Սերժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

ՏԱԳՆԱՊ
Տագնապում է սիրտս նորից,
Ու հին ցավն է ծակում…
Մուժ է ելնում խորունկ ձորից,
Ճամփաները փակում:

Մուժը ելնում, տարածվում է
Ու սարսուռ է դառնում,
Հանդ ու հովիտ իր գետնաքարշ
Թևերի տակ առնում:

Ժայռի ծերպին մերկ ու ծավի
Մի ծաղիկ է դողում.-
Թանձրանում է մուժը դավի,
Դեպի վեր է սողում:

Թանձրանում է մուժը դավի,
Ճամփաները փակում.-
Տագնապում է սիրտս նորից,
Ու հին ցավն է ծակում…

ԷԹՆԱ
Է՛թնա,
Ես այս գիշեր
Տվայտել եմ քեզ հետ,
Քեզ հետ ողջակիզվել
Ժայթքումներով հրե,
Ընդերքներից բխող
լույսը ծաղիկներիդ
Ու բոսորն այդ լույսի
Սրտիս բաբախներով
Գիշերվա մեջ ցրել…
Է՛թնա,
Ո՞վ է խառնել
Խորքերը քո մթին:
Ո՞վ է արթնացրել
Քո ընդերքում նիրհող
Կրակի խենթ ոգին,
Կախարդանքով մոգի
Վերև հանել նորից
Մրրիկն այդ հրեղեն,
Որին սանձահարելն
Անհնար է, գիտե՜մ…
Է՛թնա, իմ հեռավո՜ր,
Հասկանում եմ ես քեզ.
Տեգերն այս բիրտ դարի
Սաստիկ են փորփրել
Խորքերը քո քարե,
Սպիները քո հին`
Մերկ կողերիդ խաչվող
Կայծակներից բացված:
Սաստիկ են փորփրել
Մոխրափոշին քո տաք`
Հառաչա՜նքն այդ խանձված…
Է՛թնա,
Ես այս գիշեր
Տվայտել եմ քեզ հետ,
Քեզ հետ ողջակիզվել
Ժայթքումներով հրե,
Ընդերքներից բխող
լույսը ծաղիկներիդ
Ու բոսորն այդ լույսի
Սրտիս բաբախներով
Գիշերվա մեջ ցրել…
Իսկ առավոտն այնպե՜ս
Մաքուր էր ու վճիտ
Իմ քարքարոտ հողում:
Եվ այդ մաքրությունից
Եթերն էր զրնգում:
Ջուրը մով ակների
Դարձել կարոտի կանչ
Ու սրինգ էր դարձել
Հովերի շուրթերին:
Եվ առավոտն այնպե՜ս
Մաքուր էր ու վճիտ
Իմ քարքարոտ հողում:
Երկնքի բուրվառը իր ուսերին առել,
Իմ սրբազան լեռն էր
Կապույտի մեջ շողում,
Լե՜ռն իմ գերեվարված`
Մորմոքն իմ հին ցավ…
Նրա կատարներին
Ու լանջերին, Է՛թնա,
Գողացված իմ հողի
ծիածանն է մխում:
Նրա անդունդներում
Լլկված լուսայգների
ծվեններ են ծխում:
Աղբյուրները նրա
Հեկեկանք են որբի
Ու բողոքի ճչյուն
Քարերն ի վար այրվող:
Երբ գիշերը քեզ հետ հեծում էի լռին
Ու գալարվում ցավից,
Երակիս մեջ,
Է՛թնա,
Իմ սրբազան լեռան
Համբերանքի ամպն է
Շանթի նման պայթել
Ու նետել ինձ հեռուն:
Ես այդ ամպի
Մաքո՜ւր-մաքո՜ւր շիթերն առած,
Քամիների թևով գալիս,
Ծաղիկներիդ ծարավն էի շոյում:
Ես հոտն էի առնում
Կիզվող քո կրակի,
Որ կրակ չէ միայն`
Տարերք է խենթության,
Կողերդ ի վար այրվող
Գեղեցկություն է սուրբ:
Ես հոտն էի առնում,
Կծու ծխահոտը
Քո տաք մոխրափոշու,
Որ ծուխ ու մուր չէ լոկ`
Փլված սյուն է լույսի
Ընդերքներից հառնած,
Որ պիտի վե՜ր ելներ
Եվ ճառագայթն իր սուր
Տիրոջ կողը խրեր…
Է՛թնա,
Ես այս գիշեր
Տվայտել եմ քեզ հետ,
Քեզ հետ ողջակիզվել
Ժայթքումներով հրե…

ԲԱՐԵԳՈՒԹ ԵՂԻՐ
Հավատաքննի՛չ,
Նավզիկեի պես հմայի՜չ ես դու,
Սքանչելի ես Նավզիկեի պես:
Աղաչում եմ քեզ,
Հանիր սքեմդ,
Վեր կաց ու գնա,
Քայլիր կապուտակ հովերի միջով…
Քո հմայքներից
Թող ծաղիկների գույները զնգան,
Մասրենիները խոնարհվեն սիրով,
Երաշտից հողի կուրծքը ներքաշված
Ակնե՜րն արթնանան
Եվ արծաթն իրենց վերստին ցողեն
Խոտերին թավիշ:
Վեր կաց ու գնա,
Քայլիր դաշտերով,
Լեռները ելիր
Ու լեռների մեջ ծաղիկն այն դարձիր,
Որին, սիրելի՛ս, հասնելու համար
Ծնկների վերջին կորովն են քամում:
Գնա ու դարձիր
Ծաղիկն այդ անկեզ,
Դարձիր այրումն այն
Սրբազան ցավի,
Որ արարում է կրակը մաքուր
Ինքնաբաշխումի՜…
Հավատաքննի՛չ,
Աղաչում եմ քեզ,
Հանիր սքեմդ,
Վեր կաց ու գնա,
Քայլիր կապուտակ հովերի միջով.
Թող սեզով բուրի
Լույսդ կանացի,
Ուրցով, մասուրով,
Որ ամեն անգամ քեզ վերծանելիս
Իմ սիրտը դողա,
Քեզ վերծանելիս
Եթերը լցվի բույրերով քո տաք:
Վեր կաց ու գնա,
Որպես արշալույս,
Որպես արարման չմարող ոգի:
Բայց չես լսում ինձ,
Իմ աղերսանքը չես լսում, Արդա՛ր,
Շարունակում ես հավատն իմ քննել,
Նենգության վնգող նետերից խոցված
Հավատն իմ տոկուն,
Իմ մաքրությունը լեռնաղբյուրային:
Շարունակում ես ինձ բռնադատել
Եվ ուզում ես քո վճիռով ահեղ
Երգիս հողաբույր շուրթերը փակել,
Մաքուր ու լուսե մեղեդին նրա,
Հանձնել ինձ նորից
Մորմոքի փոխված տենդին այս դեղին:
Հավատաքննի՛չ,
Բարեգութ եղիր…

ՉԱՐԴԱԽԼՈՒ
Երբ հոգուս խորքում
Մորմոքն է տնքում գողացված հողիդ,
Գողացված հողիդ հովերն են զնգում
Կարոտի ճիչով,
Ես նժույգներիս վրնջոցների
Թևերին տրվում,
Քո գիրկն եմ գալիս
Իրիկնամուտի թախծության միջով:

Ես քարափներիս շամանդաղն առած,
Գալիս եմ այդպես,
Մասրենիներիդ շշուկների մեջ
Իջնում եմ ծունկի,
Քո Չիբուխ ծաղկի թերթերն եմ շոյում
Կարոտիս ցողով,
Նրանց հրեղեն ցոլանքին խառնում
Լույսն իմ արցունքի:

Բեկված խաչքարիդ զարդանախշերն եմ
Քնքշորեն շոյում,
Պղինձն եմ շոյում
Վայրի հողմերից խաթարված զանգիդ,
Պապակ շուրթերս ճաքճքած կավիդ
Կապույտին հպում,
Դառնում եմ հառաչ,
Մորմոք եմ դառնում կիսավեր վանքի:

Ի՞նչ անեմ, ասա՛, քեզ ինչպե՜ս փրկեմ
Խորշակից այդ սև,
Ակութիդ, արտիդ, հանդերիդ չոքած
Մուժից այդ դեղին,
Քեզ ինչպե՜ս փրկեմ ու տանեմ ինձ հետ
Հովիտն իմ լուսե,
Իմ խլվա՛ծ, իմ որբ`
Արնամած նեռի սև սկուտեղին…

Երբ հոգուս խորքում
Մորմոքն է տնքում գողացված հողիդ,
Գողացված հողիդ հովերն են զնգում
Կարոտի ճիչով,
Ես նժույգներիս վրնջոցների
Թևերին տրվում,
Քո գիրկն եմ գալիս
Իրիկնամուտի թախծության միջով:

Ես իմ լեռների կապույտ ու վճիտ
Զովերն եմ բերում,
Խորշակից խանձված քո բարդիների
Սաղարթից կախում,
Խնձորի ձորում լացող աղբյուրիդ
Արցունքի ցողով
Այս նենգ աշխարհի աճուրդի հանված
Խիղճն եմ թաթախում…

Ի՞նչ անեմ, ասա՛, հույսդ չմարի,
Մորմոք իմ ցավի,
Շա՜նթը չմարի ձույլ պղնձի մեջ
Բեկված քո զանգի,
Որ նորից մաքուր արծաթով զնգան
Ակներդ ծավի
Եվ լուսաբացդ չդառնա հառաչ
Կիսավեր վանքի:

Որ քո Խաչ սարի կատարը տանող
Ճամփեքը բացեն,
Ու եկեղեցուդ խորանում լույսի
Մեղեդին հնչի,
Որ մայրերդ որբ, վշտից խելագար,
Ա՜խ, էլ չլացեն,
Ու Տերը նորից թևերիդ մաղի
Կապույտն իր խղճի…
ՕՐՀՆՅԱԼ ԼԻՆԵՍ, ԱՄԱ՛Ռ
Օրհնյա՜լ լինես, ամա՛ռ,
Իմ հրեղեն քնքշանք,
Իմ շիկահեր փերի,
Օրհնյալ լինի գալդ…
Ես այս գիշեր
Հնձած խոտերին եմ քնել
Պատանության ձորում,
Քո շնորհած շող ու շողքի
Ալիքը զով
Թեթև փռել վրաս
Ու մանկորեն քնել`
Թևատարած ու բա՜ց:
Երանելի գիշեր
Ու կիսանիրհ մի ջինջ…
Եվ այդ կիսանիրհի
Կապույտ մշուշի մեջ
Օրոցքի տաք բույրեր,
Մոր աղոթքի շշուկ
Սպիներս շոյող,
Մոր մատների քնքշանք
Իմ ճակատին դրված:
Եվ այդ կիսանիրհի
Կապույտ մշուշի մեջ
Մխացող մի կարոտ`
Արշալույսի
Ցողոտ ծվեններով բուրող,
Թախծոտ մի վրնջոց`
Պատանության ձորի
Լանջերն ի վեր սուրող,
Ու ծիածան մի ջինջ
Երազներիս վրա
Քնքուշ կապած կամար:
Օրհնյա՜լ լինես, ամա՛ռ…

ԿԱՐԵՆԱՄ ՏԱՆԵՄ
Ծծքար սարի քամինե՛ր,
Ձեր զովն ինձ տվեք,
Դնեմ այրվող ճակատիս,
Նստեմ, հովանամ,
Հուշաղբյուրվեմ` ծվարած
Ձեր թևերի տակ,
Ձեզ հետ բերած համերով
Լցվեմ, մանկանամ:
Կապույտը ձեր տվեք ինձ,
Ցողն այդ կապույտի,
Տենդի փոխված այս տապը,
Ա՜խ, ինձնից վանեմ,
Այս խելահեղ օրերի
Ցրտերի միջով
Ծանր բեռը տարիքիս
Կարենամ տանեմ…

* * *
Իմ արթնացող հուշերում
Սարալանջեր են,
Հովիտներ են ուրցահոտ,
Շշուկ է ձորի,
Ճերմակ հարսնաքող հագած
Մասրենիներ են,
Ծիածանի շողքի մեջ
Ծառ է խնձորի:

Ամպրոպներ են հրաշեկ
Ու շանթեր են բորբ,
Առավոտ է ավերվող`
Ոտքերին մոխիր,
Քարափներ են շվարած,
Քարափներ են որբ,
Վրնջոց է փշրվող,
Կաղկանձ է ոխի:

Խանձող շունչ է խորշակի`
Լեռները ելնող,
Հեկեկանք է ջրերի,
Արտասուք է տաք,
Մեգ է, մուժ է դառնահոտ`
Կիրճերը լցվող,
Ու մայուն է լալագին,
Ու ճամփեք են փակ:

Ակութներ են մխացող
Ու հող է տոչոր,
Հողմերի մեջ քրքրվող
Հիրիկ է ծավի:
Արահետ է մոլորված
Մացառներում չոր,
Ու սարսուռ է մենության,
Մրմուռ է ցավի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։