Փետրվարի 14-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ Ղազարոս Աղայանի ծննդյան 180-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացում և ՀԳՄ ամենամյա ու «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» մրցանակաբաշխությունների մրցանակների հանձնման արարողությունը (մրցանակակիրների մասին տե՛ս ԳԹ-ի 2020 թ. 3-րդ համարում):
Թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, Ղ. Աղայանի 180-ամյակը համարելով այս տարվա հոբելյանական շքերթի առանցքային հոբելյաններից, նկատեց, որ այս բացառիկ ցուցադրությունը կազմակերպելիս դժվարություններ են ունեցել, որովհետև Աղայանի արխիվը անհամեմատ մեծ է ու հագեցած, քանի որ Ղ. Աղայանը ապրել է հագեցած ստեղծագործական կյանքով և՛ որպես բանաստեղծ, և՛ որպես հեքիաթագիր-մանկագիր, և՛ որպես թարգմանիչ, մանկավարժ ու հասարակական գործիչ: «Անվիճարկելի հեղինակություն, որով հիացած ենք բոլորս՝ սկսած մեծահանճար Հովհաննես Թումանյանից»,- ընդգծեց նա: Նշելով, որ ցուցադրված նմուշները հնարավորություն կտան այցելուներին տեսնելու Ղազարոս Աղայանին իր ժամանակի մեջ և իր ժամանակակիցների շրջապատում, Կ. Վարդանյանը տեղեկացրեց, որ թանգարանը պատրաստվում է հրատարակել մի հատոր, որտեղ ընդգրկված կլինեն Աղայանի բանաստեղծությունները, հեքիաթները և լուսանկարների հագեցած հավելված, ուր տեղ կգտնեն և՛ ցուցադրված, և՛ այս ցուցադրությունից դուրս մնացած այլ բացառիկ նյութեր:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն, անդրադառնալով մրցանակների հանձնման արարողությանը, նկատեց, որ ՀԳՄ-ն թեև տարբեր մրցանակաբաշխություններ ունի, բայց ամենահարգին, թերևս, մեծանուն գրողների անվան անվանակարգերով մրցանակաբաշխությունն է: Անվանակարգերն են` «Պոեզիա», «Արձակ», «Հրապարակախոսություն», «Գրականագիտություն», «Թարգմանական գրականություն», «Մանկական գրականություն» և այլն: Անդրադառնալով «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական հիմնադրամի մրցանակաբաշխությանը՝ Էդ. Միլիտոնյանը փաստեց, որ այն ավելի քան 15 տարվա կենսագրություն ունի և որին մասնակցում են գրողներ ոչ միայն Հայաստանից, այլև Արցախից և Սփյուռքից: Չորս մրցանակակիրներից մեկը` Նորեկ Գասպարյանը, Արցախից է, իսկ Տիգրան Գաբոյանը ծնվել է Սիրիայում, այժմ ապրում է Հայաստանում: Արժևորելով ամերիկահայ բարերար Հրանտ Սիմոնյանի դերը մրցանակաբաշխության անցկացման գործում` ՀԳՄ նախագահը շեշտեց, որ նա ամեն տարի նաև աջակցում է տարբեր գրական միջոցառումների կազմակերպմանն ու իրականացմանը: «Տարին անցնում է, բայց մնում են մրցանակակիր գրքերը»,- ամփոփեց Էդ. Միլիտոնյանը՝ հավելելով, որ մրցանակները նաև ուղղորդիչ հանգամանք են ընթերցասերների համար: Այնուհետև հանձնվեցին մրցանակները: Ըստ Շանթ Մկրտչյանի՝ գրողի, թարգմանչի համար հաճելի է, երբ իր աշխատանքն արժևորվում է: Անդրադառնալով Ֆերնանդո Պեսսոայի «Քնարերգություն» գրքի թարգմանությանը՝ նա տեղեկացրեց, որ այն կատարել է Սյուզի Խաչիկյանի հետ: «Պեսսոայի անունն անծանոթ է մեր ընթերցողին: Նա կարծես պորտուգալացիների Չարենցը լինի՝ նաև ժամանակային առումով»,- ասաց Շ. Մկրտչյանը՝ նշելով, որ Ֆ. Պեսսոան ստեղծագործել է մի քանի լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն և պորտուգալերեն: «Վաղուց եմ ուսումնասիրել Պեսսոայի ստեղծագործությունները, բայց թարգմանել եմ անցյալ տարի՝ մի քանի ամսվա ընթացքում՝ կարծես մի համազարկով»,- խոստովանեց թարգմանիչը:
Ավիկ Իսահակյանն էլ նշեց, որ գրական վաստակի համար մրցանակ ստանալը ուրախալի է, բայց կրկնակի ուրախալի է, որ մրցանակը կրում է հայ հանճարեղ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի անունը: «Նա մանկուց սրբություն էր ինձ համար: Մտածում եմ` եթե մի բան արել եմ, ապա այժմ եռապատիկը պետք է անեմ, որովհետև Թումանյանի ստեղծագործությունը մեր թռիչքի ամենաբարձր կատարն է: Բախտավորություն եմ ունեցել շփվել Հովհաննես Թումանյանի ընտանիքի գրեթե բոլոր անդամների հետ, որոնք Թիֆլիսից էին եկել Երևան, և այդ ընթացքում կառուցվում էր Թումանյանի թանգարանը»,-պատմեց նա:
Վախթանգ Անանյանի անվան մրցանակակիր Հակոբ Մուշը, խոստովանելով, որ իր համար մրցանակը շատ պարտավորեցնող է, նշեց, որ իր հեքիաթները երկու աշխարհ են ներառում՝ իրական և երազային, ներկայացնում են մեր օրերն ու հայկական միջավայրը և ամենևին նման չեն դասական հեքիաթներին:
Շնորհակալական խոսք ասացին նաև մրցանակակիրներ Էլֆիք Զոհրաբյանը, Հենրիկ Էդոյանը, Տիգրան Գաբոյանը, Արմենուհի Սիսյանը: