ԱՐՄԻՆՈՒՍԻ ՈՐՈՆԱԾ ԼՈՒՅՍԸ ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ ՀԱՄԱՆՈՒՆ ՎԻՊԱԿՈՒՄ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Աղասի Այվազյանի ոչ մեծաթիվ վիպակներից յուրաքանչյուրը վեպի տարողություն ու ծանրություն ունի: Եթե չասենք` պատմավեպի: Այս պատմավիպակներից յուրաքանչյուրը, այլևայլ պատմական ժամանակաշրջաններ ներկայացնելու հետ մեկտեղ, բացահայտում է մարդու հոգեբանական այն հատկանիշները, որոնք փոփոխության չեն ենթարկվում ժամանակների թելադրանքով: Այդ է պատճառը, որ մեզ համար ընկալելի ու հարազատ են տարբեր վայրերում ու տարբեր դարերում քայլող մարդկային այլազան տեսակները և հատկապես` հայի տեսակը:
Աղասի Այվազյանը կարողացավ մի ամբողջական կառույցի մեջ դնել 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի Թիֆլիսը: «Սինյոր Մարտիրոսով» մեզ հնարավորություն տվեց ոտքի տակ տալու միջնադարյան Եվրոպայի մեծ մասը, «Աղի Կոմսը» մեզ տարավ մինչև Պուգաչովի ապստամբությամբ բռնված Ռուսիա, «Արմինուսով» ընթերցողը հայտնվեց 11-րդ դարի Եդեսիա կոչվող խառնարանում: Եվ բոլոր դեպքերում մեզ համակեց մարդու ինքնաորոնման և ինքնարտահայտման բազմաձև ու տարաբնույթ հոգեվիճակներով:
Եթե Աղի Կոմսին հայտնի էր իր ծագումը և ամեն կերպ քամահրում էր հայ լինելու հանգամանքը, թեև տեսակով ավելի հիմնավոր արմինուս էր, ապա Արմինուսը ոչինչ չգիտեր իր գենեզիսի մասին, մինչև վերջ էլ մի էական բան չտեսավ իր հայ լինելու մեջ: Այսպես մի շատ կարևոր փիլիսոփայական խնդիր էր լուծում Այվազյանը. Արմինուսը դրսևորում էր իր բջիջների մեջ գործող հոսանքները, առաջնորդվում էր այս` բնազդային մակարդակի թելադրանքով: Այսինքն` գրողը այս և նմանօրինակ մի շարք այլ գործերում, որտեղ կերպարներն իրենք էլ չեն անդրադառնում ու կարևորում իրենց որևէ ազգի պատկանելը, կարողանում է հասնել հենց այն նախնական կենսանյութին, որը պետք է ունենա իրեն և միայն իրեն վիճակված վարքագիծ:
Սա այսպես է մեզ` հայերիս համար, սակայն այս յուրահատուկ տեսակը պետք է ինչ-որ տարբերանշան ունենար այլազգի ընթերցողի համար: Եվ գուցե սա է առաջին իսկ քայլից պարզագույն հետևությունը: Ինչո՞ւ Արմինուս: Fruktus armeniacus է կոչվում ծիրանը օտարների համար, և սրանով էլ նշվում է այն վայրը, որն այս պտղի հայրենիքն է… Իսկ Արմինուսի քաղաքը Եդեսիան է… Եդեսիան, որ դեռ Քրիստոսի կենդանության օրերից մեզ հարազատ է եղել, երբ Աբգար թագավորը թախանձագին նամակով հրավիրում էր մեր Տիրոջը գալ իր «փոքրիկ ու գեղեցիկ քաղաքը», որտեղ Նա հեռու կլիներ հալածանքներից, որը կբավականացներ և՛ իրեն, և՛ Տիեզերական Մեկին` Աստծո Որդուն:
Եդեսիան… Այստեղ, 2019 թվականի ամռան մի օր. կանգնել էի մայթին ու շնչահեղձի նման, որ օդ է որսում թոքերն ուղարկելու համար, տեսախցիկս ուղղում էի մե՛րթ հեռու բլրի վրա շարված հնամենի տներին, որ մեր նախնիքն են կառուցել, մե՛րթ հենց կողքիս գտնվող Գյոբեկլի թեփե քարանձավային հնավայրին, մե՛րթ դիմացս վեր խոյացած նորակառույց մեծ հոթելներին, մե՛րթ գլուխներն առած ու դեպի երկինք ուղղված փետրաթափ ջայլամների նմանվող արմավենիներին, մե՛րթ մայթին խմբված` միմյանց պաշտոնեական դիրքը գնահատող ու հարգող թուրք տղամարդկանց, ու չէի հասկանում արածիս իմաստը… Սա՞ է այն Եդեսիան, որի կործանման համար Շնորհալու ողբի ձայնը մինչև մեր օրերն է հասնում: Սա ա՞յն Ուրֆան է, որտեղ ապրող 35 000 հայեր 1915 թ. սեպտեմբեր-հոկտեմբերին, 20 օր շարունակ, կյանքի գնով մղում էին իրենց անհավասար կռիվը, և որտեղից քշվեցին իմ կենսանյութ-բջիջը հանդիսացող վերջին հայերը` դատապարտված ոչնչացման…
Ինչո՞ւ էր Այվազյանը Եդեսիայից վերցրել իր ուսումնասիրության առարկա բջջանյութը և ինչո՞ւ հենց ա՛յդ դարաշրջանում (ենթադրաբար` 1097-1110 թթ., Բագրատունիների անկումից շատ չանցած), երբ քաղաքն ամեն օր փոփոխում էր դեմքը, ժամ առ ժամ փոխվում էին տիրակալները, որտեղ հանգիստ առնելու կամ որպես անձ դրսևորվելու պահ անգամ չէր նշմարվում:
Արմինուսը թաթախված էր այս գեհենական խառնաշփոթի մեջ, սակայն առանց հասկանալու մղում էր իր գոյության կռիվը` ո՛չ որպես բույս, կենդանի, ջուր, ճահիճ, այլ որպես մարդու տեսակ` ինչ-որ աներևույթ ուժի գերակայությանն անտեղյակ: Կեղտի, անհայտության անորոշ գետնախորշում ծնված Արմինուսին վիճակված էր տեսնել Աստծո Լույսը, որ, պարզվելու է, տարբեր էր փայլից: Մանկությունից պատանեկություն, ապա հասունության անցնելու նրա ճանապարհը ամենաբնական, միանգամայն անպետք թվացող նյութերից է կազմված: Բայց որ նա պետք է հարակից գնա դեպի լույսը… որոշված է ի վերուստ:
Արմինուսի հանկարծահաս կսկիծը, կարծես, ոչ մի տրամաբանական հիմք չունի: Նա ծնվել էր աշխարհի ծաղրված հատվածում, ուրեմն` չպետք է գիտակցեր իր կամ այս աշխարհի ճղճիմությունը: Մինչև մունետիկի` ներքին ձայնի ի հայտ գալը, որից էլ` այդ անկերպարան գոյությունից առաջ էր գալու կսկիծը: Այսինքն` լույսը մարդուն տրվում է անհասկանալի պատճառով կամ էլ, նույնիսկ, առանց պատճառի: Ինչ էլ լինի, քեզ է տրված պարզելը` դու ուզո՞ւմ ես նրան տեր կանգնել, թե՞ քեզ ձեռնտու է նրան մեկընդմիշտ չճանաչելը:
Արմինուսի` խառնված, խճճված թելերից հյուսված կյանքի բոլոր փուլերը` երաժշտական, ռիթմական, հզոր ելևէջումներով, կամ գուցե, ասենք, թանձր վրձնահարվածներով, ամփոփվում են վիպակում տարբեր մեղեդայնությամբ ու գույների բազմազանությամբ: Եվ այս ամենի լեյտմոտիվը Արմինուսի ինքնաբացահայտման ֆենոմենն է: Նա ի սկզբանե ազատ էր: Իսկ նրա առաջին սիրո ու տարփանքի առարկա պառավ Լուկրեցիայի մահվանից հետո ազատ էր միանգամայն: Եթե «Եդեսիայի դուկը անեցի Լևոնն էր, մուրացկաններինը կարինցի Արմինուսն էր»: «Ինքը շրջմոլիկ, շրջմոլիկների զավակ, շրջմոլիկների մեծացրած, առանց ազգակցական կապերի, առանց պատասխանատվության որևէ մեկի և որևէ բանի առջև, աշխարհը փռված նրա առջև` անարգելք ու լայնարձակ, նա վայելում էր իր կրքերը, իր ուժերը, իր` Արմինուս-պատյանի միջի կյանքը: Կրքերը մղում էին նրան, նստել էին նրա վրա և մտրակում էին, կոշկախթանները խրում էին կողերը: Նա իջնում էր իր մարմնի պահանջների խորխորատները. սահման չկար, կաշկանդակապ չկար, մարմինը մատղաշ էր, ամուր, ինչպես կյանքի մշտակայությունը: Արգելք չկար նրա կամքի և ցանկության վրա: Միայն նրա կարողությունն էր նրան սահմաններ նշում: Եվ միայն մի աստված ուներ Արմինուսը` իր կարողության չափը: Եվ որտեղ կարողությունը հերիք չէր անում, նա դիմում էր ճկունության, կեղծուպատիր միջոցների, երկվանում էր ստի և ճշմարտության արանքում: Ոստոստում էր նրա ցանկամոլ եռքը շուկաներում ու վանքերում, երկնքի ու գետնի միջև»: Այսպես Աղի Կոմսն էր չափագրում իր կարողությունների սահմանը և ուզում էր հավատալ, որ դրանք անսահման են:
Այստեղ, մինչև մյուս դիտարկումներին անցնելը, մի պահ հարկ է կանգ առնել գրողի բառամթերքի ու մտքի սլացիկության վրա: Այս սեղմ տողերում կյանքի խելահեղ ցատկերն են, որ կարճում են գեղարվեստական խոսքի ժամանակն ու տարածությունը, շոշափելի է դառնում Արմինուսի ազատ ու անկապ հևքը: Երբ երաժշտագետները վերլուծում են մեծ դասականների սիմֆոնիաները, նրանց օգնում են ալլեգրոները, անդանտեները, գալոպները: Պոեզիա վերլուծելիս գոնե գրականագետն ունի յամբական, անապեստյան, վերլիբր, վանկաշեշտային, ռիթմ և այլ հասկացություններ: Բայց ինպե՞ս խոսես մեր` հատկապես ժամանակակից գրականության արձակ տեսակի մասին… Օրինակ, ինչպե՞ս բնորոշես արագության, ռիթմի, մեղեդիների տարբեր տոնայնության ու պատկերների այն շարքը, որ Ա. Այվազյանի արձակը դարձնում են այդքան հուզառատ, փիլիսոփայական, հոգեբանական բարդ համակարգերը պարզեցնում, դարձնում են սրտահաճո, արթնացնում, զբաղեցնում ու գործի են դնում մեր մտքի ամենաընդարմացած բջիջները:
Գանք «Արմինուսին», որ հանկարծ իր մեջ զգաց կսկիծը` որպես անսպասելի, անծանոթ մի մեղեդի-մոտիվ, հետո այն դարձավ թնջուկ… Ու փոխվեց մեր հերոսի ազատության որակը, որ մի նոր, ավելի բարձրադիր ազատություն դառնալու երկար ճանապարհ ուներ անցնելու` ընդամենը 80 էջ տարածականությամբ ու տևողությամբ: «Ու հանկարծ Արմինուսը նկատեց, որ հաճույքի մեջ թաքնված է մի ցավ, կսկիծ: Կամաց-կամաց այդ կսկիծը մեծացավ, ավելի հստակ երևակվեց ու գրավեց ամբողջ հաճույքը: Կսկիծը ուժեղացնում էր հաճույքը, հաճույքը` կսկիծը»: Շա՛տ տարածված այս մարդկային երևույթը, երբ հաճույքը կամ նրա հակոտնյա տառապանքը այլևս տեղ չունի աճելու ու վեր է ածվում մի ուժի, որի ազդեցությամբ ինքնասպանություն են գործել ինչպես հին հույներն ու հռոմեացիները, այդպես էլ նոր ժամանակների մեծ մարդիկ` Ջեկ Լոնդոնը, Հեմինգուեյը, Վիրջինիա Վուլֆը, Ստեֆան Ցվեյգը… Գոգոլը, Եսենինը, Մայակովսկին, Ֆադեևը… Մարինա Ցվետաևան… Յասունարի Կավաբատան, Ակուտագավան… Այս շարքում ամենամեծ թիվն են կազմում ճապոնացիներն ու ռուսները: Գուցե սրանցից յուրաքանչյուրի մեջ ի սկզբանե դրված է եղել «դարդ աղյուսը», որ երբեք հանգիստ չտվեց ոսկեձեռ պատշար Գլախոյին («Դարդ աղյուսը»): Նրա ազգային պատկանելությունը չի նշվում: Մտածում ենք, որ հայ կլինի, եթե նրան կերպավորողը Աղասի Այվազյանն է, բայց անունից դատելով` կարող է և վրացի ղարաչոխելիներից լինել:
Այնուհետև ի հայտ է գալիս մի նոր` մունետիկի դերակատարումը: Արմինուսն սկսում է լսել իր ներսից եկող ձայները, մունետիկը նրան ստիպում է իր անձի մեջ փնտրել, գտնել, հորինել այն անանունը, որ ստիպում է տանջվել: Անիմանալի ճանապարհներով սկսում է Արմինուսի միտքը շարժել քայքայման պարագան, որը, պարզվում է, անբաժան է հաճույքից: Գուցե նրան հենց քայքայման ֆիզիոլոգիա՞ն է տրամադրում նման զգոնությամբ ունկնդրելու իր ներսից եկող ձայներին: Այստեղից տրամաբանորեն պետք է սկիզբ առներ ինքնավերահսկման դաժան ուղին: Նա ոչ թե Ֆաուստի նման գործարքի մեջ է մտնում չար ուժի հետ, այլ ճիշտ հակառակ ծայրից է գալիս: Որոնում է Աստծո լույսի հետ ընթանալու ուղին, և հենց այստեղ է, որ բարդագույն խնդրի` հանելուկներից ամենաչլուծվողի առաջ պետք է կանգներ քանիցս: «Այդ թնջուկը սատանա՞ն է, թե՞ Աստված: Ո՞ւմ է պետք ինձ մղել մեղքի գիրկը, հետո վայելել իմ չարչարանքը: Երբ Աստված առաջին անգամ տվեց կսկիծ, ես ապաշխարեցի և կատարում էի նրա հրամանները: Ես խուսափում էի մեղքից, սատանայից: Բայց ինչպե՞ս ես կրկին հայտնվեցի նրա մոտ, ի՞նչ միջոցով նա ինձ իր ձեռքը գցեց»: Այստեղ է, որ ընդերքից ձայնող մունետիկը և ոչ թե իր ապրած կյանքը պետք է նորանոր հանելուկներ առաջադրեր, որոնց ո՛չ գոյությունը, ո՛չ պատասխանները նախկինում չէին զբաղեցրել նրան: «Արմինուսը շնչահեղձ էր լինում` սպասելով այդ նենգ ու ամեն ինչին տեղյակ սև մունետիկին իր մարմնի խորքերից, իր միջի անիմանալի հեռվից, ուր հասնել ինքը ոչ մի կերպ չի կարողանալու»:
Այս սեղմ տողերի յուրաքանչյուր բառակապակցություն մի մեծ մտքի արժեք ունի: Այդ մունետիկը տեղյակ էր ամեն ինչին, երբ ինքը բացարձակ անտեղյակության մեջ էր ապրում: Բայց դրսից եկող մի բան չէր, այլ գալիս էր դիմացկուն, թրծված, կյանքի ամենաչար ուժերին դիմագրաված, հարմարված Արմինուսի` «իր մարմնի խորքերից»: Այսինքն` մարմինն ունի նաև այլ օրենքներ, որոնք գալիս են «անվերջանալի հեռվից», որոնց հետ չես կարող հաշվի չնստել: Ի՞նչ է այդ անվերջանալի հեռուն` արյան հիշողությո՞ւն, գենեզի՞ս, անմահ հոգի՞, որ տարբեր դարերում նոր մարմնավորումներ է ստացել: Եվ ինչո՞ւ է մտածում Արմինուսը, թե այդ «հեռվին» «հասնել ինքը ոչ մի կերպ չի կարողանալու»: Այս հանելուկներից ո՞ր մեկով պետք է սկսեր խեղճ Արմինուսն իրեն անհայտ տեղից պարտադրվածի ընդունումը:
Հաջորդը, որ դարձյալ մի անհասկանալի տեղից եկավ, լույսն էր, որը փայլից տարբերելը նույնպես երբևէ գլխացավանք չէր եղել Արմինուսի համար: Այդ փայլն արձակողն ընդամենը ճամփին ինչ-որ մեկի կորցրած ոսկե դինարն էր… այն փորձաքարը, որից պետք է սկսվեր նրա դարձի ճանապարհը: Լույսը փայլից տարբերակելու ուղին` նույնքան դժվար այդ արահետը գտնելը նրան չէր հաջողվի, բայց լույսն ինքն էր վաղուց որոնում ցնցոտիավոր, տնանկ, քաղցած շրջմոլիկին: Դեռ Արմինուսը պետք է գլուխ կոտրեր, թե ո՞վ է արահետի վրա դրել այն մահաբեր օձին, որին ինքը չտրորեց, այլ կյանք շնորհեց. ո՞վ` Աստվա՞ծ, թե՞ սատանան:
Օձը կարծես նախապատրաստումն էր այն մեծ փորձության, որ դառնալու էր Արմինուսի համար կինը: Այս էլ ո՞րերորդ կինն է Ա. Այվազյանի պատկերասրահում, որ, գրեթե առանց բառ իսկ արտասանելու, նվաճում է ցանկացած աշտարակ ու խորտակում ամենազորեղներին:
Դեռ հարկ է առանձին կանգ առնել գրողի ստեղծած պատկերների այս դահլիճում, որտեղ միայն կանայք են` առեղծվածային… Այդ արարածները, կարծես, ոչ մի մեղք չունեն իրենց գործած չարիքների մեջ: Նրանց միակ մեղավորությունն այն է, որ կին են ծնվել և որ կատարյալ են իրենց անմեղսունակ տեսակի մեջ:
Բայց մինչև կինը` մինչև Սասեն, դեռ մի շատ կարևոր թնջուկ ուներ քանդելու Արմինուսը: Նա անդրադարձավ, որ ինքը պատկանում է ամեն կողմից դեպի Եդեսիա հորդացող գաղթականների այն խմբին, որ հայերեն է խոսում: (Ի՞նչ կասեր Ա. Այվազյանը այսօր իրենց օջախը լքած հարյուր հազարավոր փախստականների մասին` միմյանց ոտքերի տակ խռնվելով, ծովերի մեջ` իրենց «փրկող» նավերի հետ խորտակվողների քաոսային շարժման մասին: Երևի կմտածեր` «Իսկ ե՞րբ այսպես չի եղել»): «Մթնոլորտի այս հատվածը, որ մխրճվեց իր լույսի մեջ, անվերջանալի ձանձրույթ ծնեց նրա մեջ, և նա վախեցած զգաց, որ երկրային հավերժությունը տաղտկալի է, վա՛յ նրան, ով ծայրից ծայր պիտի հետևի այս խաղին… Ու մտածեց, որ այս խեղճուկրակը Աստված է: Ու լեզուն կծեց»: Ինչո՞ւ այս թոհուբոհի մեջ գրողը գործածեց հենց «ձանձրույթ» բառը: Երևի այն պատճառով, որ անցյալը, ներկան ու ապագան տեսանողի համար մի օր ձանձրալի կարող է դառնալ խաղի այս անվերջ կրկնությունը: Եվ մի՞թե փողոցային արկածների, ամենօրյա, ամենժամյա սրընթաց գոյակռվի մեջ ծնված, հասակ առած այս կոփվածքը` Արմինուսը, պետք է փոխվեր և դառնար ոչ թե այսօրվա, այլ հավերժի ճամփորդ:
Սասեն` տենդի մեջ ոչինչ չտեսնող այս աղջիկը, որի մի ոտքն այն աշխարհում էր, պետք է դառնար Արմինուսի լույսը, խիղճը և նրան էլի ու էլի կանգնեցներ աշխարհի պարադոքսներից մեկի առաջ` Աստծո՞ւց էր, թե՞ սատանայից:
Այսպիսի մի լույս էր Սինյոր Մարտիրոսի համար Կորնելիան, որ նույնպես, որպես ասուպ, հեռացավ ուրիշ ճամփով…
Ինչպե՞ս հայտնվեց Սասեն… Հայ գաղթականները` «թշվառ ու մորթված մարդիկ, որոնք հազիվ են ոտքերի վրա մնում, ձեռքերի վրա բերում են հիվանդ աղջկան… Եվ Կտակարանի սրբերն ու սրբացած ամբոխները հառնեցին նրա առջև այս բիբլիական բնության մեջ: Իսկապես Աստծո որդիներ…»: Սասեն պատումի մեջ մուտք է գործում որպես հոգի, գրեթե անմարմին, «որ ասես իր (Արմինուսի) մարմնի մի մասը լիներ, իրենից ավելի փոքր, մի քանի ոսկորների միակցություն, և մեջը` հոգի… Աստված իմ…»:
Ծեր բժիշկ Ռաբոզայի հետ կապվածությունն իր միստիկայով ավելի է ուժգնացնում հոգևոր վերելքը, իսկ սյուրռեալիստական միջոցները, ագռավները, Ռաբոզայի կյանքին սպառնացող կրկնակը, նրա կացարանի մռայլությունը սաստկացնում են իրադարձությունների սպասումը, կանխատեսում են ավելի մեծ արագություն շարժման մեջ, որ անհայտ է` մինչև ո՞ւր կբարձրացնի Արմինուսին, ո՞ր կետից ցած կնետի…
Իսկ Սասեն, ում կյանքի էր կոչել Արմինուսը, պետք է դառնար նրա վերելքների ու անկումների վկան, ուղեկցորդը և կարգադրիչը: Թեև Սասեի ձայնը ընդամենը երկու անգամ է լսվում ամբողջ պատումի ընթացքում, բայց այդ երկու բառով` «Սպանի՛ր» և «Խեղդի՛ր», նա կարող էր փոխել շան հավատարմությամբ իրենից կախված Արմինուսի` կյանքի գնով ձեռք բերված ճշմարտությունների իմաստը: Արմինուսը, ինչպես և Աղի Կոմսը, հասավ մեծ բարձունքների, ոտք մեկնեց մեծամեծ իշխանների, այլազգի տիրակալների հետ, նրանց սեղանների ու զեխությունների մասնակիցը դարձավ: Նրան, ինչպես և Աղի Կոմսին, թվում էր, թե կարողացել է գտնել այն արահետը, որ չի խանգարում, այլ, գուցե, նպաստում է լույսի ձեռքբերմանը: Այս ինքնախաբեությունից դուրս գալու ճանապարհին էր, որ մեկընդմիշտ կորցրեց Սասեին: Որոշեց սպանել նրան, դրա համար հասավ Երուսաղեմ, բայց այս անգամ նրան վիճակված չէր խախտել պատվիրանը…
Վիպական գործողությունների սրությունը փոթորկի է հասնում վեպի ավարտական էջերում: Արմինուսը արդեն չի հասցնում հասկանալ, թե ինքը ո՞ւմ է ծառայեցնում իր մեջ եղած լույսը, ո՞ր մի երկրային կամ երկնային տիրակալին: Իրադարձությունների այս խառնաշփոթում այլևս անհնար է հետևել սեփական ձայնին, լսել մունետիկի թելադրանքը… սեփական կամք ունենալ: Վիպակի 22-րդ գլխում պատումին դարձյալ խառնվում է ֆանտասմագորիան, և ընդամենը կես էջում ամբողջանում է տեղի ու ժամանակի հետզհետե ուժգնացող պատկերը: Դեպի Երուսաղեմ, դեպի Քրիստոսի մարմինը փրկելու ելածներն ու սրբազան քաղաքի ոսկուն տեր դառնալու ցանկությամբ արբածները կանգ առնելու ժամանակ չունեն: Մի տիրակալը հանգիստ մորթում էր մյուսին, քաղաքներն օրերի ընթացքում փոխում էին իրենց տերերին… Հալեպցի դերձակ Եբրայուսը այս ամենից ոչինչ չհասկացող Արմինուսին պատմում է հետևյալը. «Դեռ խալիֆա ալ-Ջոյուշը մտավ Հալեպ, սրի մատնեց բնակչությանը և իր ձեռքով քերթեց զինջի ցեղապետին ու նրա մաշկը գցեց իր ոտքերի տակ: Դրանից հետո արդեն պարսից սպասալարը եկավ և քերթեց ամիրայի մաշկը և իր ոտքերի տակ գցեց: Եվ միայն հետո եկավ Ալի-Ալի թուրքմենը և քերթեց… – այստեղ դերձակը պապանձվեց` հիշելով, որ Արմինուսը այս վերջին պատմության ժամանակակիցն է:
Ալի-Ալին Հալեպում եղած արաբ, թուրք, բերբեր, զինջի զինվորներին խառնեց իր զորքին, Պարսից սպասալարի, թուրք ամիրայի և Եգիպտոսի խալիֆայի մաշկերից մի գեղեցիկ թիկնոց ձևեց և գցելով իր վրա (իսկ զինջիների ցեղապետի մաշկը գցեց ձիու վրա)` դուրս եկավ Երուսաղեմի կողմը` ֆրանկների վրա»:
Եվ ահա հենց այս Ալի-Ալիի բանակի հետ է ուզում Երուսաղեմ մուտք գործել Արմինուսը, բայց քաղաք մտնելու համար պետք էր ստորգետնյա անցք փորել: Հենց այս գործին էլ լծվում է «համբերատար հայը»` Արմինուսը: Այս անհավանական, տաժանակիր աշխատանքը կատարելու ընթացքում Արմինուսն սկսում է ներսից եկող Առաջին և Երկրորդ ձայների երկխոսությանը հետևել: Վերջին անգամ նա պետք է ի մի բերեր իր անցած կյանքը… «Ստացվում է, որ լույսը չէ, որ քեզ գցել է սատանայի գիրկը»,- մտմտաց Առաջին ձայնը»… Ի վերջո լսվում է սեփական ձայնը. «Ոչ, լույսը լույս է»: Արմինուսի վերջին բառերը, որ նա արտասանում է ի պատասխան պոռնիկ Մելանոյի` դեպի ցնծագին կյանք հրավիրող խոսքերի, սրանք են. «Չէ… Մելանո… Իմ ճամփան ուրիշ է… Իմ ճամփան տխուր է…»:
Արմինուսը, ինչպես և Երզնկացի Մարտիրոսը, աշխարհի խառնաշփոթի մեջ այսպես են կայացնում իրենց վերջնական որոշումը… ԼՈՒՅՍԸ:
Վիպակն ավարտվում է շատ տարօրինակ կերպով.
COMMEDIA DELL’ ARTE
– Դիմակը ավելի կարևոր է, քան սիրտը,- ասաց Դիմակը այս գրքի Հեղինակին:
– Ոչ,- ասաց Հեղինակը` նայելով հեթանոսական դիմակահանդեսի այլազան դրսևորույթներին:
– Փորձենք,- ասաց Դիմակը և ծածկեց Հեղինակի դեմքը մարդասպանի դիմակով, իսկ մարդասպանի դեմքը` բարի ժպիտով: Նրանք նայեցին իրար, և Հեղինակը տեղնուտեղը տապալվեց ու մեռավ:
– Դու ճիշտ ես: Սիրտը ավելի կարևոր է, քան դիմակը,- ասաց Դիմակը մեռած Հեղինակին և շինեց սիրտ պատկերող մի նոր դիմակ:
Ահա էլի մի հանելուկ, որ, գուցե, Արմինուսը պետք է լուծի… Հետագա իր մարմնավորումներից մեկի ընթացքում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։