1. Հայոց ինքնության զարթոնքի թևերին՝ Ղարաբաղը բերելու և Հայաստանին վերամիավորելու պահանջով սկսված 1988-ի շարժումն աննախադեպ սիրո համազգային դրսևորում ուներ: Այդ օրերին ես 25 տարեկան էի՝ իմ սերնդակիցների և բոլորի պես ոգևորված՝ ճիշտ այնպես, ինչպես մեր ջահելներն էին երեկ բոլորիս ոգևորության գագաթնակետին… Ամեն բան մեկ նպատակի շուրջ էր, բայց այն ժամանակ համացանցի, անգամ բջջային հեռախոսի մասին խոսք լինել չէր կարող, և բոլորի ներքին կապերն օդի մեջ ասես կարգավորվում էին միայն ու միայն կենսադաշտերով… Օրինակ՝ ես ու սիրելիս, ամեն անգամ իրարից անկախ, ամեն մեկս մեր աշխատավայրի ընկերներով՝ առանց երբևէ նախապես պայմանավորվելու, թե ո՛ր արձանի կամ ծառի մոտ փնտրենք իրար, տարբեր կողմերից ոտքով գալիս և՝ ո՜վ զարմանք, Թատերական հրապարակի տարբեր հատվածներում, մեկ էլ՝ հոպ, իրար կողքի էինք հայտնվում: Այսպիսով, մենք մեզնով էլ հաստատում էինք, որ ամեն բան ճիշտ էր, որ սերն էր առաջնորդողը, որ մեր ինքնորոշման ու անկախացման պահանջը՝ դժվար կյանքի ու պատերազմի հաղթահարումով, պիտի իր բաղձալի օրվա պսակով պսակվի ու վավերական փաստաթուղթ ունենա: Ուստի, 1991-ի սեպտեմբերի 21-ը՝ Հայոց անկախ պետականության հռչակումով, հենց այդ սիրո վավերացման փաստաթուղթն է, որին իմ երկրի ամեն սիրահար նախապես պիտի հավատարմության իր երդումը տար՝ հանրաքվեին «այո՛» ասելով, ինչպես խորանի մոտ սիրող զույգերն են հաստատում իրենց կամքը…
2. Անկախությունն իմ գրականության մեջ ճիշտ այդ կենսադաշտերի նման է. ինքն անտես, բայց ամեն բան կարգավորող: Առանց ինտերնետի կամ բջջային հեռախոսների (այսօր՝ նաև առանց դրանց խոտորող ազդակների), բացառապես սիրո ալիքի վրա՝ մարդու և մարդու, մարդու և մարդկանց միջև, ներքին կապերը կարգավորող՝ ոչ առանց տիեզերական կենսառիթմերի համադրության… Անկախությունն իմ գրականության այն ազատությունն է, որով ոգի ունեմ իմ երկրի հողին ամուր կանգնած խոսելու, միաժամանակ՝ ա՛յն ազատությունը, որով նույն անկախության իղձերի աղավաղման մասին ձայն ունեմ աղաղակելու, այն կամքը, որով հավատում եմ թե՝ ձայնս լսելի է: Իմ խոսքի ազատությունը՝ արձակ թե չափածո, եթե իր շունչն ու վերելքը Արարչի սիրո տված ազատությամբ է վայելում, ապա կասկածից վեր է, որ նոր մեկնարկ վերցնելու ազատությունը՝ մայր լեզվի ու հայրենիքի անտրոհելի ամբողջականությամբ, վայելում է հենց անկախ պետականությամբ հաստատվող ամուր հողից, որի ամեն միլիմետրը հայրենիք է, ամեն զավակը՝ զինվոր, բայց որի համար դեռ երազանք է մնում, որ ամեն քաղաքացին լինի տեր ու ամեն իշխանավորը՝ ծառա… Իմ գրականության մեջ Հայ դատի և իմ բոլոր ազգային իղձերի ամբողջական իրագործման պահանջն է անկախությունը և հավատը, որ ի՛նչ էլ լինի, իմ երկիրը, իմ ազգն ու հնամենի մշակույթը աշխարհի հետ տևելու է, քանի դեռ ունենք անկախ պետականություն, լեզու և ամուր պահում ենք մեր ինքնությունը: