Մանվել ՄԻԿՈՅԱՆ / ՊԱՀՊԱՆԵՆՔ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՎԱՐՔԱԳԻԾԸ

Եթե որևէ մեկն այս օրերին ասի, թե ինքը զերծ է վախի ու տագնապի զգացողություններից, առնվազն ստում է: Այդ զգացողությունները բոլորիս համակեցին հատկապես այն ժամանակ, երբ առաջին անգամ արտակարգ դրություն հայտարարվեց մեր երկրում: Այն ավելի խորացավ, երբ արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվեց մինչև մայիսի 14-ը: «Լոռու մարզ» և «Երկունք» թերթերը տպագրության են նախապատրաստվում նույն խմբագրությունում` նույն աշխատակիցների ջանքերով:
Մարտի 16-ից հետո` մեկ շաբաթ անց, որոշեցինք աշխատանքային հինգ օրվա փոխարեն սահմանափակվել երկու օրով` երկուշաբթի և հինգշաբթի, որովհետև մյուս օրերին շաբաթը երկու անգամ տպագրվում է «Լոռու մարզը»: Չնայած ծանրաբեռնվածությանը` «Երկունք» ամսաթերթի 3-րդ համարը հրատարակեցինք երկու մամուլով, արդեն տպագրվել է նաև 4-րդ համարը: Չնայած դժվարություններ ծագեցին «Հայփոստին» և «Պրես Ստենդին» առաքման հարցում, բայց ելքը գտել ենք, և թերթերը տպագրվում են սովորական գրաֆիկով: Ես, որպես հիշյալ երկու թերթերի խմբագիր, աշխատում եմ նաև մնացած օրերին` ներառյալ շաբաթ և կիրակի օրերը:
Մարտ և ապրիլ ամիսներին ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքը նախատեսել էր մի շարք միջոցառումներ, որոնք հետաձգվեցին: Իսկ «Արարատ Մկրտումյան» մրցանակաբաշխությունն արդեն ամփոփել ենք, հայտարարել արդյունքները: Մրցանակաբաշխության հանդիսությունը կկայանա արտակարգ իրավիճակի ավարտից հետո, Ալավերդի քաղաքում: Թվում էր` ստեղծագործական կյանքը պետք է ընդհատվի, սակայն անցած երկու ամսում գրել եմ բանաստեղծությունների մի ստվար շարք` առանց շրջանցելու ներկա իրավիճակի հոգեբանական դրսևորումները, տրամադրությունները: Այս օրերին բոլորս համոզվեցինք, որ կենդանի շփումը հարազատների, ընկերների և ծանոթների հետ ոչնչով հնարավոր չէ փոխարինել: Կարոտի մեղմացումը օնլայն տարբերակով լիովին ձախողված է:
Որքա՞ն կտևի այս ամենը: Հարցը մնում է օդում կախված` ծանրացնելով շնչառությունդ, սակայն նաև ինքնափորձարկման բացառիկ հնարավորություն տալով: Նույնիսկ այս պայմաններում խնջույքների մասնակցելու հրավերներ են լինում «անվախ» ընկերների կողմից, որոնք մերժվում են:
Բայց ամենադաժանը մտերիմների հետ կապված տխուր առիթներն են, որոնց չմասնակցելը, նրանց ձեռքը չսեղմելը հոգեբանորեն ոչնչացնող ազդեցություն է գործում` չնայած նրանք ըմբռնումով են մոտենում այս ամենին: Այս իրավիճակը բացառիկ առիթ է նաև սրբագրումներ կատարելու մեր շրջապատի մարդկանց բարոյահոգեբանական փոփոխությունների վերաբերյալ: Այն մարդիկ, ովքեր սովորական պայմաններում բարի ու կամեցող էին, այժմ այդ հատկանիշներով ավելի ցայտուն են դրսևորվում: Սրտացավության և հոգատարության որոշակի դրական տեղաշարժ է նկատվում այն մարդկանց շրջանում, ովքեր երբևէ չեն փայլել այդ հատկանիշներով: Սակայն մեծ հաշվով այդ մարդիկ ի վիճակի չեն փոխվելու, որովհետև մեկ անգամ ևս համոզվում ենք, որ ոչ մի համաճարակ կամ բնական` թեկուզ ամենասարսափելի աղետ ի զորու չէ փոխել մարդու էությունը, որի կարծրանալու գործընթացն անկասելի է: Մարդկությունն իր գոյության ողջ ընթացքում պահպանվել և զարգացել է բարձր ոլորտներում գտնվող հոգեկերտվածք ունեցողների շնորհիվ, ու այդպես էլ շարունակվելու է: Հատկապես այս օրերին պետք է ավելի հանդուրժող և ներողամիտ լինենք գետնաքարշ էություն ունեցողների նկատմամբ` նրանց դարձի բերելու դժվարին գործը թողնելով Բարձրյալին: Խոսքն, իհարկե, չի վերաբերում մարդկանց քրեական դրսևորումներին: Ինչպես բոլոր աղետները, այս մեկն էլ կանցնի, և տա Աստված, որ նվազագույն լինեն կորուստները: Մնում է` պահպանենք արժանապատիվ վարքագիծը ոչ միայն աշխատանքում, այլև մարդկային հարաբերություններում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։