Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ / ՎԵՐԱԴԱՐՁ՝ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՕՐԵՐԻ ԱՂՈԹՔՆԵՐՈՎ

***
Այնտեղ, ուր շուտով արևածագ է,
Այնտեղ, ուր՝ կեսօր,
Ուր նոր-նոր պիտի իջնի մայրամուտ,
Ուր գիշեր է նոր,
Ուր արդեն խորունկ խավար է իջել,
Բայց մա՛րդն է անքուն-
Աշխարհի բոլոր-բոլոր անհանգիստ
Մարդկանց սրտերում,
Ինձ պես՝ աշխարհի բոլոր ծագերի
Մարդկանց տագնապած.-
Աստըծո սերը, որպես ապավեն,
Դե՛ղ լինի ու հաց…

ԱՆՍՈՎՈՐ ԳԱՐՈՒՆ
Կանաչ կյանքի մի դուռ՝
գարունը նորաբաց –
Բողբոջ ենք մեկուսի՝
բարուրվել ենք փեղկ-փեղկ,
Բայց ջերմացնող մի շող,
ցողաթաթախ մի թաց
Հերիք է, որ խորքից
բացվենք, լցվենք մեկտեղ…

Լցվենք կյանքի հյութով,
նորոգ դյութով գարնան,
Այն հավատով ծառի,
որ ծաղկում է մեր մեջ,
Ու ավելին – գիտե՝
մեղուները կգան,
Մեր սրտի բուն ծաղկից
նեկտար կբաժանենք…

ՀԱՎԱՏԱՄՔ
Եվ այս օրերում,
և այս օրերում՝
Այնքան քիչ են նրանք,
որ Աստծով են տևում,
Որ մեկուսի՝ իրենց
պատերի մեջ փակված,
Հոգու անծայրածիր
տիեզերքից բխած՝
Ողոքումի, սիրո
նոր լիցքեր են սփռում.-
Աստված է հավատով
նրանց ոգևորում…

ԳԻՇԵՐԻ ԵՎ ՏՎՆՋՅԱՆ
Էս գիշերն էլ, Տե՜ր, բարով լուսանա,
ու թող նահանջի վարակն իմ երկրից։
Աշխարհի բոլոր ծագերից հիմա
աղոթքի համար բացվել են հոգիք.
անգամ նրանց, որ գիտեն անտեսել
նախաստեղծ բառը քո արարչական.-
Տե՜ր, էդ շվարած հոգիներին էլ
օգնիր լուսացնել, թեկուզ՝ անբարբառ…

ՍՐՏԻ ՄԻՋՈՒԿԻՑ
Այս պատուհասից
մեզ դուրս հանիր, Տե՜ր,
կանխիր ամենուր ախտը մահածին՝
իմ երկրի վրա,
աշխարհի բոլոր-բոլոր ծագերում…
Ների՛ր ակամա
և անգամ կամքով մեղավորներիս,
որ հետո դատես.-
Հասկանում եմ, Տե՛ր, որ չկա անմեղ՝
քո կատարյալը այսպես խաթարած
մարդու աշխարհում,-
բայց այդ նույն մարդու սիրտն է
կատարյալ դառնում Քո՛ խոսքից…

Ասա՝ հերիք է… և կանխիր
նոր կարգ սահմանողներին:

Փրկիր միջուկը մարդկության սրտի,
որ այսօր ամեն ապաքինվողի
կրծքավանդակի տակ է բաբախում,
Քո կամքով գործող
ամեն բժշկի զարկերակի մեջ,
և այդ հրաշքով
ցնծացող ամեն մեկի արյան մեջ,
և տագնապներով
շունչները պահած հետևողների՝
աղոթողի կամ
չաղոթողների մաշկի տակ նաև…

Տե՜ր, այդ հրաշքը Դու գիտես անել,
Ուրեմն՝ թող որ մարի
ճարակի օջախը իսպառ,
թող առողջանա աշխարհը,
լցվի կյանքը խնդությամբ
նորոգ հավատի.-
Չէ՞ որ գարունը բաշխել ես արդեն,
ուրեմն նաև այս իմ խնդրանքն էլ
նպաստով բաշխիր…

Իմ բարի՜ Աստված, ներիր և շուրջս
մանկորեն թեթև անխոհեմներին,
և իմ աղոթքով
համբերություն էլ բաշխիր,
նաև՝ ինձ…

ԼՈՒՅՍՆ ԱՆՃԱՌԵԼԻ
Լուսաբացը նոր տեսնելու համար
Պետք էր ողջ գիշեր մութը հալածել,
Թողնել խավարին պահանջդ արդար՝
Դեռ ինչ-որ մեկին լո՜ւյսն ապացուցել…

