Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ «Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել բանաստեղծի երկերի
գերմաներեն ժողովածուն` հայտնի թարգմանիչների թարգմանությամբ:
Այն կազմել է Ծովինար Հակոբյանը: Ներկայացնում ենք գրքի առաջաբանը:
Կյանքի վերջում մի խոսակցության ժամանակ Ռայներ Մարիա Ռիլկեն խոստովանել է, որ ինքը Շեքսպիրի «Համլետը» չի կարդացել: Զրուցակցի տարակուսանքին նա ապշեցուցիչ պատասխան է տվել. «Ի՞նչ կա զարմանալու. բաներ կան, որոնք արդեն կարդացած ծնվում ես»: Եթե որևէ հայ մարդ իր կյանքի ընթացքում Հովհաննես Թումանյանին կարդալու առիթ չի ունեցել, դա դեռ ոչինչ չի նշանակում. միևնույն է` նա վաղուց արդեն, գուցեև իր ծննդից դարեր առաջ, հասցրել է նրան ծայրից ծայր կարդալ և անգիր անել: Մեր մեջ Հովհաննես Թումանյանը ձևավորվում է այնպես, ինչպես, Հոբի գրքի մի փոխաբերությունը օգտագործելով, պտղի ոսկորները մոր արգանդում: Մենք ծնվում ենք նրա ստեղծագործությունները մեր լեզվի տակ: Երբ ծննդատանը մանկաբարձը կտրում է մեր պորտալարը` մենք այնտեղից իսկույն հայտնվում ենք այստեղի Թումանյանի մեջ: Եթե կուզեք` նա մեր օրգանիզմը և ողջ բնախոսությունն է: Ավելին` մեր օրգանիկան ու օրգանոնը: Մենք նրանով է, որ օրգանական ենք: Նա մեր մեջ դա ապահովող կենսահյութն է: Եթե որևէ մեկի մեջ Հովհաննես Թումանյանը առկա չէ, դա պարզապես նշանակում է, որ նա օրգանոնի պակասությամբ ու արատով է ծնվել,- ասենք` սակավարյունություն ունի կամ աշխարհ է եկել բնական արատով: Հայ մարդու ազգանունը վերջանում է «յան»-ով, իսկ մշակութային ազգանունը սկսվում է Թումանյանով: Նա մեր մշակութային պատկանելությունն է: Նա մեր մշակութային «ելից» հոլովն է, միաժամանակ մեր մշակութային աստիճանակարգության որոշիչ ձևը, ազնվության ու ազնվականության ցուցիչը. եթե մենք նրան գիտենք, ուրեմն ցեղական ու ազնվական ենք, եթե չգիտենք` մնում ենք ուծացված ու պլեբեյ: Մեր երեխաները հենց որ լեզու են առնում` արտասանում են նրան: Եվ դա ոչ էլ մենք ենք սովորեցնում: Դա լինում է ինքն իրեն, ինչպես խոսելը: Նա աննկատ քաշվում է մեր երեխաների բերանները, ինչպես մայրական խալն է քաշվում նրանց վրա: Եվ նա ընդգրկում է մեր կյանքի բոլոր փուլերը: Ոչ միայն այն պատճառով, որ նա գրել է բոլոր տարիքներին վայել ժանրերով, այլ որովհետև նա ընդգրկում է մեր մշակութային-հոգևոր կյանքի բոլոր ձևերը` նաիվության (հասկացության հունական իմաստով, որը նրա գերմանացի սիրելի բանաստեղծներից մեկը` Շիլլերը, իր «Նամակներ էսթետիկական դաստիարակության մասին»-ում համարում է արվեստի մի բարձրագույն աստիճանը) նախնական ընկալումներից մինչև իմաստնության ամենաբարձր «նաիվությունները»: Այդ «նաիվությունը» մեզ երբեմն գցում է խաբկանքի մեջ,- մեզ երբեմն թվում է, թե Հովհաննես Թումանյանը բանավոր մշակույթ է, ինչպես ժամանակին Հոմերոսը, որը, այնքան էլ պարզ չէ, գրի առնվելով շահել է, թե կորցրել: Բայց ո՛չ նախագրյան բանավորը, այլ գրավորը դարձյալ իր նախամոր գիրկը վերադարձնող բանավորը: Մենք մեր բերանների հազարամյա ունեցած-չունեցածը վստահել ենք նրան, որ նա գրով պահի,- և նրանով էլի մնացել ենք Բանավոր, ինչպես որ ինքը մեզնով դարձել է Գրավոր: Ես չեմ չափազանցի` ասելով, որ եթե մի մղձավանջով Հովհաննես Թումանյանի բոլոր գրքերը ոչնչացվեն, նրա ժառանգությունից ոչինչ չի կորչի. նրա ստեղծագործությունները մեր հոգու էջերում կմնան հար տպված:- Ասածս «նաիվության» մասին նա մի արտահայտություն է արել, որը կարելի է նրա և ընդհանրապես ողջ արվեստի մի մեկնողականը համարել. «Արվեստը պետք է լինի աչքի պես պարզ և աչքի պես բարդ». այս արտահայտության մեջ մենք «պարզի» ու «բարդի» վեճը գցենք մի կողմ և մեր ուշադրությունը սևեռենք «աչքին», որով էլ միայն, արվեստի այդ երկու գիտակարգերը թողած գեղագիտության ու գրականագիտության բնագավառներին, հնարավոր է նայել կյանքին, և եթե այդ «աչքը» գոյություն չունի, ապա պարզն ու բարդը,- և ընդհանրապես ամեն ինչ,- երկուսն էլ ավելորդ են… Կրկնեմ` մենք Հովհաննես Թումանյանով լեզու ենք առնում – երեխա ժամանակ նրանով թոթովում ենք, հասուն տարիքում նրանով դատում ենք, իսկ երբ գալիս է ժամանակը` նրանով թեթև հրաժեշտ ենք տալիս և գնում… Մեր կյանքում Լոգոսը նրանով է սկսում խփել ու բաբախել: Նա նրա հետ է: Հայ մարդու մշակութային կյանքում «Սկզբումն էր Հովհաննես Թումանյանը»: Այնուհետև ամեն ինչ հետևում է նրան և նրա հետևանքն է: Եվ նրանով մահը դառնում է հեշտ մի անցում… Հովհաննես Թումանյան – սա մեզ համար սոսկ բանաստեղծ ու գրականության պատմության էջ չէ, այլ մեր գիտակցության մեջ արմատացած մի արխետիպ, որով մենք հասկանում ենք ողջ պատմությունը, կյանքը, մահը, հույսը, հավատն ու սերը («…և սրանցից մեծագույնը սերն է»:- Ա Կորնթ. 13, 13): Եթե կուզեք` նա ողջ աշխարհի մեր բազային ընկալումն է: Երբ նա գրում է գեղջուկ մի տղայի` Գիքորի մասին, մենք դա կարդում ենք իբրև հենց այդ ողջ աշխարհի ու տիեզերքի ճակատագիրը: Դա կհասկանա նա, ով կառնչվի բնագրի այն հոգի կեղեքող գրեթե անպատումայնության ձգտող պարզ` բիբլիական պատումին, որով գրված է այդ պատմվածքը: Ուրիշի համար դա կարող է սովորական մի պատմություն լինել, բայց մենք ծեր տարիքում էլ այդ պատմվածքը կարդալիս թաքուն հեկեկում ենք, որովհետև նույնքան թաքուն մի բնազդով հասկանում ենք, որ այդտեղ խոսքը ոչ թե փոքրիկ մի տղայի կործանման մասին է, որ այստեղ ոչ թե սոցիալական, ասենք` Գավրոշի թեմա է, այլ համատիեզերական մի աղետ… «Անուշ» պոեմը կարդալիս մենք առնչվում ենք այն արխետիպին, որը մեզ միայն ու միայն սիրով է կարգում, և միայն ու միայն սերն է, որ համարում է Կարգ: Սովորական գեղջկական ավանդույթի մեջ կործանված սերը մեզ համար բաց է անում սիրո Անկործանելին, որն էլ անկործան է պահում մեզ և ողջ տիեզերքը: Երբ կարդում ենք կյանքի վերջին տարիներին գրած նրա քառյակները, կռահում ենք, որ մահ մտնելով` մեր գոյության մի նոր փուլ ենք մտնում` իբրև «հազար ձևեր փոխած մի ձև», որը մեր անցողիկ այս ձևը միացնում է Տիեզերքին ու նրա անանց ձևերին, եթե կուզեք` այն դարձնում է մեր մի օրգանը (անշուշտ` սիրտը): Նա մեր վերջին հազարամյա դաժան պատմության մեջ մեր սրտերը ոչ թե ոխով ու չարությամբ է բաբախել տալիս, այլ սիրով. առանց Հովհաննես Թումանյանի մենք քսաներորդ դարի մեր պատմության անասելի արհավիրքը հազիվ թե կարողանայինք տանել: Այդ թվականներին գրած նրա «Հոգեհանգիստ» բանաստեղծությամբ բանաստեղծը և՛ հոգեհանգիստ է կարդում նախճիրի երախ նետված իր զավակներին, և՛ բացում է դրանից դուրս պրծնելու ու շարունակվելու մենտալ հնարավորությունները. այն հոգեվարքի մեջ հայտնված հայ ժողովրդին հետ է բերում մահվան խավարներից և կրկին ու կրկին դնում է Լույսի մեջ: Հովհաննես Թումանյանը մեզ ասում է. չվախենաք, դուք անոչնչացնելի եք, քանի որ պատմությունը բազմիցս ձեզ ոչնչացրել է: Այն, ինչը դուք վերապրել եք երկրի երեսին, ձեր ճակատագիրն է, որով դուք հպարտ պետք է լինեք, քանզի այն, ինչը արևելյան իմացաբանությունը կոչում է «կամալոկա», և ինչին քրիստոնեականը ասում է «դժոխք», դուք ապրել եք ոչ թե դանտեական մտահայեցողական ոլորտներում, այլ արդեն այստեղ, երկրի վրա, պատմության մեջ, ամեն մեկիդ կոնկրետ կենսագրությամբ, իբրև երկրային իրողություն, իբրև երկրային` ամենայն դժոխք արդեն այստեղ հաղթահարած փորձ ու փորձություն, և դուք դիմացել եք դրան,- դուք այդ փուլը անցել ու հաղթահարել եք, ձեզ թափ տվեք, ոտքի կանգնեք և շարունակեք ձեր ճանապարհը,- և ձեր դեմ բաց են երկրի ու երկնքի դռները…