ԷԺԱՆ ՁՈՒԿԸ / Ծովինար ԽԱՉԱՏՐՅԱՆ

Սուպերմարկետի մուտքից ոչ հեռու կանգնած ձուկ վաճառող կինն ամեն անցորդի համար կանչում էր.
– Թա՜րմ, ջրից նոր հանած ձուկ: Էժան կտամ, շտապում եմ, ատամնաբույժի մոտ պիտի գնամ` Քյավառ:
– Ի՞նչ արժե սիգը:
– Վեց հարյուր դրամ հատը:
– Ուրիշները հինգ հարյուրով են տալիս:
– Սրանք մեծ են, չես տեսնո՞ւմ: Դե լավ, հինգ հարյուրով տար, միայն շատ վերցրու, էսպիսի թարմ ձուկ էլ չես գտնի: Փորը բացեմ` տես: Վռազն եմ, ատամնաբույժի մոտ պիտի գնամ:
Այսպես կինը վաճառում էր ձկները` պարտադիր ատամնաբույժի պատմությունն անելով սկզբում և վերջում: Դա անում էր, կարծես, նաև ինքն իրեն համոզելու, վախը հաղթահարելու համար: Նրա արևահարված, քիչ ճաքճքած մաշկով դեմքը, վարդագույն այտերը վկայում էին տարվա բոլոր եղանակներին բացօթյա առևտուր անելու մասին: Մի աչքը, որ կարմրած էր և պղտորված, մշտապես կկոցած էր:
Քիչ հեռվում պատին հենված տարեց կինը հետևում էր նրա առևտրին: Ճերմակ, ալիքվող մազերը խնամքով ծոծրակին հավաքած, կոկիկ, հնաոճ, բայց ժամանակին լավագույնը համարված հագուկապով` կանգնել էր հանգիստ ու անվրդով: Միայն աջ բռունցքն էր թեթև լարված, սեղմված կրծքին: Երբեմն-երբեմն կտրվում էր իրականությունից, մտքի թևով գնում ուրիշ աշխարհ: Այդ պահերին նրա կլոր, կնճռոտված դեմքն այնպիսի՜ ներքին լույսով էր ողողվում, այնպիսի՜ երանությամբ ու հմայքով. բաց աչքերով երազում էր: Հետո սթափվում էր, նայում ձկնավաճառ կնոջն, ու մեղավոր ժպիտը սառում էր բերանի անկյունում:
Ձուկ վաճառողը հաստատ նկատել էր պառավին կամ գուցե ճանաչում էր և ամեն անգամ, երբ գնորդ չէր ունենում, նրան մեջքով էր շրջվում` վտանգ կանխազգալով:
Արդեն ձկների մեծ մասը վաճառվել էր, երբ տարեց կինը թիկունքից մոտեցավ, պարզեց բուռը, որի մեջ երեք հատ հարյուրանոց մետաղադրամ կար, և ասաց.
– Սրան մի հատ ձուկ տուր:
– Չեմ կարող,- կոշտ պատասխանեց վաճառողը:- Ատամներս եմ սարքում, չեմ կարողանում հաց ուտել: Գիտե՞ս, ինչքան է ուզել…
– Ամենափոքրը տուր,- պնդեց կինը:
– Փոքր չկա, բոլորը հավասար են: Հաստա՛տ չեմ կարող:
Կինը ետ քաշվեց իր տեղը:
Մայթին կիպ կանգնեցնելով ավտոմեքենան` ճաղատ երիտասարդը դուրս եկավ և ուղղվեց դեպի սուպերմարկետի մուտքը:
– Անտարբեր մի՛ անցեք: Ջրից հենց նոր հանած ձուկ է, տեսեք` ինչպես է ցից կանգնում պոչի վրա:
Երիտասարդը շրջվեց, նայեց աշխույժ շաղակրատող կնոջը:
– Տեսե՛ք, այսպիսի թարմ ձուկ դժվար թե ուրիշ տեղ գտնեք: Ուղղակի շտապում եմ, Քյավառ պիտի հասնեմ, ատամնաբույժի հետ պայմանավորված եմ:
Երիտասարդը լայն ժպտաց, օրորեց գլուխն ու մոտեցավ.
– Չորս հատ տվեք:
– Նայեք, ինչ ձկներ են, փորերը բացել եմ, տեսեք` ի՛նչ ձիգ են: Բոլորը տարեք, կինդ կդնի սառցարանում, միշտ պատրաստ բան կունենա: Համ էլ խերի մեջ կկորեք…
– Լավ, վեց հատ տվեք,- ծիծաղեց երիտասարդը:
Տարեց կինն անհանգստացած նորից մոտեցավ: Պարկի մեջ մնացել էր երեք ձուկ:
– Մի հատ էլ ինձ տուր` երեք հարյուրով:
Վաճառողը ցուցադրաբար շրջվեց, սկսեց տեղավորել ձկները տոպրակի մեջ:
– Մեկ հատն առանձին տոպրակում դրեք,- խնդրեց երիտասարդը:
Վերցնելով տոպրակը` առանձին դրված ձուկը մեկնեց կնոջը.
– Մայրի՛կ, սա ձեզ համար է, վերցրե՛ք:
Տարեց կինը վերցրեց ձուկն ու անմիջապես նրան մեկնեց բռան միջի դրամները:
– Ո՛չ, մայրի՛կ ջան, սա իմ կողմից է, դրամը ձեզ պահեք…
– Ես այդպես չեմ կարող,- ասաց կինն ու վերադարձրեց ձուկը:
Երիտասարդը շվարեց: Մտահոգ նայեց պարկում մնացած ձկներին, գյուտ արածի պես հանկարծ ոգևորվեց և թաքուն աչքով անելով ձկնավաճառին` ասաց.
– Գիտե՞ք` արտասահմանում վաճառքի մնացորդը տալիս են ցածր գնով, ասենք, հարյուր դրամով կտային այս ձուկը: Տվեք մեկը մայրիկին` հարյուրով:
Ձկնավաճառը հասկացավ երիտասարդի մտադրությունը և մի ձուկ տվեց կնոջը` վերցնելով հարյուր դրամ: Տարեց կնոջ դեմքը պայծառացավ:
– Եթե այդպես է, մյուս երկուսն էլ տվեք:
– Ի՞նչ ես անելու այդքանը, մենակ կին ես, իզուր փչացնելու ես…
– Ժլատություն մի՛ արեք, տվե՛ք, պայմանը պայման է,- զվարթաձայն վրա բերեց երիտասարդը:
– Առանձին տոպրակներում դրեք, այդ երկուսը ընկերուհիներիս համար է:
– Միայն չասես` հարյուրով ես առել, թե չէ կկասկածեն, կիմանան` փչացած է: Սրանք չտեսնված թարմ ձկներ են: Հաշվիր` ուղղակի ակցիա էր… Վռազն եմ:
– Լավ: Այսօր քեֆ ենք անելու:
– Միայն ձկո՞վ,- հետաքրքրվեց ձկնավաճառը:
– Երբ կրակին դնելու, եփելու բան կա, մի՞թե քեֆ-ուրախություն չէ:
Վերցնելով ձկները` տարեց կինը գոհունակությամբ ժպտաց երիտասարդին, ապա ձկնավաճառին` մեղավոր ժպիտով, և ասաց` առո՜ղջ ապրեք, ու հեռացավ: Նա, բարձր բռնած, այնպիսի երանությամբ էր կրում իր բեռը, ասես շատ թանկագին բան էր տանում իր հետ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.