Հունվարի վերջին, յոթ սարերից էն կողմ զորացող մի գեշ հիվանդություն եկավ և մեր քաղաքին պատեպատ զարկեց, հետո շատ արագ պարզվեց` ամբողջ երկրին էր զարկել: Երկու շաբաթ փոքր աղջկաս ջերմությունը չէր իջնում, այսինքն` օրվա մեջ մի երկու ժամով արհեստականորեն իջեցնում էինք, հետո ես ու կինս նորից անճարակության սառը ջրերն էինք սուզվում: Ստիպված` աղջկաս և կնոջս ինֆեկցիոն հիվանդանոցում պառկեցրի: Կինս էլ հիվանդացավ, մեծ և միջնեկ աղջիկներս էլ հիվանդացան, հայրս ու մայրս էլ հիվանդացան, դպրոցի 60 տոկոս աշակերտներն էլ հիվանդացան… Ես ինձ ներշնչել էի, որ ոչ մի դեպքում չպիտի հիվանդանամ` ընտանիքիս միակ վազվզողը, դեղուճար անողը, եփող-թափողը ես էի: Մի օր, երբ հիվանդանալու նախանշաններն էի զգում, ինքս ինձ չորս բաժակ 96 տոկոսանոց սպիրտով ներշնչեցի, ու վարակի կողքից խորամանկորեն պլստալս հաջողեցրի: Բժիշկներն ասում էին, որ H1N1 խոզի գրիպն է, շատերը պնդում էին, հիմա ավելի վստահ, թե նոր թագավարակն է` էդ օրերին այն արդեն մոլեգնում էր Չինաստանում: Մայրս շատ էր վախենում փոքր աղջկաս համար: Ասում էր` ինչ լինելու է` ինձ լինի, Վարդիս բան չէղնի: Փետրվարի 16-ին մայրս մահացավ. փխրուն և տկար սիրտը վարակի գրոհներին չդիմացավ: Երբ հիվանդության թափը սկսեց նվազել, իշխանությունները վերջապես գլխի ընկան, որ մանկապարտեզները և դպրոցները մեկ շաբաթով պիտի փակվեն:
Մեկ ամիս հետո Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, ամեն ինչ միանգամից կանգ առավ, ամայացավ: Համոզված եմ` տեղեկատվական գրոհը և տագնապալից լուրերը մեզ մի քանի անգամ մի լավ սպանեցին: Մենակ մնացած հորս խնամելու համար, զանցառելով տանը մնալու հորդորներին, երկու ամիս շարունակ ոտքով մեր տնից մերոնց էի գնում, հաջորդ օրը վերադառնում, այսինքն` մինչև օրս էլ գնում-գալիս եմ. նոր եմ վերադարձել հորս մոտից ու հիմա էս տողերն եմ տկտկացնում:
Ստեղծագործական իմ կյանքում համարյա ոչինչ չի փոխվել, որքան ինձ հիշում եմ, միշտ գտնվել եմ գրական ինքնամեկուսացման բացառիկ, խստամբեր շրջանում: Հիմա միայն քիչ եմ կարդում. ձեռքիս տակ ո՛չ նոր գրքեր ունեմ, ո՛չ էլ, ազնվորեն խոստովանեմ, կարդալու հավես: Մի շարք եմ սկսել, ինչը ինձ համար ստեղծագործական ինտելեկտուալ խաղի պես մի բանի է վերածվել. գևորիկներիս տրամաբանական շարունակությունն է, օգտագործում եմ հարցազրույցի ձևաչափը` ինքս ինձնից հարցազրույց եմ վերցնում. ահա կարանտինի տխուր-զվարթ հետևանքները: Այնքան լայն հնարավորությունների ասպարեզ է բացվել, որ ասելու չէ: Իրարամերժ, հակասող պնդումներով, հարցադրումներով քարտեզագրում եմ իմ պոետիկայի բարձրավանդակները և իջվածքները, ցուցանում հանքավայրերը և պոչամբարները, նշում խոչերն ու խոչընդոտները… Բավականին խորամանկ միջոց է ընթերցողին ևս մեկ անգամ հիշեցնելու իմ հին բանաստեղծությունները, թույլ է տալիս նաև համարձակորեն խաղարկել ու մեջբերել ուրիշների գրական տեքստերը: Որպես շոշափելի ապացույց` ահա մի փոքր կտոր այդ հարցազրույցից.
***
– քայլել շատ եք սիրում
և նկատելի է
որ ձեր ստեղծագործական շնչառությունը
բացվում է հենց քայլելիս
նույնիսկ ուզում էիք
քայլողի օրագիրը
կամ քայլողի ավետարանը
վերնագրով շարք գրել
կգրե՞ք երբևէ
– իմ մտքի մեջ
ինձ համար
ես այն մի քանի անգամ գրել
ու արդեն մոռացել եմ
***
– շարունակ
պրպտումների մեջ եք
հիմա ձեր հին գրածներից
ո՞րն եք հիշում
– ախ մայիս մայիս
երակս բացեմ
վարդեր կծորան
բայց ո՞ւմ զարդարեմ
***
– ի միջի այլոց
սիրային բանաստեղծություններ
համարյա չեք գրում
ինչ է
արգելվա՞ծ թեմա է ձեզ համար
թե՞ այլևս չեք սիրում
թե՞ ձեր սիրտը կարծրացել է
թե՞ լայեղ չեք անում
– ախ
երևի թե բոլորը միասին
բայց ժամանակին
ամուսնությունից առաջ
մի քանի հոգոց գրել եմ
հետո միանգամից
սիրային բանաստեղծությունների հանդեպ
սերս մարեց
իսկ նկատե՞լ եք
հիմա էլ ես ձեզ հարցնեմ
բացառությամբ մի քանի հոգու
բոլորը միայն
հենց էդ գործին են լծված
Այս շարքով ես փորձ եմ անում մոտենալու իմ վաղեմի երազանքներից մեկին` ամեն ինչ բերել բանաստեղծական դաշտ ու կեսկատակ-կեսլուրջ տոնայնությամբ ամենն արտահայտել որպես բանաստեղծություն… Ոմանք հավանում են, ոմանք, ինչպես միշտ, այստեղ բանաստեղծություն չգտնելով` քմծիծաղում: Համենայնդեպս, այս կարանտինի օրերին և, ընդհանրապես, ես գտել եմ ինձ զբաղեցնելու իմ եղանակը: