Պետականության նրբահյուս արվեստին տիրապետել նշանակում է հարգանք ու պատասխանատվություն սեփական ազգի, նրա թողած ժառանգության նկատմամբ, այն է` ազգ, էթնիկ տարածքներ, լեզու, մշակույթ, ազգային հարստություն:
Արևը արևելքից է ծագում, մենք արևելք ենք, այն, ինչ արևից է, մերն է, մնացածը խաբկանք է: Արևմուտքը մեզ միշտ մայրամուտ է տարել, գիտենք ու չենք հավատում, չենք մաքրում ազգային երթի մեր հազարամյակների քարքարոտ ճանապարհները, ինչո՞ւ…
– Օտարներն են մեղավոր,- կասեն թույլերը:
Մեր պայքարի պատմական հերոսները միշտ ընկել են հենց այդ թույլերի ձեռքով, սա ազգային ճակատագիր չէ, այլ` ազգի համար պատասխանատուների թուլամորթություն` անցյալում մեկ կալվածք ու իշխանական կոչում տալով, ներկայում` պաշտոն ու շքանշան: Եվ իր մեծերին խոնարհ ու հավատացող ժողովուրդը, անգլուխ մնալով, անվերջ թեքվել է կորստաբեր քամիների ուղղությամբ. այդպես կորցրեցինք Հայկազունիների թողած մեծ ժառանգությունը, Արտաշես արքայի սահմանաքարեր դրած Մեծ Հայաստանը, Տիգրան Մեծի Ծովից ծով Հայաստանը, Վանը, Ղարսը, Անին, Ուրմիա լիճը… Երեք ծովերից փրկվեց միայն Սևանը, և մենք զրկվեցինք Աստծո տված կենսական էներգիայից: Սևանը, այո՛, մեր ապրելու միակ հույսն ու հենարանն է, որի արժեքը այնքա՛ն չգիտենք, որովհետև պատմություն չգիտենք, որ ափերը մամռակալած ենք պահում ու կղզին դարձրել ենք թերակղզի: Եվ այս անտարբեր, անտրամաբանական մտածելակերպով ո՛չ ազգը կարողացավ ապահով ապրել իր հողի վրա, ո՛չ պետությունը պահեց իր անկախությունը` մշտապես մնալով ահեղ արքաներին կորցրած որբի կարգավիճակում և ամոթալի մուրացկանությանը ձեռք մեկնած: Ազգային-պետական գաղափարաբանության մասին որքան շատ են գրքեր ու հոդվածներ գրվել, այնքան շատ են քարկոծվել ազգի նվիրյալները, քանզի աշխատասեր հայոց ազգի հոգևոր ու նյութական երևելի արժեքները մշտապես կողոպտիչ ազգերի համար ավար են եղել:
Ինչո՞ւ է տկարացել հայի աշխատասեր ու ստեղծագործ բազուկը… Գալով մեր օրերին` անկեղծորեն, քաղաքական ու տնտեսական հայելու մեջ ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՏԵՍՆԵԼ ԱՅՆ ՍԽԱԼՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԴԱՌՆԱԼԻ ՄԵԾ ԿՈՐՈՒՍՏ Է ԵՂԵԼ ՀԱՅԵՐԻՍ ՀԱՄԱՐ:
Այո՛, մեր ոգեղեն սրբերը խոսում են մեր արյան հետ: Մեր անցյալի ու ներկայի տերը հազարամյակներով թրծված մեր գենն է` կայուն և անխոցելի: Մեր ինքնուրույնության մեջ, երբ պետականություն ենք ունեցել, միշտ հաղթել է մեր անդավաճան միասնականությունը, քանզի հայոց պետականությունը մեր անկախության երախտավորն է և էթնիկ տարածքների վրա` մեր անվտանգության երաշխավորը: Չկա պետականություն, չկա ազգային ինքնուրույնություն: Արշակունյաց դինաստիայի մարելուց հետո մեր մարզպետները հայավարի թագավորիկներ ուզեցին դառնալ, ամեն մեկն` իր նահանգում, և բերանները բաց ու կաշառքի սնդուկը կառքերի վրա` նրանց սպասող բյուզանդացիներն ու պարսիկները լցվեցին Հայաստան ու բաժան-բաժան անելով` 387 թ. երկիրը մեջտեղից կիսեցին` տանելով վանքերի հարստությունն ու գեղեցիկ հայուհիներին: Ո՞ւմ ձեռքով սպանվեց երիտասարդ ու խոստումնալից Պապ թագավորը. Անդրանիկ Զորավարը 15 դար հետո այդ գաղտնիքը ջրի երես հանեց` «Եթե ինձ գնդակ դիպավ, ուրեմն` հայի ձեռքով եմ ընկել»: Սա չի նշանակում, որ հայոց հզոր գենը հանդուրժել է ազգային դավաճանությունները: Մերուժան Արծրունու գլխին հայոց քաջ ու հայրենապաշտ զորականները շիկացրած երկաթյա թագ հագցրեցին… Ազգի դավաճաններին այդպես էին պատժում: Եթե մարզպանները, իրենց բանակները ի մի բերելով, իրենց միջից ընտրեին լավագույն առաջնորդին և Տիգրան Մեծի փայլուն ռազմավարությունն օգտագործելով` երկիրը հզորացնեին, Էրդողանը 20-րդ դարում չէր հայտարարի, որ Անին ինքը վերցրել է բյուզանդացիներից, ոչ թե հայերից: Պետության առաջնորդը այն բացառիկ Նժդեհատեսակը պետք է լիներ, ում համար Հայրենիքն աշխարհում ամենաթանկ ու անփոխարինելի հարստությունն էր, և ում համար դղյակների, հանքերի, առյուծների փոխարեն միակ հարստությունը իր զինվորների նվիրած վագրի մորթին էր: Ահա թե ինչո՛ւ նա կարողացավ եղեռնից հետո գրեթե ավերված ու անհույս Հայաստանի արևելյան դարպասը պոկել երկու թշնամի պետությունների երախից և ստեղծել առաջին հայկական պետությունը` Լեռնահայաստանը, որը թեև կարճ կյանք ունեցավ, սակայն հիմք հանդիսացավ Առաջին հանրապետության համար: Ահա թե որքա՛ն կարևոր է առաջնորդի ով լինելն ու նվիրվածությունը, նրա անանձնական նվիրումը Հայրենիքին ու ազգին: Այդպիսին էր նաև Անդրանիկը, երբ տնետուն ընկած` մեկ ոսկով հայ էր գնում` ազգ ու պետություն ստեղծելու հույսով:
Մեր նվիրյալները մեր ոգեղեն սրբերն են, նրանք խոսում են մեր արյան հետ, և սա էր, որ մեզ առաջնորդեց Արցախյան ազատագրական պայքարի օրերին, օրհնվե՛ն նրանք ու նրանց շառավիղները:
Մենք ժառանգել ենք մեր թագավորապահ նախնիների ոգու արիությունը, և մեր արատավոր ու թերի կողմերը նշելով` պիտի ասեմ, որ պարտվել ենք միայն մեր ոգու մաքրությամբ: Թշնամու արարքները նախապես կանխելու, ճանապարհը փակելու փոխարեն, հաճախ հավատացել ենք նրա շողոքորթ լեզվին ու 30 արծաթին: Ստորություններից ու նենգություններից հեռու մեր ազգային լուսաշաղախ ոգին երբեք ձեռք չի բարձրացրել թշնամու սրբությունների վրա, և մեր հակառակորդը, լավ ուսումնասիրելով ազգային մեր հոգեբանությունը, հիմնականում աշխատել է ներքին դավադրությունների միջոցով կազմաքանդել մեր ինքնապաշտպանության ոգին, այն, ինչ արվում է մեր օրերում: Հարց եմ տալիս` պատերազմի մեջ գտնվող երկրի համար ի՞նչ ընդդիմություն, մեր նպատակը ո՞րն է` երկրի հզորացո՞ւմը, թե՞ իշխանության գալն ու վերջին ոսկիները երկրից դուրս տանելը: Ինչո՞ւ պետք է երկրի իշխանությունը այնքան կատարյալ ու անսխալ չլինի, որ «վայ ընդդիմության» տեղ թողնի, ինչո՞ւ պետք է երկրի ունեցվածքը թալանած հանքահենները այս կամ այն ճանապարհով ճողոպրեն երկրից…
Ցավով պիտի ասեմ, որ դեռևս պետականության մշակույթը շատերի համար երկրի ունեցվածքը վայելելն ու անձնական հարստություն կուտակելն է, ոմանց համար պաշտոնյա լինելը ոչ թե պատասխանատվություն է սեփական ժողովրդի առաջ, այլ` նրան թալանելն ու երկրի սահմաններից դուրս տեսնելը:
Անկախության տարիների մեջ պատերազմը դեռ շարունակվում է, արտագաղթը չի դադարել, հույսի այն շողը, որ պիտի թավիշը բերեր, կորոնավիրուսը մեկ զարկով սառեցրեց, և այսօրվա քաղաքական նոր խմորումների մեջ նկատելի են անցյալի նույն սխալները. շատերի պայքարը դարձյալ իշխանատենչությունն է, մինչդեռ արտաքին` սահմանին կատարվող զորավարժությունների հենքին մեր զգոնությունը հայոց պետականությունը պահպանելու գործում շատ ավելին պետք է լինի, քան եղել է: Հայոց պետականության սյուներն ազգովի պետք է պահենք, որպեսզի օտար տերությունները` իրենց ներքին դրածոներով, չականապատեն մեր վերջին երազանքները… Որպեսզի մարդկության նոր ու վայրի մտահղացումների կերակուր չդառնա եղերական կենսագրություն ունեցող ազգը…
Մեր նախնիների արյունը աղաղակում է` մեզ կոչելով իմաստնության. ի՞նչ ենք ուզում մենք, ազգի համա՞ր ենք մտածում, թե՞ ամեն մեկս` իր համար: Մենք հզոր Հայաստան պետք է ստեղծենք` մեր տունը, պետությունը ամուր հիմքերի վրա դնելով, որ որևէ ավարառուի մտքով չանցնի սահմանից անդին կրակել հայ մանկան օրորոցի վրա: Սա՛ է ասելիքս…