Սեպտեմբերի 18-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ սիրիահայ գրող Հակոբ Միքայելյանի (այժմ բնակվում է Երևանում) «Ճակատագրի սև կատուն» վիպակի շնորհանդեսը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հանգամանորեն անդրադարձավ «Ճակատագրի սև կատուն» վիպակին: «Այս գրքի առաջին պատումը սկզբնապես հետաքրքիր, գրավիչ սիրային պատմություն է, որը ընթերցողին չի հուշում, թե ինչ խոչընդոտներ, սև ու մութ ամպեր են սպասվում առջևում: Մինչդեռ, պատումի ընթացքը գալիս-հանգում է Սիրիայի դեպքերին, անսպասելի կեռմաններով անցուդարձերի, երբ հերոսը առևանգվում, ընկնում է արգելանքների մեջ,- ասաց Էդ. Միլիտոնյանը՝ խոսքն ընդհանրացնելով,- հայ մարդը միշտ պիտի պատրաստ լինի անակնկալների՝ պատմության, բարեկամի, հարևանի, իսկ թշնամու կողմից՝ առավելապես: Այս արձակը մեզ վերստին համոզում է, որ մեր կյանքում կարևորը սերն է, հավատը, դրա համար պետք է ապրել, պայքարել և գոյատևել»: Ըստ գրականագետ Սուրեն Դանիելյանի՝ Հակոբ Միքայելյանը սփյուռքահայ մտավորականության առաջատարներից է և հպարտությամբ էր ներկայացնում իր կրթօջախն ու հավատում էր նրա վաղվա օրվան: Նշելով, որ հնգօրյա տառապանքի, կյանքի ու մահվան խորհրդով լցվելու փորձառությունն է ընկած «Ճակատագրի սև կատուն» ստեղծագործության մեջ, Ս. Դանիելյանը խոստովանեց, որ գիրքն իրեն ցնցել է ներսից, քանի որ առաջիններից մեկն է, որ ներկայացնում է արդեն տրոհված Սիրիայի առօրյան՝ ողբերգական առօրյայից երևան հանելով հրաշալի կերպարներ: Հայագետ, ազգագրագետ, բանաստեղծ Հակոբ Չոլաքյանի հավաստմամբ՝ Հակոբ Միքայելյանի գրականությունը ուղղակիորեն խոսում է մեր ժողովրդի հետ, ակնարկների, պատմվածքների միջավայրն իր ապրած միջավայրն է, հերոսներն իր շրջապատի մարդիկ են, և նրանց հետ իր գրականությունը անմիջական զրույց է: «Անմիջական զրույց է ծանոթ-անծանոթ մարդկանց, մեր առօրյա ցավերի, վշտերի, մտահոգությունների և բողոքների մասին: Այդ պատճառով էլ ամենասիրված և ամենաշատ ընթերցվող գրողներից մեկն է Սփյուռքում,- ասաց Հ. Չոլաքյանը և հավելեց,- Հակոբի գրականությունն իր անմիջականությամբ, հուզականությամբ, տեղ-տեղ խոհականությամբ, երբեմն կսմիթներով, թեթև երգիծանքով մեր ժողովրդին շատ սիրելի, մեր ժողովրդի ամենօրյա կյանքում ներկայություն եղած հեղինակ է, որի գրականության մեջ բոլոր տողերի վրայով թևածում է բարությունը»: Ելույթ ունեցան նաև Պերճուհի Ավետեանը, արձակագիր Ալիս Հովհաննիսյանը:
Շնորհակալական խոսքում Հակոբ Միքայելյանը խոստովանեց. «Այս վիպակը կազմված է մի քանի պատմվածքից, որոնք հրապարակվել են տարբեր թերթերում: Հավաքեցի, որովհետև շարունակություն կա, սակայն այդ պատկերները իրար միացնելու վարպետությունը կամ փորձառությունը, որ ինձ պակասում է, պատճառ եղավ, որ վրան աշխատեմ վեց ամիս: Հաճախ էի զանգում դստերս՝ նրա հետ գրքի կառուցման վերաբերյալ քննարկումներ իրականացնելու համար»: