«Տոհմածառերի՞ երկիր». իզուր մի՛ փնտրեք, աշխարհի ոչ մի քարտեզի վրա այդպիսի առեղծվածային երկիր չեք գտնի: Բայց Անտուան դը սենթ էքզյուպերիի՝ «Մենք գալիս ենք մանկությունից՝ ասես մի մոլորակից» իմաստախոսության հանգույն՝ անվանի բանաստեղծ և գեղանկարիչ Արևշատ Ավագյանին՝ հենց նրա՛ն է հաջողվել «հայտնաբերել» այդ երկիրը… իր իսկ հեղինակած համանուն գրքում:
«Սպիկա» հրատարակչության լույս ընծայած այս գիրքը ներառում է հեղինակի՝ վերջին շրջանում ծնված ստեղծագործությունները: Բանաստեղծը կարծես նույնպես «գալիս» է «տոհմածառերի երկիր-մոլորակից», ավելի ճիշտ, հենց այդ տիեզերական երկիր-մոլորակի բնակիչ է: Եվ ինքն էլ, ի սկզբանե փարատելով մեր ակամա տարակուսանքը, այս զարմանալի գրքի հետ մեզ ծանոթացնում է իր իսկ բացատրականով. ««Տոհմածառերի երկիրը» բանաստեղծական խոսքով, պատկերավորությամբ, փոխաբերական միջոցներով ներկայացնում է այն գաղափարները, որոնք Հայոց աշխարհը պետք է հզորացնեն ազգատոհմերի, հայրենատների հայաշունչ կենսունակությամբ»: Եվ մեր՝ ընթերցողներիս (նաև՝ գրաքննադատներիս) «գործը» յուրովի հեշտացնելով՝ «Հայրենատներով հզորացնենք երկիրը» նախաբանում մեկնաբանում է, որ այն «բանաստեղծական գիրք է ազգատոհմերով և հայրենատներով մարմնավորվող, հոգեղենացնող Հայրենիքի մասին»: Եվ ավելի է մանրամասնում, որ «Տոհմածառերի երկիրը» գաղափարագիրք է, նպատակ ունի հորդորելու ընթերցողներին, որ հայրենատներով, հայ մշակույթով զորացնեն ու ընդլայնեն հայրենասիրության կենարար շունչը մեր հայրենիքում ու հայրենի մոլորակում, և որ «այս գիրքը սիրո, խաղաղության և համերաշխության մասին է, մեր եղեռնազարկված պատմությունը լուսավոր բարեշրջումներով, հավատով հավերժություն տանելու մասին»…
Եվ գրքի հենց առաջին՝ «Ինքնանկարի էսքիզ» բանաստեղծությամբ էլ բացում է մեր առջև իր ներաշխարհի դռները.
Երազանքներիս գույներն են հայտածվում//մտաշխարհիս մեջ`//արյան ավիշի կենսառիթմերը//դարձնելով երգ,//հույզ ու զգացում…
Եվ ապա՝
…Մարդասիրական նրբերանգներով//զգում եմ կյանքի թովչանքն ամբողջ,//հայորդի եմ ես,//ազգիս լավագույն հատկանիշների//հավաքածուն է ներաշխարհիս մեջ:
Ահա այսպես, ժամանակակից հայ պոեզիայում «հայտնվել է» իր տեսակով, ոգենյութով ու էությամբ եզակի գիրք՝ կնքված «տուն-հայրենի տուն-Հայաստան» երիցս թանկ խորհրդանիշերով: Հայրենախոս բանաստեղծը, հոգին պարուրած առեղծվածների, խորհրդանիշերի, միֆական ծածկագրերի յուրովի վերծանումով, իր ստեղծագործական տարերքին բնորոշ ոճական-խոհափիլիսոփայական ինքնատիպ երգերով մեզ առաջնորդում է մի զարմանալի «տիեզերածավալ մոլորակ»: «Արձակ» պոետական հզոր շնչով, ներհուն կենսառիթմերով նա ընթերցողի հետ զրույց է վարում «տոհմածառերով» ու «հայրենատներով» զորեղանալու կոչված մեր հայրենիքի, մեր ազգի անցյալ ու ներկա ցավերի, տագնապների և ապագայի տեսլականների, ի վերջո՝ հուսո ու հավատի մասին… Եվ այդ ամենը ասում է «ոչ թե խոսքով, այլ հոգով ու սիրող սրտով»:
Երկիր-մարդ-տիեզերք համակեցության արևշատավագյանական այդ յուրօրինակ «զրույցը» նրա ստեղծագործության «կրեդոն» է դարձել դեռևս կես դար առաջ ծնված «Ակունքներ» ժողովածուում, ապա խորացել, ծավալվել և ներհուն իմաստախոսության նոր շերտեր է ընդգրկել խորհրդանշական խորագրերով գրքերում՝ «Երկնային պատուհաններ», «Աստղի ծնունդը», «Լույսի արմատներ», «Անվայրէջք թռիչքներ», «Աստղալույսերի ձայնը», «Հոգենյութ», «Խոսք և գույն», «Հոգեգույները՝ ծածկագրերով», «Տիեզերքի սրտխփոցը»… շատ են: Մեր պոեզիայի մայրուղում վաղուց ի վեր իր ստեղծագործական ինքնատիպ կածանը հաստատած մեծանուն բանաստեղծը այսպիսի անսովոր համապատկերով մեր առաջ բացում է երկիր-մարդ-տիեզերք, ավելի ճիշտ՝ հայոց երկիր-հայ մարդ-հայասփյուռ տիեզերք «եռանկյունում» պարփակված անտեսանելի, սովորական մահկանացուներին անիմանալի բազում առեղծվածներ ու ծածկագրեր՝ մարդկայնացնելով տիեզերքը՝ սրտխփոցով, և մարդուն՝ տիեզերածավալ էության գաղտնազերծումներով:
«Տոհմածառերի երկրի» չորս՝ համանուն, «Տարեգրություններ», «Պտղակալող սեր» և «Սիրերգեր» շարքերի բանաստեղծություններում Արևշատ Ավագյանը հայորդու սրտացավությամբ, առավել ներհուն ասելիքով շարունակում է իր իմաստախոս «դասերը» մայր հայրենիքի, նվիրյալ ազգի անցած ճանապարհի ցավ ու տագնապների, վայրէջք-վերելքների, մնայուն արժեքների հարատևության, հայոց սերունդների մեջ բացվող օրվա լույսը, հույսն ու հավատը թեժ պահելու և մտահոգող այլ հարցերի շուրջ: «Տարեգրություն» շարքի երգերում հայրենի երկրի կենսընթացի վայրուվերումները արտապատկերված են «հոգով ու սրտով». անկախության քաղցր ու դառը «պտուղների», ավերիչ երկրաշարժի, սումգայիթյան ոճրագործ ջարդի, Արցախյան հերոսամարտի, նաև «մութ ու ցուրտ գիշերների մղձավանջի», «վերակառուցման» կարգախոսով վերաքանդված Երկրի ավերակների տակ մնացած հավատի, այսպես՝ ժամանակի այլ տագնապների ու «վերքերի» զգայացունց հիշատակումներով բանաստեղծը, ի վերջո, ապավինում է խորհրդանիշ լույսին. «Երկիր մոլորակի և ազնիվ հոգիների» առաջընթացը խոչընդոտող մութ ուժերի համախմբմամբ կհաղթեն «բարի, արի ու արդարամիտ մարդիկ», և դա կլինի «հավատին թև տվող հույսի» հաղթանակ: Հավատ և հույս, որ մենք՝
Եղել ենք, կանք ու կլինենք//հավերժորեն փոխակերպվող//կյանքի հոլովույթում…//Ես, դու, նա,//անցյալ կատարյալը//և գալիք ապառնին,//կանք, կլինենք,//քանի որ հավերժական ու անմահ//կյանքի ուղեկիցներն են եղել//աստվածային սերն ու հավատը//այսօր, վաղը,//ընդմիշտ…
Եվ այնուհետ, արդեն «Տոհմածառերի ճյուղերին բողբոջող, ծաղկող ու պտղակալող սիրո» ոգեղեն տարերքի մեջ հայտնվելով, բանաստեղծի անհուն երևակայության թռիչքների զորընդեղությամբ տարված՝ այլևս դուրս չենք գալիս այդ աշխարհից, և ճանապարհները մեզ տանում են արհավիրքից եղեռնազարկված, բայց փյունիկի պես վերածնված «Գյումրի հայրաքաղաք», Օշական ոստանի մերձակայքում իր իսկ՝ գրողի հիմնադրած «Յոթ մուսաների այգի»՝ արդեն հանրահայտ մշակութային օջախ, որ ամեն անգամ «լցվում է սիրուց ու բերկրանքից հասունացած երգերով, խոսքերով, գույներով ու մեղեդիներով հոգեթով…»: Այս շարքի վերջերգը «Կաթնածիր» պոեմն է՝ բանաստեղծի ներաշխարհը ալեկոծող մտորումները, ողջ գրքի հուզական գաղափարները արտապատկերող-յուրովի շեշտադրող խոհափիլիսոփայական բարձրահունչ տարերքով մի հյուսվածք, որն ինչ-որ տեղ մեծն Խորենացու «Ողբի»՝ տասնհինգդարյա հեռուներից հայրենացավ տագնապների նորօրյա համարձագանք է՝ ոչ միայն սոսկ ազգային, այլև համամարդկային շեշտադրումներով: Բանաստեղծը «Տիեզերքի Տիրոջ զավակների բնակավայր Հողագունդը՝ մարդկանց մոլորակը, չարիքի զավակներից, որդնած, փչացած ու հնացած գաղափարներից, ստոր ու անմարդկային ծրագրերից, ամեն տեսակի խարդավանքներից փրկելու» կոչնակներ է հնչեցնում այսպիսի հուսավառ հավատով.
Ամեն Աստծու օր//Տիեզերքի Տիրոջ կամքով//Երկիր մոլորակ են գալիս//լուսածին ու անմեղ հոգիները//երեխաների տեսքով՝//բարության ու արիության,//սիրո և հավատի//կենսական ներուժով լիցքավորված…//Նրանք նորոգում են//մեր բարի ու հին մոլորակի//կյանքն ու ապրելակերպը,//նոր լիցքեր են տալիս//հավատի ու սիրո նվիրյալներին,//նեցուկ են դառնում անկախության ու ազատության//մշտանորոգ գաղափարներին//և երկրային կյանքը//տանում են//վերընթացի ճանապարհով…
Եվ վերջապես չորրորդ՝ «Սիրերգեր» շարքի բանաստեղծություններով Արևշատ Ավագյանը մեզ պարգևում է երկնային և երկրային սիրո «երջանկաբեր ակնթարթներ» ու տոգորում նույն հուսավառ հավատով, «սիրո ու նվիրումի գրկում սրբազան զորությամբ աճող հայ ընտանիքի հարատևությունը ապահովող հայրենատների զավակների» համազգային-համամարդկային տեսլականով, որով ավարտվում է գիրքը: Բայց ավարտվո՞ւմ է արդյոք: Հերթն արդեն ընթերցողինն է, որ բանաստեղծի տաղանդի շնորհիվ դարձել է «տոհմածառերի երկրի» մշտական բնակիչ՝ նրա ներաշխարհի գույների ու ձայների մեջ առավել խորքով թափանցելու, գաղտնազերծելու ու վերլուծելու, մարդու «տիեզերական սրտխփոցը» ունկնդրելու տենչանքով:
Մենք միայն մի քանի նրբագիծ «որսացինք» Արևշատ Ավագյանի այս նոր գրքի սահման չճանաչող ներաշխարհից, գիրք, որ, ինչպես միշտ ի՛ր պարագայում, գեղազարդված է ինքնատիպ գրանկարներով, խոսքի և պատկերի անքակտելի համադրությամբ: «Տոհմածառերի երկիրը», անշուշտ, ավելի խորքային, հանգամանալից անդրադարձ է թելադրում, քանզի այն ոչ միայն բանաստեղծի հերթական ստեղծագործական նվաճումն է, այլև ժամանակակից հայ պոեզիայի ամենահետաքրքիր և համակողմանի ուշադրության արժանի երևույթ:
Մեկը «Տոհմածառերի երկրի» բնակիչներից`
Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Բան. գիտ. դոկտոր