Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ

 

Ի՛նչ թաքցնեմ, անունը հենց առաջին պահից դուրս չեկավ… կորոնավիրուս: Բառարմատներից և ոչ մեկը հայերեն չէ ու ոչ էլ կարգին հասկանալի. դե, պատվարժան թագն ո՜ւր, եղկելի վարակն` ո՛ւր: Ա՛յ, ինչ եմ ասել «մերոնց». պարզ ու հասկանալի` քութեշ, կարմրուկ, դեղնուկ, ջրծաղիկ, խոզուկ, քոս: Համենայնդեպս, սրանցից և ոչ մեկի դեպքում մեզ չեն ստիպել ազգովի փակվել տներում: Փակվելը դեռ ոչինչ, դիմակներն ավելի զավեշտալի ու խղճատեսք դարձրին բոլորիս վիճակը: Սուտ կլինի ասել, թե ամենքը միանշանակ ընդունեցին այս իրողությունը: Չէ՛, մեկը ո՛չ բառը հասկացավ, ո՛չ էլ ստեղծված վիճակը, մյուսի համար «վիրուս» բառն էլ հերիք էր, որ ահ ու սարսափի մեջ ընկներ, մանավանդ, «փրկարար» դիմակից ընդամենը մի տառ ես հանում, ու ավելի գեշ ու սարսափելի բան է ստացվում… Ինչևէ, տանը փակվելը դարձավ պարտադիր: Ավելի քան միանշանակ չընդունվելը հենց սա էր: Ոմանք ինչ-որ տեղ ուրախացան. վերջապե՛ս աշխատանքից դադար կառնեն ու կարգին կշփվեն տնեցիների հետ: Դե, իհարկե, շատերն էլ տրտմեցին լրջորեն. քանի՛ կիսատ-պռատ գործ է մնում, քանի՜ ավելի հետաքրքիր ու սիրառատ շփումներ են մնում անկատար: Տնեցիների հետ մի քանի օր կարելի է շփվել հաճույքով, բայց ո՞վ չգիտի, որ եթե առարկաներն ու իրերը շփումից տաքանում են, ապա մարդիկ, հակառակը, սառչում են, և ո՛վ իմանա, թե քանի այր ու կին «բլոկադայի» էս օրերին է՛լ ավելի խորացրին իրենց հարաբերությունների մեջ արդեն քանի տարի առաջ գոյացած ճեղքը: Հնարավոր է նաև հակառակը. խոհանոցում, լոգարանում, պատշգամբում, ինչու չէ, նաև ննջարանում զննեցին, տնտղեցին միմյանց ու այնքա՜ն բան նկատեցին ու տեսան, որ մինչ այս, չգիտես ինչու, «քոռացել» ու չէին տեսնում… Կարծում եմ, 9 ամիս հետո վիրուս-միրուս արդեն վերջացած կլինի, և երջանիկ հայրիկներին արգելված չի լինի ծննդատուն մտնելը:
Կեսկատակը թողնենք ու ասենք, որ այս համատարած մեկուսացումը ամենաուժգին հարվածը մշակույթի ոլորտին հասցրեց: Դատարկ դահլիճները խիստ տխուր ու սրտաճմլիկ պատկեր են, և այս առումով, կարծում եմ, ամենաշատը թատրոնն ու երաժշտարվեստը տուժեցին: Իհարկե, եղան ճարպիկներ, որ հմտորեն օգտագործեցին ստեղծված վիճակն ու հեռուստաեթեր լցրին իրենց «հումորային հաղորդումներ» կոչվող աղբը: Նաև մարդիկ հրապարակ եկան ու սկսեցին անկնճիռ ճակատներով փիլիսոփայել, խորհուրդներ ու դասեր տալ, որոնց ո՛չ անունն էինք լսել, ո՛չ էլ դեմքը տեսել: Իհարկե, սա ևս հասկանալի է, բայց, ինչպես ասում են, վնաս չունի, քանզի իսկական գրողը, երաժիշտը, նկարիչն ու արվեստագետը, լրջմիտ արվեստասերը, մտավորականը մինչ այս էլ եղել է, կա ու այսուհետ լինելու է ոչ թե պարտադրյալ մեկուսացած, այլ հոգով ԱՌԱՆՁՆԱՑԱԾ, ուստի, կարծում եմ, այս աննախադեպ իրողությունը ՄԻ ԱՅԼ ՏԵՍԱԿԻ ներշնչման աղբյուր է, և պետք է որ ոչ ուշ ապագայում ի հայտ գան ինքնատիպ, նորաբովանդակ արձակ, չափածո, դրամատիկական գործեր, երաժշտական ստեղծագործություններ, կտավներ: Ինչո՞ւ միայն ստեղծագործողները, երևի թե բոլոր բնագավառների մարդիկ այս օրերին փոխեցին իրենց վերաբերմունքը շրջապատի, մարդկանց ու կյանքի նկատմամբ և այսուհետ նոր կերպ պետք է վերաբերվեն այդ ամենին:
Ինչ վերաբերում է ինձ, ասեմ, որ հեռախոսակապի մեջ եմ եղել իմ շատ գործընկերների ու նաև թատրոնի մարդկանց հետ… Մի քանի նախադասությունն անգամ բավական է եղել, որ հառնի այն աշխարհը, որ մշտապես իմն է եղել ու պետք է լինի: Մեծապես շնորհակալ եմ Կարինե Խոդիկյանին, որ շարունակեց «հեռակա ձևով» մեզ պարգևել սիրելի «Գրական թերթը» կարդալու բերկրանքը: Պետք է խոստովանեմ, որ ես շոշափվող, ձեռքերիդ մեջ տարածվող, կրծքիդ փռվող թերթն եմ սիրում, նրա յուրահատուկ բույրը, էջերի տաք խշշոցը, բայց հաստատ կարոտից կմեռնեի, թե որ գոնե այս կերպը չլիներ:
Ինչևէ, կարոտով եմ սպասում «դռները բացվելուն»: Կիսատ գործեր շատ ունեմ. մարտի 27-ին նոր բեմադրությունս էի հանդիսատեսի դատին հանձնելու, նոր գիրքս «բորբոսնեց» Շանթ Մկրտչյանի դարակում, պատմվածքների, պիեսների և կինոսցենարների ընտրանի եմ ուզում տպագրել, սեպտեմբերին էլ տարեդարձս է… Իսկ ամենաշատը մարդկանց աչքերի մեջ նայելուն, ջերմորեն բարևելուն և ամո՜ւր ու պի՜նդ գրկախառնվելուն, համբուրելուն ու պաչիկ անելուն եմ կարոտել:
ԿԱՐՈՏԻՍ ԴԻՄԱԿ ՉԵՄ ԴՐԵԼ, ՏԱ՛ ԱՍՏՎԱԾ, ՎԻՐՈՒՍ ՉԱՌՆԻ: ՀԱՍՆԻ ԱՄԵՆԵՑՈՒԴ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.