ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս
ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԻՆ
ծննդյան 80-ամյակի առթիվ
Գրական թերթը միանում է շնորհավորանքին
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Նա, որ բանտված էր շղթաների մեջ,
Մեր երազների երկնքի մեջ էր.-
Խուլ կանչեր էին լսվում ամենուր
Եվ ազատության տենչեր ու ճիչեր:
Նրանով էին պարուրված միայն
Մեր ապրումները, երազն ու քունը.-
Բայց երկար մնաց
բռնության բանտում
Եվ գազանացավ ազատությունը:
Երբ փշրվեցին վանդակ ու շղթա,
Եվ պետք էր ապրել
ազատ մարդու պես,
Ազատությունը դուրս թռավ բանտից
Եվ խժռում է ամեն բան ու մեզ:
ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ
Բազմաձեռ ու ոսկեմատ
ծառերը բուդդայապաշտ,
Բոլորելով գարնան
աղոթքները կանաչ,
Ազատվելով իրենց
աշնան պերճանքներից,
Մնացին մերկ կանգնած
Ստեղծողի առաջ:
Տկլոր աղոթողներ՝
ձեռքները վեր պարզած.-
Քանզի ուրիշ մի կյանք
բաբախում էր ներսում,
Նրանց աղոթքներում
սառած հողն ու Աստված
Աներևույթ կյանքի
զարկերն էին լսում:
Եվ դա ամենուր է
մարմիններում սառած՝
Անշունչ, ծաղկաթափ ու
տերևաթափ.-
Դրանք ծածկում է նա
սավաններով ճերմակ՝
Ներսում նորոգելով կյանքը անափ:
Գովերգում եմ Աստծո և
Բնության փառքը.-
Ու թե ժամանակն իր
վայրկյաններն է թարթում,
Այսպիսին է մարդուս
մտածումն ու վարքը՝
Մահվան գոյությանը
բնավ չեմ հավատում:
Ո՞Վ ԿԻՄԱՆԱ
Չորացա, դարձա աշնան տերև.-
Քամին քշում ինձ փողոցներով,
Խփում է գետնին, հանում վերև.-
Ինձ դուր է գալիս պարս երեր
Եվ այն հրաշքը, որ չեմ մեռել.-
Ձյունը գալու է, իջնի վրաս
Իր փաթիլներով ճերմակ ու խաս
Եվ ծածկելու է աշխարհը ողջ,
Եվ ո՞վ կիմանա՝ մեռա՞, թե՞ ոչ…
ԻՆՉՈ՞Ւ ՀԻՇԵՑԻ
Շատերի հետ է գուցե եղել՝
Այն օրվանից, ինչ դրախտ երկրում
Մարդը իր կամքով դժոխք պեղել
Եվ նրա մեջ է դեռ դեգերում.-
Տխուր էի և անմխիթար,
Հրաժեշտ տված անմահ երգին՝
Ես մսխում էի կյանքս մթար,
Ինձ տվել էի գինարբուքին:
Խուլ էր աշխարհը, համր ու խուլ,
Անարձագանք էր շուրջն ամեն բան.-
Չկային ո՛չ սեր, ո՛չ էլ համբույր,
Սերը մեռած էր, հույսը՝ խափան:
Ուզեցի փակել դուռն այդ խավար,
Բայց չգիտեի՝ ի՞նչ միջոցով.-
Ծեփվեցի գետնին բերանքսիվայր՝
Մրմնջոցով ու մռնչոցով:
Ես ի՞նչ անեի, ո՞ւր փախչեի
Այդ հալածանքի ձեռից անվերջ.-
Ես ուզում էի ինձ խաչեի,
Որ ինքս ինձնից չամաչեի,
Տեղավորվեի ստվերիս մեջ.-
Ծեփվելով հողին բերանքսիվայր
Եվ փոքրանալով ու կծկըվելով՝
Ուզեցի վերջին դուռը բանալ,
Ինքս իմ ստվերի մեջ խցկվելով՝
Փակվել ու հավերժ անհետանալ…
…Ինչո՞ւ հիշեցի խավարն այդ մեծ՝
