ԳԻՐՔԸ՝ ԱՄԵՆԱԹԱՆԿ ՆՎԵՐ

Փետրվարի 17-ին ՀԳՄ-ում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրվան: Նշելով, որ արդեն ավանդույթ է դարձել փետրվարի 19-ը տոնել որպես Գիրք նվիրելու օր, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը տեղեկացրեց, որ Երևանի և մարզերի տարբեր դպրոցներում, թանգարաններում, գրադարաններում Գրողների միության անդամները հանդիպումներ կունենան աշակերտների, ընթերցողների հետ, Գրողների միության շենքին հարակից պուրակում գրքեր կնվիրեն անցորդներին, կլինեն ընթերցումներ: «Արդեն 15 տարի նշում ենք Գիրք նվիրելու օրը: Կարծում եմ` հատկապես ընթերցողական ճգնաժամի հետևանք է այն, որ պետք է մշտապես մտածել, թե ինչ նորություններով, ինչ հետաքրքիր առաջարկներով է հնարավոր աշխուժացնել գրական դաշտը,- նշեց Էդ. Միլիտոնյանը և հավելեց,- պետք չէ սպասել, որ ինչ-որ մեկը քեզ գիրք նվիրի, առաջնահերթ ինքդ պետք է նվիրես: Այս գեղեցիկ ավանդույթը պետք է բարձրարժեք երևույթ դառնա ամեն ընտանիքում, և գիրք նվիրելը` կարևոր արարողություն»: Նրա հավաստմամբ՝ եթե ընթերցողը պատրաստ է որպես ընթերցող, ապա լավ գիտի, թե ինչ գրականություն է անհրաժեշտ իրեն: Խոսելով հայ գրականության մասին` Էդ. Միլիտոնյանը շեշտեց, որ ունենք դասական և ժամանակակից հարուստ գրականություն, որն ամեն օր տարբեր միջոցառումների, շնորհանդեսների, ընթերցումների միջոցով փորձում են ներկայացնել և հանրահռչակել: Փաստելով, որ ժամանակակից մի շարք գրողներ կան, որոնց գործերը թարգմանվում են տարբեր լեզուներով, հրատարակվում և անգամ վերահրատարակվում են, հրավիրվում են տարբեր երկրներում կազմակերպվող գրական միջոցառումներին, Էդ. Միլիտոնյանը վստահեցրեց, որ և՛ երիտասարդ, և՛ ավագ սերնդի գրողները շատ լավ գործեր ունեն, որոնք արժանի են ընթերցվելու: «Հորդորում եմ չսպասել փետրվարի 19-ին` գիրք նվիրելու համար: Թող գիրքը դառնա ամենաթանկ բանը, որը կարելի է նվիրել մեր երեխաներին, մտերիմներին ու հարազատներին»,- ամփոփեց Էդվարդ Միլիտոնյանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։