ՄՈՌԱՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ՔԱՐԴՈՍՏԻՆ / Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

 

Համաճարակի օրերին ձեռնարկելով «Ջամասպ և Կավատ եղբայրներ» պատմավեպի համար վաղ միջնադարյան սիրիական և բյուզանդական աղբյուրներից նյութեր հավաքելը` հանդիպեցի հայ մշակույթի մի ականավոր գործչի, որի մասին, սակայն, քար լռություն էին պահպանում ոչ միայն հայկական վաղ միջնադարն ու միջնադարը, այլև արդի հայագիտությունը: Խոսքը արցախցի եպիսկոպոս Քարդոստի մասին է, որը VI դարի սկզբին կարևոր առաքելություն էր ձեռնարկել Հյուսիսային Կովկասում հաստատված հոն-սավիրների մոտ: Նրա մասին մանրամասն տեղեկություն կա նաև Բրիտանական հանրագիտարանում:

Միայն հայերին հավատակից ու քրիստոնյա դարձնելով է հնարավոր Ճորա պահակից (Դերբենտ) վեր` Կասպիականի ափամերձ տարածքում հաստատված հոն ավարառու ցեղերին հսկել ու կանխել պարբերաբար կրկնվող ավերիչ արշավները: Վաղ միջնադարից սկսած` այսպես էին մտածում մեր եկեղեցու հայրերն ու ազգի առաջնորդները:

VI դարի պատմագրությունում նշանակալի դերակատարություն ունեն սիրիացի ժամանակագիրները: Քանի որ պարսից պատմագիրների գործերը Իրանի իսլամացման պատճառով ամբողջապես ոչնչացվել են, ավելի արժեքավոր ու կարևոր է դառնում սիրիացի ժամանակագիրների թողած ժառանգությունը: Հաճախ նրանք միակ աղբյուրն են մնում` կապված որոշակի իրադարձության հետ: Դրանց թվում է սիրիացի մի շարք հեղինակների` որպես ականատեսի գրառումները. օրինակ` Իրանի շահնշահ Կավատի զորքերի կողմից 503 թ. Ամիդի պաշարման ու գրավման, հայկական բնակավայրերի թալանի ու կոտորածների մասին: Բյուզանդիային ենթակա միջագետքյան Ամիդ քաղաքի (այժմ` Դիարբեքիր, Թուրքիա, գտնվում է Մեծ Հայքի Տիգրանակերտ քաղաքի մոտ, կառուցվել է նրա պարիսպների և տաճարների քարերով) բնակիչ, սիրիացի անհայտ ժամանակագիրը թարգմանել է բյուզանդացի Զաքար Միտիլենացու «Պատմությունը», որի անունով էլ կոչվեց անհայտ ժամանակագիրը: Հունական տեքստը կորել է, իսկ սիրիացու թարգմանությունը մնացել է: Նա գրքին ավելացրել է Մար Ամիդացու նախաբանը, այլ գործեր, որոնք հավաքել է Ամիդի քաղաքային արխիվից: Սիրիացի Անոնիմ Զաքարը իր ժամանակագրությունում հայտնում է, որ մերձկասպյան հոն-սավիրների մոտ 30 տարվա գերությունից վերադառնում են Ամիդից ոչ հեռու Բեթ-Այսհակունի վանքի բնակիչներ Ռեշայնցի Հովհանը և կաշեգործ Թովմասը: Ժողովուրդներին քրիստոնեական հավատի բերելու միջոցով խաղաղություն հաստատելու գաղափարը VI դ. սկզբին նոր շարունակություն է ունենում, հավանաբար, նույն` Հոռեկավանքի եպիսկոպոս Քարդոստի առաքելության միջոցով, որի մասին հիշատակել է սիրիացի Անոնիմ Զաքար ժամանակագիրը: «Նրանք (Հովհանը և Թովմասը) վերադարձան և այժմ պատմեցին կենդանի խոսքերով հետևյալը,- գրում է սիրիացի ժամանակագիրը,- այն բանից հետո, երբ գերիներին դուրս բերեցին հոռոմների (բյուզանդական) սահմաններից և տարան հոների մոտ և նրանց մոտ մնացին 34 տարի, Քարդոստ անունով մի մարդու հայտնվեց հրեշտակը, եպիսկոպոս էր Առան երկրից, ինչպես հայտնեց այդ եպիսկոպոսը, իրեն ասաց. «Երեք բարեգործ հոգևորականների հետ գնա հովիտ և ինձնից խոսք ընդունիր, որն ուղարկել է ոգիների տիրակալը, քանի որ ես հսկում եմ հոռոմների երկրից գերիներին, որոնք մտել են (հեթանոս) ժողովուրդների տարածքը: Ես ներկայացրել եմ նրանց աղոթքները աստծուն, և նա ասաց ինձ այն, ինչ ես ասել եմ քեզ»: Երբ ջանք չխնայելով` այդ Քարդոստը, որը հունարեն Թեոկլետոս է, իսկ արամերեն` «Աստծո կոչով եկած», պատմում է, որ հրեշտակն իրեն ասաց. «Գնացեք, մտեք (հեթանոս) ժողովուրդների տարածքը և մկրտեք մեռածների որդիներին, նրանց համար հոգևորականներ նշանակեք, տվեք նրանց (հավատքի) գաղտնիքները, ամրացրեք նրանց: Ահա ես ձեզ հետ եմ, ձեզ այնտեղ սիրելի կդարձնեմ, դուք (հեթանոս) ժողովուրդների մեջ նշանագրեր կստեղծեք, և դուք կգտնեք այն ամենը, ինչ պետք է ձեր ծառայության համար»: Նրանց հետ գնացին ուրիշ չորս հոգի, և դա այն հողի վրա, որտեղ անհնար էր հանգիստ գտնել, նրանք ապրում էին երեկոյից երեկո յոթ հացով և մի սափոր ջրով: Նրանք դարպասներով (Ճորա պահակի) չմտան, այլ բերվել են լեռներով: Երբ նրանք ժամանեցին, խոսեցին գերիների հետ, շատերին ու նաև հոներին մկրտեցին ու սովորեցրին: Նրանք այնտեղ մնացին յոթ տարի և ստեղծեցին հոների լեզվով գրեր»:

Քարդոստը երեք հոգևորականների հետ հոն-սավիրների մոտ է գնում ոչ թե Ճորա պահակով, այլ լեռնային արահետներով` խուսափելով Ճորա պահակը հսկող պարսից զորքի հետ հանդիպումից: Պարզորեն երևում է, որ Քարդոստը հոների երկիր է մեկնում հոն-սավիրների առաջնորդի, հավանաբար` իշխան Բոլախի կամ նրա այրու` իշխանուհի Բոարիկի հրավերով: Այլ կերպ ինքնակամ հայտնվել հեթանոս ու ավարառու հոների մոտ, առանց առաջնորդի հովանավորության, անհնար էր: Ըստ էության` պայմանավորվածություն կար նաև առաքելության նպատակների խնդրում: Նման դիրքորոշումը, ըստ էության, եկել է Կոստանդնուպոլսից: Որպեսզի երեսպարզ ներկայանան հզորագույն կայսրությանը և ստանան նրա աջակցությունը, հոն առաջնորդները որոշում են ներկայանալ որպես քրիստոնեական երկիր, մանավանդ, որ տեղեկացել են կայսրի դժգոհությունից, երբ իմացել է, որ հոների թագավոր Զիլգիդը քրիստոնյա չի մկրտվել: Եվ իրոք, իշխանուհի Բոարիկը կապ է հաստատում բյուզանդական կայսրության հետ:

Քարդոստի նպատակներից էր քրիստոնյա մկրտել հոների կողմից Հայքից ու Վիրից, մանավանդ հայրենի Արցախից հազարավոր գերի տարված ու ստրկացված մարդկանց սերունդներին, որոնք իրենց քրիստոնյա են համարում, սակայն մկրտված չեն: Նրանց համար շփման ընդհանուր լեզուն հոներենն էր: Իսկ հոները տարբեր բարբառներ, խոսվածքներ ունեին: Հոները` ավգար, սաբիր, բուրգար, կուրտարգար, խազար, դիրմար, սիրուրդար, բագրասիր, կուլաս, աբդել ցեղերը, որոնց ապրուստի հիմնական աղբյուրը թալանն էր, ապրում էին վրաններում: Ավարների մի մասը քոչվոր էին, մյուս մասը` նստակյաց: Սիրիացի ժամանակագիրը հայտնում է, որ հոնական ցեղախմբերը Քարդոստին հրավիրում էին նույն քարոզչությունը իրենց մոտ անելու համար: Քարդոստը իր հետ Ավետարան էր բերել: Հոները այն ընդունեցին որպես սրբություն` ուղարկված Թենգրի աստծո կողմից` անկախ տեքստի բնույթից ու նշանակությունից: Իսկ նրա նշանակության քննությունը թողնվել էր քրմերին:

Ստրկացված հայ և վրացի երեխաներին ու կամավոր հոներին քրիստոնյա մկրտելուց բացի, Քարդոստը ձեռնարկեց հոներեն նշանագրերի ստեղծումը: Անշուշտ, Քարդոստը պետք է այն ստեղծեր մաշտոցյան հայերենի այբուբենի հիման վրա: Սիրիացի ժամանակագիրը հայտնում է, որ հոների համար Քարդոստը ստեղծել է 25 տառ: Հայտնի է, որ կոկորդախոս գարգարների համար Մեսրոպ Մաշտոցը ստեղծել էր 52 նշանագրեր, որոնք ընդգրկում էին կոկորդային բոլոր հնչյունները:

Սուրբ գրքի` հյուսիսկովկասյան հոների լեզվով թարգմանությունը համամարդկային ու քաղաքակրթական խոշոր նշանակություն ուներ: Նման խոշոր մշակութային ծրագիր իրականացնելը պահանջում էր երկու կարևոր պայման. առաջինը` պետք է թարգմանչի կողմից ուսումնասիրվեր, ապա միացվեր հոների տասնյակ բարբառները, խոսվածքները, ու դրանց միասնությունը պետք է բոլոր ցեղերի համար հասկանալի և ընդունելի լիներ, իսկ նոր նշանագրերը պետք է սովորեին դպրոցներում, այն պիտի տարածում գտներ հոների կյանքի բոլոր ոլորտներում: Երկրորդ պայմանը թարգմանության վարպետությունն էր, որը պետք է ունենար Քարդոստ հոգևորականը:

Քարդոստի ու նրա յոթ ընկեր հոգևորականների` մերձկասպյան հոների մոտ գտնվելու տարիների մասին սիրիացի ու բյուզանդացի հեղինակների մոտ տարօրինակ հակասում է ստեղծվել: Որոշ հեղինակներ հայտնում են, որ Քարդոստը իր առաքելությունը հոների մոտ ավարտել է 554 թ.: Բայց ահա սիրիացի ժամանակագիրը հայտնում է, որ Ազովի ափին գտնվող Բոսփոր քաղաքի պատրիկ Պրոբոսը մերձկասպյան տարածք էր եկել հեթանոսների դեմ պատերազմելու համար հոներից զինվորներ գնելու նպատակով: Հոներին ձեռնտու էր գերիների սերունդներին վաճառելը: Հայտնի է, որ Անաստաս կայսեր զարմիկ Պրոբոսը Հուստինոս I կայսեր հանձնարարությամբ հոն-սավիրների մոտ էր եկել 522 թ.: Պրոբոսը, տեղեկանալով եպիսկոպոսի մասին, ցանկություն հայտնեց հանդիպելու նրան: Հոները զարմացել էին, որ Բյուզանդիայի ազդեցիկ ներկայացուցիչը հետաքրքրվում էր ստրուկներով, գերիներով: Իսկ բյուզանդացու այցելության ժամանակ Քարդոստը յոթ տարվա ընթացքում ավարտել էր նշանագրերի ստեղծումը: Ուրեմն Քարդոստ եպիսկոպոսը արցախցի երեք այլ հոգևորականների հետ սավիրների կենտրոն` Վարաչան էր եկել 515 թ.: Սուրբ գրքի թարգմանությունը տևել է ևս յոթ տարի, որից հետո Քարդոստը իր առաքելությունը ավարտած համարելով` 529 թ. վերադարձել է հայրենիք:

Կոստանդնուպոլիս վերադառնալով` Պրոբոսը կայսր Հուստինոս Առաջինին պատմում է հայ եպիսկոպոսի զարմանալի առաքելության մասին: Կայսրը շատ բարձր գնահատելով Քարդոստի ձեռնարկած գործը` Բոստոնի պատրիկին հանձնարարում է ամեն կերպ օգնել նրան: Մեկ ամիս հետո բյուզանդական Կոստանդնուպոլիս քաղաքից 30 ջորիներով ցորեն, գինի, այլ մթերք ու եկեղեցական անհրաժեշտ իրեր են հասցնում, ջորիների հետ թողնում Քարդոստին:

Դա, անշուշտ, լուրջ իրադարձություն է վաղ միջնադարում: Թեև հիմնականում այդ գրերը ոչնչացել են, այնուամենայնիվ, որոշ նշխարներ մնացել են: Այդ մասին տեղեկություններ են տարածվել բյուզանդական և սիրիական ժամանակագիրների թողած աղբյուրներում: 6-րդ դարասկզբին գրեր ունեցող ժողովուրդների թվում նշվում էին նաև հոներն ու ալանները: Որոշ ժամանակ անց այդ ժողովուրդներին են միանում նաև արաբները: Գրեր ունեին վեց ժողովուրդ` հույները, հայերը, վրացիները, գարգարները, ալենայները, ընդ որում, հինգ ժողովուրդների համար նշանագրեր ստեղծել ու տարածել են հայ գիտնականները:

Հարց է առաջանում. ի՞նչ եղավ հոների լեզվով Քարդոստի թարգմանած Ավետարանը, ո՞ւր կորան գրերը: Մեսրոպ Մաշտոցի` կոկորդախոս գարգարների համար ստեղծած գրերը, այդ գրերով թարգմանած Սուրբ գիրքը անհետ կորել են, քանի որ Դերբենտից հյուսիս ապրող տարբեր լեզուներով խոսող 26 ժողովուրդները պատրաստ չէին նման մշակույթին, ուստի և` այն ոչ միայն օգտագործում չգտավ, այլև անհետ կորավ: Մաշտոցից 100 տարի հետո հայ եպիսկոպոս Քարդոստը գրեր ստեղծեց և հոներեն թարգմանեց Սուրբ Գիրքը, նրանից հետո կրկին Արցախից Քարդոստին փոխարինելու եկած Մակար եպիսկոպոսը ամրապնդեց նախորդի ստեղծածը, եկեղեցիներ հիմնեց: Սակայն կրկին անհետ կորան հայ հոգևորականների առաքելական ջանքերը: Հոները ասպարեզից վերացան Քարդոստի ստեղծած հոնական գրերի ու Սուրբ գրքի թարգմանության հետ: Կարծիք է հայտնվում, թե գուցե այն պահպանված լինի Վատիկանի կամ Հռոմի արխիվներում: Սակայն մի հանգամանք կարծես թե լիովին պատասխանում է այս հարցին: Վրաններում ապրող քոչվոր հոնական ցեղերի համար հայ Քարդոստի ստեղծած գրերը կամ Ավետարանը սրբություն չէին կարող դառնալ, ուստի և` այն պետք է կորչեր անհետ` հիշատակ թողնելով միայն սիրիացի ժամանակագիրների հուշագրություններում: Քարդոստից ու Մակարից 170 տարի հետո նույն Հոռեկավանքի մեկ այլ եկեղեցական` Իսրայել եպիսկոպոսը, հոների խնդրանքով գնում է նրանց երկիրը, քրիստոնեություն քարոզում: Ըստ Աղվանից պատմության հեղինակ Մովսես Կաղանկատվացու` հոն զորավարները իրենց թագավորի անունից դիմում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին` խնդրելով 100 եպիսկոպոս ուղարկել իրենց երկիրը` այն քրիստոնեական դարձնելու համար: Սակայն Կաթողիկոսը մերժեց` պատասխանելով, որ նման հնարավորություն չունեն:

Քարդոստի այս ձեռնարկից 170 տարի հետո հոն-սավիրների մոտ նույնանման առաքելություն է ձեռնարկում Արցախի Հոռեկա վանքի եպիսկոպոս Իսրայելը: Նախապես համաձայնեցնելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Սահակի և Գրիգոր Մեծ իշխանի հետ` Աղվանից Վարազ-Տրդատ իշխանը 681 թ. դեկտեմբերի 23-ին եպիսկոպոս Իսրայելին ուղարկում է հոների երկիրը` տարածելու քրիստոնեական քաղաքակրթությունը: Նրան կասպիականի ափամերձ հոների երկիր են առաջնորդում հոն ուղեկիցները: Այսինքն` հայ եպիսկոպոսի` հոն-սավիրների մոտ մեկնելը եղել է հոների խնդրանքով ու հավաստիացումներով: Հետաքրքիր է, որ ըստ «Աղվանից պատմության» հեղինակ Մովսես Կաղանկատվացու` հոն-սավիրների մոտ Իսրայելը քրիստոնեական հավատքի մնացուկներ է հայտնաբերում, որոնք, սակայն, միախառնվել են հեթանոսական ծեսերին, սովորություններին: Մի հանգամանք ևս. Իսրայելը ո՛չ գրեր է ստեղծում, ո՛չ էլ Սուրբ Գիրքն է թարգմանում: Դրանց մասին Իսրայել եպիսկոպոսը կամ հայ-աղվանից պատմիչը ոչինչ չի ասում: Իսրայելը հոների մոտ երկար չի մնում և վերադառնում է հայրենի Մեծ Կուանքի իր վանքը: Հոների Մեծ իշխան Ալփ Իլութվերը Հայաստան է ուղարկում Զիրթգինի և Խազր Չաթին զորավարներին` Հայոց կաթողիկոսին և Աղվանից իշխանին ուղղված նամակներով (անշուշտ, դրանք հայերեն են գրվել)` խնդրելով Իսրայել եպիսկոպոսի գլխավորությամբ հարյուր եպիսկոպոսների ուղարկել, որպեսզի բոլոր հոներին քրիստոնյա ձեռնադրեն, ու իրենք քրիստոնեական երկիր դառնան: Կաթողիկոսը մերժում է հոների խնդրանքը` պատասխանելով, որ ինքը չունի այդ հնարավորությունը: Իհարկե, դա քաղաքական այլ հարց է, թե ինչքանով էր սխալ ու անհեռատես Կաթողիկոսի նման պատասխանը: Իսրայելի` հոների մոտ քրիստոնեության քարոզչություն անելու հանգամանքը մեզ թելադրում է հայացք ձգել անցյալ, մինչև առաջին դար, երբ սուրբ Հակոբ և սուրբ Թադևոս առաքյալներն իրենց աշակերտ Եղիշեին ուղարկում են Հայոց հյուսիսարևելյան կողմանքի սահմանակից տարածքները` քրիստոնեություն քարոզելու նպատակով: Եղիշեն նախ գնացել է Երուսաղեմ, որտեղ ձեռնադրվել է արևելյան երկրների եպիսկոպոս: Վերադառնալով Կովկաս` Եղիշե Առաքյալը սկսել է քրիստոնեություն տարածել Դերբենդում և Հյուսիսային Կովկասում, որտեղ բացի տեղաբնակներից, բնակվում էին նաև հրեաների ու արամեների խոշոր համայնքներ: Եղիշե Առաքյալը Գիսում կառուցել է Կովկասի առաջին եկեղեցին: Սակայն առաքյալի քարոզները թշնամաբար ընկալած հեթանոսների հետապնդումներն ավարտվեցին նրա նահատակությամբ: V դարի երկրորդ կեսին Վաչական Բարեպաշտ արքան ձեռք բերեց սրբի մասունքները, տեղափոխեց դրանք Արցախ: Եղիշեից հետո քրիստոնեության տարածման նպատակով Արցախում և Ուտիքում քարոզչություն է անում Գրիգոր Լուսավորիչը: Իսկ նրա թոռը` Աղվանից և վրաց եպիսկոպոս Գրիգորիսը, Մասքթաց երկրում քարոզչություն անելիս սպանվում է:

Դերբենտից հյուսիս ապրող կումիկները իրենց հոների ժառանգորդներ են համարում և պնդում են, որ իրենց նշանագրերը ստեղծվել են 1500 տարի առաջ: Նույնն են ասում նաև Բաքվի գիտնականները, սակայն ամեն կերպ խուսափելով նշել, որ այդ նշանագրերը ստեղծել է ոչ թե ալփանցի, այլ՝ Արցախի Հոռեկավանքի հայ եպիսկոպոս Քարդոստը: Եթե Քարդոստի ստեղծած գրերը իրենց սեփականությունն են համարում, հպարտանում, ինչո՞ւ են քար լռություն պահպանում, թե ինչու չկարողացան գոնե պահպանել մշակութային այդ գանձը: Ասում են` իբր, հոների գրերով գրառումներ են հայտնաբերվել թանկարժեք մետաղներից պատրաստված սափորներին: Մագաղաթին հայ առաքյալների գրածը չեն պահպանել, իսկ թանկարժեք իրերի վրա պահպանել են…

Մի հանգամանք ևս: Քարդոստի մասին տեղեկություններում թուրք, ադրբեջանցի կամ կումիկ հեղինակները նրա հայրենիքի մասին անպայման նշում են Իրանին ենթակա Առան, երբեմն` Ալբանիա, իսկ Բաքվի քաղաքական վերնախավը, ելնելով այսօրվա Ադրբեջանի սահմաններից, Կովկասյան Ալբանիա անվանումը` դիտավորյալ թաքցնելով մեծ գործիչների հայրենիքը` Հայաստանն ու Արցախը, Հոռեկա վանքը:

 

 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Сирийский источник VI в. о народах Кавказа// Вестник древней истории, N 1, M. 1939.

Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, էջ 57-58, Եր., 1969:

Цит.по: Н. В. Пигулевская. Сирийская средневековая историография. Исследования и переводы. Сост. Е. Н. Мещерская. СПб. 2011. стр.309.

Хроника Захарий ритора, пер. Н. Пигулевской, М., 1941.

Хроника Иешу Силита, пер. Н. Пигулевской, М., 1940.

Г.-Р. А.-К. Гусейнов, «К юбилею древнекумыкской письменности», «Кумыкский мир», 02 июнь, 2020.

Ф. А. Бадалов, «Политическая история Кавказской Албании (Алупании) VI в. н.э.», «Лезгинский исторический портал».

Хроника Захарий ритора, пер. Н. Пигулевской, М., 1941.

Хроника Иешу Силита, пер. Н. Пигулевской, М., 1940.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։