Հեռու օրերի խորքում հաստված,
Եվ ո՞վ էր, ո՞վ էր, որ ինձ փրկեց,
Եթե ոչ Տերը, Ինքը՝ Աստված:
ՍԻՐՈ ՀԱՄԱՐ
Ես հավերժորեն խաբված եմ
և կամ`
գերված եմ,
և կամ`
հավետ սևեռված.-
ես առանց սիրո աշխարհում չկամ,
սիրո համար եմ ես աշխարհ բերված:
Նա ինձ հարցրեց` իրա՞վ է, թե՞ սուտ,
ի՞նչ կա սիրո մեջ այդքան բաղձալի.-
նայելով նրա աչքերին ասուպ՝
ես շշնջացի մեղմ ու թախծալի`
– Օ՛, դու հրեղեն անվերծանելի`
ոսկի մազերո՛վ, ոսկի մազերո՛վ,
դո՛ւ, որ աղբյուր ես սիրո ձայների,
ի՞նչ պիտի ասեմ ես կակազելով…
…այնպիսի մի բան ունես քո ներսում,
այնպիսի մի բա՜ն,
որ երբ ականջս դնում եմ կրծքիդ,
տիեզերական անգոն եմ լսում,
և փակվում է իմ բառերի ճամփան…
Կրկին նայելով աչքերին գերող՝
կրկին ասացի բառեր հեգելով`
-…այնպիսի մի բան ունես քո վրա,
այնպիսի մի բա՜ն,
որ երբ ուզում եմ հեռանալ քեզնից,
նա փակում է իմ թևերի ճամփան
և բացում է իմ դևերի ճամփան…
Եվ նա հասկացավ թախիծն իմ սրտի,
և նա հասկացավ, որ ունայն եմ ես,
և թափահարեց մազերը ոսկի՝
բոցավառելով տիեզերքն ու մեզ:
——————
Մեկն ապրում է
տխրությունն իր հար ուրախ,
և մյուսը` ուրախությունն իր տխուր,
ուրախություն`
վշտի քողով բարուրած,
և տխրություն` արծաթափայլ,
ոսկեխույր:
Խառնված են հույս ու սարսափ,
խինդ ու ցավ,
խառնված են ամպ ու արև,
լույս ու մութ,
թե սրանցից մեկը թողնի-հեռանա,
կխորթանա մյուսն իսկույն`
հավերժ սուտ:
Դաժանությունն ու
գթությունն ընդելուզ.-
աղարտու՞մ են,
թե՞ օգնում են հար իրար,
լոկ մի բան կա հավերժական –
սիրո լույս –
անժամանակ – և՛ անտարիք –
և՛ անվայր:
Այդ է միակ սպեղանին ամենի.-
նրա կապույտ տիեզերքում
լուռ ու մունջ
նահանջում է և՛ տխրությունն ամեհի,
և՛ դառնում է խնդությունը
մերկ ու փուչ:
Աստվածայի՛ն –
աստվածայի՛ն մեղանչում.-
ով չգիտի, նա էլ ի՞նչ է ճանաչում:
ԶՈՐԻ ՈՐԴՈՒՍ
Իմ ոսկե թռչուն` հեքիաթ աշխարհից,
Բռնված ցանցով տիեզերական,
Հյուսված ես սիրո ջերմից ու տառից,
Ուշացած սիրո պտուղդ անագան:
Այդպես հյուսվում է ծաղիկը դաշտում,
Երբ հողի հյուլեն հյուսվում արևին,
Նրա պտղաբեր կրակը պաշտում
Եվ էություն է տալիս անէին:
Այդպես հյուսվում է երգը անհունի`
Անստվեր, անբառ,
անմարմին մարմին,
Այդպես էլ հյուլեն քո լույս անունի
Հյուսվեց անէից գոյության զարմին:
Իմ ոսկե հնչյուն՝ հեքիաթ աշխարհից,
Սրտիդ զանգակը զանգում է զնգուն՝
Սփռելով քաղցր ղողանջ խավարից
Քարայրում սրտիս և տիեզերքում:
31 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,
2000 թ. ԹԵՀՐԱՆ
(ՈՐԴՈՒՍ՝ ԶՈՐԻԻՆ)
Ահա անցավ տարին,
ահա դարը անցավ,
ահա անցավ մի ողջ հազարամյակ.-
դեռ չհաղթեց բարին,
դեռ իշխում է ցավը,
և առաջնորդ մնաց հույսը համակ:
Ի՞նչ նվիրեմ ես քեզ,
իմ սիրելի՛ զավակ,
ի՛մ արեգակ, ի՛մ երգ, ի՛մ հիացում.-
ես քեզ նվիրում եմ
մի նոր հազարամյակ,
և քո լույսով` ինձ նոր մի համբարձում:
Դո՛ւ ես մտնում այնտեղ,
արեգա՛կդ դարի,
որ մեր ապրած ցավին
դեռ չես հայել.-
ես փխրեցրի հողը,
որ դու այնտեղ երկնես
մեր երազի կյանքը մարդավայել:
Քո մտնելուց առաջ
ես հղել եմ այնտեղ
ինչ որ ունեցել է մարդը մաքուր.-
դու դրանցով պիտի
օծես մտնողներին
և քո լույսով բացես աչքերը կույր:
Քո լուսազարդ սիրո՛վ
պիտի կանչեն նրանք
իրենց նախնիներին: Ո՛չ մորմոքով.-
նրանք պիտի տեսնեն
ճառագայթդ վերին
և ղողանջդ լսեն անմեռ հոգով:
Լույսը խորն է գնում
և հեռուն է գնում,
լույսը` հավերժության
դրոշն անպարտելի.-
ահա, սիրտս է քնում,
և հոգիս է քնում
բուրմունքի մեջ ոսկե քո վարդերի:
ԴՈՒՔ ՉՀՈԳՆԵՑԻ՞Ք
Կործանումներից դուք չհոգնեցի՞ք,
Թույնից, նախանձից դեռ չհագեցա՞ք,
Դեռ պիտի ջարդե՞ք
մեր ոգին վերձիգ,
Որ տեղավորեք աչքերում ձեր ծակ:
Ողողվեք մի քիչ Արարչի լույսով
Եվ մեղմեք մի քիչ չարությունը ձեր.-
Ձեր ագահության տագնապը հուզող
Ալեկոծում է այս աշխարհը ծեր:
Իրար ատելով չեք հարստանա,
Ինձ նախանձելով չեք հասնի փառքի,
Ձեզ կսպանի ձեր միտքը սատանա
Ճիրանների մեջ իր սև սլացքի:
Տե՛ր, քեզանից շատ
էլ ո՞վ խոստանա,
Թե` բարին մի օր կհաղթանակի.
…Իրար ատելով չեք հարստանա:
Ինձ նախանձելով չեք հասնի փառքի:
Ո՞Վ ԷՐ ԳԱԼՈՒ…
Նստած անհուն խավարի մեջ,
պատած կարմիր լաթերով՝
մենք բոլորով թմրում էինք`
թախիծ ու թույն կաթելով:
Անհուսության ճրագի դեմ
բոլորս որբ ու լքված՝
վերջին ճիգով պահում էինք
մեր ջիղ ու նյարդը պրկված:
Ո՞վ էր գալու, ո՞վ պիտի գար՝
հանելու մեզ թմբիրից,
պնդելու մեր կամքը տկար,
ազատելու սև բեռից…
…Դուռը բախվեց, մենք ոստնեցինք`
ազատության կանչ էր տաք,
և հորդեցինք խավարից դուրս
անձրևի և ձյունի տակ:
Սակայն, ավա՛ղ, միֆը ցնդեց,
կրկին ինչպես երազում.
դուռը բախողն աղքատ մարդ էր,
իշխանություն էր ուզում:
ԿԱՐԾՈՒՄ ԷՐ
Կարծում էր՝ հոգիս թռչուն է մի,
ասենք` ծիծառ է կամ աղավնի,
վարպետ բռնող էր, ուզեց բռնի,
իր հոգսերով ու սիրով բեռնի:
Բռնելուց առաջ ուզեց կտցի,
կտուցը օդում օդին դիպավ.-
թևը թափ տվեց, ուզեց ցնցի,
բայց ո՞նց կցնցեր երկինքն անբավ:
Զայրացավ կարգին, բառեր ընտրեց`
ինձ որակելու, այպանելու.-
«Դու հոգի չունես»` սառը նետեց,
և հեռացա ես խոնարհ, հլու:
Ուրիշ էլ ի՞նչ կար… չկար ոչինչ
ո՛չ առարկելու, ո՛չ անելու.-
չեն կարող բռնել երկինքը ջինջ,
ուրեմն` արժես սպանվելու: