Ճեպազրույց
(«Ճեպընթացի» ուղեկիցը բանաստեղծ,
լրագրող Ռոբերտ Եսայանն է*)
Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ – Եկա, որովհետև…
Ռոբերտ ԵՍԱՅԱՆ – …Ուզում էի արտահայտվել, խոսել, բացահայտել հոգուս գեղեցկությունները, ծաղիկների պես երգերս նվիրել ընթերցողներին: 17 տարեկանում գրեցի մի բանաստեղծություն:
Մի կապույտ, կապույտ, կապույտ մի փուչիկ,//լցնելով լույսով,//ծիծաղով, երգով//և հայրենի տան կապուտակ ծխով,//ես բաց թողեցի դեպ կապույտ երկինք, //որ պայթի այնտեղ//և հոգուս ամբողջ գեղեցկությունը//պարզի երկնքին՝//որպես նոր տան մեջ «պայթած» հեռագիր…
Ա. Մ. – Գրչիս հայացքում…
Ռ. Ե. – …Արարվում էր մի նոր աշխարհ:
Արծաթե հայելում//տեսնում եմ ու շտկում//իմ արտաքինը://Իսկ իմ պարզ երգի մեջ`//իմ ներսը, խորքը//և ամենքինը…
Գրչիս հայացքով փոթորիկներ անցան, և բռնկվեց հոգուս հեռուն ստեղծագործական խոլ ծիածանո՛վ…
Ա. Մ. – Հիշողության լուսանցքները…
Ռ. Ե. – …Պայթեցին բողբոջի պես՝ լցվելով արյան ճիչով, բառի երազով և ոգու տարերքով: Եկավ արյամբ և ոգու ճիչով գրելու ժամանակը: Հուշերիս մեջ դեռ կան արյան խիզախ շիթեր… Որոնեցի մի կետ, որին հենվելով պիտի գտնեի ինքս ինձ: Եվ այդ շիկացած կետը փոթորկված ու ծառս եղած… Արցա՛խն է: Իմ երակը մե՛րթ բարուրվում էր ծիածանաբույր երազանքներով, մե՛րթ էլ ոռնում էր վրեժի անզուսպ քարերը փշրող իր արմատներով…
Ա. Մ. – Հենակետերը…
Ռ. Ե. – …Դարձան վերնագիրն ու ոգին իմ առաջին գրքի, որը լույս տեսավ Երևանում (1989 թ.): Գրքի խմբագիրն է բանաստեղծ Արմեն Շեկոյանը: Գրքի հիմնական կոչն է. «Ցնցի՛ր հիմերը քո գոյի և ցնցի՛ր անունդ անգո»:
Ա. Մ. – Ներշնչանքի խաչմերուկներում…
Ռ. Ե. – …Որոնում էի այն բառը, որը շե՛մն է երկնքի, ծիածա՛նը հոգու:
Ա. Մ. – Լռության շուրթին…
Ռ. Ե. – …Փոթորկվում էր ներշնչանքի օազիսը: Այդ ժամանակ էր, որ ես հասա իմ ստեղծագործական կյանքի նժարին: Կշռեցի իմ ամեն քայլը, ոգուս խորքերից հանեցի նորանոր գույներ, արթնացա մի օր տարերքի արտում և բռնեցի… ապաշխարանքի ճանապարհը: Իմ ստեղծագործական ընթացքն ընդգծվեց մի նոր պոեմով` «Ապաշխարություն կամ հրաժեշտի 40 օրերը»:
Ա. Մ. – Ժամանակն է, որ կարող է…
Ռ. Ե. – …Գնահատել իմ կատարած գործը:
Ա. Մ. – Ապրած տարիները…
Ռ. Ե. – …Ոչ միայն տանում են, այլև թողնում են կենսածիր հետքեր:
Ա. Մ. – Մի՛ խուսափեք…
Ռ. Ե. – …Կոշտ ու բնական կյանքից. այն ներշնչանքի նոր աղբյո՛ւր է:
Ա. Մ. – Լավատեսությունը…
Ռ. Ե. – …Քո ապրած կյանքի անդրադարձն է ապագայի դռների վրա: Մի քանի տողով բնութագրեմ իմ ստեղծագործական կյանքի ճանապարհը:
Հայացք ձգելով իմ գրական ճանապարհի վրա՝ մտածում եմ, որ ամեն ինչ ի սկզբանե որոշված չէր: Չէ՞ որ ճշմարիտ է և այն, որ առանց բարի ու նվիրյալ մարդկանց աջակցության՝ իմ ստեղծագործական ճանապարհը ոչ միայն տեղ չէր հասնի, այլև ինչ-որ չափով կլիներ նաև իմաստազուրկ: 1975 թվականին, երբ տասնվեց տարեկան էի, իմ գրականության ուսուցիչ Ժան Անդրյանը մղեց ինձ դեպի գրական հունն ու պոետական որոնումների ուղին: Մեկ տարի անց բանաստեղծ Վարդան Հակոբյանը բացահայտեց, զարգացրեց իմ բանաստեղծական շնորհը և օժտեց ինձ ձգտելո՛ւ, բարձունքին հասնելո՛ւ երազանքով: Տարիներ անց անվանի գրողներ Սերո Խանզադյանը, Գևորգ Էմինը և Պյոտր Կոշելը իրենց գնահատանքի խոսքով ոգևորեցին ինձ և մղեցին դեպի պոետական նոր հորիզոններ: Գրականագետ-բանաստեղծ Սոկրատ Խանյանը գրախոսեց իմ բոլոր գրքերը և ազդարարեց իմ մուտքը համահայկական գրական դաշտ: Իսկ Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Լեոնիդ Հարությունյանը և թատրոնի դերասանները, բեմադրելով և բեմականացնելով իմ պոեզիան («Հարության ժամանակը»), ճանապարհ հարթեցին դեպի ժողովրդի սիրտը:
Ա. Մ. – Ես համոզել եմ ինձ, որ պետք է որոնել…
Ռ. Ե. – …Որոնումը մեծագույն արժեքն է. ստեղծագործական կյանքի բանալին է նրա մեջ:
Ա. Մ. – Պետք է…
Ռ. Ե. – …Բացել ակունքը նոր թեմայի ու նոր մտածողության…
Ա. Մ. – Պետք է…
Ռ. Ե. – …Համբուրել բառի նոր դեմքը և շարունակել ստեղծագործական կյանքը Անհայտից բխող նո՛ր լուսաբացով…
Բռնակ չունի ժամանակը:
Խոսում եմ,
և բառերը ստանում են ձայն ու տարածություն:
Ամեն մանկան հետ
վերածնվո՛ւմ է դեմքը ժամանակի:
*Ընդգծված բառերը Անի Մանգասարյանի մտքերն են, որոնք շարունակելով՝
ինքնաբացահայտման ճանապարհով զրուցակիցը հասնում է ընդհանրացումների