ՄԻԱՅՆ  ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅԱՄԲ ԵՎ   ՆՎԻՐՅԱԼՆԵՐՈՎ / ՆԱՆԵ

 

 

Այսօրվա իրականությունը բոլորիս այնպիսի հոգեվիճակի է հասցրել, որ շատ նուրբ մոտեցումներ են պետք կառավարություն-ժողովուրդ փոխհարաբերություններում և ամենուր: Մինչդեռ շատ բան արվում է կոպտորեն, անգամ` գրեթե չմտածված, և հաճախ պարզապես մնում է փակել աչք, ունկ, բերան և լռել… լռել… լռել…

Լռել, որովհետև խոսում են բոլորը, որովհետև խոսելիս խառնվում ես նախկիններին, որոնց ձայներն այլևս չլսելու, ներկայությունները չզգալու համար ողջ ժողովրդով ոտքի ելանք` այնքան էլ չմտածելով, թե դեպի ուր… Լռել, որովհետև խուճապ չառաջացնելու հրահանգ կա, արգելված թեմաներ կան այնպիսի տուգանքների ճնշումներով, որոնք միայն նախկին իշխանության լավ «փողոտված» ներկայացուցիչները կարող են հանգիստ վճարել և, ուրեմն, նաև խոսել ու խոսել` եթերով, մամուլով, ամենուր` որպես ընդդիմություն, որպես, մեղա Աստծո, «ժողովրդի ձայն»:

Լռել, որովհետև, միևնույն է, վերիններին իրենց գործն անելու համար ոչինչ չի կանգնեցնում` ո՛չ խոսք, ո՛չ բացատրություն, ո՛չ անգամ ականջ սղոցող այդ աղմուկը: Որովհետև պարտավորություններ ունեն (իմիջիայլոց, նախկիններից ժառանգված), որոնք պետք է, ժողովրդի վրա քայլելով անգամ, ի կատար ածվեն: Իսկ ժողովրդի դժգոհությունը միշտ կարելի է հների ձեռքի գործ հայտարարել և ճակատը բարձր` ընթանալ առաջ: Եվ ահա, տարիներով իր ժամին սպասող Լանցարոտի խայտառակ կոնվենցիան «թեթև ձեռքով», կարանտինի խիստ «նպաստավոր» օրերին հանգիստ կյանքի ուղեգիր ստացավ, ու շատ շուտով մենք կզգանք դրա ծանրությունը մեր կյանքում: Բայց անմիջապես էլ երկրում բարդացավ վիրուսային իրավիճակը: Շտապեցինք ետ չմնալ Սոդոմ-Գոմոր դարձած աշխարհից, շտապեցինք մենք էլ անառակության դասեր տալով` պղտորել մեր մատաղ սերնդի մանկությունը և հոգիները` մեզ զրկելով Վերնայինի բարեհաճությունից, երբ հատկապես այս խառը օրերին պետք էր ավելի հառվել դեպի սեփական հոգիները և դեպի Բարձրյալը:

Լանցարոտից հետո հերթի դրվածների ճանապարհն էլ բացվեց ու հեշտացավ: Գույքահարկի թանկացումն էլ, ահա, ավելի կարևոր գործ համարվեց, ու դղյակների անվան տակ, վստահ եղեք, որ բյուջեի «ձեռքը» նորից ավելի շատ ժողովրդի գրպանն է մտնելու:

Ահա թե ինչ «տքնաջան» աշխատանքի համար են մեծ աշխատավարձեր և ճոխ պարգևավճարներ ստանում ազգի այսօրվա «ծառաները»: Եվ այս ամենի «լուսանցքներում» տեղավորվում է կորոնավիրուսի դեմ պայքարին տրամադրված, ծախսվող միտքն ու գործը: Մինչև երկիրը հասնի այն վիճակին, երբ խուճապն արդեն հենց իրավիճակն է. օր օրի ավելացող մահերի թիվը` աշխարհում տոկոսային թվերով առաջիններից մեկը: Միայն լրատվությունը բավական է, որ ազգս կծկվի տագնապից:

Լրատվություն, որը չոր թվերից բացի, ոչինչ չի ասում, և տեղեկատվության, բացատրությունների պակասն ավելի է ստիպում լարվել, անորոշությունից վախի կծիկ դառնալ: Գրեթե մինչև այսօր էլ եթերից միանգամայն երիտասարդական ավյունով, հասուն, իրենց գործին լծված, կայացած մարդկանց երեսին օրը մի քանի անգամ դատավճռի պես նետվում է մահացածների տարեց լինելու և քրոնիկական հիվանդություններ ունենալու փաստը (դա կարելի էր նշել, ոչ թե ահազանգի պես հնչեցնել օրը մի քանի անգամ): Այն դեպքում, երբ աշխարհով մեկ վաղուց էին ահազանգում, որ ծանր հիվանդների և մահացածների մեջ մեծ է նաև երիտասարդների թիվը, և պետք է բոլորը զգուշանան: Էլ չասած, որ վերջին տարիներին հիվանդությունների «երիտասարդացման» օրավուր աճող թափն իր մեջ է առել համարյա բոլորին, և քրոնիկական որևէ հիվանդությամբ տառապում են ոչ միայն տարեցները:

Լրատվության սխալ շեշտադրումները, ամեն դեպքում, երիտասարդների փոքր, համեմատաբար առողջ մասին անպատասխանատու պահվածքի մղեցին, նրանք իրենց դուրս դրեցին զգուշության սահմաններից. ինչո՞ւ իզուր դժվարություններ և տհաճություններ կրեն: Իսկ իրենց մեծահասակ հարազատնե՞րը… Է՛հ, կյանքի ու մահու վիճակը, Աստված գիտե, թե մարդկային հոգու ի՛նչ շերտեր կարող է բացել:

Մինչդեռ շատ բան այլ կլիներ, եթե մարդիկ իրազեկվեին ոչ միայն մահացածների, այլ նաև հիվանդների՛ տարիքային և մինչ հիվանդությունը եղած առողջական վիճակի մասին: Իսկ չէ՞ որ շատ երիտասարդներ են հիվանդանոց ընդունվել չափազանց ծանր վիճակում և բժիշկների ջանքերով դուրս բերվել մահվան ճիրաններից: Դա բավականին կնպաստեր իշխանավորների կողմից ձևի համար հայտարարված կարանտինն, այնուամենայնիվ, ավելի կազմակերպված և վարակի թափի նվազումով անցկացնելուն: Պետք էր նաև վիրուսով հիվանդացած` շաքարախտով և այլ ռիսկային հիվանդություններ ունեցող և, սակայն, առողջացած մարդկանց մասին էլ խոսվեր` շատ-շատերի մոտ դատապարտված լինելու տագնապը մեղմելու համար:

Մեծ սխալ էր ընդհանրապես տեղեկատվությունը փակի տակ դնելը, և ոչ միայն հիվանդների մասին: Մենք կարգին տեղեկություն չունենք օգտագործվող բուժման մեթոդների, մոտեցումների մասին, այդ ուղղությամբ տարվող աշխատանքների, ընդհանրապես այս վիրուսի ստեղծած անցուդարձի մասին: Իսկ մեր ազգը մտածող ազգ է, և յուրաքանչյուրը մինչև իր տրամաբանությամբ չանցկացնի որևէ իրավիճակ, եզրահանգում չանի, չի ենթարկվի որևէ հրահանգի, այն էլ` հակասական, կամ այն կանի հենց այնպես, իմիջիայլոց, ձևի համար, և արդյունքում` անարդյունք: Ահա թե ինչու մարդիկ, որոնք հեղափոխության օրերին իրենց առաջնորդողի կեսբերան, շշուկով ասված խոսքն անգամ մի մարդու պես իրականացնում էին, այսօր բանի տեղ չեն դնում ո՛չ նրա խնդրանքները, ո՛չ խստորեն ասվածը: Տխուր է, սթափվելու չափազանց մեծ ազդակ, սակայն չի երևում, որ դա հասկացողներ կան:

Բացատրեք, ի վերջո, թե ինչ եք մտածում, բացատրեք, մենք էլ հանգստանանք: Թե չէ մեր լուրերից ավելի այլ երկրների քննարկումներին և տեղեկատվությանն ենք լարված սպասում, որտեղ ժողովրդին ոչ թե մի անգրագետ մասսայի տեղ դրած զրկում են լսելու և խոսելու իրավունքից, այլ` հրավիրում մասնակիցը դառնալու այս իրավիճակի լուծման ուղիներ գտնելու գործում:

Եվ ահա, մինչև այժմ էլ հիմնականում տեղեկատվության պակասն է խուճապի և տագնապի հիմնական պատճառը, անհասկանալին, անորոշությունը: Համացանցային` հաճախ հակասական տեսանյութերն էլ իրենց հերթին ավելի են մոլորեցնում սեփական փնտրտուքին թողնված մարդկանց: Եվ բնական է, որ շատերը գերադասում են ընտրել ու հավատալ այն լուրերին, որոնք գոնե ազատում են քնից զրկող վախի զգացումից: Հավատում են, որ կորոնավիրուսը բնավ էլ վտանգավոր չէ, որ այն ուռճացվում է` աշխարհը և մարդկությանը ստրկացնելու սարսափելի մտադրությամբ գործող ծրագրերի շուտափույթ իրականացման համար: Այո՛, դրանք իսկապես կան, վաղուց կան, իսկ այժմ ավելի մեծ քայլերով են երթ անում երկրեերկիր: Այո՛, պետք է տեղեկացված լինել և հնարավորինս հակադրվել դրանց: Բայց մի՞թե վիրուսն ու դավադրության ծրագիրը հակասում են միմյանց: Դրանք նույն մտքի արգասիքն են, նույն ձեռքի գործը: Եվ փակ լաբորատորիաներում ամեն ինչ է արվել, որ այս փշավարակը, մշակավիրուսը (չէ մի` թագակի՜ր, մեծ պատիվ չէ՞ իր համար) որքան հնարավոր է սարսափելի լինի և վախ ու սարսափ տարածելուց բացի, իրենց ծրագրի հետագա քայլերն անարգել իրականացնելու, նաև մոլորակը մարդկանցից բեռնաթափելու ոչ պակաս կարևոր նպատակի ջրաղացին էլ ջուր կարողանա լցնել:

Սարսափելի ծրագրերը շատ են, բայց նախ պետք է ողջ և առողջ մնալ` մնացած վտանգների դեմ կանգնելու համար:

Այժմ՝ դիմակների չարչրկված թեման, որը նույնիսկ թեմա դառնալու իրավունք չուներ, որովհետև հասարակ միտքն անգամ երկուսին գումարած երկուսից ավելի հեշտ սրա պատասխանը կարող էր տալ: Բայց մենք արդեն սովորել ենք մեր միտքն անջատած և աչքներս դրսին պահած ապրել` ախր, այն երկրում սա ասացին, ախր, այն մյուսում դա արեցին: Մինչդեռ դիմակներ կրում են անգամ ամենահասարակ շնչուղիների վարակի դեպքում, հիվանդ լինելիս և հիվանդությունից պաշտպանվելու համար, և դա երբևէ հարց չի դարձել: Իր չափերով շատ փոքր վիրուսն իր կրողից դուրս է գալիս ջրային գոլորշու տեսքով` կաթիլներով կամ միկրոկաթիլներով, որն արդեն մեծացնում է նրա ծավալը, և ցանկացած դիմակ բավականին մեծ արգելք կարող է հանդիսանալ նրա դեմ: Եվ դեռ պետք է լավ մտածել նաև միմյանցից սոցիալական հեռավորության հարցի շուրջ, որովհետև, եթե համարվում է, որ կաթիլները շուտ ներքև են իջնում, միկրոկաթիլները կարող են երկար մնալ օդում և փակ տարածության մեջ մեծ խնդիր առաջացնել անգամ միմյանցից հեռու գտնվողների համար:

Այսօր բոլորը նույն հարցն ունեն իրենց անգամ լռության մեջ. «Ինչո՞ւ այստեղ հասանք»: Բայց բոլորս գիտեինք, որ այստեղ ենք գալիս: Հետո, ինչպե՞ս չգայինք, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) իր համար արթնացել, բայց մեզ համար արդեն կանխատեսել էր, ոչ ավել, ոչ պակաս, «սարսափի սցենարը». ինչի մասին Առողջապահության նախարարը ինչ-որ տարօրինակ համոզմունքով էր բարձրաձայնում, ասես դա արդեն անխուսափելի էր, և իրավունք չունեինք դրանից զերծ մնալ` մայիսի վերջին այսքան վարակված ու մահեր, դրանից հետո` այսքան: Եվ խուսափելու փոխարեն, մենք ասես որոշեցինք «բախտից չփախչել» և գնալ արդեն նախորոշված «սցենարով»: «Սովորել ապրել վիրուսի հետ», և փաստորեն, ով մեռնելու է, թող արդեն իր ճանապարհը բռնի, իսկ մյուսները իմունիտետ ձեռք կբերեն, և այդպես իշխանությունը կազատվի գլխացավանքից:

Եթե մենք այդպես մտածեինք մեր պատերազմների ժամանակ, երբ գրեթե մերկ ձեռքերով կռվի դուրս եկանք և հաղթեցինք, որովհետև չհաղթելու իրավունք չունեինք… Եթե հայտարարեինք արցախցուն, որ պետք է հաշտվես ադրբեջանցու հետ ապրելուն… Բայց սրտացավ էինք, փորձ ունեինք, որովհետև այդ կերպ արդեն Արևմտյան Հայաստան ու 1,5 միլիոն հայ էինք կորցրել և որովհետև քիչ ենք, որովհետև ամեն հայի կյանք թանկ է, որովհետև…

Խորհելու, քննելու և խոսելու շատ բան կա` այս ամենը շատ է ցավոտ, շատ է բոլորի կյանքերի ճանապարհն անտես հատող ուրվականի պես կանգնած. բայց այսօր այսքանը և… Աստված պահապան բոլորիս:

Բայց մի բան էլ՝ ուզում եմ հիշեցնել այսօրվա պատասխանատուներին, որոնց այնքան էինք հավատում այն սկզբում. դուք գործ ունեք փոքրաթիվ ժողովրդի և պատերազմող երկրի հետ, որտեղ լրիվ այլ մոտեցումներ են պետք, անկարելին կարելի և անհնարինը հնարավոր դարձնել է պետք ամեն գնով: Իսկ ամենակարևորը ժողովրդի սերը չկորցնելն է, իսկ դա միմիայն փոխադարձ սիրով է հնարավոր և նվիրվածությամբ ու նվիրյալներով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։