ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

Հուլիսի 28-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության նիստ՝ նվիրված հանրակրթական դպրոցում գրականության ուսումնառության հայեցակարգի մասին դիտողություններին ու առաջարկներին:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին գրչընկերների՝ Նելսոն Ալեքսանյանի, Կիմ Աղաբեկյանի, Արտաշես Ղահրիյանի հիշատակը:
Այնուհետև ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն անդրադարձավ արտակարգ դրության պայմաններում ՀԳՄ-ի գործունեությանը՝ տեղեկացնելով, որ Գրողների միությունը շարունակել է իր աշխատանքները, թեև ոչ նախկին ինտենսիվությամբ, իրականացվել են հանդիպումներ գրողների, թարգմանիչների հետ՝ առցանց հետևորդների համար, մարզային բաժանմունքների նախագահների հետ ծրագրեր են քննարկվել, գրական մամուլը շարունակել է լույս տեսնել («Եղեգան փող», «Երկունք», «Գրական թերթ»՝ վերջինս առժամանակ առցանց, ապա՝ տպագիր): Անձամբ ինքը՝ Էդ. Միլիտոնյանը, 25 ելույթ է ունեցել ֆեյսբուքում՝ լրատվություն, ժամանակի հետ կապված հարցերի արծարծումներ և այլն:
Էդ. Միլիտոնյանը տեղեկացրեց, որ «Գրականության» դասագրքերի վերաբերյալ քննարկումներ են եղել տարբեր հարթակներում, որտեղ իրենց կարծիքներն են հայտնել գրականագետներ Ս. Մուրադյանը, Դ. Գասպարյանը, Ա. Եղիազարյանը, Վ. Եղիազարյանը, Ս. Սրապիոնյանը և ուրիշներ: Հիմնական հարցը վերաբերում էր դասագրքերում միջնադարյան գրականության, Մ. Մաշտոցի, Մ. Խորենացու, Գ. Նարեկացու, մյուս տաղերգուների բացակայությանը, սակայն ավելի ուշ լրացումներ արվեցին՝ համալրելով ընդգրկված գրողների ցանկը: Առաջարկությունների մի մասը վերաբերում էր «Հայ գրականություն»-ից «հայ» բառի օտարմանը, ինչպես նաև դասագրքերում և՛ արտասահմանյան գրականությունը (ի դեպ՝ ոչ այնքան համոզիչ չափորոշիչներով), և՛ հայ գրականությունն ամբողջապես ընդգրկելու անհնարինությանը:
Էդ. Միլիտոնյանը ներկաներին առաջարկեց հանդես գալ հստակ առաջարկություններով և վստահեցրեց, որ ՀԳՄ-ն հետամուտ է լինելու, որպեսզի ժամանակակից լավագույն գրողները ներկայացվեն, քանի որ ո՛չ 60-ականների պոեզիան, ո՛չ 70-90-ականների պոեզիան ու արձակը, անկախության 30 տարվա գրականությունը որևէ կերպ դասագրքերում չեն ներ­գրավվել:
ՀԳՄ նախագահը անդրադարձավ նաև չափորոշիչներին: «Եթե որևէ դասական գրող ընդգրկվում է դասագրքում, անպայման հաշվի է առնվում նրա ավանդը գրականության մեջ, իսկ ժամանակակից գրողի հարցում ինչո՞ւ պիտի այդ չափորոշիչը չլինի, մասնավորապես՝ հաշվի չառնել գրական այն բարձրարժեք մրցանակները, որոնց արժանացել են մեր գրողները հանձնաժողովների քննարկումների, քվեարկությունների արդյունքում, ոչ թե ստացել ՀՀ նախագահի, պետության կամ Արա Աբրահամյանի կողմից»,- ասաց նա՝ շեշտելով, որ չափորոշիչի խնդիրն առկա է գրական միջավայրում, և գրական մրցանակների արժանացած լավ գործեր կան: Հարցն այն է, թե այդ գործերից որոնք են հարիր դպրոցական ծրագրերին, քանի որ պետք է հաշվի առնվեն տարիքային առանձնահատկությունները՝ ըստ տարրական, միջին, ավագ դասարանների: Նրա հավաստմամբ՝ չափորոշիչ նշելիս պետք է հաշվի առնել գրական բարձր մրցանակները, այն անունները, որոնք թարգմանվել են տարբեր լեզուներով և մեր գրականությունն են ներկայացրել տարբեր երկրներում, և որոնց անդրադարձել են գրականագետները, մամուլը:
Էդ. Միլիտոնյանը կամայական համարեց արտասահմանյան գրականության մեջ ներկայացված հեղինակների ընտրությունը, դարձյալ առանց չափորոշիչի՝ հիմնականում եվրոպացի գրողներ, բացառությամբ մի քանի հոգու: Նա նշեց, որ առաջարկվել է կազմել երկու դասագիրք՝ գրականության և արտասահմանյան գրականության, որտեղ ընդգրկված կլինեն մեր լավագույն թարգմանությունները և կներկայացվեն իսկապես դասական և ժամանակակից հեղինակներ:
Մյուս կարևոր հարցը, որին անդրադարձավ ՀԳՄ նախագահը, լեզվամտածողության խնդիրն է: Նա ընդգծեց, որ գրավոր խոսքը պետք է տարբերվի բանավոր խոսքից՝ հիշեցնելով, որ ա-երով գրելու դեմ պայքարել են Րաֆֆին, Տերյանը, ինչի ար­դյունքում լեզուն հղկվել է: Նրա կարծիքով՝ այսօր գռեհկաբանությունը և փողոցային լեզվամտածողությունը վերցնել ու դասագիրք մտցնելը մեծ խիզախում է:
Այնուհետև նախագահության անդամները հանդես եկան առաջարկություններով: Բանաստեղծ Գոհար Գալստյանը նշեց, որ դասագրքերում կա ժամանակակից գրողներին ներառելու անհրաժեշտություն, և նկատեց, որ լավագույն գրողները լավագույն գործով չեն ներկայանում, այսինքն՝ տվյալ տարիքի համար չի նախատեսված կամ հարիր չէ համատեքստին: Նա առաջարկեց, որ ժամանակակից գրողները ներկայանան քրեստոմատիայի միջոցով, վերջինս լինի հավելյալ ուսումնասիրության գիրք, իսկ դասագրքերում ընդգրկվեն վերջին շրջանի այն գրողները (նույնիսկ կյանքից հեռացած), որոնց ստեղծագործական ասելիքն ամփոփված է, օրինակ՝ Լևոն Խեչոյան, որ արդեն ամբողջական համակարգ է:
Գրականագետ Արմեն Ավանեսյանը նույնպես դրական համարեց ժամանակակից գրականությունը դպրոցական դասագրքերում ներառելու փորձը: Ապա հղում անելով գրականագետ Սեյրան Գրիգորյանի հայեցակարգային լուծմանը՝ առաջարկեց, որ միջին դասարաններում լինի «Գրականություն» առարկան. հայ և համաշխարհային գոհարների հետ ծանոթանալով՝ երեխայի մեջ ճաշակ, ընթերցելու, վերլուծելու որոշակի կարողություններ կձևավորվեն: Իսկ բարձր դասարաններում պետք է պարտադիր լինի «Հայ գրականությունը», և նախընտրական, ընտրական կամ ֆակուլտատիվ ձևով, առանձին դասագրքերով ներկայացվեն համաշխարհային գրականությունն ու ժամանակակից գրականությունը՝ յուրաքանչյուրին հատկացնելով մեկ կիսամյակ, և սովորել հայ գրականության պատմությանը զուգահեռ: Գրական երկն ընտրելիս պետք է հաշվի առնել մի շատ կարևոր չափանիշ՝ 18+ հասկացությունը՝ տարիքային հոգեբանության առանձնահատկությունները: Ամփոփելով՝ Ա. Ավանեսյանն առաջարկեց խոտանել այս ծրագիրը և այս չափորոշիչները այն պատճառով, որ ինստիտուցիոնալ կառույցները՝ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետը, Մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտը, Գրողների միությունը չեն ներառվել ծրագրի մեջ, ինչպես նաև առաջարկեց մասնագետներով համալրված նոր հանձնախումբ ձևավորելու հարց բարձրացնել:
Գրականագետ Վազգեն Գաբրիելյանի առաջարկությամբ՝ հայ գրականությունը, որպես պատմություն, Մեսրոպ Մաշտոցից սկսած, որպես դասընթաց պետք է մատուցվի: Գրականության դասագիրք մտնելու համար գրողը պետք է վաստակ ունենա: Եվ պետք է ընտրել այնպիսի գործ, որը համապատասխանում է այդ տարիքի երեխային և նաև մեր գաղափարախոսությանը՝ հայրենասիրություն, սիրո զգացում, մարդկային ապրումներ: Նրա կարծիքով՝ միջին դասարանում գրականության մեջ պետք է ընդգրկվեն հայ դասական գրողներն ու նաև ժամանակակիցները՝ տարիքին համապատասխան նյութի տեղադրմամբ, իսկ ավագ դպրոցում՝ 5-րդ դարից սկսած մինչև մեր ժամանակները պարբերական նյութով ներկայացվի հայ գրականության պատմություն:
Ըստ գրականագետ Ավիկ Իսահակյանի՝ ժամանակը չէր այդ հարցը բարձրացնելու, երբ երկրում համավարակ է, իսկ երկրի սահմաններն էլ անհանգիստ են: Նա առաջարկեց կազմել երկու դասագիրք՝ «Հայ գրականություն» երկու հատորով, որը, ըստ ժամանակա­գրության, պետք է հասնի մեր օրեր, և «Համաշխարհային գրականություն», նաև ավելացվեն գրականության ժամերը:
Բանաստեղծ, գրականագետ, թարգմա­նիչ Հենրիկ Էդոյանն առաջարկեց հրաժարվել երեխաներին ծավալուն տեքստեր պարտադրելուց և գաղա­փարական ուժեղ պայքարով նրանց ճնշելուց:
Արձակագիր Հովիկ Վարդումյանը կա­րևորեց, որ այդ ծրագրի ցանկացած կետը գրելիս դրա հիմքում դրվի ազգային մտածողությունը:
Դրամատուրգ, արձակագիր «Գրական թերթի» խմբա­գիր Կարինե Խո­դիկ­յանի դիտարկմամբ՝ այդ հայեցակարգում երկու կարևոր թիրախային խմբեր մնացել են յուրօրինակ լուսանցքում՝ ուսուցիչը և աշակերտը: Եվ առաջարկեց, որ հանձ­նաժողովը համալրվի մանկավարժ-հոգեբաններով, ընդ որում՝ տարիքային մաս­նագիտացումով: Երկրորդ թիրախային խումբը ուսուցիչներն են, պետք է առաջարկված բարեփոխումներին համապատասխան մասնագիտական վերապատրաստման ժամանակա­ցույցային մեխանիզմներ ստեղծել:
Արձակագիր, դրամատուրգ, «Գրեթերթ» երիտասարդական թերթի խմբագիր Գուր­­գեն Խանջյանը շեշտեց, որ արտասահմանյան գրականության մեջ անպայման պետք է ընդգրկվի ռուս գրականությունը:
Բանաստեղծ Մանասեն ևս առաջարկեց ունենալ քրեստոմատիա, ինչպես նաև հետաձգել այս ծրագրի իրականացումը: «Կան սրբազան ստերեոտիպներ, որոնց չի կարելի ձեռք տալ, որոնք ընդմիշտ են ու միշտ գործելու են՝ ազգային ինքնության ստերեոտիպ, աշակերտի մեջ բարոյականություն սերմանելու ստերեոտիպ, նաև լեզուն է ստերեոտիպ»,- ընդգծեց նա:
«Անկախ նրանից, թե ժամանակակից գրականության և հայ գրականության շրջափուլերը ինչ հարաբերակցությամբ են ներկայացվելու, այդ բոլորը պետք է ներկայացվի որպես հայ գրականության պատմության ընթացք՝ ըստ ժամանակագրական սկզբունքի և ոչ թե ըստ ժանրային բաժանման: Ժանրային բաժանումը անհեթեթ է: Եվ երկրորդ առաջարկ՝ պատմությունն ու գրականությունը քանի որ իրար հետ հաղորդակից անոթներ են, երկուսն էլ պետք է ունենան ժամանակագրություն, և այդ ժամանակագրությունն ու տեսական հարցադրումները համապատասխանեն իրար»,- ասաց ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվ. Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը:
Բանաստեղծ, գեղանկարիչ, հրապա­րա­կա­խոս Արևշատ Ավագյանը կարևորեց հայ մշակույթը, հայոց լեզուն, հայ գրականությունը, հայ արվեստը բարեշրջման ճանապարհով տանելու գործընթացը՝ ազնիվ, բարձր մակարդակի մտավորականների, գիտնականների համախմբումով:
Արձակագիր, հրապարակախոս Ալիս Հովհաննիսյանն արժևորեց գրականության պատմության հարցը՝ ընդգծելով, որ այն պետք է կազմվի ու շարադրվի յուրովի, այնպես, որ թե՛ աշակերտները, թե՛ ուսուցիչները ցանկանան կարդալ իրենց մատուցվող գրականությունը: Նա առաջարկեց ժամանակակից գրողներին ընդգրկելիս համագործակցել գրողի հետ՝ հնարավորություն տալ նրան անձամբ առաջարկելու իր որևէ ստեղծագործությունը այս կամ այն դասարանի դասագրքի համար:
Բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ հրա­տա­րակչության տնօրեն Շանթ Մկրտչյանն անիմաստ համարեց բոլոր քննարկումները, քանի որ, մեծ հաշվով, գիրք չեն կարդում ո՛չ դպրոցներում, ո՛չ համալսարաններում, և առաջարկեց կազմալուծել այս ամբողջ հանձնաժողովը և համալրել արհեստավարժ մարդկանցով, գիտնականներով, գրող­ներով:
Ամփոփելով նիստը՝ Էդ. Միլիտոնյանն ընդգծեց հանձնաժողովի նկատմամբ ՀԳՄ-ի թեական վերաբերմունքը. «Ստացվել է մի պատկեր, որը մեր գրականությանը հարիր չէ»,- ասաց նա:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.