ՀԱՄԵՐԱՇԽ ՈՒ ՆԵՐԴԱՇՆԱԿ ԻՄ ՈՒ ԱՇԽԱՐՀԻ ՄԻՋԵՎ / Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

Սամվել ԿՈՍՅԱՆ – Պայմանականորեն ո՞ր ժանրն է Անուշ Ասլիբեկյանի համար գերակա` արձա՞կը, թե՞ դրամատուրգիան, ո՞րն է ավելի հոգեհարազատ:
Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ – Գրական առաջին քայլերս սկսեցի բանաստեղծություններ գրելով. դեռ դպրոցական էի, շատ էի ներշնչված Թումանյանով, Իսահակյանով, Սևակով: Բնական է, երևի դա միշտ այդպես է: Երբ 17-20 տարեկան էի, կյանքի հանդեպ նոր զգացողություններ ծնվեցին, պոեզիայի հանգերն ու տողերն սկսեցին չբավականացնել, ուզում էի պատմել, ու արձակը օգնության հասավ: Դա պոետիկ արձակ էր` երկխոսություն էր ինքս ինձ հետ, իսկ գուցե արձակ պոեզիա էր: Երբ մեծ աշխարհում ինքնուրույն ու միայնակ քայլեցի, կյանքի սուտն ու ճիշտն անձամբ ճաշակեցի, արձակ տողերիցս պոեզիան կորավ մեծամասամբ, մենախոսությունս զրույց դարձավ աշխարհի մասին: Իսկ երբ ճակատագրի կամոք գիտելիքներս թատրոնով համակարգել-թրծել ու թատրոնով էի ապրում` արդեն նաև որպես մասնագետ, երբ ապրումը «խաղի» էր վերածվել, դրամատուրգիան լավագույն միջոցը դարձավ երկխոսելու աշխարհի հետ` հանդիսատեսի համար:

Ս. Կ. – Ինչքանո՞վ եք շրջապատի կարծիքը կարևորում, եթե, իհարկե, կարևորում եք:
Ա. Ա. Ա. – Փիլիսոփան ասում է` «Իմ ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է դիմացինիս ազատությունը»: Կյանքիս մի փուլում ապրել եմ` ընդդիմանալով շրջապատի կարծիքին` դրանից առանձնանալով բոլոր հնարավոր ձևերով: Մինչև որ եկա այն ճշմարտությանը, որ ամեն բան հարաբերական է, պետք է գտնել այն ոսկե միջինը, որտեղ կլինես անկախ, ինքնաբավ, չես ներխուժի ուրիշի տիրույթ, բայց և թույլ չես տա, որ քո տիրույթ ներխուժեն: «Ազատությունը, Սանչո՜, բարեկամ, բնության կողմից տրված ամենամեծ պարգևն է»,- իր հավերժական հերոսի շուրթերով ասում է Սերվանտեսը:

Ս. Կ. – Համակարծի՞ք եք, երբ փորձում են դրամատուրգիան զատել գրականությունից:
Ա. Ա. Ա. – Այս երևույթն իր պատմական հիմքերն ունի: Շատ խորքերը չգնալու համար նշեմ միայն, որ Վերածննդի ժամանակաշրջանում դրամատուրգիան գրական ժանր չէր համարվում, քանի որ պիեսներ գրում էին հիմնականում թատրոնի մարդիկ` կոնկրետ բեմ հանելու նպատակով (բացառություն էին «համալսարանական ուղեղները»` Քեմբրիջի և Օքսֆորդի ուսյալ գրողները, որոնց պիեսներն, ի դեպ, հիմնականում թատերային չէին): Շեքսպիրը պիեսներ չէր գրում որպես գրական նյութ` ապագային միտված, նա տեքստ էր ստեղծում իր թատերախմբի հերթական բեմադրության համար: Այսօր եթե նման մտայնություն կա, հակված եմ մտածելու, որ գրականագետների որոշ խմբի կողմից է արհեստականորեն հորինվել` խուսափելու համար մտնել մի բարդ տարածք, որտեղ միայն բանասիրական գիտելիքները քիչ են: Պետք է լավ իմանալ նաև համաշխարհային թատրոնի և դրամատուրգիայի պատմություն, դրամայի տեսություն, այլապես լիարժեք չեն լինի վերլուծությունները: Գրականագետները, որպես կանոն, դրամատուրգիան «նվիրում» են թատրոնին` իբրև թե բեմի համար նախատեսված նյութ է, իսկ որոշ թատերագետներ համոզված են, որ թատերգությունը նախ և առաջ գրականություն է: Արդյունքում` դրամատուրգիան մնում է որբ զավակ` շատ հաճախ պատահական դայակի ձեռքին:

Ս. Կ. – Ըստ Ձեզ` հասարակության և թատրոնի միջև երկխոսության գլխավոր դերակատարը թատերագիտությունն է: Մեզանում թատերագիտությունը հավատարի՞մ է այդ առաքելությանը:

Ա. Ա. Ա. – Այո՛, թատերագիտությունը կամուրջ է թատրոնի և հասարակության միջև, բայց միշտ չէ այդպես եղել: Օրինակ, 20-րդ դարի կեսերին թատերական քննադատն այնպիսի հեղինակություն ուներ, որ նրա մեկ հոդվածով կարող էր ներկայացում փակվել: Մյուս կողմից էլ` նա կարող էր գեղարվեստական արժեք չունեցող արվեստի որևէ երևույթ ուռճացնել, անհիմն արժևորել` օգտվելով հանրության չիմացությունից: Ժամանակները փոխվել են, անձամբ ես առաջնորդվում եմ միայն մեկ սկզբունքով` հետաքրքրո՞ւմ է ինձ ներկայացումը, ասելիք ունե՞մ տվյալ նյութի շուրջ: Ցանկացած ստեղծագործողի մտքի և երևակայության արգասիք իրավունք ունի լույս աշխարհ գալու, սակայն թատերագետի հոդվածը, որ ուղղորդող, բացահայտող, օբյեկտիվորեն վերլուծող դեր ունի, ավելի շատ հանդիսատեսին է միտված: Նա պիտի կարդա թատերախոսականը, ճշգրտի իր գիտելիքները, այնուհետև որոշի` գնա՞լ այդ ներկայացմանը, թե՞ ոչ` այսպիսով վճռելով ներկայացման ճակատագիրը: Սա, իհարկե, ցանկալի մոդելն է, սակայն թատերագիտության դերի միտումնավոր թե ինքնըստինքյան նվազեցման պայմաններում աշխատում է եզակի դեպքերում: Խոսքն այն մասին է, որ գոյություն չունի բուն մասնագիտական հարթակ, որտեղ թատերախոսականներ կտպագրվեն, իսկ ընթերցողը լրագրողական նյութը հաճախ շփոթում է թատերագիտական վերլուծության հետ:

Ս. Կ. – Մայրություն, ընտանիք, մյուս կողմից` գրականություն, թատրոն, մշակույթ… Միմյանց հակոտնյա՞ են, թե՞…
Ա. Ա. Ա. – Զարմանալիորեն համառ են բոլորն էլ, որևէ մեկը զիջել չի ուզում իր տեղը: Երբեք չեմ բռնացել ինձ վրա, ես ավելի շատ բնազդի ու բնության մարդ եմ. ուր բնությունս կտանի, այնտեղ կգնամ: Բայց ահա արդեն տասը տարի է` կողքից հետևում եմ, թե որ մեկը կհաղթի, ու հայտնաբերում եմ, որ այս բոլոր երևույթները, ոլորտները միևնույն նավի տարբեր մասերն են` առագաստը, շարժիչը, խարիսխը, թիակները, պարանները և այլն: Երբ քամին բարենպաստ է, առագաստներս եմ պարզում, երբ խաղաղ ջրերում եմ, թիակներով եմ շարժվում առաջ, դժվարանցանելի ջրերում շարժիչն է օգնության հասնում: Չլինի դրանցից մեկը, նավը չի հասնի իր երազած ափերին: Փառք Տիրոջը, մինչև այժմ նավարկում եմ համերաշխ ու ներդաշնակ իմ ու աշխարհի միջև:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։