ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

Հովիկ-ՎարդումյանՀԳՄ վար­չու­թյու­նը
շնոր­հա­վո­րում է արձակագիր
ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻՆ
ծննդյան 80-ամյակի առթիվ

ՙԳրա­կան թեր­թը՚ միա­նում է շնորհավորանքին

 

ՆՎԻՐՅԱԼ ՀԱՅՈՐԴԻՆ

­Հո­վիկ ­Վար­դում­յան՝ բազ­մա­վաս­տակ և­ ան­վա­նի գրող, որ երկ­նաշ­նորհ տա­ղան­դի և ­գե­ղար­վես­տա­կան վար­պե­տութ­յան շնոր­հիվ հա­սել է կա­տա­րե­լութ­յան՝ հա­վեր­ժութ­յա­նը հանձ­նե­լով խոր ու ի­մաս­տա­լից ար­ձա­կի փայ­լուն է­ջե­րի մնա­յուն ար­ժեք­ներ։ ­Հո­վիկ ­Վար­դում­յան՝ պան­ծա­լի փա­ղան­գի ներ­կա­յա­ցու­ցիչ, որ հայ գրա­կա­նութ­յան մեջ բա­ցել է լու­սա­վոր ա­կոս և ­շա­րու­նա­կում է իր ու­ղին։ Գ­րող, ով լիար­ժեք ի­րա­վուն­քով կա­րող է ու­սե­րին կրել դա­սա­կա­նի խորհր­դան­շա­կան պատ­մու­ճան-թիկ­նոց-ծի­րա­նին։
­Հո­վիկ ­Վար­դում­յան՝ զին­վոր հայ­րե­նի­քի. ա­ռա­ջին­նե­րից էր, ե­թե ոչ ա­ռա­ջի­նը, որ կա­մա­վոր­ներ հա­վա­քագ­րեց, ջո­կատ կազ­մեց և ­մարտն­չե­լով հա­նուն ­Հա­յոց աշ­խար­հի մի հատ­վա­ծի ա­զա­տութ­յան ու ան­կա­խութ­յան՝ գնա­հա­տե­լի ներդ­րում ու­նե­ցավ Ար­ցախ­յան ա­զա­տագ­րա­կան պա­տե­րազ­մի պատ­մա­կան հաղ­թա­նա­կի գոր­ծում։ Ընդ ո­րում՝ նվիր­յալ կա­մա­վոր­նե­րը թեև թվա­յին կազ­մով 4-5 ան­գամ զի­ջում էին հա­կա­ռա­կոր­դին, բայց ցու­ցա­բե­րե­լով հզոր կամք և­ ա­նե­րեր ո­գի, ջախ­ջա­խե­ցին թշնա­մուն և ­փա­ռա­հեղ հաղ­թա­նակ տո­նե­ցին։ ­Խա­ղա­ղութ­յու­նը պար­տադ­րե­լուց հե­տո, պա­տե­րազ­մի ա­նա­սե­լի ար­հա­վիրք­նե­րի բո­վով ան­ցած զին­վոր գրո­ղը զեն­քի զո­րութ­յու­նը փո­խա­րի­նեց գրչի զո­րութ­յամբ և­ ի­րեն բնո­րոշ վար­պե­տութ­յամբ ա­րա­րեց «­Կան­թեղ», «­Կան­թեղ 2», «­Փոքր Մ­հե­րի վե­րա­դար­ձը», «­Հա­վեր­ժա­կան շար­ժում» հո­գե­սուն եր­կե­րը։ Եր­կեր, որ եր­բեք չեն խամ­րի ժա­մա­նակ­նե­րի հո­լո­վույ­թում, քան­զի նրան­ցում տե­սա­նե­լի են նվիր­յալ հայոր­դի­նե­րի սխրա­գոր­ծո­ղութ­յուն­նե­րի կեն­դա­նի պատ­կեր­նե­րը, և ­վեր­ջա­պես հնչում է Ար­ցախ­յան գո­յա­մար­տի մա­սին այն­քա՜ն սպաս­ված ճշմա­րիտ խոս­քը։
­Հայ­րե­նի­քի, ժո­ղովր­դի ու պե­տա­կա­նութ­յան հոգ­սե­րով մտա­հոգ, ­Վար­դում­յա­նը ներ­կա­յաց­նում է նաև ներ­քին կյան­քի ել­ևէ­ջում­նե­րը։ Ե­թե այս ա­մե­նին հա­վե­լենք մա­մու­լի, ռա­դիո­յի, հե­ռուս­տա­տե­սա­յին, զո­րա­մա­սե­րում, բու­հե­րում, դպրոց­նե­րում նրա՝ մե­կը մյուսից ու­սա­նե­լի ե­լույթ­նե­րը, ­Պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րութ­յան «­Զի­նուժ» ծրագ­րի հաղոր­դա­շա­րը, ԶԼՄ-նե­րում հար­ցազ­րույց­նե­րը, նա­խա­ձեռ­նութ­յունն ու ակ­տիվ մասնակ­ցութ­յու­նը Ար­ցախ­յան ա­զա­տագ­րա­կան պա­տե­րազ­մի (1988-1994 թթ.) հան­րա­գի­տա­րա­նի ստեղծ­մա­նը, որ­տեղ ակն­հայտ են գիտ­նա­կան-հրա­պա­րա­կա­խո­սի անու­րա­նա­լի ձիր­քը ևս, ա­պա պարզ կդառ­նան բազ­մա­բե­ղուն գոր­ծու­նեութ­յան մասշ­տաբ­ներն ու ծա­վալ­նե­րը, որ ի­րա­կա­նաց­նում է զին­վոր, գրող, քա­ղա­քա­ցի-մտա­վո­րա­կան ­Հո­վիկ ­Վար­դում­յա­նը։
Ի՞նչ թե­մա­նե­րի է անդ­րա­դառ­նում ­Վար­դում­յա­նը, թվար­կենք վեր­ջին շրջա­նի նրա բազ­մաբ­նույթ, բազ­մա­ժանր լա­վա­գույն է­ջե­րից մի քա­նի­սը. ­Մա­յիս­յան հաղ­թա­նակ­ներ, ­Խեղ­ված դի­վա­նա­գի­տութ­յուն, ­Հա­յոց սահ­ման­նե­րի ան­կա­յու­նութ­յուն, Ան­տար­բեր աշխարհ, Կ­րո­նա­կան ա­ղանդ­ներ, Ան­կա­խութ­յուն, ­Զո­րա­կո­չա­յին խնդիր­ներ, ­Հայ­րե­նա­դար­ձութ­յուն, ­Խա­ղաղ լու­սա­բաց­ներ, Ա­մուլ­սա­րի կնճռա­պատ պրոբ­լեմ, ­Հա­յոց կա­նայք Ար­ցախ­յան ա­զա­տա­մար­տում, Թա­գա­վա­րակ և­ այլն… Այս­պես, հայ­րե­նա­սեր, հա­վա­սա­րակ­շիռ գոր­ծի­չը, ա­կան­ջը՝ կյան­քի տրոփ­յու­նին, ձեռ­քը՝ զար­կե­րա­կին, ու­շա­դիր հետ­ևում և ­շա­րու­նա­կում է իր ծա­ռա­յութ­յու­նը ազ­գին ու ժո­ղովր­դին, դրա­կա­նը գնա­հա­տում է ըստ ար­ժան­վույն, բա­ցա­սա­կա­նը՝ պար­սա­վում հա­վուր պատ­շա­ճի, միշտ հա­վա­տա­րիմ հան­րութ­յան հոգ­ևոր ա­ռաջ­նոր­դի, հա­մա­հայ­կա­կան միա­բա­նութ­յուն կեր­տե­լու իր սկզբուն­քին։ Եվ այս ա­մե­նը՝ ա­ռանց գնա­հա­տա­կա­նի, ա­ռանց պարգ­ևի ու կոչու­մի ակն­կա­լի­քի, թեև, ինչ խոսք, ա­վե­լի շատ հենց նա է ար­ժա­նի պատ­կան մար­մին­նե­րի ու­շադ­րութ­յա­նը, գնա­հա­տա­կա­նին, մրցա­նակ­նե­րի ու շքան­շան­նե­րի։
Ա­վե­լի քան չորս տաս­նամ­յակ ճա­նա­չե­լով ­Հո­վիկ ­Վար­դում­յա­նին՝ ա­ռա­ջին ան­գամ գրիչ եմ վերց­նում՝ հի­շե­լու և ­հու­շե­լու, որ վաս­տա­կա­շատ գրո­ղը, նույն­քան վաս­տա­կա­շատ ազ­գա­յին, հա­սա­րա­կա­կան ու մշա­կու­թա­յին գոր­ծի­չը գե­ղար­վես­տա­կան, վա­վե­րագ­րա­կան ար­ձա­կով, հրա­պա­րա­կա­խո­սա­կան եր­կե­րով, էս­սե­նե­րով ու ակ­նարկ­նե­րով կյան­քի լույսն ու ստվե­րը պար­զո­րոշ տե­սա­նե­լի է դարձ­նում, բարձ­րա­ձայ­նում նրա ցավն ու բաղ­ձանք­նե­րը։
­Ժա­մա­նա­կը գրա­կա­նութ­յան պատ­մութ­յան նոր մատ­յան­ներ ստեղ­ծե­լու պա­հանջ է դրել, ո­րին կա­րող են լծվել անս­խալ հո­տա­ռութ­յուն, բարձր ճա­շակ ու­նե­ցող, ան­կողմ­նա­կալ գրա­կա­նա­գետ­նե­րը։ Ն­րանք ան­պայ­ման կնշեն, թե ­Հո­վիկ ­Վար­դում­յա­նը ինչ նո­րութ­յուն, թար­մութ­յուն է բե­րել և մ­նա­յուն ինչ ար­ժեք­նե­րով է հարս­տաց­րել հայ գրա­կա­նութ­յան գան­ձա­րա­նը։
Եվ այ­սօր էլ, եր­կե­րի ա­ռանց­քում ու­նե­նա­լով բա­րին, գե­ղե­ցի­կը, վեհն ու վսե­մը, նա տքնում է, գրում է տե­սա­ծը, զգա­ցա­ծը, ապ­րածն ու վե­րապ­րա­ծը, և­ այն­պի­սի ավ­յու­նով ու ե­ռան­դով, ա­սես ոչ թե ա­շունն է եղ­յամ դրել գլխին, այլ գա­րունն է փա­ղաք­շում գան­գուր­նե­րը և ­կեն­սահ­յութ ու պա­տա­նե­կան կո­րով նե­րար­կում նրա մարդ­կա­յին ու ստեղ­ծա­գոր­ծա­կան էութ­յա­նը։
­Սի­րե­լի՛ ­Հո­վիկ, խոսքս հղում եմ քեզ որ­պես վար­դում­յա­նա­կան գրա­կա­նութ­յա­նը շատ թե քիչ տեղ­յակ ըն­թեր­ցող և­ այն­պի­սի սի­րով ու հար­գան­քով, որ հղկվել է տա­րի­նե­րի ըն­թաց­քում, վա­յել է ­Լո­ռու շքե­ղա­շուք, կապ­տա­ջինջ ե­զերք­նե­րին և ­պատ­շա­ճում է մեր ա­վան­դա­կան մտեր­մութ­յա­նը։ Ութ տաս­նամ­յա­կը սոսկ մաս­նա­կի՛ կա­րող է առնչ­վել տա­րեց եզ­րույ­թին, ուս­տի՝ նկա­տի ու­նե­նա­լով քո բո­լո­րան­վեր հրա­պուր­վա­ծութ­յունը սպոր­տով, վստահ եմ՝ հեշ­տութ­յամբ կհաղ­թա­հա­րես առն­վազն ևս­ եր­կու տաս­նամ­յակ։ Ու­րեմն՝ արև­շա­տութ­յուն և­ ա­ռաջ՝ դե­պի նո­րա­նոր նվա­ճում­ներ՝ ի փառս հայ գրա­կա­նութ­յան, մտե­րիմ­նե­րիդ՝ քո ներ­կա­յութ­յունն ըմ­բոշխ­նե­լու բա­րե­բախ­տութ­յան, և ­քեզ ան­կեղ­ծո­րեն սի­րող ու գնա­հա­տող հան­րութ­յան։

Հ­րա­չիկ ­ԲԱՅՐԱՄՅԱՆ

***

Հովիկ Վարդումյանին նվիրված հոբելյանական այս խոսքը գրում եմ սրտանց, քանզի նա այն գրողն է, որի կյանքն ու գրականությունը անքակտելի միասնություն են։ Երբ ճայթեց Արցախյան պատերազմը, նա ցած դրեց գրիչը, կամավորական ջոկատ հավաքագրեց, մեկնեց ռազմաճակատ։ Հրադադար հաստատվեց, Հովիկ Վարդումյանը վերադարձավ տուն, նորից գրիչը ձեռքն առավ։
Հովիկ Վարդումյանի արձակը թանձր է, համոզիչ թե՛ Արցախյան հերոսամարտի բովանդակության բավիղներում, թե՛ մեր ներքին խաղաղ կյանքի վայրիվերումներին անդրադառնալիս։ Արձակ, որի հիմնական ատաղձը, ինչպես համոզվում ենք՝ կարդալով «Այսպես են մեռնում արծիվները» վիպակը, «Կանթեղ» վեպը, «Բաժանարար գիծ» պատմվածքների ժողովածուն, վավերագրական «Գրոհայինների հրամանատարը» և «Աստվածների կանչը», մարդու բարոյական ընտրությունն է կյանքի դրամատիկ հանգույցներում։ Հանգույցներ, որոնք միայն հերոսների ճակատագրին չեն առնչվում, հասարակական ու ազգային խնդիրների հնչեղություն ունեն։
Գրողական յուրահատուկ ձիրքի և աշխարհայացքի արգասիք են, անշուշտ, նաև «Անահիտ աստվածուհու վերադարձը», խոհափիլիսոփայական «Լաբիրինթոս» գրքերը։ Նույնը կասեի նաև մանկապատանեկան գործերի կապակցությամբ։ Իմիջիայլոց, հենց մանկապատանեկան գործերի առնչությամբ շուրջ 50 տարի առաջ կայացավ մեր ծանոթությունը, երբ Հովիկ Վարդումյանը արժանացավ «Պիոներ» ամսագրի «Տարվա լավագույն պատմվածք» մրցանակին։
Կուզեի, որ հոբելյանական այս հակիրճ խոսքս ընկալվեր որպես գրչակցի, ընթերցողի, հայ մարդու անկեղծ շնորհակալություն Հովիկ Վարդումյանին՝ գեղարվեստական ու վավերական արձակով մեր կյանքի լույսն ու մութը հստակ տարանջատող, Հայաստան աշխարհի ցավն ու իղձերը բարձրաձայնող գրողին։ Ով այսօր էլ, երբ հայաստանյան իրականությունը կրկին փոթորկուն ժամանակներ է ապրում, ամուր կանգնած է անհատ-հասարակություն, ազգ-պետականություն ոչ հեշտ լուծվելիք խնդիրների արծարծման բարդ շրջանակում, համահայկական միաբանություն կերտելու դիրքերում։

Վահագն ԳՐԻԳՈՐՅԱՆ

***

Բոլոր ժամանակներում այս սրբազան հողը պաշտպանել է աստվածային մի ֆենոմեն, որին կարելի է կոչել մարդ-հայրենիք: Այս էության մեջ ան­տրոհ գոյում են մարտիկն ու մտածողը, մարտիկն ու բանաստեղծը, մարտիկն ու արձակագիրը՝ Գարեգին Նժդեհ, Եղիշե Չարենց, Ակսել Բակունց: Արցախյան գոյամարտում այս էությունը շարունակում էին կերպավորել մարտիկ գիտնական Լեոնիդ Ազգալդյանը, Մոնթեն, աստվածամարտիկների այս փառավոր զորագնդում է Հովիկ Վարդումյան գրողն ու զինվորը: Գրողին սնել է մարտական կենսագրությունը, մարտիկին անանձնական բարձրագույն իմացական լիցքեր է հաղորդել ստեղծագործ անհատը, և արդի հայ արձակը հարստացրել է Արցախյան գոյամարտը վկայողն ու գեղարվեստական տարածքում արարողը: Անանձնական ազգայինը նրա իդեալների միջուկն է, այն է՝ վերականգնել բոլոր ժամանակների հայկյան զարմի կորուստները, վերադարձնել հայկազուններին նախնիների նկարա­գրի հերոսականությունն ու հպարտությունը: Նպատակն իրագործելու համար նա կազմավորել է «Հայկազուններ» համահայկական միաբանությունը, որին պիտի անդամագրվի ողջ հայությունը:
Բեղմնավոր է Հովիկ Վարդումյանի գրիչը: Միայն վերջին տարիներին գրված վիպական գործերի («Կանթեղ», «Փոքր Մհերի վերադարձը», «Եթե մոռանաս, կանիծեմ քեզ», «Ուրֆայի հերոսամարտը») թեմատիկան փաստում է, որ արձակագրի հայացքն ուղղված է միաժամանակ անցյալին, ներկային և ապագային, իսկ ներկան ապրում և վավերագրում է ամենաակտիվ քաղաքացիական կեցվածքով՝ անմիջականորեն իր մասնակցությունը բերելով հայրենիքի բոլոր խնդիրների լուծմանը ամենատարբեր ոլորտներում:
Շատ շուտով մենք կճանաչենք Հովիկ Վարդումյանի աշխարհատեսության մյուս մակարդակը՝ խոհափիլիսոփայական. գրքի ծնունդ է լինելու, գեղագրվել են գրողի իմացական կուտակումները Աստծո, ժամանակի, համատիեզերական առեղծվածների թեմաներով:
Տարիները միայն հարստացրել ու ամրացրել են նրան: Վերելքը դեռ շարունակվում է: Վաստակած հոբելյանի առթիվ մաղթենք նրան ոգու, հոգու և մարմնի առողջություն՝ ի փառս հայրենիքի և հայկյան աստվածածին զարմի:

Սաթենիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ

***

ԶԻՆՎՈՐ  ԶԵՆՔԻ ՈՒ ԳՐԻ

Որ Հովիկ Վարդումյանը այս օրերին հաճախ է հուշերի տրվում, մտովի ճամփորդում անցյալի ու ներկայի միջև, ես գրեթե համոզված եմ: Այդպես է, յուրաքանչյուր հոբելյար «դատապարտված» է այդ ճամփորդությանը, չուզենա էլ, հայացքն ակամա ետ է շրջում` գնահատելու անցած ուղին, ի մի բերելու, ծանր ու թեթև անելու այդ ճանապարհին իր արած-չարածը:
Չէի կարծում, սակայն, որ իր առիթով ես էլ հիշողությունների եմ տրվելու, հեռու ու մոտ, ուրախ-տխուր օրեր մտաբերելու: Բայց, ըստ երևույթին, դա էլ անխուսափելի է, եթե պատրաստվում ես թեկուզև փոքրիկ խոսք գրել հոբելյարի` 80-ը բոլորած քո գրչեղբոր ու հին ընկերոջ մասին, ում ճանաչում ես շուրջ հիսուն տարի, ում գրական ուղու գրեթե յուրաքանչյուր հատվածը ծանոթ է քեզ:
Ու ես ահա հիշում եմ հեռավոր 70-ականները, երբ երիտասարդ ու սկսնակ բանաստեղծներս հրճվելու չափ ուրախանում էինք «Գարուն» ամսագրում և «Ավանգարդ» թերթում տպագրվող մեր ամեն տողի համար, ու համարյա բոլորս, եթե ոչ անձամբ, ապա ստորագրությամբ, անպայման գիտեինք իրար: Իմ հեռակա այդ ծանոթների թվում էր Հովիկը` «Գարունում» տպագրած բանաստեղծական շարքերով, որոնց մեջ և՛ անկեղծություն կար, և՛ թարմ ու հետաքրքիր մտածողություն: Համենայնդեպս, Հովիկ Վարդումյան անունը տպավորվել էր իմ մեջ, երբ առիթ ունեցանք նաև անձամբ ծանոթանալու: Իսկ ծանոթացանք «Ավանգարդի» խմբագրատանը, երբ նոր էի աշխատանքի անցել այնտեղ: Հիմա նաև գործի բերումով էի կարդում Հովիկի բանաստեղծությունները, շփվում, զրուցում դրանց զուսպ, քչախոս հեղինակի հետ, որ, ի տարբերություն խմբագրության գրական բաժինը մշտապես գրոհող ամեն տարիքի մարդկանց մեծամասնության, հավակնոտության նշույլ իսկ չէր դրսևորում: Իմացա, որ ավարտել է Պոլիտեխնիկական ինստիտուտը և, որպես ինժեներ-կոնստրուկտոր, աշխատում է նախագծային ինստիտուտներից մեկում: Բայց որ իր կոչումը գրականության մեջ էր տեսնում ու դրա համար լուրջ հիմքեր ուներ, ակնհայտ էր: Խոստովանեց, որ արդեն նեղվում է գծագրական տախտակի մոտ, երբեմն գրում է հենց աշխատանքի ժամերին, ու ղեկավարությունն արդեն ծուռ աչքով է նայում իրեն…
Այդ ամենը հաշվի առնելով էր, որ մի օր առաջարկեցի թղթակցել թերթին: Սիրով համաձայնեց, ու հենց «Ավանգարդում» էլ տպագրվեցին նրա առաջին ակնարկներն ու հոդվածները` գեղեցիկ, անմիջական խոսքով, լրագրողական հմտությունների ու գաղտնիքների զարմանալի իմացությամբ: Գուցե այդ ժամանակ արդեն անցել էր արձակի, ու դա՞ էր գաղտնիքը: Գուցե հակառա՞կը, ինչպես հաճախ է պատահում, հենց ժուռնալիստիկա՛ն նրա մեջ հայտնաբերեց, բացահայտեց արձակագրին: Չգիտեմ: Բայց իրողությունն այն է, որ Հովիկը այդպես էլ բանաստեղծական ոչ մի ժողովածու չտպագրեց: Շուտով մամուլում սկսեցին երևալ նրա առաջին պատմվածքները: Բանաստեղծը սահուն կերպով, առանց «դիմադրության», տեղը զիջել էր արձակագրին՝ ընդ որում վերջինիս փոխանցելով հատկանիշներ, որով նրա արձակը գրավիչ որակ էր ձեռք բերում, խոսքը դառնում առավել ներգործուն ու տպավորիչ: Իսկ ժամանակ անց տպագրվեց պատմվածքների ժողովածուն` «Այսպիսի պատմություն» խորագրով: Ճիշտ է, նկատելի ուշացումով, բայց, որպես առաջին գիրք, այն շահեկանորեն առանձնանում էր շատ այլ գրքերից. ուրույն ոճ ու ձեռագիր, հոգեբանորեն համոզիչ, կենդանի հերոսներ, կյանքից վերցված հավաստի դրվագներ, հմուտ գրիչ: Հետո պիտի լույս տեսներ «Երազների հովիտը» վիպակը` հավաստելու հեղինակի միանգամայն հասուն գրչի մասին, ավելի լիաձայն ազդարարելու իսկական արձակագրի ծնունդը: Իսկ հետո…
Ես առանձնահատուկ հաճույքով եմ հիշում 88-ի մեր ազգային զարթոնքի օրերը, ցավախառն զգացումներով՝ դրան հաջորդած իրադարձությունները, «ցուրտ ու մութ» կեղեքիչ տարիները: Շատ ցնցումներ հաջորդեցին իրար, հակասական բազում ապրումներ ու տրամադրություններ ունեցանք թե՛ ազգովի, թե՛ յուրաքանչյուրս անձնապես: Եվ փորձությունների անվերջանալի այդ շարանի մեջ հաճախ բոլորովին նոր որակներով ճանաչեցինք ինքներս մեզ ու շրջապատի մարդկանց՝ երբեմն նկարագրի այնպիսի թաքուն կողմերով, որոնց մասին չէինք էլ ենթադրել: Շատ դեպքերում հիասթափությունն էր ուղեկից մեր այդ բացահայտումներին, բայց քիչ չէին և հաճելի անակնկալները. տարիներ շարունակ մեզ հետ, մեր կողքին լուռ ու անաղմուկ ապրող մեր որոշ ընկերների, ծանոթների մեջ Շարժման օրերին ներքին ազնիվ պոռթկումով արթնացած հայրենասիրական մղումները, իրադարձություններին զուգընթաց, ոչնչով չպղտորվեցին: Նրանք դիմացան ամեն փորձության` մեզ համար բացահայտվելով որպես հոգու պահանջով իրենց երկրին ու ժողովրդին վիճակված հոգսերի տակ մտած իսկական նվիրյալներ: Եվ նրանցից մեկն էլ իմ ընկեր, հրաշալի արձակագիր Հովիկ Վարդումյանն էր:
Մտաբերում եմ մեր մի քանի հանդիպումներն ու երկար զրույցները այն օրերին, երբ նա «Դավիթ Բեկ» երկրապահ ջոկատի անդամ էր (հետո՝ նաև հրամանատարը) ու դեպքից դեպք էր միայն հայտնվում Երևանում: Երասխավանի կռիվներից սկսած՝ գրիչը զենքով էր փոխարինել, տունն ու ընտանիքը, գրասեղանն ու կիսատ ձեռագրերը, դեռ թոթովախոս թոռնիկին թողած` Արցախի ռազմաճակատի վտանգավոր ու թեժ հատվածներում հայտնվել: Մարտից մարտ, գործողությունից գործողություն կոփվել, հմուտ, փորձառու, պինդ զինվոր էր դարձել երեկվա «փափուկ» մտավորականը, ում արդեն խիստ պատասխանատու, կարևոր առաջադրանքներ էին վստահում: Հրամանատարությունը գիտեր, համոզվել էր, որ իր խմբի տղաների հետ միասին նա ամեն ինչ կանի հանձնարարությունը կատարելու համար: Իսկ «Դավիթ Բեկի» տղաներից շատերը հավանաբար չգիտեին էլ, որ իրենց հետ այնպես անձնուրաց կռվող, նույն ամանից սառը ճաշ ուտող, ցուրտ ու խոնավ փոսում քնող ամենատարեց, լռակյաց զինվորը գրող է:
Ինձ կռվի հերոսական դրվագներ, թշնամուն ջարդել-փշրելու տեսարաններ չէր պատմում Հովիկը՝ ի տարբերություն առաջին անգամ վառոդի հոտն առնելուց հետո անմիջապես Երևան ճողոպրած կամ ինչ-որ տեղից պարզապես ազատամարտիկի համազգեստ ձեռք գցած այն «հերոսների», որոնք այդ օրերին աքլորացած շրջում էին մայրաքաղաքում ու վերևից նայում բոլորին: Ընդհակառակը, որքան էլ զարմանալի էր, առանձնահատուկ կանգ էր առնում, ասենք, մարտում երբեմն զինվորին պաշարող վախի, սարսափի անխուսափելի զգացողության վրա, խոսում այն չեզոքացնելու մարդկային թաքուն ուժի, անիմանալի կարողությունների մասին: Բայց երևի զարմանալի ոչինչ էլ չկար, հենց այդպես էլ պիտի լիներ. չէ՞ որ, ի վերջո, գրողի ընկալումներ, դիտարկումներ էին դրանք: Ասաց, որ օրագիր է պահում. յուրաքանչյուր ժամ, յուրաքանչյուր օր բոլոր իրադարձությունները գրառում է, ու ես այդ ժամանակ արդեն չէի կասկածում, որ Հովիկը վաղ թե ուշ գրելու է ջոկատի տղաների, նրանց հետ ապրած դժվար, բայց անմոռաց և ուսանելի օրերի մասին: Նրանց հետ, նաև նրանց շնորհիվ շատ նոր կողմերով էր ճանաչել կյանքն ու մարդկանց, նաև իրեն հայտնաբերել նորովի: Նրա մի խոսքը հատկապես շատ տպավորվեց իմ մեջ. «Եթե իսկական հրամանատար ես, ապա առաջ գնալիս պետք է առջևում լինես, ետ գնալիս՝ վերջում»: Այդ ամենը չէր կարող իզուր անցնել: Եվ այդպես էլ եղավ:
Դժվար է ասել` ինչ կգրեր Հովիկ Վարդումյան արձակագիրը կամ կգրե՞ր արդյոք, եթե այդ մոտ երեք տարիներին ոչ թե խրամատներում, այլ՝ տանը, իր գրասեղանի մոտ լիներ. չէ՞ որ ցուրտ ու մութի, համատարած հուսահատության ու անորոշության մեջ եթե ոչ լռել, ապա պարզապես նվաղել, հիվանդացել էին բոլոր մուսաները: Կասկածից վեր է, սակայն, որ նա հետո չէր գրի վավերագրական «Այսպես են մեռնում արծիվները» վիպակը Շենգավիթի կամավորական ջոկատի մասին, ոչ էլ «Աստվածների կանչը» գիրքը արցախյան կռիվներում տղամարդկանց կողքին ու նրանց հետ հերոսացած կանանց մասին (որի համար արժանացավ ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի), եթե սեփական աչքերով չտեսներ, իր էությամբ, բոլոր բջիջներով չզգար, չապրեր այն ողբերգականն ու հերոսականը, որ իր մեջ կրում էր պատերազմը: Չէր կարող նաև այնպիսի նվիրումով ու բարեխղճությամբ մասնակցել Ղարաբաղյան ազատագրական պատերազմի (1988-94 թթ.) հանրագիտարանի ստեղծմանը, Հայոց բանակի այսօրվա զինվորների հետ հանդիպումների ժամանակ այդքան համոզիչ ու ներշնչված, հավաստի օրինակներով խոսել իսկական հայրենասիրության, հայրենիքի զինվորի կոչման, պարտքի ու պատասխանատվության մասին, իսկ հետո մեկը մյուսից հետա­քրքիր, ուսանելի հեռուստասյուժեներով հանդես գալ Պաշտպանության նախարարության «Զինուժ» ծրա­գրում, որտեղ աշխատեց մի քանի տարի…
Գրողների ծաղկաձորյան ստեղծագործական տանը շատ անգամ եմ վկա եղել` ի՜նչ ուրախությամբ են փայլում Հովիկի աչքերը, ի՛նչ բավականություն, անթաքույց ոգևորություն է ապրում, երբ ավարտում է նոր պատմվածքը կամ այդ օրը գրել է իր ուզած, իրեն գոհացնող էջերը: Առհասարակ, միշտ ստեղծագործական մարզավիճակում է իմ ընկեր Հովիկը՝ նոր մտահղացումներով, հետաքրքիր գաղափարներով համակված: Առանձնահատուկ փայլ էի տեսնում նրա աչքերում, ձայնն ուրիշ հնչերանգ էր ստանում, երբ առիթ էր ներկայանում խոսելու տևական ժամանակ «ձեռքի տակ» գտնվող ծավալուն վեպի մասին, որն, ի վերջո, ընթերցողի սեղանին դրվեց «Կանթեղ» վերնագրով ու ջերմ արձագանքի արժանացավ: Ծնվել էր մեր բարդ ու հակասական ժամանակը՝ թե՛ թիկունքի կյանքը, թե՛ Արցախյան հերոսամարտը ականատեսի ու մասնակցի հայացքով պատկերող, բայց նաև այլաբանական հետաքրքիր, տպավորիչ հնարքներով զուգորդված մի գործ: Վեպում հաջողությամբ միա­հյուսված էին գեղարվեստական պատումը, միստիկան ու վավերագրությունը, և այն անտարբեր չէր թողնում ընթերցողին: Հաջողությունը ոգևորեց հեղինակին՝ ծնունդ տալով «Կանթեղ-2»-ին, հաջորդեց «Փոքր Մհերի վերադարձը» վեպը, որը ինչ-որ տեղ կապակցված էր նախորդ գրքերին…
Կորոնավիրուսյան այս օրերին էլ Հովիկը գրասեղանից անբաժան է, թերևս՝ մուսայի հետ ավելի համերաշխ: Օրեր առաջ խոստովանեց, որ ինքնամեկուսացումը նպաստում է իր որոշ ծրագրերի իրականացմանը. հենց այս ամիսներին վերջնական տեսքի է բերել «Հավերժական շարժում» վեպը, վերջապես թղթին հանձնել պատերազմի ավարտից ի վեր մտքում պտտվող, բայց դիմադրող «Զինվորները ծնվում են մարտադաշտում» վիպակը, որի բովանդակությունը 1994 թվականի գարնան պատերազմական իրադարձություններն են…
Քաջառողջություն մաղթենք, ուրեմն, մեղվաջան մեր հոբելյարին, զորությո՛ւն՝ նրա գրչին:
Սիրելի՛ Հովիկ, թե անցյալի ու ներկայի միջև ճամփորդելիս այս օրերին ինչ զգացումներ են համակում քեզ, չգիտեմ: Բայց քո առիթով իմ փոքրիկ այս «ճամփորդության» ընթացքում ես միմիայն գոհունակության ու հպարտության զգացում ապրեցի քեզ համար: Նաև` ի՛նձ համար, որ քեզ նման արժանավոր գրչեղբայր ու լավ ընկեր ունեմ: Ծնունդդ շնորհավո՛ր, և՛ զենքի, և՛ գրի նվիրյալ զինվո՛ր:

Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ

7 9

Hovik Vardoumian et Serge Venturini Arstakh 2011
20181013_134505

IMG_20151210_140341

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

***
Ամայի, ամայի փողոցներ
Եվ մարդիկ՝ հուսահատ ու լքյալ,
Քաղաքում, ամբոխի ոտքի տակ
Մեռնում է մի լքյալ առաքյալ…

Արդյոք քանի՞սը կարթնանան քնից,
Քանի՞սը հավերժ կմնան քնած:
Այս մի ձմեռն էլ պակասեց հաշվից,
Այս մի ձմեռն էլ եկավ ու գնաց:

***
Մեջիս լույսը հոսեց, գնաց,
Մնաց նստվածքն ու քափը,
Շուտով նավակն ինձ կտանի
Գետի մյուս ափը:
Մի սիրելի ձայն ինձ կասի՝
Իջի՛ր, զավա՛կս,
Եկար, հասար անսահմանին,
Վերջացել է պատը:
Բացիր ձեռքդ՝ ամուր սեղմած,
Ու ցած գցիր այդ անիմաստ
Ժամանակն ու չափը:
Պատրանք եղավ ամեն ինչ,
Խիտ մշուշի խորքերից
Ինչ-որ աչքեր վախվորած,
Դողդողալով մութի մեջ՝
Ինձ նայեցին ու անցան-
Խաբկանք եղավ ամեն ինչ:

Մայր արծվի երգը
Դանիել Վարուժանին

Արծվաձագե՛ր, սլացեք
Երկինքներում արևոտ
Եվ սարսուռներն ըմպեցեք
Կայծակնահամ ու ամպոտ:

Բոլորից բարձր ճախրեք,
Բարձրից նայեք աշխարհին
Ձեր աչքերով հրացայտ,
Կռինչներով մարտակոչ,
Որ երբ ոսոխը ելնի,
Առաջնորդեք երկնքով
Արծիվներու երամներ
Դեպի դաշտերը ռազմի:

Եվ ճախրեցեք թև ի թև
Երկինքներում հեթանոս,
Կոփեք մագիլ ու կտուց
Ու սովորեք հոշոտել:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։