ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿՏՐԵՑ ՆՐԱ ԵՐԳԻ ԳԱՐՈՒՆԸ. ԳՐԻԳՈՐ ԳԱՐՈՒՆՑ / Հասմիկ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Նրա դարակները լի էին անավարտ երգերով, երբ վերջին անգամ մտավ աշխատասենյակ: Աչքն ընկավ սպիտակ թղթերին հապճեպ գրոտած, անմշակ տողերին, հայացքը սահեցրեց անավարտ բանաստեղծության վրայով, կարդաց, շտկեց մի քանի բառ… Կողքի սենյակից եկող աղմուկը սթափեցրեց նրան. ինչո՞ւ մտավ այստեղ. ճամպրուկն արդեն հավաքված էր, իրեն սպասում էին: Ձեռքերով շփեց լայն ճակատը. ա՜խ, հա՛, անավարտ բանաստեղծությունները. կավարտի, երբ վերադառնա…
1941 թվականի դեկտեմբերին 27-ամյա բանաստեղծ Գրիգոր Գարունցը մեկնեց ռազմաճակատ: Մեկնեց` թողնելով «Կաուչուկի համար» թերթի խմբագրությունը, որի պատասխանատու քարտուղարն էր հիմնադրման օրվանից, թողնելով մտահղացումներ երևանյան իր առանձնասենյակում: Մեկնեց կամավոր:
Գրիգոր Հակոբյանը նոր էր բոլորել տասներկու տարին, երբ ընտանիքի հետ ծննդավայր Մրգաշատ գյուղից տեղափոխվեց Երևան: Հայրենի գեղեցկությունները, գյուղական անաղարտ բնության պատկերները խորն էին տպավորվել պատանու հիշողության մեջ. այդ տպավորություններից ծնվեցին երգերը բնության և մարդու, աշնան ու լիության.
Արևը ոսկի է մաղում//Արտերի, դաշտերի վրա,//Հնձանում, արտերում ու բաղում//Շողում է բերքը հուրհրան: //Թնդում են արտերը հիմի,//Արտերը ժպտում են բերքից,//Արևը` հուր մի սինի`//Կախվել է կապույտ երկնքից…
Վաղ սկսեց բանաստեղծել. գրում էր և՛ Խաչատուր Աբովյանի անվան դպրոցում ուսանելիս, և՛ Պրոլետգրողների ասոցիացիային կից երկամյա գրական համալսարանում ուսանելիս, և՛ երբ աշխատում էր Թալինի, Արտաշատի և Ալավերդու շրջանային թերթերի խմբագրություններում: Տասնութ տարեկանում Գրիգորն արդեն տպագրված գրքի հեղինակ էր: Սեր և հայրենիք, հնձանների առատություն – այս էր երգում բանաստեղծը.
Արտերում ոսկի//Կռիվ կա բազկի,//Արտերը փռվել են անափ://Հասկերը հասուն են,//Հունձը սկսվել է,//Արտերում պայքար է ու թափ:
Նորաշունչ երգեր բերելու տե՞նչն էր պատճառը, վերածնվող հայրենիքի բանաստեղծ լինելու գիտակցությո՞ւնը, թե՞ մարդկանց գարնան անավարտ երգեր թողնելու կանխազգացումը, որ ընտրեց Գարունց գրական կեղծանունը: 1932 թ. մարտի 20-ին Չարենցը մակագրեց Գրիգոր Գարունցի առաջին գրքի ձեռագրի վրա. «Մտցված է 1932 թվականի հրատարակության պլանի մեջ և ընդունված հրատարակության. Չարենց»: «Օրերի սիմֆոնիան», որ լույս տեսավ «Երիտասարդ գրողների սերիա» մատենաշարով, ընդամենը գրական թոթովանք էր` դեռ շատ հեռու անթերի կոչվելուց, բայց անկեղծ, ոգեշունչ, լի նոր օրերի երակը լինելու ցանկությամբ. Քեզ եմ երգում հիմա ես,//Իմ մեծ հայրենիք,//Դու` կյանք, դու` բախտ, դու` արև,//Դու` մայրական գիրկ://Քեզ եմ երգում հիմա ես//Ու կանգնում համառ,-//Քո կյանքը չար հողմերից//Փրկելու համար:
Նույն 1932-ին է Չարենցն իր մանրիկ ձեռագրով մակագրել Գարունցի մեկ այլ` «Հանքերում» բանաստեղծությունների ժողովածուի ձեռագրի անվանաթերթին. «Տալ հեղինակին վերամշակելու` թե՛ բովանդակության, թե՛ լեզվի տեսակետից: Չարենց: Քսաներկուսը, առաջին ամիս, 1932 թիվ, Երևան»:
«Հանքերում» և «Նվեր» մանկական գունազարդ գրքույկները հրատարակվեցին պատերազմի նախօրեին: Գարունցի անվան հետ սկսեցին գրական հույսեր կապել: Եվ պայթեց պատերազմը…
Չենք ուզում մենք պատերազմ, բայց թե վաղը կռվի գան,//Աշխարհով մեկ կհնչի քայլերգը մեր մարտական…
Եռանկյունի նամակները ռազմաճակատից գալիս էին համարյա ամեն շաբաթ, նամակներ սիրո, հոգատարության, հուսադրող նամակներ: Նամակները գալիս էին Նովոռոսիյսկից, Թեոդոսիայից, Կերչից: Իսկ այնտեղ` դժոխային կրակի տակ, ռմբակոծության պահին, մարտի նետվելիս նա կրծքին ուներ նամակներ, որոնցում իր մանկիկների թաթիկներն էին նկարված:
Մարտի կարճ ընդմիջումներին գրում էր: Թեև մեկնել էր ռազմաճակատ որպես շարքային զինվոր, բայց չէր մոռացել ժուռնալիստի իր կոչումն ու կրակոտ թղթակցություններ էր ուղարկում ռազմաճակատային «Կարմիր աստղ» թերթին: Ռազմական ուղիներում ծնվեց «Երգ մեր լեյտենանտի մասին» բալլադը:
Լուսաբացին դուրս եկանք մենք
Եվ շարժվեցինք առաջ,
Լուսաբացին մեզ հետ էր դեռ
Լեյտենանտը մեր քաջ:
Խիզախ էր նա: Բոլորել էր
Քսանութ վառ գարուն.-
Նրա սրտում հայրենիքի
Սերն էր բոցավառվում…
Ղրիմի ռազմաճակատում խաչաձևվեցին երեք եղբայրների ուղիները: Հակոբյան եղբայրները չէին կարող իմանալ, որ այսպես` միասին, հանդիպում են վերջին անգամ: Եղբայրներից ավագը հասավ մինչև Բեռլին, մյուսը վիրավորվեց և վերադարձավ տուն: Վիճակված չէր վերադառնալ միայն Գրիգորին: 1942 թ. մայիսի 13-ին եկավ վերջին նամակը: Յոթ տարի շարունակ կնոջ` Մարիայի համառ հարցումներին ի պատասխան հայտնեցին, որ Գրիգոր Գարունցը հերոսաբար զոհվել է Կերչում 1942 թվականի մայիսի 15-ին և թաղվել եղբայրական գերեզմանատանը: Գարունցը հայրենիքին էր թողել իր վերջին երգը.
Երկի՛ր, շյուղն եմ ես քո
Հողմակայուն ծառի,
Քո արևի ներքո
Պտուղներ եմ տալիս:
Ա՛ռ, ընդունի՛ր երգս,
(Ինչ պոետին թանկ է),
Թե պահանջես, երկի՛ր,
Քոնն է և իմ կյանքը:
Ղրիմում ցրված եղբայրական գերեզմաններից որո՞ւմ են այժմ հանգչում 28-ամյա հայ բանաստեղծի մասունքները: Բանաստեղծի, որ չհասցրեց հղկել, լրացնել իր երգերը, որպեսզի դրանք դիմանային ժամանակի խիստ քննությանը: Դարակներում անավարտ պոեմներով ու բանաստեղծություններով գրոտված սպիտակ թերթիկները դեղնեցին հետզհետե, խունացան հին ձեռագրերը: Կինը` Մարիան, երկար փնտրեց ամուսնու գերեզմանը և, չհավատալով նրա մահվանը, շարունակեց սպասել նրա վերադարձին: Որդին` Ֆելիքսը, գտավ հոր ձեռագրերը և թարգմանաբար ռուս ընթերցողին ներկայացրեց հոր լավագույն բանաստեղծությունները: Գարունցի անունը փորագրվեց այն մարտիկների անունների կողքին, որոնց ծնունդ էր տվել և դեպի կյանքի ու մահու կռիվ էր ճամփել Մրգաշատ գյուղը: Գարունցը մնաց բանաստեղծ, որ դեռ նոր պիտի լիաձայն խոսել տար իր մասին, բայց չհասցրեց…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։