Լուսաբացն իր մեջ ո՛չ թե պատասխան,
Այլ՝ հորիզոնից մինչև հորիզոն՝
Սե՜ր ունի շռայլ և կամք նորոգման
Եվ արարչական ցոլքեր զորացնող…

Լուսաբացին եմ քո ապավինում,
Տե՜ր, և իմ ներսում Դո՛ւ ես գրկաբաց.-
Ամեն փորձվելիս օրինակն է Քո
Ինձ համար միակ չափանիշ ու չափ…

ՃԱԿԱՏԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
Ծերունին, նստած ճամփաբաժանին,
Անհաղորդ, խոժոռ հոնքի տակ սուզված,
Իր խորքի խորունկ պտուտաններին
Ճակատագրերն էր կարդում չավարտված.

Եվ անհաշիվ այդ տարբերակներում
Նույն մեկի համար հազար ընտրությամբ
Տեսնում էր՝ ո՛ր կողմ կտանի մարդուն՝
Իր ներսի կո՞ւռքը, թե՞ մեծ երեխան…

Երբ առաջինն էր առաջնորդ դառնում,
Մարդը ընկնում էր սին փառքի հետքից,
Որ յոթը ճամփով տանում էր հեռու –
Ամեն բավիղում՝ կորստյան մի գիծ…

Եվ խորանում էր քայլ քայլի վրա,
Երբ կուռքի կամքին չընդդիմանալով՝
Մանուկը ներքին դառնում էր անկամ
Եվ թալկանում էր այդպես օրեօր…

Թե հպարտության կանչով էր գնում,
Ներսի երեխան խեղդվում էր իր մեջ,
Եվ կուռքը նրան, գլուխը տնկած,
Քայլ քայլի ետև տրորում էր դեռ…

Նախանձի հետքով պարսը օձերի
Նոր հալածանքով թույնում էր նրան,
Ագահության մեջ մթնած աչքերի
Կուրանում էր և ներսի երեխան…

Որկորի համար բռնած մոլուցքից
Ուտում էր նաև լույս երեխային,
Երբ ծուլանում էր արդեն դիմադրել
Կուռքը կեռմանի ծուռ վայրէջքներին…

Բղջախոհությամբ այլասերում էր
Վերջին բջիջն իր նախաստեղծ հոգու,
Եվ բարկությունից մոլեգնած կամքով
Անդունդից անդունդ անկում էր ապրում:

Այսքանը հերթով տեսնելուց հետո
Ծերունին ետ-ետ ելման կետ եկավ
Նույն հոգու համար այն նույն հատվածից,
Ուր կենսունակ էր ներքին երեխան…

Եվ այս անգամվա ընթացքով թեթև
Տեսավ, թե մարդը ինչպե՛ս է անցնում,
Երբ խոնարհվում է՝ գոռոզության տեղ,
Երբ արևի պես մնում է խնդուն…

Երբ անչար է ու բերկրանքով ներսի
Ուրախանում է այլոց խնդությամբ,
Երբ ունեցածը միշտ կիսել գիտի,
Երախտիք ունի, ունի խղճմտանք…

Այդ երեխան էր զորանում ճամփին,-
Նա չէր էլ տեսել երեսը կուռքի.
Եվ ճանապարհով ելնում էր վերև,
Եվ բարձունքներին չէր տենչում փառքի.

Ուրախանում էր Աստծո պարգևած
Ամեն նոր օրվա Արևի համար,
Սերն էր վայելում ու սիրում մարդկանց
Արահետից իր՝ թե՛ վերև, թե՛ վար…

Իր հավասարի սիրով էր սիրել
Որդին Աստըծո մարդկանց բոլորին.
Ահա հենց էդպես մանուկը ներքին
Զորանում էր ու սերն էր աշխարհի…

Ծերունին էսպես, ետ-առաջ դարձով,
Համեմատում էր կյանքը չավարտված՝
Հնարավորը ամեն մեկ մարդու,
Եվ մի՜շտ ժպտում էր նրան երեխա՛ն…

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ
1
Ծաղկազարդի առավոտը
բարի բացվի աշխարհին.-
Լույսի ծիծղուն խուրձեր փնջենք,
դիմավորենք Բարձրյալին…

2
Բոլոր-բոլորի, նաև՝ ինձ համար,
Տե՜ր, այս գիշերն էլ բարի լուսանա…
Ճարակին մի ճար արա, Զորավո՜ր.-
մի՛ թող մեզանով… մի՛ թող մեղավոր…

3
Ինչի՜ համար են
համարձակության փոխարեն
այսքան հանդգնություններ,

Հիվանդություններ՝
տոկունությունը փորձելու դիմաց,

Կարողությանը համեմատ մեղքեր,
միտում՝ մտքի տեղ,-
Ինչի՞ համար են… և ո՜վ կիմանա…

Թուլամտություն՝ ուժի համեմատ,
Նրբակազմությանն անհամեմատ՝ բեռ,
Վիշտը ծալծլող խեղկատակություն,
Ստրկամտություն՝ խոհեմության տեղ…

Զսպվածությունը՝ կաշկանդում միայն,
Անդառնալիի համեմատ վա՜խ-եր,

Եթե չիմանաս՝ սպեղանիդ էլ թո՛ւյն.
Ինչի՞ համար են,- եթե չիմանա՜ս….

4
Մարիամի վիշտը վերապրել այսօր
ամբողջ խորությամբ,
Եվ վշտացյալ Հոր՝
Աստըծո կողքին ծունկի գալ մեկտեղ…
Դառնորեն ընտրել
հարազատության ցավը մարդկության,
Եվ նույն բաժակը
արցունքներով քո լցնելով՝ ըմպել…

5
Տառապանքի և սիրո խաչի տակ,
Դավի՝ ցավեցնող խաչի բարձունքում,
Ողբացյալների լացի արցունքում
Համբառնեց ի լույս –
Հարություն առավ…

6
Բարի օր,
նորոգվող Մարդ՝
հեռու կամ մերձավոր,

– ճրագըդ
թող այս երեկո
բարությամբ լցվի,
և հոգիդ
փառավորվի
Հարության ավետիսով…

Ինձնից
կամ դեպի ինձ,
ինձ հետ թե առանձին,-

մեկտեղ՝
թեկուզ զատ-զատ –
պիտի փառավորվե՜նք…

Տիրոջ
Սերն ամենուր է,

այստեղ – իմ սրտի մեջ,
այստեղ՝
քո սրտի մեջ –
Հարության ծառն է ծլարձակում…

***
Տե՜ր, գթա մարդկանց,
ներիր անխոհեմ արարածներիս,
ապաքինություն տուր հիվանդներին
և նենգավորող համաճարակը
վերացրու իսպառ…

Կյանքի հնար տուր, Ամենահնա՜ր,
արդեն կորստյան ցավից
սգացող բոլոր ազգերին,
և իմ երկիրը պահպանիր՝ որպես
քո արարչության հավատի տապան…

***
Թողեք, որ սերս անխորտակ պահեմ
Վերապրողների ու հողի համար.-

Զոհվածները, որ սրբված են արդեն,
Սակարկման դաշտից դուրս են անկասկած.

Բայց կողքիս ապրող հզորը թող որ
Ոգու խարխլման առիթ չունենա.-

Հիմա ի՜նչ գիտեք՝ վաղը օրհասին
Ո՞վ է կռվելու՝ դո՞ւք, թե՞ էլի նա՛…

Ուրեմն` թողեք հավատով ապրեմ.-
Վատ համարումով չե՜ն հպարտանա.

Ո՛չ թե միայն ես, աշխա՜րհն է հեգնում՝
Ով իր արյունը ողջ-ողջ ուրանա…

***
Եվ ետնաբեմի թաքուն հուշարար,
Ահա՛ ճշմարիտ այն դերը ներքին,
Որ սահմանված չէ ամենքի համար,
Որ սողանքի դեմ վերելքն է լանջի…

Իբրև խորասթափ հավատի արձան`
Քարանալ եկող մեղքերի առաջ,
Կյանքի ճշմարտի բանալին առած`
Հաստատուն քայլել մինչև… Գողգոթա…

– Հեռո՛ւ, սատանա՛, հեռո՛ւ…
Եվ դարձյալ՝ ծանի՛ր ինքըդ քեզ.
Ես ո՛չ արատ եմ, ո՛չ առատ պարգև,
Ո՛չ ցավ եմ, ո՛չ բեռ…

Ո՛չ հրեշտակ եմ, ո՛չ դիվուկ զազիր,
Ո՛չ ախտաժետված և ո՛չ անբասիր.
Ես խոնարհումի իմ ձայնն եմ, լսի՛ր,
Լսիր քո «ո՛չ»-ին, կիմանաս՝ ի՛նչը…

Ի՞նչն է քո «չկա»-ն՝
Մի ելևէջվող քայլ շնչառության՝
Տարբեր բյուրաչափ այլականներից,
Մի պատառիկը գոյականներից,
Որ ընդունակ է ինքնանորոգման…

Ո՞րն է գաղտնիքըս, և ունե՞մ արդյոք.-
Ունենա՛լս է, որ պիտի հաստատեմ,
Երբ ես ինձ հաղթեմ սեփական խոսքով…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։