Գրական ստեղծագործությունների առաջաբաններին և վերջաբաններին այս կամ այն կերպ անդրադարձել են տարբեր գրականագետներ: Առաջաբանները և վերջաբանները միշտ գիտակցվել են իբրև գրական տեքստի կարևոր բաղադրիչներ, որոնք ներկայացնում են հեղինակի ստեղծագործության կարևորագույն մոտիվները, գրական երկի ստեղծման նախապատմությունը և այլ հետաքրքրական հարցեր: Շատ դեպքերում տեքստային այդ բաղադրիչները դառնում են հեղինակային ասելիքի բացահայտման կարևոր բանալիներ: Բայց առաջաբանների գործառույթները չեն սահմանափակվում միայն գրական երկին վերաբերող լրացուցիչ տեղեկությունների, աշխատանոցային մանրամասների հաղորդմամբ: Առաջաբաններն ունեն նաև, այսպես կոչված, «արտատեքստային գործառույթներ»: Այս մասում հեղինակներն անդրադառնում են որևէ գրական ուղղության կամ հոսանքի, գրական տարբեր երևույթների, ընդհանրացնում են ժամանակի գրականության գերիշխող միտումները: Ըստ այդմ` առաջաբանների կառույցում կարելի է առանձնացնել մասնավոր և ընդհանուր շերտեր:
Արփի Ոսկանյանի «Անտերուդուս» բանաստեղծական ժողովածուի առաջաբանը նախ և առաջ հետաքրքիր է ընդհանուր շերտում արծարծված հարցերի տեսանկյունից: Մասնավոր շերտը հիմնականում դրսևորվում է ընդհանրական դատողություններին ձուլված և ներկայացնում է բանաստեղծություն գրելու հեղինակային հիմնավորումը: Հենց այդ հիմնավորման անհրաժեշտությունն է առաջաբան գրելու գլխավոր ազդակը:
Առաջաբանի սկզբնամասում արդեն հանդիպում ենք ընդհանրական դատողությունների: Այստեղ դասակարգման են ենթարկվում առաջաբանային և վերջաբանային տեքստերը: Այսինքն` սա նաև առաջաբան է առաջաբանի մասին. «Նախաբաններն ու վերջաբանները լինում են երկու տեսակի` նրանք, որ գրում են գրականագետները, հրատարակիչները, կազմողները, թարգմանիչները, այլ «հեղինակավոր» մարդիկ, ովքեր հանդես են գալիս հեղինակի կամ ստեղծագործության ընտրյալ մերձավորի բարձունքից, և նրանք, որ գրում են իրենք` հեղինակները»: Մեզ հետաքրքրող հարցի տեսանկյունից կարևորվում են հատկապես երկրորդ տեսակի առաջաբանները: Ա. Ոսկանյանի ուշադրությունը նույնպես կենտրոնացած է դրանց վրա: Դրանք, ըստ հեղինակի, ուշագրավ են հատկապես հոգեվերլուծության տեսանկյունից: Պարզ է, որ այստեղ հեղինակը նկատի ունի առաջաբանների մասնավոր շերտը. «Երկրորդը չափազանց հետաքրքիր է հոգեվերլուծության տեսանկյունից, քանի որ հեղինակն ինքն է հանդես գալիս իր ընտրյալ մերձավորի դիրքերից, արդեն ոչ թե իբրև հեղինակ, այլ իբրև հեղինակություն…. Լրացնող, պարզաբանող, շտկող, մեկնաբանող այդ տեքստերի գլխավոր նպատակն է աղավաղել, կոծկել, թաքցնել ճշմարտության առկայծումները, որ թվում են կուրացուցիչ ու վախեցնում, քանի որ ստեղծագործությունը միշտ չէ, որ հասկանալի ու ենթակա է լինում հեղինակին»: Այսպես` «Անտերուդուս» ժողովածուի առաջաբանի սկզբնահատվածը նվիրված է հենց առաջաբաններին և դրանց տեսակներին ու գործառույթներին: Հաջորդող հատվածը ներկայացնում է առաջաբանի մասնավոր շերտը: Առաջաբանների հիմնական գործառույթները ներկայացնելուց հետո հեղինակը հիմնավորում է առաջաբան գրելու իր ցանկությունը` ներկայացնելով նաև տեքստային այդ հատվածի պատկերավոր բնութագիրը և կառուցվածքային դերը. «Շապիկին տեղադրելով այս տեքստը, որը դուք հիմա կարդում եք` նպատակ չեմ ունեցել զսպաշապիկ հագցնել բանաստեղծություններիս, կանոնակարգել անկանոնակարգելին, կառավարել տարերքը, սահմանափակման մեջ դնել այն, ինչի գոյության իմաստը իր սահմանից դուրս հորդելն է: Ավելին` սա գրքի փորոտիքն է, որ դուրս է թափվել ու դարձել մաշկ»:
Առաջաբանի և՛ ընդհանուր, և՛ մասնավոր շերտերում Ա. Ոսկանյանն այս կամ այն կերպ ընդգծում է իր` կարծրացած ըմբռնումներին հակադրվելու միտումները: Սկզբնամասում հեղինակն արտահայտել է իր դժգոհությունը հատկապես բանաստեղծական ժողովածուների առաջաբանների նկատմամբ: Դժգոհության պատճառն այդ տեքստերի հովանավորչական, վերահսկողական բնույթն է: Հաշվի առնելով այդ հանգամանքը` հեղինակն այստեղ հատուկ ընդգծում է իր` քաոսայինը, անկանոնակարգելին ու անվերահսկելին ներդաշնակեցնելու նպատակի բացակայությունը: Եթե ուշադրություն դարձնենք առաջաբանի շարունակությանը, ապա կտեսնենք գրական երևույթների ըմբռնման երկու հայեցակետ: Առաջինը դասական-կարծրատիպայինն է, երկրորդը` ժամանակակիցը և, եթե կարելի է այսպես արտահայտվել, «հակադասականը»: Տարբեր ձևերով ու տարբեր հնարներով հարված է հասցվում գրական այլևայլ երևույթների դասական-կարծրացած ըմբռնումներին: Սեփական առաջաբանի կառուցման կերպն արդեն իսկ նմանատիպ հարված էր: Առաջաբանի` շապիկին տեղադրված լինելու հանգամանքն էլ է հեղինակը պատճառաբանում այդ միտումներով. «….սա մի թիթիզ մարտահրավեր է պատկերին, որ դարձել է տիրապետող և սեփական տիրույթից դուրս մղել գիրը: Սա առաջարկ է, որ գիրը կարող է փոխարինել պատկերին»: «Ի սկզբանե բանն է եղել» բանաձևմամբ սկզբնավորվում է պոեզիա-արձակ հարաբերության քննությունը: Ուշագրավ է, որ այս համատեքստում ներկայացվում է հեղինակի ստեղծագործական ուղին: Այսպես` պոեզիա-արձակ փոխհաջորդումների դասական օրինաչափությունների ֆոնի վրա ներկայացվում են դրանց ժամանակակից արտահայտությունները: Պոեզիան իբրև մեկնարկային փուլ դիտելու դասական ընկալումներին Ա. Ոսկանյանը հակադրում է ժամանակակից գրական ըմբռնումները. «Դասականները պոեզիայով են սկսել իրենց քարքարոտ ուղին, որովհետև այդ ժամանակ պոեզիան համարվել է առավել պատվաբեր, քան արձակը: Այսօր սկսնակները վեպով են գրականամուտ նշում, որովհետև սկսնակը միշտ չգիտակցված մղումով, բնազդաբար և ճշգրիտ գտնում է հեղինակությամբ և պրեստիժով պաշտպանված ժանրերն ու ձևերը»: Դասական ըմբռնումներին հակադրվելու ամենահետաքրքիր արտահայտությունը հեղինակի գրական ուղին է: Դա է պատճառը, որ Ա. Ոսկանյանը պարբերաբար անդրադառնում է իր գրական մուտքին և հետագա ընթացքին: Ստեղծագործական կյանքի առավել հասուն փուլում պոեզիայով զբաղվելու միտումները հեղինակը հակադրում է դասականների` պոեզիան իբրև մեկնարկային փուլ դիտելու կարծրատիպերին: Ուշագրավ է հեղինակի անդրադարձն իր ստեղծագործական ուղու սկզբնական փուլին. «….մինչ այդ էլ պոետները ինձ համարում էին արձակագիր, արձակագիրները` պոետ…. Նման տարաձայնության տեղիք տալիս էր իմ առաջին` «Ծիկ» գիրքը, որ արձակ բանաստեղծությունների և ժանրի սահմանները հաղթահարած, տեղ-տեղ փորձարարական գրությունների ժողովածու է»: Արձակ բանաստեղծությունն ինչ-որ տեղ համադրում է արձակի և պոեզիայի սկզբունքները: Կարճ ասած` արձակի ձևով ներկայացվում է պոեզիայի բովանդակություն: Այս համադրությունը հիմք է տալիս խոսելու ձև-բովանդակություն հարաբերությունների մասին: Այդ համատեքստում արձակ բանաստեղծությունը դիտվում է իբրև «անձևության» արտահայտություն: Այսպիսով` «անհավակնոտ» ժանրով գրանցված մուտքն ունենում է նույնքան «անհավակնոտ» շարունակություն: Հետաքրքիր է պոեզիայի հեղինակային բնութագիրը. «Չօգտագործել ընձեռված հնարավորությունը, բաց թողնել, բաց թողնվել, սպրդել, պլստալ… Սա է պոեզիան: Պոեզիան կորցնող մարդու շահույթն է»: Այնուհետև ասպարեզ է տրվում առաջաբանի մասնավոր շերտին, որի տիրույթներում ներկայացվում է բանաստեղծական շարքեր կառուցելու հիմնական նպատակը: Փաստորեն դա էլ է դասական ըմբռնումներին ուղղված հարված և ցույց է տալիս աշխարհը կանոնակարգելու, աշխարհի ամբողջական պատկերը ներկայացնելու անհնարինությունը. «Շարք բառի խաղարկմամբ բանաստեղծություններիս միավորումը կամ, ավելի ճիշտ, բաժանումը պայմանական շարքերի անչար պարոդիա է հին-բարի բանաստեղծության վրա, որ վկայում է միավորման անհնարինության և աշխարհի, կեցության ու գիտակցության անուղղելի տրոհվածության մասին»:
Այս առաջաբանում պոեզիա-արձակ հարաբերությունը քննվում է նաև պատմականորեն: Այսինքն` ներկայացվում է «պոեզիա» և «արձակ» եզրույթների իմաստային տեղաշարժ-տեղափոխությունը. «Նախկինում պոեզիա է կոչվել բառի արվեստը` գեղարվեստական գրականությունն առհասարակ, մինչդեռ պրոզա կոչվել են ոչ գեղարվեստական բառաձևերը, այսինքն` բառի արհեստը»: Այդ եզրույթների իմաստային տեղաշարժը, ինչպես նաև պոեզիայի «անկումը» նոր ժամանակներում, հեղինակը պատճառաբանում է պատմական հանգամանքներով, տեխնիկական առաջընթացով և մարդկային ըմբռնումների` դրանցով պայմանավորված փոփոխություններով: Պոեզիան զուտ քնարականության հետ կապելու միտումները ամբողջացել են ռոմանտիզմի ժամանակաշրջանում: Տեխնիկական զարգացման բավականին բարձր մակարդակի հասած աշխարհում զուտ քնարականությանն առնչվող պոեզիան թվում է ավելորդ: Արձակի սթափությանը պոեզիան հակադրում է էյֆորիկ վիճակ: Հենց այս հանգամանքներն են դառնում պատճառ «50-ից հետո պոեզիա գրելն ավելորդ է» ըմբռնման. «Ամոթը, սակայն, ավելի շատ վերաբերում է սիրահարվելուն, ինչը, հատկապես «50-ից հետո», հակասում է բուրժուական, պատրիարքալ ընտանիքի շահերին և էկոնոմիայի սկզբունքին, քանի որ ենթադրում է էմոցիոնալ, ֆիզիկական ու ֆինանսական ռեսուրսների գերծախս և սպառնալիք է ստեղծում ժառանգների համար նոր ժառանգի (կին, երեխա) հավանականությամբ»: Այսինքն` պոեզիա-արձակ հարաբերությունը ներկայացվում է նաև սոցիալական ենթատեքստով: Արձակը կապվում է սոցիալական հարաբերությունների հետ, կարճ ասած` ունի սոցիալական ենթատեքստ, մինչդեռ պոեզիան արդյունք է ոչ սոցիալական էյֆորիայի` սիրահարության: Այս խոհերի զարգացումը հանգեցնում է այն ըմբռնմանը, որ արձակը ներկայացնում է օրինաչափը և կանոնիկը, իսկ պոեզիան քանդում է օրինաչափությունները: Պոեզիան ոչ սովորական տեքստ է, և դրանով զբաղվում են սովորականի տիրույթից դուրս գտնվող մարդիկ: Պոեզիայի և արձակի այս նշանակությունները հիմնավորվում են նաև ծագումնաբանորեն. «Դա երևում է անգամ էթիմոլոգիայից. prosa-ն առաջացել է լատիներեն proversa բառից, որ նշանակում է առաջ ուղղված, իսկ versus (բանաստեղծություն)` հետ շրջված»: Պոեզիան խախտում է տարածական ու ժամանակային «կարգուկանոնը». այն պատկանում է քաոսայինի տիրույթին:
Այսպիսով, Արփի Ոսկանյանի «Անտերուդուս» բանաստեղծական ժողովածուի առաջաբանը հետաքրքիր պարոդիա է: Այն գաղափարական տեսանկյունից բավականին ընդգրկուն է և ներկայացնում է կարծրացած ըմբռնումներին հակադրվելու հետաքրքիր փորձ: Սկզբնահատվածի «առաջաբանային» դասակարգումներին հաջորդում են առաջաբանը գրքի կազմին տեղադրելու հիմնավորումները, և այդ հիմքի վրա ներկայացվում են գիր-պատկեր հարաբերությունն ու առաջաբանային տեքստի կառուցվածքային դերը: Մեծ տեղ է հատկացված նաև պոեզիա-արձակ հարաբերության քննությանը: Վերջինս ուսումնասիրվում է ոչ միայն զուտ գրական, այլև տնտեսական, հասարակական, սոցիալական հարաբերությունների համատեքստում: