ՍՈԿՐԱՏ ԽԱՆՅԱՆ

Սոկրատ Խանյան

ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ
ՍՈԿՐԱՏ ԽԱՆՅԱՆԻՆ
ծննդյան 90-ամյակի առթիվ

«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

ԲԱՆԱՍՏԵՂԾ ԸՆԿԵՐՈՋՍ
Ո՛չ առաջինն ենք ու ո՛չ վերջինը,
Մեր մեծերի պես մենք էլ կգնանք,
Խնդրենք Աստծուն` ապավինի մեզ`
Մեր մեծերի պես մենք էլ սուրբ մնանք:
Մեր մեծերի պես հասկանանք սերը,
Սիրո սերուցքով պահենք տեղ ու տուն,
Աստծո տվածը համարենք մերը,
Երկրի զինվորը դառնանք մշտարթուն:
Մեր համբույրներից սերենք որդիներ
Ու ծիածանվենք թոռ ու ծոռներով,
Թոռ ու ծոռան հետ երգենք ու պարենք
Ու հպարտանանք մեր սեգ լեռներով:
Հպարտանալը պետք է ու շոյող,
Երկրի տերերը թոռներն են դառնում,
Կյանքի մեծ դասը դարձնենք ականջօղ`
Լեռներ ու թոռներ մեկտեղ են հառնում:
Ո՛չ առաջինն ենք ու ո՛չ վերջինը,
Երկրի տեր դարձնենք ծնվող նորերին,
Մենք էլ մեր աչքը դրսում չպահենք`
Լեռներին կառչած առանց թոռների:

ԱՐՑԱԽ
Թե ցավիդ հասու չլինեմ,
Բալասան չդառնամ վերքիդ,
Ինչքան էլ անունդ հոլովեմ,
Չեմ դառնա կարոտը երգիդ:
Թե կանչիդ հասու չլինեմ,
Զինվորդ չդառնամ արժանի,
Ասել է` մենակ եմ թողել քեզ,
Մենակ եմ թողել` սահմանիդ:
Թե ջանքիդ հասու չլինեմ,
Չդառնամ հնձվորը արտիդ,
Ինչքան էլ ցորենդ երգեմ,
Չեմ դառնա ցորենը փառքիդ:
Թե ձմռանդ հասու չլինեմ,
Ծխանիդ ծուխը չդառնամ,
Ո՛չ գարնան բուրմունքդ կլինեմ,
Ո՛չ շոգը` բարեբեր ամռան:
Առանց ինձ աշունդ կծփա,
Մառանդ կլցվի առանց ինձ,
Պատմության էջերդ կլցվեն,
Անունդ կհնչի առանց ինձ…
Բայց հոգուս մի խոր ցավ կչոքի,
Որ կյանքում չդարձա քո որդին:

ՀԱՅԱՍՏԱՆ
Մեր ճամփին եղել ես միշտ մոր պես,
Հոր նման աննկուն ու համառ,
Աղավնի չենք թռցնում դեպի քեզ,
Մեր սիրտն է աղավնի քեզ համար:

Սարերդ բարձր են մեզ նման,
Երկինքդ` աստղալից, շողառատ,
Հոգուդ պես երազկոտ մեր ճամփան,
Մեր տենչը` ձյունափառ Արարատ:

Թշնամին դաժան էր, արնախում,
Էրգիրդ դարձրեց Հեռաստան,
Մեր սիրտը քեզնով է բաբախում,
Մեր օջախ, մեր արև Հայաստա՛ն:

Աղավնի չենք թռցնում դեպի քեզ,
Մեր սիրտն է աղավնի քեզ համար,
Աղավնին չի կորցնում իր բույնը,
Դու մեր բույն, մեր միակ սրբավայր:

ԲՌՈՒՆՑՔՎԵՆՔ ՄԵՐ ՀԱՎԱՏՈՎ
ԵՎ ՄԵՐ ՈԳՈՎ

Հունվարի 22-ին լրացավ բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ, հասարակական գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ և ԱՀ գրողների միության անդամ Սոկրատ Խանյանի ծննդյան 90, գրական-գիտամանկավարժական գործունեության 70-ամյակը:
Ս. Խանյանի պոեզիան ժամանակին բարձր են գնահատել Նաիրի Զարյանը, Մկրտիչ Արմենը, Սևակ Արզումանյանը, Գուրգեն Գաբրիելյանը, Դավիթ Գասպարյանը, Սուրեն Դանիելյանը, ուրիշներ: Ուշագրավ է նաև բանաստեղծ Հրաչյա Բեգլարյանի կարծիքը. «Սոկրատ Խանյանը Ղարաբաղի գրական օջախի խաչազարդ սյուներից մեկն է: Նա բանաստեղծ է, գրականագետ, մանկավարժ ու նաև լավ ղարաբաղցի: Խանյանի երգերը հյուսված են արցախյան բնության խայտաբղետ նախշերով, շնչավորված են լեռնաշխարհի ծաղիկների բույրով»: Իսկ արձակագիր Մաքսիմ Հովհաննիսյանի հավաստմամբ` «Սոկրատ Խանյանը իր մարդկային նկարագրով ուրույն տեղ ունի մեր ժողովրդի արցախյան հատվածում ստեղծվող մշակույթի անդաստանում: Նրա լավագույն բանաստեղծությունները ներշնչանքի գեղեցիկ դրսևորումներ են: Այսօր էլ նա շարունակում է արդյունավետ ու բեղմնավոր աշխատել բանաստեղծության մեջ` դրսևորելով ջահել տրոփյուն, գիտական աշխատանքում` ներհուն միտք»:
«Երիտասարդներին առաջին հերթին ցանկանում եմ, որ ժողովրդի պատմական անցյալի հանդեպ հպարտության զգացում ունենան: Որովհետև անցյալը մեռած ժամանակաշրջան չէ: Անցյալը հիշողություն է, տոհմածառի արմատ է, գալիքին ծիածանված կամար է: Կցանկանայի նվիրում ու սեր ազգային մշակույթին, քանի որ առանց մշակույթի յուրացման հնարավոր չէ ո՛չ սեփական ժողովրդի ճանաչում, ո՛չ էլ` ինքնաճանաչում»,- ասում է Ս. Խանյանը`արժևորելով հայ գրի ազգապահպան նշանակությունը նորօրյա իրադարձությունների պտտահողմում:

– Սոկրատ Աղալարի, ուր էլ որ լինում եք, հանդիպում եք Ձեր ուսանողներին, որոնք Ձեր պոեզիայի երկրպագուներն են, Ձեր լավագույն ընթերցողները: Բանաստեղծի աշխարհում հոգևոր ինչպիսի՞ դաշտ է ստեղծում ընթերցողը:
– Այդ առումով ես ինձ երջանիկ մարդկանցից մեկն եմ համարում: Դա առեղծված չէ, այլ այն մասնագիտության արդյունք, որ ընտրել եմ «էն գլխից»: Պատկերացրեք, թե ինչ ուղի եմ անցել: 1962 թվականից դասավանդում եմ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Նախ Բաքվի Վ. Ի. Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնում, ապա Արցախի պետական համալսարանում, նաև «Գրիգոր Նարեկացի» և «Մեսրոպ Մաշտոց» պետհավատարմագրված համալսարաններում: Ուստի դրա հետ է առնչվում իմ պոեզիայի երկրպագուների մեծ թիվը ոչ միայն Արցախում, այլև մայր Հայաստանի կրթօջախներում: Բայց չպետք է կարծել, որ իմ պոեզիան նախընտրում են միայն այն պատճառով, որ իմ հազարավոր սաներ դասավանդում են մայրենի լեզու և գրականություն: Ես գոհ եմ Աստծուց, որ ինձ պարգևել է ստեղծագործելու կարողություն և զգուշացրել, որ պոեզիայի աղբյուրը կյանքն է, որ հաջողության գրավականը անմիջականությունն ու պատկերավոր մտածողությունն է: Երբ պոեզիան սրտաբուխ է, գտնում է նաև սրտեր տանող ուղին: Դրա հետ է զուգահեռվում հոգևոր այն դաշտը, որ ստեղծում է ընթերցողը:
– Ձեր գրական հավատամքը:
– Իմ գրական հավատամքը կամ հավատո հանգանակը մեր դարավոր գրականության լավագույն ավանդույթների ամբողջությունն է: Ասել է թե` բանաստեղծը Աստծու քարտուղարն է, որ պետք է աստվածային սիրով ծառայի իր ժողովրդին` բազմաշերտ կյանքի բոլոր առումներով: Թումանյանը կասեր` «Բանաստեղծը ժողովրդի սիրտն է», Չարենցը կուսուցաներ` «Ժամանակի շունչը դարձիր», Պարույր Սևակը խորհուրդ կտար թափանցել ժողովրդի հոգու խորքը, Սահյանը մատնացույց կաներ արարիչ բնությունը: Անսալով այս խորհուրդները` շարունակել եմ դասական պոեզիայի անթառամ ավանդույթները, ասելով իմ խոսքն այնպես, որ «ես» մնամ իմ «ես»¬ի սահմաններում:
– Ներշնչանքը ի՞նչ դերակատա-րություն ունի Ձեր ստեղծագործական աշխատանքում:
– Առանց ներշնչանքի ոչինչ չի ստեղծվում: Սակայն ներշնչանքը չի կարելի պատկերացնել որպես բարեսիրտ այցելու: Չպետք է մոռանալ, որ ներշնչանքի աղբյուրը կյանքն է: Միաժամանակ ճիշտ չէր լինի ներշնչանք-ոգևորությունը համարել ստեղծագործական աշխատանքի նախապատճառ: Պուշկինն ասել է. «Ոգևորություն որոնելն ինձ միշտ թվացել է ծիծաղելի և անհեթեթ տարերայնություն, նա ինքը պետք է գտնի բանաստեղծին»: Ասել է թե` ներշնչանքն ակունքվում է կյանքից ու թևեր առնում ստեղծագործական բարեբեր աշխատանքի ժամին:
– Արցախի գրական ընտանիքն աշխարհին այսօր ի՞նչ ստեղծագործություններով կարող է ներկայանալ:
– Արցախում ստեղծվող գրականությունը հայոց գեղարվեստական խոսքի անբաժանելի մասն է: Այսօր մենք ունենք նկատելի հաջողություններ թե՛ պոեզիայի և թե՛ արձակի բնագավառներում: Մենք ամենուրեք կարող ենք ներկայանալ բովանդակալից ու բազմերանգ մանկագրությամբ, բանաստեղծական բարձրարվեստ հունձքով, գեղարվեստական արձակով ու հրապարակախոսությամբ, նոր սերնդի խիզախությամբ:
– Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը ինչպե՞ս են նպաստում գրողները` իրենց ստեղծագործություններով և գրական-հասարակական գործունեությամբ:
– Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ծնվեց հայ ժողովրդի միասնական, նպատակամետ գոյամարտի շնորհիվ: Չմոռանանք, որ այդ գոյամարտի առաջամարտիկն Արցախն է: Մենք ճանաչում ենք մեր հերոսների արյամբ օծված ազատության Եռագույնը: Աշխարհի բոլոր պետությունները չէ, որ ձգտում են ճանաչել մեր ինքնությունը: Բայց ունենք և բարեկամներ, որոնք այցելում են Արցախ, զգում են մեր օջախների հայկական հազարամյակների շունչն ու ծփանքը և համոզվում, որ արցախահայությունն իրավունք ունի անկախ և ազատ ապրելու: Այս ուղղությամբ մեծ դեր ունի գրողը և՛ իր ստեղծագործությամբ, և՛ կեցվածքով: Հիշենք Արցախում կազմակերպված պոեզիայի միջազգային փառատոները, արտասահմանյան տասնյակ գրողների մասնակցությունն այդ միջոցառումներին ու նրանց բանաստեղծական շարքերը` նվիրված Արցախին և ազատատենչ արցախցու ոգուն, նրա անվտանգության հզոր երաշխիքը հանդիսացող բանակին:
– Գիտնականի Ձեր պրպտուն միտքն ի՞նչ նոր ծրագիր է իրականացնում: Գիտնականն ու բանաստեղծն իրար հետ հաշտ ու խաղա՞ղ են, թե՞, այնուամենայնիվ, վեճեր ունենում են:
– Մասնագիտությամբ ես գրականագետ եմ: Դրան հասել եմ իմ երազանքով ու աշխատասիրությամբ: Տասնյակ գրականագիտական ուսումնասիրություններից հետո հնարավոր չէ հանգիստ նստել: Այս օրերին ինձ հուզում են ժամանակակից հայ գրողների նվաճումները, որոնք ըմբոշխնելուց հետո ձգտում եմ ասել գրաքննադատի իմ խոսքը: Ինչ վերաբերում է իմ բանաստեղծական հունձքին, կարող եմ նշել` երբ չեմ գրում, թվում է` կյանքս իմաստ չունի:
Համաշխարհային մշակույթի պատմությունն ապացուցել է, որ փորձառու գրողը նաև լավ գրականագետ է, ու երբեք միմյանց չեն խանգարում: Վերջերս ծանոթացա «Ռուս գրաքննադատության պատմություն» նոր ձեռնարկին և հաճույքով իմացա, որ Պուշկինը եղել է նաև անզուգական քննադատ: Նույնը կարող ենք ասել Հովհ. Թումանյանի, Պ. Սևակի, Հ. Մաթևոսյանի և մյուս մեծերի մասին: Գրականագիտությունն ու գրական-գեղարվեստական արժեքները միասնական են, իրար չեն խանգարում:
– Ժամանակը բավականացնո՞ւմ է Ձեզ և՛ ընթերցելու, և՛ գրելու համար:
– Գրողը եթե չի ընթերցում, տանուլ է տալիս: Սիստեմատիկ ընթերցանությունը ոչ միայն հարստացնում է գրողի լեզուն, այլև նպաստում է նրա վառ երևակայության թևաբախմանն ու կոմպոզիցիոն միջոցների ու ձևերի որոնմանը:
– Ձեր բարեմաղթանքները անկախություն և ազատություն կերտած հայ ժողովրդին:
– Մենք` գրողներս, ինչպես բոլոր հայ մարդիկ, մեր ժողովրդի հարազատ զավակներն ենք, առանց որի չենք ունենա ո՛չ երջանկության զգացում և ո՛չ էլ ազգային դիմագիծ: Անկախություն և ազատություն կերտած մեր ժողովրդին կմաղթեի խաղաղ օրերի անխաթար կյանք, տնտեսական, գիտական, մշակութային խիզախումներ, մայր Հայաստանի, Արցախի և Սփյուռքի եռամիասնության ամրապնդում, Հայոց վերածնված պետության շուրջ համախմբվելու գիտակցված կամք, հզոր բանակ պահելու զորություն, հատու զենքի և նժդեհված ոգու միաձույլ առկայություն:
Իմ այս բարեմաղթանքները մեր ազգային ճակատագրի հրամայականն են` բխած 21-րդ դաժանացող դարի թելադրանքով:
Բռունցքվենք մեր հավատով և մեր ոգով հնչեցնենք զանգը գերակա ժամանակի:

Հարցազրույցը`
Ռոբերտ ԵՍԱՅԱՆԻ
Շուշի

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։