1. Սեպտեմբերի 21-ի հետ կապված հիշողությունները բազմաթիվ են ու անմոռաց: Համամարդկային փոփոխությունները, ինչպես հեքիաթում, իրականություն դարձրին անիրականանալի թվացող մեր ազգային երազանքները: Թվում էր, թե ազգի մեջ արդեն մեռել է ազատության պայքարի ոգին, բայց այն պայթեց երկար ժամանակ սեղմված պայթուցիկի նման, ինչի արդյունքը սեպտեմբերի 21-ն էր: Դա նաև իմ անձնական երազանքի իրականացումն էր: Դեռևս 1965 թվականին ես ակտիվ մասնակցություն էի ունեցել ազգային ոգու զարթոնքին՝ տասնամյակներ տևած բռնատիրության պայմաններում, երբ ազգի նվիրյալ մտավորականները դուրս եկան փողոց՝ նշելու Ցեղասպանության 50-րդ տարելիցը, մարդկությանն ասելու, որ հայ ժողովուրդը չի մոռացել ահավոր, անմարդկային նախճիրը: Պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանող էի, երկու օր փողոցներից տուն չէի գնում: Այդ ժամանակ մեր պոռթկումը դաժանաբար ճնշվեց, բայց մոտ երկու տասնամյակ հետո նորից ոտքի ելանք, և այս անգամ իրականացավ իմ ազգի ու իմ երազանքը: Այդ օրը ես էլ, ողջ ազգի հետ, ցնծություն էի ապրում: Կյանքներս վտանգելով, արդեն կամավորական ջոկատ էինք ստեղծել, նախկին խորհրդային հանրապետություններից ու Հայաստանի զորամասերից զենք-զինամթերք հայթայթել, հերթապահում էինք սահմաններում, պատրաստ էինք պայքարել մինչև վերջ: Իսկ անկախության հանրաքվեն օրինականացնում էր մեր անօրինական համարվող գործողությունները: Մնում էր ամուր կանգնել անկախացած հանրապետության սահմաններին՝ հաստատուն պահել այն, պաշտպանել մի քանի տարի առաջվա եղբայր համարվող հարևանի թշնամական գործողություններից:
2. Իմ գրականության 90 տոկոսը գրված է անկախությունից հետո: Խորհրդային շրջանում միայն երկու լղարիկ գրքույկ էի հրատարակել: Քանի որ միամտաբար ճշմարտություններ էի գրում տիրող հասարակարգի ու իշխանությունների մասին, բնականաբար, պետականորեն չընդունված ստեղծագործողների ցուցակում էի: Անկախությունը ոչ միայն ստեղծագործելու մեծ հնարավորություն ու թափ տվեց, այլ նույնիսկ Խորհրդային տարիներին մերժված վեպս, երեսուն տարի հետո հրատարակվեց պետական աջակցությամբ: 1989-94 թվականներին, մասնակցելով երկու անկախ հանրապետությունների սահմանների պաշտպանության ու ազատագրական մարտական գործողություններին, դադարել էի ստեղծագործել, բայց հրադադարից հետո անցա ակտիվ ստեղծագործական գործունեության, նույնիսկ ընդուվեցի ՀԳՄ անդամության շարքերը, ինչի համար նախկինում երկու անգամ գրված դիմումներս մերժվել էին:
Մինչև հիմա հրատարակված 19 վեպերից, վիպակներից, պատմվածքների ժողովածուներից, մանկական գրքերից ու վավերագրություններից 17-ը գրվել և տպագրվել է անկախության տարիներին: Սրանով ասված է ամեն ինչ: