ԳԱՌՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Գառնիկ-ՄանուկյանՀԳՄ վար­չու­թյու­նը
շնոր­հա­վո­րում է բանաստեղծ, արձակագիր
ԳԱՌՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ
ծննդյան 80-ամյակի առթիվ

ՙԳրա­կան թեր­թը՚ միա­նում է շնորհավորանքին

 

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Քանի ու քանի ճամփա եմ չափել
Եվ ինչքան-ինչքան
ճիգ ու ջանք թափել,
Որ փնտրտուքից հետո մի օր ես
Իմ երազանքին հասնեմ վերջապես:
– Ձեռքդ դիր խղճիդ, բա՛խտ,
ինձ ճիշտն ասա,
Իմ տենչին ինչո՞ւ, ինչո՞ւ չհասա:
– Հիասթափություն ապրեիր պիտի:
– Կա՞ մեկը, որ այդ մասին չգիտի:
– Մարդ աստծո, ասեմ,
մեկն այդ հենց դու ես:
– Պատրաստվել էիր,
որ դո՞ւ ինձ ասես…

ԱՆՀԱՍ ՏԵՆՉ
Ճրագի պես ճաճանչող,
աչքս հառած միշտ հեռուն,
Սպասեցի տարիներ ու
Մասիսը չտեսա…
Մուշեղ Իշխան

Պատանության օրերից
արյան կանչով տենչացի
Իմ աշխարհը ավետյաց,
իմ պապերի օրրանը,
Ինչպես որ միշտ նա տենչաց՝
հեռու, օտար ափերից,
Ու չտեսավ Մասիսը,
ես չտեսա իմ Վանը:

Սերերով ու հուրերով,
անուրջներով լուսեղեն,
Խոյանքներով թևավոր
հասա իմ խենթ ամռանը,
Նվաճեցի բարձունքներ,
սակայն մնաց դեռ անհաս
Նրա համար Մասիսը,
իսկ ինձ համար՝ իմ Վանը:

Երկրեերկիր անցա ես,
գահին հասա աստղերի,
Բայց պատնեշի պես անանց
հառնեց իմ դեմ սահմանը,
Տեսիլք դարձավ երկիրը,
երազ դարձավ, ու դարձյալ
Նա չտեսավ Մասիսը,
ես չտեսա իմ Վանը:

Եվ տարիներն աննկատ
թևին տվին ու թռան,
Կարոտանքից մխալով՝
գնաց Մուշեղ Իշխանը,
Եղյամ իջավ իմ ճամփին,
աշնան դռնից մտա ներս,
Նա չտեսավ Մասիսը,
ես կտեսնեմ իմ Վանը:

ՈՒՇ ԱՇՈՒՆ
Առավոտի միջով պաղ,
Առավոտի միջով լուրթ
Կռունկների ուշացած
Երամն եկավ ու անցավ:

Նրանց տրտում կանչերից
Մեկեն լցվեց իմ հոգին,
Եվ կարոտի սուր ցավից
Արցունքեցին աչքերս:

Երկար, երկար նայեցի
Կռունկներին հեռացող,
Մինչև նրանք սուզվեցին
Հեռաստանի մշուշում:

Գնացին ու հայացքս,
Սիրտս տարան իրենց հետ,
Տարան, գուցե հասցրին
Վա՞ն, օջա՞խն իմ հայրական:
***
Երբ մեռնում է խավարը,
Եվ արդեն լույսն է բացվում,
Մեկի աչքը խնդությամբ,
Մեկին վշտով է թացվում:

Այդպես տարվա ամեն օր
Գալիս, գնում է անհետ,
Եվ իմ սիրտն է թրթռում
Բացվող ամեն օրվա հետ:

Աստծո ամեն առավոտ
Փորձությունն է հավատիս,
Գո՞ւյժ կբերի արդյոք ինձ,
Թե՞ կբերի ավետիս…

ԿՏԱԿ
Իմ չարաճճի, մանչո՛ւկ իմ խարտյաշ,
Վանա ծովի պես կապտաչյա ու ջինջ,
Ա՜խ, ես չտեսա, գոնե դու հասնես
Իմ նվիրական, անհաս անուրջին:

Այնպես եմ ուզում՝ մեծ դառնաս իրավ՝
Կենաց մարտերդ մեկ առ մեկ շահած,
Ու լեռնաճամփով անցնես մինչև վերջ՝
Գլուխդ հպարտ ու բարձր պահած:

Դառնաս փնտրվող,
զորընդեղ մի այր,
Տոհմիս արժանի շարունակողը
Եվ գերությունից ազատես մի օր
Վասպուրականիս սրբազան հողը:

Եվ երբ օրն այդ գա,
օրն այդ վերջապես,
Երբ հորդի նորից խնդությունն անափ,
Գաս շիրմաթմբիս ու զվարթ ձայնես.
– Վանն ազա՜տ է, պա՛պ…

ՏՐԻՈԼԵՏՆԵՐ
(ժողովրդական մոտիվ)
Ես խենթ, խևուկ մի պատանի,
Համբարձում է, արև, գարուն,
Դու բուրում ես՝ երգում, պարում,
Ես խենթ, խևուկ մի պատանի:
Ինչ վիճակ էլ բախտը հանի,
Ես եմ քո բախտն այս աշխարհում.
Ես խենթ, խևուկ մի պատանի,
Համբարձում է, արև, գարուն:

2.
Կանցնեմ յոթ սար ու յոթ ծով,
Միայն թե ինձ սպասես,
Մազե կամուրջ կանցնեմ ես,
Կանցնեմ յոթ սար ու յոթ ծով:
Կգամ անհուն կարոտով,
Կգամ, գիրկս կառնեմ քեզ,
Կանցնեմ յոթ սար ու յոթ ծով,
Միայն թե ինձ սպասես:

3.
Տառապում եմ, տենչում եմ քեզ,
Ե՞րբ ես գալու, հոգո՛ւս հոգի,
Բա՞վ չէ մատնես ինձ մորմոքի,
Տառապում եմ, տենչում եմ քեզ:
Տարիներ են հոսում անտես,
Շուտով գլխիս ձյուն կչոքի,
Տառապում եմ, տենչում եմ քեզ,
Ե՞րբ ես գալու, հոգո՛ւս հոգի:

4.
Աստծուն խնդրեցի ու սրբերին,
Վարագա վանքում վառեցի մոմ,
Աղոթք արեցի, պահեցի ծոմ,
Աստծուն խնդրեցի ու սրբերին,
Որ բախտիդ ճամփան ինձ մոտ բերի,
Սեր գցի սիրտդ, ի՛մ անողորմ,
Աստծուն խնդրեցի ու սրբերին,
Վարագա վանքում վառեցի մոմ:

***
Ոլորվում է ճանապարհը
Անծայրածիր հեռաստանում՝
Քեզ էլ առած իր գրկի մեջ,
Ու չգիտես՝ ուր է տանում:

Ու վարանած գնում ես դու
Երկընտրանքից տանջող ցավով,
Շտապելը ձեռնտու չէ,
Ուշանալը՝ վտանգավոր:

***
Այս անվերջ հեռուն
Մեր միջև ընկած կարոտ է լռին,
Թելի մի կծիկ,
Որ դու ես դրել
Հոգնած օրերի փոշոտ ոտքի տակ:
Ես այդ թելն եմ կծկում իմ սրտի վրա,
Բայց երբ հասնում եմ քո դռների մոտ,
Կտրվում է նա:

***
Ասում են՝ թիթեռն ապրում է մի օր,
Ինչպե՞ս հավատամ,
Երբ հյուր էր ինձ մոտ
չորս օր շարունակ,
Եվ նա, օ՜, զարմանք,
Կենդանի էր դեռ:
Սակայն հասկացա,
Որ զրկել եմ ես
Նրան ապրելու իր միակ օրից:

***
Ծառը տապալվեց,
Թափվեցին հողին
մամռած տարիներ,
Հայացքներ մամռած,
Երկնքի մի շերտ,
Երգեր թափվեցին:
Հիշողությունը գնաց ծաղկելու
Հողում մնացած արմատների մեջ:

ԸՂՁԱՆՔ
Քայլ-քայլ, աննկատ մոտենում է ինձ,
Խուլ ոտնաձայնը լսում եմ արդեն,
Եթե չեմ կարող խույս տալ նրանից,
Ինչպես կուզեի կյանքս ավարտել:

Թող ինձ հետ լիներ Միներվայի բուն,
Ու աշնան գիշեր լիներ տարաժամ,
Կարողանայի մինչև վերջ լինել
Ներշնչանքի հետ հաշտ ու անբաժան:

Տերյանի գիրքը սեղանիս լիներ,
Տքնանքիս վկան՝ լուսամփոփը հին,
Անխուսափելին թող վրա հասներ
Բանաստեղծություն գրելուս պահին:

***
Մոլեգնում էին ձնահողմերը,
Շաչ ու շառաչ էր հուժկու տարերքի,
Բայց, այնուհանդերձ, թեև մի քիչ ուշ,
Վերջապես ծաղկեց այգին իմ երգի:

Շողարձակեցին որթատունկերը՝
Ողկույզներն արդեն
հասած արբունքի,
Իսկ հետո աշուն հագավ իմ այգին,
Քրքումի նման դարձավ ու խնկի:

Ու դարձավ հետո կայծկլտուն գինի՝
Հայտնի իր բույրով ու իր թնդությամբ,
Տառապած հոգուն բերեց մոռացում,
Իսկ թախծոտ հոգին
լցրեց խնդությամբ:

Տվեցի բոլորն, ինչ որ ունեի,
Ու դափ-դատարկված ելա հնձանից,
Այսքանից հետո, ասացեք, խնդրեմ,
Դուք ի՞նչ, էլ ի՞նչ եք ուզում ինձանից:

***
Կենսակերպ է ինձ համար պոեզիան,
Ինչ ունեցել եմ, նրան եմ տվել՝
Երջանկությունն իմ, ազատությունս,
Էլ ի՞նչ, ուրիշ ի՞նչ դրանից ավել:

Նա է իմ հոգու ապաստարանը,
Իմ խնդությունը, իմ սերն ու խիղճը,
Իմ ամենախոր, իմ ամենանուրբ
Զգացումների արտահայտիչը:

Նա իմաստության լույսով է օծում
Իմ կենաց գրքի ամեն մի էջը,
Սպեղանի է ու փրկության դուռ,
Այսպես մինչև իմ օրերի վերջը:

Քեզ եմ պարտական,
ո՛վ գթառատ Տեր,
Որ ինձ տվել ես շնորհն այս վերին,
Որ զորու լինեմ ճանաչել մարդուն
Ու հասու՝ հոգու տառապանքներին:

***
Դեռ էն գլխից կերտում եմ ինձ՝
Օրը օրի, տարեցտարի,
Համառորեն, համբերատար,
Ագուցում եմ քարը քարի:

Բարձրացել է տաճարը վեր,
Եվ ամեն մի խոյակ ու սյուն
Պիտի հյուսվի մնացյալին,
Որ դառնա մի ամբողջություն:

Ես ինձ այնքան պիտի կերտեմ,
Մինչև տենչս առնի մարմին,
Կատարյալին հասնեմ մինչև,
Մինչև հասնեմ լիր-լրումին:

ԿԵՆԱՑ ՎԵՊ
Քեզ բախտը վերուստ
դժվար կյանք տվեց
Ու դու լռելյայն կրեցիր խաչդ,
Տարար մինչև վերջ:
Հաճույքդ՝ գիրքը
Եվ տքնությունդ վայելքդ եղավ,
Ճերմակ թղթի դեմ
Երկար լռելը՝ համբերությունդ,
Ճակատամարտդ՝
Նորին մեծություն բառի հետ միայն,
Նրան հաղթելը՝ հպարտությունդ
Ու խնդությունդ՝ պահը ներշնչման,
Հավատդ՝ կյանքին բեռ չլինելը,
Ինքնահաստատման կարողությունը,
Կարոտդ՝ մի օր Վանդ տեսնելը,
Երազդ՝ նրա հողում թաղվելը
Ու խաղաղվելը:
Շահազիզի պես ու Դոդոխյանի,
Իղձդ՝ թեկուզ մի երգով ապրելը,
Հույսդ՝ հիշատակ թողնելը միայն,
Որ հետո ասեն՝
Մի այսպիսի մարդ եղավ աշխարհում,
Եկավ ու անցավ:

***
Իմ տատը բախտի
կամոք շատ ապրեց,
Կրեց անհամար փորձություն ու ցավ,
Տարավ կորուստը իր երեք որդու,
Կարոտը տանել չկարողացավ:

Որ այրում էր հանց կրակե շապիկ
Եվ նրանից խույս տալու չուներ ճար,
Նրան մի բուռ հող պիտի բերեի,
Որ գերեզմանում գեթ գտներ դադար:

Բախտն ինձ էլ երես չի տվել վերուստ,
Շատ դառն ու դժվար օրեր եմ տարել,
Հաղթահարել եմ հազար խոչ ու խութ,
Սակայն խոստումս դեռ չեմ կատարել:

…Աստղի նշանով Բեթղեհեմ հասած
Մոգերն իմացան Արարչի մասին
Եվ մսուրի մոտ ծնկի իջնելով՝
Երկրպագեցին մանուկ Հիսուսին:

Արևելքի այդ աստղի պես, տեսնես
Ե՞րբ պիտի հայոց աստղը բոցկլտա
Եվ Վանի Սոսրաթ գյուղը ինձ տանի
Եվ տեղը ցույց տա իմ հայրական տան:

Ինչքան, դեռ ինչքա՛ն պիտի սպասեմ,
Դեռ ինչքա՛ն փարած մնամ հավատին,
Թե չիրագործեմ ես իմ խոստումը,
Ի՞նչ պատասխան
եմ տալու իմ տատին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։