ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ – 85

Փետրվարի 12-ին Հրանտ Մաթևոսյանը կդառնար 85 տարեկան: Այդ օրը մարդաշատ էր Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնը: Գրողի ընտանիքի անդամները, ՀԳՄ պատվիրակությունը՝ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի գլխավորությամբ, մտավորականներ, քաղաքական ու մշակութային գործիչներ, լրագրողներ, Մեծ գրողի գրականության երկրպագուներ այցելեցին գրողի շիրմին՝ խնկարկելու նրա հիշատակը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, արժևորելով Հրանտ Մաթևոսյանի դերը մեր երկրի պատմության մեջ, նկատեց, որ ընդհանրապես գրողի կերպարը լավագույնս արտահայտվում է նրա գրականության մեջ: «Իր առաջին ակնարկներով, հետաքրքիր գրով, կյանքի նկատմամբ սուր հայացքով նա մտավ գրականության մեջ, և պատահական չէ, որ առաջին գործերը գյուղաշխարհի մասին որոշ աղմուկ բարձրացրեցին»,- ասաց Էդ. Միլիտոնյանը՝ կարևորելով հայի խորը հոգին, Լոռվա բնաշխարհի և մարդու խորքային հարաբերությունները, ռիթմիկան, հայ մարդու պատմական ընկալումները ժամանակի աշխարհի, ներկայի խաչաձևումներով, որ արտահայտվել են նրա տարբեր գործերում: Նրա հավաստմամբ՝ մեծ սխալ է Մաթևոսյանին գյուղագիր համարելը, որովհետև նա հրաշալի գործեր ունի նաև քաղաքային իրականության մասին: «Հրանտ Մաթևոսյանի գրականությունը, հրապարակախոսությունը, խոհագրությունը, մտքերը, բանավոր խոսքերը մեր մեծ գրականության պատմագրության, խոհափիլիսոփայության և պարզ մարդկային կեցության մեծ առկայծումներ-շողարձակումներ են»,- ամփոփեց ՀԳՄ նախագահը՝ տեղեկացնելով, որ Հ. Մաթևոսյանին նվիրված միջոցառումները կշարունակվեն ողջ տարվա ընթացքում:
«Հրանտ Մաթևոսյանի գրականությունը ճանապարհ ցույց տալու առաքելություն ունի և հուշում է, որ ոչ մի պահի չի կարելի ընկրկել, կուլ գնալ, չի կարելի թույլ տալ, որ քեզ կուլ տան, դու պիտի քո ճշմարտությունը վառ պահես ու առաջ գնաս քո ճանապարհով»,- ասաց գրողի որդին՝ Դավիթ Մաթևոսյանը, և հավելեց. «Եթե մենք չունենք մշակութային, մտքի, գաղափարի հեղափոխություն, դատապարտված ենք լինելու ապագայում ավելի ու ավելի փոքրանալու: Մեր մի հեղափոխությունը տեղի է ունեցել, որպեսզի արդյունքները ամրակայվեն, մտքի, գաղափարի հեղափոխություն է պետք: Մաթևոսյանի պատկերած հայրենիքը հենց դա է»: Անդրադառնալով «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի հիմնախնդիրներին՝ Դ. Մաթևոսյանը տեղեկացրեց, որ իրենք ստացել են առաջարկներ, որոնք կիսատ են, չեն համապատասխանում քննարկումների ո՛չ ոգուն, ո՛չ իմացությանը, ո՛չ էլ ներկայացրած էսքիզ-նախագծի հայեցակարգի գաղափարին, և, այնուամենայնիվ, հույս հայտնեց, որ այդ քննարկումներն ի վերջո կհանգեն օպտիմալ կետին, և շինարարությունը կվերսկսվի:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի հավաստմամբ՝ դեռ գալու է այն ժամանակը, երբ Մաթևոսյանի աշխարհը մտնելու է մեր կյանքի, մեր գիտակցության մեջ, որովհետև իսկապես ահռելի, դարակազմիկ հետք է թողել և դեռ ապագայի բացահայտվելիք է:
Գրականագետ Հայկ Համբարձումյանն առաջարկեց դպրոցական ծրագրերում ավելի շատ մաթևոսյանական ստեղծագործություններ ընդգրկել, քանի որ հանրությունը դրանց հիմնականում ծանոթ է ֆիլմերից: Մյուս հարցը, որին անդրադարձավ Հ. Համբարձումյանը, վերաբերում էր «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի բացումը չերկարաձգելուն: «Ունենալով մեր մեծ գրողին իսկապես արժանի մշակութային կենտրոն՝ հնարավորություն կունենանք գնալ ու առնչվել այդ գրականությանը»,- շեշտեց գրականագետը և հավելեց. «Մեծ բարեբախտություն է Հրանտ Մաթևոսյանի պես մեծ հեղինակ ունենալը, որի միջոցով հնարավորություն ունենք առնչվելու գրականության աստծո հետ»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։