ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ / Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 58671879_1897949800310355_2727332704298205184_nԵղեռնի տարիներին Հովհաննես Թումանյանի ինքնամոռաց սխրանքը հայ ժողովրդի պատմության անմոռաց էջերից է: Գրողն իր աչքերով տեսավ համազգային աղետը, ականատես եղավ ժամանակի զարհուրանքներին և կյանքով ու գործով դարձավ ինչպես իր ազգի ու ժամանակի մեծագույն գործիչը, այնպես էլ պատմագիրն ու վավերագիրը:

1914-1915 թթ. Թումանյանը երկու անգամ ուղևորվեց Արևմտյան Հայաստան, ամիսներ շարունակ Էջմիածնում զբաղվեց տասնյակ հազարավոր գաղթականների խնամքով ու որբախնամ գործունեությամբ: 1914 թ. նոյեմբեր-դեկտեմբերին նա քայլում էր Արևմտյան Հայաստանի սառած ճանապարհներով և հաղթահարում Դիադինի, Ալաշկերտի, Բայազետի և այլ բարձունքներ, որոնց սառույցների վրա սայթաքում էին նույնիսկ ռազմամթերք տանող ուղտերն ու ձիերը: Կողոպտված ու ավերակված Արծափը արևմտահայ առաջին գյուղն էր, ուր ոտք դրեց բանաստեղծը և տեսավ Եղեռնի թարմ հետքերը, բարձրավանդակի վրա կառուցված հին եկեղեցին` իր մեծ, կորաձև գմբեթով, տեսավ բերդավանը` շրջապատված կիսավեր պարիսպներով, Ս. Գրիգորի ավերակ վանքը և Ծաղկավանքը, որը շեն ու կանգուն էր եղել մինչև 19-րդ դարի վերջը, լսեց սարսափելի պատմություններ:

Բայազետի եկեղեցու արնաշաղախ պատերի մեջ Թումանյանը փորձում էր հույս ներշնչել հոգեսպառ ու արնաքամ ժողովրդին, այնուամենայնիվ, արցունքներ էր տեսնում բայազետցիների, թվում է, արդեն ցամաքած աչքերում: Դիադինի մոտերքում նա զարհուրում է` տեսնելով «Դիակների ձորը»` 1914թ. հոկտեմբերի 21-ի կռվում զոհված և շուրջ մեկ ամիս անթաղ մնացած թուրքերի ու քրդերի դիակներով, լսեց, որ քրդերն ու թուրքերը իրենց ազգակից վիրավորներին փրկելու կամ սպանվածներին հուղարկավորելու փոխարեն, դեռևս ողջ ցեղակիցների հագուստներն էին գողանում: Ղարաքիլիսայի` երեք անգամ կիսավեր եկեղեցում բանաստեղծը թալանված քահանաների հետ ծնկաչոք երգեց «Ապավինեցաք ի խաչ քո Քրիստոսի»…

Ամենուր նկատում էր կուժ ու կուլաներն ուսերին` աղբյուրի մոտ հերթի սպասող կանանց ու երեխաների, սակայն չէր լսում մանկական ուրախ ձայն, միայն մռայլ ու անժպիտ, «վաղաթառամ» դեմքեր: Ամայի ու դատարկ գյուղերով քայլում էր թնդանոթաձգության ձայների ուղեկցությամբ, անձամբ նայում գերեվարված, նախ` գազան կտրած, ապա` խեղճացած ու ողորմելի թուրք ենիչերի աչքերին:

Իր առաջին ուղևորության ժամանակ Թումանյանը մի քանի անգամ հրաշքով է փրկվում մահից: Նախ 1914թ. նոյեմբերի 19-ին բանաստեղծը Օրգովի ճանապարհին ընկնում է ճահիճների մեջ: Կարելի է միայն ենթադրել, թե ինչպես էր սաստիկ ցուրտն ու խոնավությունը երեք ժամից ավելի տանջել վատառողջ թոքերով, հաճախակի դողէրոցքով հիվանդացող բանաստեղծին, մինչև դուրս էր եկել ճահճուտից հարթ տարածություն: Տասն օր անց` 1914 թ. նոյեմբերի 29-ին, Ալաշկերտից Խաստուր գյուղի ուղղությամբ անցնելիս, թյուրիմացաբար քիչ էր մնում ռուս զինվորների կրակոցների զոհ դառնար: Թումանյանը Արևմտյան Հայաստանում էր, երբ սկսվում է Ալաշկերտի շրջանի գյուղերի բնակչության համատարած գաղթը` պայմանավորված ռուսական զորքերի կարճատև նահանջի հետ: Զետկան ու Մոլլա Սուլեյման գյուղերը չեն կարողանում միանալ գաղթականների հոսանքին և կործանվում են: Ընդամենը օրեր առաջ Թումանյանը Զետկանում էր: Ծայրահեղ աղքատության մատնված այս գյուղում ամենքն ուրախանում են` տեսնելով անվանի բանաստեղծին, որի ստեղծագործությունը հրաշալի գիտեին, և ոչ միայն այդ գյուղում: Թումանյանը գրում է. «Շատ տեղեր դեպք եղավ գյուղերում, որ ինձ մոտ էին գալիս պատանիներ, երիտասարդներ, խոսում էին իմ բանաստեղծություններից»:

Հանդիպելով իրենց սիրելի գրողին` Զետկանում, հատկապես կանայք ու աղջիկները, ուրախությունից լաց են եղել, խնդրել են մի հիշատակ թողնել: Նրանցից ոմանք հպարտությամբ ցույց են տվել իրենց տներում պահվող Թումանյանի երկերի հրատարակությունները: Թե ինչ հիշատակ է նա թողել, չենք կարող ասել, բայց որ կատարել է նրանց խնդրանքը, չենք կասկածում: Եվ երբեք ու ոչ ոք չի իմանա այդ հիշատակի մասին, քանի որ այս գյուղի անունը ընդամենը մեկ երկու շաբաթ անց սարսուռով են հիշելու բոլոր ականատեսները: Թումանյանի հեռանալուց հետո Զետկանի բոլոր 90 ընտանիքները` յուրաքանչյուրը մոտ 30 անձից բաղկացած, այլևս գոյություն չունեին. մնացել էին գյուղի ավերակները և ոռնացող անտեր շները: Թումանյանը վերադառնում է և իր աչքերով տեսնում այդ գյուղերի` իրեն ծանոթ բնակչությանը` անարգված, խոշտանգված, պղծված: Եվ միայն երջանիկ պատահականությամբ պոետը չդարձավ այդ եղեռնագործության զոհերից մեկը, այն զոհերի, որոնց թվում էին իրեն «Հազարան բլբուլի» տարբերակները պատմող երկու գյուղացիները` 42-ամյա Սերոբ Մարգարյանը, 36-ամյա Ավետիս Կարապետյանը և բանաստեղծից որևէ հիշատակ խնդրող կանայք ու աղջիկները:

Չնայած տեսած զարհուրանքներին` Թումանյանը երկրորդ անգամ էլ խիզախեց գնալ Կովկասյան ռազմաճակատ. 1915 թ. ամռանը` հունիսի 6-26-ը, եղավ Վասպուրականի գյուղերում` «ավերակների ու դիակների աշխարհում», ուր վերստին արձանագրեց բարբարոս թուրք ոճրագործի հետքը: Այն, ինչ տեսավ ու լսեց, թեև կցկտուր, սակայն գրի առավ իր օրագրերում, որոնք այսօր Հայոց ցեղասպանության արժեքավոր վավերագրեր են:

Բանաստեղծի ծոցատետրում հանդիպում ենք գրառումների Եղեռնի բազմաթիվ ահազարհուր դեպքերի մասին: Ցեղասպանության ամենասարսափելի նկարագրությունը հուլիսի 29-ին Իգդիրում արված գրառման մեջ էր. պոետը վկայում է. «Թուրքերն ու քրդերը հայ գյուղերում կոտորելիս ամեն մի տեղ մի ձև են մտածել – մի տեղ խաչել են ու խփել կամ խորովել – ինչպես Գործոթում ու Տիրամերիկում, մի տեղ փորերը ճղել են ու աղիքներով զանազան խաղեր հորինել – վզներով, ոտներով փաթաթել են – մի տեղ մորթոտել են, մի այլ տեղ գետն են ածել կապած (Աբաղա, Բերկրու կամուրջը), մի այլ տեղ (Խնձորկեն, 100 տնից ավելի) բոլորին` երեխաներին ու կանանց, կախել են իրենց տներում օճորքների գերաններից (տղամարդկանց ձորումն են կոտորել)»:

Թումանյան հրապարակախոսի և ուսումնասիրողի սևագրություններում նույնպես պահպանվել են «Տաճկահայաստան կոչված դժոխքում» գազան մարդու բարբարոսական զվարճությունների բազմաթիվ այլ պատկերներ, որոնցից են. «Երեխաների ճակատներին մեխ են զարկել, խաչել են, կենդանի մարդկանց մարմնի զանազան մասեր կտրատել են, զանազան կերպ դասավորել, խաղեր են արել, մինչև կեսը դրել են պղինձն ու կեսից ներքև եփել, որ մյուս մասը կենդանի տեսնի ու զգա… կենդանի խորովել են: Ծնողների առաջ երեխաներին են կոտորել, երեխաների առաջ` ծնողներին»:

«Ստեղծագործ միտք» դրսևորել` «աղիքներով խաղեր հորինել», հաճույք ստանալ արյունից, երեխաների ճիչերից ու սարսափներից, թվում է, բնորոշ պիտի լիներ միայն հոգեկան շեղում ունեցող մոլագարներին, այն էլ ոչ բոլորին: Գրեթե ազգովի թուրքն ու քուրդը հատուկ ջանք էին թափում առավել «հետաքրքիր» դարձնելու ջարդն ու կոտորածը, որպեսզի հպարտանային մարդկանց կոտորելու ձևերի բազմազանությամբ. «Մի տեղ  շտիկը փորներն են կոխել – գլխներին կացնով զարկել… Մուշում ընտանիքներին այրել են հենց իրենց տների մեջ»:

Ի՞նչ պիտի զգար Ամենայն հայոց բանաստեղծի զգայուն սիրտը, երբ ամենուր տեսնում էր վայրագ թշնամու արյան խրախճանքի մնացորդները: Թումանյանն է վկայում, որ Բիթլիսում յոթ տարեկանից բարձր բոլոր տղաներին ստիպել են իրենց իսկ գերեզմանները փորել և կենդանի թաղել են… Նույն կերպ վարվել են Դատվանում` օգտագործելով ցորենի հորերն իբրև գերեզմաններ:

Բնական է, որ այս ամենից հետո հայ մարդու մեջ իշխողը պետք է լիներ հարազատների արյան համար վրեժի զգացողությունը, հակադարձելու, պատասխան տալու, թշնամուն, թերևս, իր իսկ ձևերով պատժելու ցանկությունը, որն ավելի մեծ անհանգստություն է պատճառում բանաստեղծին. «Էսպեսով գազանության են հասցրել նաև շատ հայերի ու կործանել են մեր ցեղը ոչ միայն ֆիզիկապես, այլև բարոյապես»:

Բանաստեղծն արդեն երկմտում էր` արդյո՞ք մեղավոր են միայն իշխողները, կազմակերպիչները. չէ՞ որ իշխանությունները չէին կարգադրել մարդկանց աղիքներով խաղեր հորինել: Մռայլվել էր բանաստեղծի լուսավոր հայացքը, երերուն էր դարձել հավատը: 1915 թ. հուլիսի 29-ի գիշերը նա արդեն Էջմիածնի դժոխքում էր: Օգոստոսին արված գրառումները վկայում են Եղեռնի զարհուրելի տեսարանները Էջմիածնում, ուր ասեղ գցելու տեղ չկար. «Մայրերը` ծնկներին մեռած երեխաները – մարդը ծեծում է կնոջը, թե երեխաները որտե՞ղ կորցրիր… ոմանք գոհ են, որ ապահով են արդեն – երեխաներ էլ կան, որ ուրախանում են էս հսկայական ուխտագնացության թե զբոսանքի համար»: «Երեխանե՛ր, երեխանե՛ր, երեխանե՛ր… անտեր, սոված, հիվանդ,- գրում է Թումանյանը:- …Սաստիկ, սաստիկ ծանր էր նրանց հետ խոսելն ու խոսեցնելը… Եթե խոսել ու խոսեցրել եմ, էն էլ շատ քիչ, պատահմունքով… Սակայն շարունակ աչքիս առաջն է… նրանց վտիտ, քաղցած ու մերկ բազմությունը… անհամար կմախքներ, կմախքներ, որ դեռ շնչում էին…»:

Էջմիածնից վերադառնալուց հետո Թումանյանը երեք ամսից ավելի անկողնային հիվանդ էր ու դեռ երկար ուշքի չէր գալու: Տարիներ անց գրում է. «…Անկարելի է պատմել, թե ինչ էր Էջմիածինը… հիրավի, ես և՛ տեսնում էի, և՛ զգում էի դժբախտության և թշվառության ահռելիությունը, բայց միայն հեռանալուց հետո, մանավանդ այժմ է, որ չեմ կարողանում նրանց տեսնել, ինչպես և գաղթականներին առհասարակ, բայց մանավանդ նրանց – որբերին: Տեսնելու համար հսկայական ուժ է հարկավոր… Շատ բան կա, որ էլ չեմ սիրում, և բաներ էլ կան, որ սիրում եմ, բայց տեսնել չեմ կարող: Օրինակ, էն օրվանից հետո, որ տեսա մորս` սպանված եղբորս դիակի վրա, և մյուս սպանված եղբորս (սպային) էլ թաքցրինք, որ նա չիմանա, այլևս չեմ կարողանում տեսնել նրան – իմ մորը»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։