Փիլիպոս Վարդազարյանին հասցեագրված մի նամակում Հովհաննես Թումանյանը գրում է. «Այոն ու ոչը գեներալները կարող են պահանջել, նրանց զինվորական աշխարքում արգելված է դատելը… Ասում ես` մենք կչարչարվենք իրար նամակ գրելով ու կարդալով: Իսկ ես քեզ կասեմ, աստված տա, որ չարչարվելով կարողանանք ճշմարտությունը գտնել: Դու զբաղված ես քննադատի գործով, քննիր, շատ քննիր, որ կարողանաս դատել: Եթե իմ կարծիքն էլ պետք է քեզ, թող ասեմ, այոն ու ոչը քեզ բան չեն ասիլ»: Ասել է թե` այոյի և ոչի միջև կողմնորոշման հարցում, և այն էլ այնպիսի «բախտորոշ» որոշում կայացնելիս, որպիսին պետության կարևորագույն փաստաթղթի` Սահմանադրության մեջ փոփոխության համաձայնելը կամ այն մերժելն է, անհրաժեշտ են մասնագիտական մոտեցումներ: Այոյի և ոչի միջև գոյություն ունի մի տարածք, որտեղ ճշմարտությունը գտնելու, այդ մասին դատելու համար անհրաժեշտ է քննություն անցկացնել և հասկանալ, թե ինչ նպատակ են հետապնդում իշխանությունները սահմանադրական դատարանի հանդեպ ցուցաբերած տևական հետևողականությամբ, որն արտահայտվում է տարբեր հնարքների կիրառմամբ… Արդյո՞ք օրախնդիրը սահմանադրական բարեփոխման հարցն է ի շահ պետության և ժողովրդի, թե՞ ամեն գնով նրա կազմի «բարեփոփոխությունը»: Եվ հիմա բանը հասել է ժողովրդի կամարտահայտմանը հանրաքվեի միջոցով` նույնիսկ մարդասիրական օգ- նության sos հնչեցնելով արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին: Այոն այո, ոչը ոչ չպետք է լինի ամեն գնով: Հատկապես, որ իշխանափոխության արդյունքում ներկայիս բարեփոխումների ամփոփումը տխուր պատկերի է հանգեցնում: Ձեր խոստացած այոն այո չեղավ ու ոչը` ոչ: Այդ հուսադրող խոստումներն ի կատար ածվեցին միայն «ընտրյալներիդ» համար, իսկ շարքային մահկանացուների գլխի տակ փափուկ բարձ դնելու մտավարժանքները զավեշտի հասնող դրսևորումներ ունեցան: Բայց հայտնի է, որ հույսը վերջում է մեռնում, հետևաբար, ինքնախաբեության պատրանքներով սնվող ժողովրդին կարելի է մեկ անգամ ևս օգտագործել` ի շահ իշխանության բոլոր թևերն ամբողջապես սեփական կամքին և ծրագրերին ենթարկելու: Հակակշիռների առկայությունը, որպես քաղաքակիրթ կառավարման զսպօղակ, շրջանցելով, նաև հեղափոխական բարեփոխությունների խոփը սահմանադրական դատարանի, ճշգրիտ` նախագահի «վերջին բաստիոնին» դեմ առած, ազգընտիրները ձեռնամուխ են լինում համաժողովրդական հանրաքվեի:
Այոյի և ոչի միջև գոյություն ունի տարա՛ծք, որը լի է հարցադրումներով, որոնց կողքով գիտակից ու սրտացավ քաղաքացին չի կարող անտարբեր անցնել: Կար մի ժամանակ, երբ հայրենիքն ու հայրենի սրբությունները անհատի արժեհամակարգ էին դաստիարակում և հասարակական մտածողություն ձևավորում` ի հեճուկս տարաբնույթ ճնշումների, ժողովուրդն արտահայտում էր իր միասնական կամքը տարբեր առիթներով` հակազդելով անարդարությանն ու անօրինականությանը` իր ազգային ինքնության պահպանման և հզորացման պահանջով: Կար իրական սեր և համերաշխություն, հարգանք և արժանապատվություն, ամոթ ու աբուռ, այլ ոչ` յուրայիններ և ոչ, սպիտակներ և ոչ, ո՛չ ավագներին, ո՛չ մասնագետներին, ո՛չ, ո՛չ ո՛չ, և ատելությո՜ւն, ագրեսիվ ինքնապաշտպանական բնազդների հայհոյախառն պոռթկումնե՜ր, ագահությո՜ւն և տգիտությո՜ւն: Եվ քաղաքացին, հայտնի ֆիլմի հերոսի նման, խամաճիկային գետնաքարշությամբ չէր հայտարարի, թե վարչապետս ոնց ասի` էնպես կքվեարկեմ. «Ախր, որ իմանամ ինչ ես ուզում, որ ասեմ` կասեմ, որ չեմ իմանում, ի՞նչ ասեմ», այլ պարզապես քաղաքացիական ազնիվ դիրքորոշում կցուցաբերեր և ինձ նման կասեր` ինչպե՞ս այո կամ ոչ ասեմ մի բանի, որից լավ չեմ հասկանում: Առավել ևս, որ սա, ըստ իս, հանրաքվեի հարց չէ, այլ հատկապես սահմանադրական իրավունքի մասնագետ իրավաբանների հանձնախմբի, և պատասխանատվությունը «սիրելի» ժողովրդի վրա բարդելու հարկ չկա: Առ այսօր իշխանությունների գործողությունները հույսեր չեն ներշնչում, որ ժողովրդի կյանքում էական դրական տեղաշարժեր կլինեն, և նրանք տեր կկանգնեն իրենց հեղափոխական խոստումներին: Նման մոտեցմամբ վատ չէր լինի հանրաքվեով որոշել «վերահսկելի» ռիսկերի շարքին դասվող բազմաթիվ թնջուկներ: Անլրջությունն այսքան լուրջ և սպառնալի չի եղել երբևիցե: Ինչպես դասականը կասեր` «Աստված գիտե, թե ինչ արավ, Իրար տվեց, իր մեջ առավ Խութն ու խոռոչը, Երկար ժամ էր, թե կարճ տարի, Չհասկացանք այս աշխարհի Այոն ու ոչը…» (Համո Սահյան):