Ուզում եմ խոսել մեզ պատուհասած այս նոր փորձանքի մասին: Փորձանք, որ չհասկացանք, թե ինչպես ներխուժեց մեր երկիրը, մտավ մեր շեները, մեր բնակարանները և մեր հոգիները` տակնուվրա անելով հինն ու նորը:
Հեռուստատեսությամբ հնչող տագնապները նոր էին սկսել հասու դառնալ մարդկանց լսելիքին, երբ մեր կանանցից մի քանիսն ինձ մոտեցան. «Էդ անտեր ցավի անունը չենք կարողանում կարգին ըմբռնել, հլա դու տառետառ ասա, հասկանանք»: «Լա՛վ լսեք, վանկերով եմ ասում` կո-րո-նա: Լսեցի՞ք: Հիմա ասածս կրկնեք»: Կրկնեցին: Շարունակեցի` «կորոնավիրուս»:
– Ախչի՛, էս անտերը անունից է բայեղուշ երևում,- եզրակացրին կանայք:
Բայեղուշը մեր բարբառով վատից էլ վատն է: Այսինքն` զզվելին, տհաճն ու վատթարագույնը: Նոյեմբերյան աշխարհում այդ համոզմունքը ձևավորվեց: Այո՛, կորոնավիրուսը տարիներ առաջ մեզ այցելած Խոզի գրիպից էլ անցավ, Թռչնագրիպից էլ: Եվ ամենուրեք, ամեն քայլափոխի կլսեք մերոնց շուրթերից. «Դրան դեսը ուղարկողի օջա՛խը խավարի»: «Ստեղծողի տունը գլխին փո՛ւլ գա»: Եվ այլն, և այլն… Սա` կանայք:
Իսկ տղամարդիկ… Հիշեցին հին ու մոռացված հայհոյանքներ, որոնք վերջին անգամ շռայլել էին սահմանային կռիվների ահավոր ժամանակներում:
Հիմա էլ է կռիվ: Դարձյա՛լ չհայտարարված պատերազմ: Մեկից դեռ հիմնովին չազատված` մյուսը հայտնվեց: Մեկը` զենքով, մյուսը` անխոս, աննկատ, առանց թուր ու թվանքի, ինչպես ժողովուրդը կասեր:
Հեռուստատեսությամբ լսում ենք ու լսում, որ դրսից եկողները պետք է հատուկ զննության ենթարկվեն, մեկուսացվեն: Լսելուց հետո նաև տեսանք: Մեկը, որ տարիներով գյուղում չէր երևացել, հանկարծ հայտնվեց: Եվ գիտե՞ք, թե շարունակությունը ի՛նչ եղավ: Հենց դռան շեմից տարան, չհասցրեց կարոտն առնել հարազատներից ու հարազատ ծննդավայրից:
Ամեն թաղում մի քանի տարեց կին ու տղամարդ են մնացել, օրվա մի ժամի կանայք սրա-նրա տանը հավաքվում են, իրենց լսած նորությունները իրար հաղորդում, ենթադրություններ անում` ասելով. «Աշխարհը շատ է փոխվել. օրը մի բան է դուրս գալիս, ի՞նչ իմանանք, որն է իրականը, որը` հնարովին»:
Այո՛, ինչ-ինչ, բայց հնարովի լուրերի արագությանը արագություն չի հասնի: Վառ օրինակներից նշեմ. երբ առաջին վարակակիրը Էջմիածնում հայտնաբերվեց, Էջմիածնից տարիներ առաջ Կողբ գյուղ հարս եկած, արդեն տատիկ դարձած կնոջ անունը շրջանառության մեջ մտավ, իբր` նոր է վերադարձել հայրական տնից, շատերին հասցրել է վարակել ու նույնիսկ` գյուղի բժշկուհուն: Բարեբախտաբար, ինչ արագությամբ որ տարածվեց, նույն տեմպով էլ մարեց` ծիծաղի, ծաղրի առիթ տալով:
Գարնան գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջանն է: Տղամարդիկ լույսը բացվելուն պես դաշտերն ու այգիներն են շտապում, մեր տղամարդիկ վարակի առաջն առնելու հաստատուն ու տարիների փորձով անցած համոզմունքն ունեն` իրենց ձեռքով թորած տնական օղին ամենալավ ու հուսալի դեղամիջոցն է… Բայց այդ նույն տղամարդիկ, երբ պահը գալիս է, ստիպված են լինում բերանները փակել դիմակով ու իրենց թորած մրգօղիներով ձեռքերը լավ լվանալ…
Հիմա, երբ գրում եմ այս տողերը, փողոցներում միայն ոստիկաններն են գնում-գալիս, մարդ չեն գտնում, որ գոնե տուգանեն…