե՜յ, լսեցե՛ք և իմացե՛ք, որ հանրապետության նախագահները գրողներից բարձր են։ Բայց եթե այդ անհեթեթ համեմատությանն էլ հասար, ապա ասեմ, որ եթե քառասուն հազար Վահրամ Մարտիրոսյան քառասուն հազար հանդես տպագրեն և քառասուն հազար հաղորդում պատրաստեն Կոլումբիայի նախագահի մասին, միևնույնն է, Կոլումբիան այսօր աշխարհին Գաբրիել Գարսիա Մարկեսով է ներկայանում….»3։ Բանաստեղծն այս միտքն արտահայտել է նաև «Արարատին նետված քար» հոդվածում. «Մի՛ շփոթվեք, երկրի նախագահներով մի՛ չափեք գրողին, նախագահները կգան ու կգնան, Հրանտ Մաթևոսյանը մնալու է. ինքն էս երկրին տեր է, սրտացավ տեր»4:
Նշեցինք, որ վերը նշված բաժանումը խիստ պայմանական է, քանի որ գրեթե բոլոր հոդվածներում առկա են փոխներթափանցումներ: Արդեն խոսել ենք հուշերի և դիմանկարների ընդհանրությունների մասին: Կան փոխներթափանցումների այլ օրինակներ: Ֆելիքս Մելոյանի յոթանասունամյակին նվիրված «Տիրական ընթացք» դիմանկարային հոդվածում կան նաև քաղաքական և բանավիճային շերտեր: Խ. Մանուկյանն անդրադառնում է մեծ գրականագետի խորապես ազգային կերպարին և այդ բարձրությունից խարազանում գլոբալիստների անհայրենիք գաղափարախոսությունը. «Գլոբալիզացիան վերջնագծում նրանց համար ներկայանում է որպես համամարդկային արժեքների գերագույն հավաքականություն, մի սինթեզված պսակ, որը, հավանաբար, իրենց մոլորյալ ժառանգորդները մեծ հիասթափությամբ կիջեցնեն հսկայագունդ գերեզմանին, եթե դրանց վախը ժամանակին չսանձեն՝ անհատականություն, ինքնություն պահանջող մելոյանական աշխարհայացքի հետևորդները: Մի՛ վախեցեք Հայրենիքից, ձեր պապ ու տատից, ձեր ծնողներից մի՛ վախեցեք»5: «Նույն գինը կտան» հոդվածում Վահրամ Մարտիրոսյանի հետ մղվող մշակութային բանավեճը նկատելիորեն ներծծված է քաղաքական տարրերով:
Համո Սահյանի անվան և ստեղծագործությունների հիշատակություններն առկա են և՛ հուշերում, և՛ հոդված-բանավեճերում։ Երկու դեպքում էլ Հ. Սահյանը հանդես է գալիս իբրև ազգային մշակույթի խորհրդանիշ։ Անգամ Վահրամ Մարտիրոսյանի հետ մղվող բանավեճի տիրույթներում Հ. Սահյանի «Պապը» ներկայացվում է իբրև քաղաքական անբովանդակ և ապազգային ըմբռնումների դաշտին անհաղորդ պատկեր-ընդհանրացում, որ բարության, բարձր մարդկայնության և ազգային արժեքների արտահայտիչն է. «Իմ ու քո երկրի տերը էս պապն է եղել ու նորից էս պապն է լինելու, ու որ քո պաշտոնավոր ընկերների հետ շրջելիս իրեն հանդիպես, գլուխդ մի կարգին խոնարհի՛ր, չվախենաս»6։
Անգամ օտարազգի մշակութային գործիչների ստեղծագործական դիմանկարը կերտելիս Խ. Մանուկյանն այս կամ այն կերպ ցույց է տալիս դրա հարաբերությունը հայ մշակութային կյանքի իրողությունների հետ։ «Աստեղային հրավեր» հոդվածում ամբողջացվում է պարսկուհի բանաստեղծ Ֆորուղ Ֆարրոխզադի ստեղծագործական դիմանկարը։ Այդ ֆոնի վրա արժևորվում է նաև թարգմանիչ Էդուարդ Հախվերդյանի աշխատանքը. «Ժողովածուն կարդալով՝ երբեմն այնպիսի տպավորություն ես ունենում, թե այս բանաստեղծությունները հայերեն են գրվել: Սա, իհարկե, թարգմանչի՝ Էդուարդ Հախվերդյանի վարպետության գրավականն է»7: Էդուարդ Հախվերդյանի թարգմանական գործունեության արժևորումը նկատելի է նաև «Իրանի ժամանակակից գրականությունը Հայաստանում» հոդվածում:
Այսպիսով, Խ. Մանուկյանի հրապարակախոսությունը նրա գեղարվեստական ժառանգության օրգանական շարունակությունն է: Եթե բանաստեղծություններում երբեմն նկատվում էին ընդգծված հրապարակախոսական-քննադատական նոտաներ, ապա հրապարակախոսական հոդվածներում ակնառու է գեղարվեստական-հուզական շերտը: Ե՛վ բանաստեղծություններով, և՛ հրապարակախոսական-քննադատական հոդվածներով Խաչիկ Մանուկյանն անդրադառնում է արդի գրական կյանքի բանավիճային հարցերին: Գրեթե յուրաքանչյուր հոդվածում ընդգծված է հայ ժողովրդի մշակութային արժեքներին հավատարիմ մնալու նշանակությունը: Բանաստեղծը բավականին բուռն կերպով է արձագանքում հայ մշակութային արժեքներին ուղղված հարվածներին: Հոդված-բանավեճերում Խ. Մանուկյանը երբեմն բավականին կոշտ է արտահայտվում, սակայն մշակութային արժեքների պահպանման դաշտում այդ կոպտությունը միանշանակ արդարացված է: Այս հոդվածների ամբողջական ընթերցումը ամփոփ գաղափար է հաղորդում հայ ժամանակակից գրական կյանքի տարբեր իրողությունների մասին: Գլոբալիստական քարոզների հորձանապտույտում Խաչիկ Մանուկյանի հրապարակախոսական-քննադատական ժառանգությունը ազգային ավանդներն արժևորելու սթափեցնող կոչ-պատգամ է և հենց դրանով էլ՝ խորապես արդիական:
———————————————————
1. Խաչիկ Մանուկյան, Հատոր 3, Երևան, 2016, էջ 163:
2. Խաչիկ Մանուկյան, Հատոր 4, Երևան, 2017, էջ 276-277:
3. Նույն տեղում, էջ 273:
4. Նույն տեղում, էջ 267:
5. Նույն տեղում, էջ 221-222:
6. Նույն տեղում, էջ 272:
7. Նույն տեղում, էջ 229: