– Քո մահվան օրը ես ի՞նչ ասեմ մարդկանց, ի՞նչ պատմեմ քո մասին: Ասենք, լաքած դագաղդ դուդուկի նվագի տակ տնիցդ հանելուց հետո երեք անգամ պտտեցին ու տարան: Եկան, հասան հայրական տանդ մոտ, դագաղդ երեք անգամ բարձրացրին` իբրև` տե՛ս, մանկության ոտնահետքերդ էլ չես տեսնելու, հետո էրեխեքիդ ու թոռներիդ լաց ու կոծի տակ հանգստյան քարի դրեցին ու նորից ուսերին առնելով տարան, հասցրին փոսին: Գերեզմանից նոր հանած հողը տափակացրին, դագաղդ վրան դրեցին ու ինձ կանչեցին թե.
– Բենո՛, մի բան ասա: Աշխատանքային ընկերներ եք եղել, երկար տարիներ հաց եք կիսել իրար հետ, օտարության մեջ մեկմեկու օգնել ու թիկունք եք եղել, օրվա մեջ տասն անգամ կռվել ու տասնմեկ անգամ բարիշել եք իրար հետ, միմյանց նեղի ու լենի վկա եք եղել…
Ես գլխարկս հանեմ, առաջ գամ, դեմքիս սգավորի արտահայտություն տված` մի ոտքս առաջ դնեմ, արաղի բաժակը բարձրացնեմ, կոկորդս մաքրեմ ու սկսեմ:
Բենոն կանգնել էր աղյուսե կիսաշար պատի մոտ, ոտքի մեկը դրել էր գետնին թափված աղյուսների վրա ու էլի ձեռ էր առնում Թաթուլին: Բութը դուրս էր եկել ամռան կեսին ոտքերին քաշած երկարաճիտ կոշիկի անցքից, վերնաշապիկի պենչխը` շալվարի միջից: Թաղքած, երկար ժամանակ սանրի երես չտեսած մի սև մազափունջ զեփյուռի զարկից շնկշնկում էր ճակատի վրա:
Ամեն անգամվա պես ծխելու հինգ- տասը րոպե ժամանակը թատերական ներկայացման էր վերածել ու հարցը աքցան դարձրած սեղմում էր Թաթուլի` արևից ու քամուց սևացած բարակ վիզը.
– Ասա, ի՞նչ ասեմ: Ասեմ` հայրենիքի զինվոր է եղե՞լ, սուտ կլինի, ասեմ` մեծ գիտնակա՞ն` էլի, ուսուցի՞չ ասեմ… Բայց, ախր, դու ամբողջ կյանքդ գիրք ատող մարդ ես եղել: Թե ոսկեձեռ վարպետ ասեմ, ախր, քո միակ ու մշտական գործիքը պատգարակն է եղել: Ողջ կյանքում էնքան ես պատգարակ կրել, որ թևերդ սովորական մարդու թևերից տասնհինգ սանտիմետր երկար են: Ի՞նչ ասեմ, ասա: Թե հոգիս վառեմ ու ասեմ` մեր Թաթուլը հացով մարդ է եղել, հարազատի ու օտարի առաջ սեղան բացող, ուտող-խմող… լեզուս բերանիս մեջ կփայտանա: Թե օրերից մի օր մի արաղ եմ ուզել, չես առել, փողն էնքան ես տրորել գրպանիդ մեջ, էնքան չես ծախսել, որ փափկել, դարձել է զուգարանի թուղթ: Իսկ երբ համաձայնել ես, արաղի գնի մեծ մասը ես եմ տվել, բայց շշի մեծ փայը դու ես խմել: Դե ասա` ի՞նչ ասեմ թաղմանդ օրը: Ասեմ` Թաթուլը ո՞վ է եղել:
– Ասա` հերոս է եղել,- աչքերը ճպճպացնելով վրա տվեց Թաթուլը: Բենոյից հազիվ մի քանի վայրկյան ժամանակ էր խլել ու պատասխանում էր աճապարանքով,- ասա` հերոս է եղել,- կրկնեց կրքոտ:
– Հերո՞ս,- Բենոն իբր զարմացած լռեց, հետո ծիծաղեց բեկ-բեկ,- ո՞նց թե` հերոս:
– Հա՛, բա՞: Ասա` իր ընտանիքը պահելու համար աշխարհեաշխարհ է ընկել Թաթուլը: Ասա` էնքան հայրենասեր է եղել, որ ուրիշների նման ընտանիքն առած Ռուսաստան չի գնացել: Մենակ ինքն է գնացել ու ընտանիքից միշտ կարոտ է եղել: Մի ամբողջ կյանք աշխատել, աշխատել, աշխատել է: Ասա` ինքը կարգին չի կերել, որ էրեխեքն ուտեն, պատմի` ինքը դրամ ծախսելիս միշտ ձեռքը փակ է պահել, որ կինն անփակ ձեռքով ու անխնա ծախսի, ինքը ոչ մի օր կարգին շոր չի հագել, որ կինն ու աղջիկը, հետո էլ` թոռներն ու հարսը, ճղեն ու ճոռթեն… Ու էդ հերոսությունը մի օրվա ու մի ժամվա չի եղել, Բենո՛ տղա, էդ հերոսությունը ձգվել է մի երեսուն-քառասուն տարի: Բա՞:
Բենոյի սրտով չէր, որ Թաթուլն ամեն անգամվա պես կատակին կատակով չի պատասխանում, այլ խոսում է լուրջ ու կռվի կեսից: Այնքան կրքոտ է արդարացնում իրեն, կարծես իսկապես արդեն դագաղի մեջ է ու հենց Բենոն է դամբանական ասողը:
– Չէ՜, հաստատ գլխիդ մեջ խելք չկա,- էլի կատակի տուտն է բռնում Բենոն ու նայում աղյուսների վրա նստոտած ընկերներին:
– Տո ինչի՞, է՜,- նստած տեղից ելնում-կանգնում ու ծխուկը դեն է շպրտում Թաթուլը,- դու փիլիսոփա ես, ես` անխե՞լք:
– Հա՛, բա՞,- իրենն է պնդում Բենոն ու ծիծաղի միջիցն իրեն նայող տղերքին դիմելով` շարունակում է:- Որ սրա գլխին խելք լիներ, մի քիչ չէ՞ր մտածի: Տո, ջուր գլուխ, քեզ ո՞վ ասավ, որ առաջինը դու ես մեռնելու ու քո թաղման ժամանակ հենց ես եմ վերջին խոսքն ասելու, ասա` քեզ ո՞վ ասավ:
Թաթուլն էլի աչքերն է ճպճպացնում, ձեռքի երեսով աջ ու ձախ է տանում բերանը լցվող բեղերն ու նայում է Բենոյին: Իսկ Բենոյի ոտքը տեղն էր բռնել ու քշած գնում էր.
– Ասա, քեզ ո՞վ ասավ:
– Եսիմ, է՜,- խեղճանալով մզզում է Թաթուլն ու աչքը գցում տեղամաս բերող արահետին` հո մարդ-մուրդ չի՞ գալիս:
Գործի տերն Ասոյի տղերքն են: Եկան, տեսան նստած ես, իրենց «Սրտի դավթարում» կգրեն ու հետո, աշնանը հաշիվ փակելու ժամանակ, երեսիդ կշրխկացնեն.
– Քո թաղման օրը հիշո՞ւմ ես:
– Ի՞նչ թաղման օր,- կշշմես դու:
– Էն, որ նստել էիք ծխելու, բայց հինգ րոպե նստելու փոխարեն մի ժամ քո մեռնելու ու թաղման մասին էիք խոսում:
Դե արի ու արդարացիր, մանավանդ, որ էդ տարի տարած-ետ բերած աղջկա կարգավիճակ ես ունեցել: Ճամպրուկդ հավաքել ու տնից դուրս ես եկել փետրվարին, որովհետև անցած տարի աշխատածդ փողը քիչ է եղել, Նոր տարին անցնելուց հետո տակը բան չի մնացել, իսկ փետրվարի կեսին, տրնդեզից հետո, գրեթե վերջացել է: Ի՞նչ փող լիներ, որ դիմանար: Դեկտեմբերից մինչև փետրվար մի քանի հարսանիք ես գնացել, ծնունդ, կնունք, բարձեք, գլուխ լվանալիք, տրնդեզ, ու կոպեկ-կոպեկ աշխատած փողդ բուռ-բուռ ծախսվել, վերջացել է: Եվ ճարդ կտրված ելել-եկել ես Սիբիր, մանավանդ, որ գյուղում Ադիկի Անդոն ոսկե սարեր է խոստացած եղել:
– Կգաս,- ասել է,- ամիսը մի քառասուն-հիսուն հազար ռուբլի փող կտամ, աշխատանքն էլ հեշտ ու հանգիստ է:
Ասել է ձեր տանը ուտել-խմելու ժամանակ: Հետո իրենց տանը, քո տարած կոնյակն ու հավն անուշ անելիս է խոստացել:
– Կգաս, մնալու տեղն առանձին, տաք ու սառը ջրով, քեզ է սպասում: Քո ոտքի տակն էլ դու չես մաքրի, հավաքարար կա:
«Էդ հո հանգստյան տո՞ւն է»,- մտածել ես ուրախացած, հազար փառք ես տվել Աստծուն, քեզ գոնե մի սեզոն այդպիսի բախտի արժանացնելու համար: Մի խոսքով, հավատացել, փետրվարի կեսին ճամպրուկդ հավաքել, եկել ես աշխատելու, բայց տեսել ես, որ քեզ խաբել են: Ձմռան ցրտին դատարկ մսուրի մոտ կանգնած անասունի պես գլուխդ տմբտմբացրել ես` չիմանալով ինչ անել: Անդոն արդարացել է` իբր իրեն էլ են խաբել: Համոզել է` մի քիչ դիմացիր, շուտով գարուն կբացվի: Դու էլ, ինքն էլ լավ հասկացել եք, որ մինչև գարուն երկու ամիս կա, ու դու ստիպված ես եղել նորից հին կրճոնին վերադառնալ: Այսինքն` եկել ես Սասունի մոտ, չնայած անցած տարի, սեզոնի վերջում խոստացել էիր` ինչ էլ լինի, էլ նրա մոտ չաշխատել: Բայց անաշխատանք ես մնացել, անելիքդ չես իմացել, Կրասնոյարսկ քաղաքի ձյունի, սառնամանիքի և օտարության առաջ բոբիկ կանգնած` ամոթն ու խոստումդ մի կողմ ես դրել ու եկել ես:
Սկզբում «մի քանի օրով» մնացել ես Տանյայի տանը: Բայց հետո մի քանի օրը դարձել է երկու շաբաթ, ու Տանյան սկսել է փնթփնթալ: Ախր, նա ծակ գրպանով տղամարդու կարիք չի զգում: Տանյան ուտել-խմել ու տղամարդու փողը ծախսել է սիրում, իսկ դու անգործ ու անտուն` նրան ապավինել չես կարող: Որոշ ժամանակ չլսելու ես տվել նրա փնթփնթոցը, իսկ երբ դանակը ոսկորին է հասել, վեր ես կացել և ամոթ ու տղամարդու խոստում մի կողմ դրած` եկել ես Սասունի դուռը:
– Սասուն Ասատուրիչն զբաղված է,- անտարբեր նետել է Քինգ Քոնգի կազմվածքով ու դեմքով քարտուղարուհին: Նետել է` քեզ մի հայացքի անգամ չարժանացնելով:
Սասունը հաստատ ձայնդ լսած է եղել, բայց չլսելու է տվել, իբրև զբաղված է ու քեզ չի ճանաչում: Ո՛չ համագյուղացի եք, ո՛չ արյունակից բարեկամ, դու իրեն ու իր հայր Ասոյին ո՛չ տեսել ես, ո՛չ էլ ճանաչել:
– Սասուն Ասատուրիչն զբաղված է,- քո հարցումին ի պատասխան հոնքերը կիտել է Քինգ Քոնգն, ու դու ակամա կանգ ես առել շեմի վրա:
Սպասել ես ահագին ժամանակ, ու վերջապես ներս են հրավիրել: Սասունը գլուխը չի բարձրացրել թղթերի վրայից, ձեռքը բարևի չի մեկնել, քեզ աթոռ չի առաջարկել… Ու դու վիրավորանքը կուլ տալով մտածել ես. «Ականջդ կանչի, ռուսերենի դասատու Վալյա Մորոզովա, քանի՞ անգամ ես ոլորել Սասունի ականջը, որ գոնե ռուսերեն տառերը սովորի: Էդպես էլ չի սովորել, բայց հիմա ցույց է տալիս` իբր շատ կարևոր բան է կարդում»: Գիտես, որ կարդալ չգիտի, բայց աչքերը չի բարձրացնում: Գիտես, որ նրա դպրոցը գյուղի ծայրին գտնվող կիսաքանդ ու լքված գոմն է եղել: Առավոտ վաղ իբր պայուսակն առած դպրոց էր գնում, բայց մինչև դասերի վերջը մնում էր գոմում: Իր նման մի քանիսի հետ թուղթ էր խաղում, ծխում, իսկ դասերի վերջն ազդարարող զանգի հետ հպարտ ու «վաստակած» տուն էր վերադառնում: Էդպես հազիվ տառաճանաչ` դպրոցն ավարտեց ու հիմի բախտ եմ ասել` օֆիս ունի, առանձնասենյակ, Քինգ Քոնգ քարտուղարուհին էլ` դռանը կապած: Ինքը Սասուն Ասատուրիչ է ու գլուխը թղթերի մեջ մտցրած` կարդում է: Սիրտդ պայթում է ու քիչ է մնում ամեն ինչ մոռացած երեսին շպրտես, թե.
– Ախր, դու ո՞ր օրվա կարդացվորն ես, ա՛յ շան տղա, ախր, քո մանուկ օրերի ամենամեծ թշնամին Մեսրոպ Մաշտոցն է եղել: Ախր, ի՜նչ ես ձև թափում:
Ուզեցել ես ասել, բայց հիշել ես, որ դեռ ոտքդ դուրս չդրած` լեռնավանցին արդեն պարտքերի ահագին ցուցակ է մտցրել աչքդ: Պարտք է վերցրել անցած տարի, թե` ամուսինս կուղարկի, կտամ: Պարտք է վերցրել նաև էս տարի, ու պարտքը պարտքին գումարվել, տոկոսներով մի ահագին թիվ է դարձել: Չգիտի` ամուսինն ինչ օրի է, չի պատկերացնում, թե Սասունն ի՜նչ հեգնանքով ու ինչ հայացքով է նայում: Ծանրորեն, իր ամբողջ կարևորությունն ու դերն ընդգծելով, հայացքը բարձրացնում է թղթերից, ձեռքը տանում է թանկարժեք ծխախոտին, առանց շտապելու չրթացնում է վառիչն ու.
– Յա՜, էկե՞լ ես:
Ծխել ես ուզեցել, բայց չես համարձակվել ուրիշի օֆիսում քո էժանագին պապիրոսը փստացնել, չնայած հազիվ զսպել ես քեզ, որ երեսին չշրմփացնես.
– Հիշո՞ւմ ես էն տարին, որ առաջին անգամ էիր խոպան եկել: Հիշո՞ւմ ես, որ անպապիրոս էիր ու առանց ամաչելու սրանից-նրանից գողանում էիր: Հա՛, գողանում էիր: Բրիգադի տղերքը կատաղել էին, ուզում էին մի լավ դնքսել ու գյուղ ուղարկել: Ես մեջ ընկա: Որին խնդրեցի, որին սպառնացի, որին ամոթանք տվի, թե` ախր, որ դրան գյուղ ուղարկենք, բա հետո աշնանը գյուղ գնալիս հորեղբայր Ասոյի երեսին ո՞նց նայենք… Հետո թևիս տակ առա, իմ ծխախոտը տվեցի, իմ շորերը, իմ…
Ուզեցել ես շրմփացնել, բայց լռել ես: Հիմա դու խեղճ ես, սևագործ բանվոր, իսկ ինքը գործատեր է, ինքը Սասուն Ասատուրիչ է: Դու ձմռան կեսին կարիքից քշված պանդուխտ ես ու ժպտում ես.
– Հա՛, Սասո՛ւն ջան, եկել եմ:
– Արա, բա դու անցած տարի ուրի՞շ բան էիր ասում:
Դու լռել ես, չես ուզեցել ասել, որ քեզ խաբել են, գյուղում ուրիշ բան են խոստացել, էստեղ ուրիշ բան են դեմ արել, ու ելք չունես: Դրա համար էլ հոգոց ես հանել ու կիսաձայն արդարացել ես.
– Ա՛յ ախպեր, դե խոսք էր` ասեցինք: Մենք առանց քեզ ի՞նչ անող ենք, մենք քո մոտից բացի ուրիշ ո՞ւր պիտի գնանք:
Սասունը չի ասել` նստիր, իր թանկարժեք ծխախոտից քեզ չի հյուրասիրել, քեզ նայել է որպես օտարի ու.
– Դու գիտե՞ս որտեղս եք հասցրել:
– Ո՞վ,- սփրթնել ես դու:
– Ո՞վ, դուք` իմ հարևան-բարեկամները,- ասել ու կոտրված, ծուռ կպած բութը կոկորդին է քսել: Բութը կոկորդին է քսել ու շպրտել է երեսիդ.
– Այ, էստեղս: Գարնան գլուխ գալիս, խնդրում եք, ես փափուկ երես մարդ` չեմ մերժում, հետո չեք աշխատում, գլուխ եք պահում, հետևիցս քչփչում, երեսիս ժպտում, հետևիցս քրֆում եք, հացս ուտում ու բամբասում եք:
– Ե՞ս,- փորձել է չքմեղանալ, իսկ Սասունը շարունակել է:- Ավելի լավ է ձեր փոխարեն տաջիկ աշխատեցնեմ:
Դու դրանից ավելի ես վիրավորվել, քիչ է մնացել` դուռը երեսին շրմփացնես, թե` ա՛յ շան տղա, ախր, դու փոքր ժամանակդ ոչ թե տաջիկի հետ ես խաղացել, այլ իմ: Էդ կոտրած բութդ, որ անընդհատ կոկորդիդ ես քսում, թե` «Էստեղս եք հասցրել»,- ոչ թե տաջիկն է տեղը գցել, այլ ես: Չես հիշեցնում, թե ինչպես ինը տարեկան երեխա` հունվարին ձնծաղիկի էիք գնացել: Հունվարին ո՞ւր է ձնծաղիկ: Գնացել, Աղլեզի ձորի ձյուների մեջ էիք թաղվել ու հետո ձնահոսքը եկել, ծածկել էր երկուսիդ: Դու մի կերպ ուշքի էիր եկել, ձյան միջից դուրս էիր ելել ու Սասունին էիր փնտրել: Սկզբում չէիր գտել, իսկ հետո կոշիկի ծայրը տեսել ու սկսել էիր ձյունը փորել: Հանել էիր սառած ու կիսամեռ: Մի կերպ ուշքի էիր բերել: Ելել, կանգնել էր ոտքի, իրեն թափ էր տվել, տեսել էին` ոչ մի բան չի եղել: Իսկ տուն գնալու ճանապարհին թնկթնկացել էր, թե` մատս ցավում է: Բռնել, թափով քաշել էիր, իբր` տեղն ես գցում: Սասունը ցավից ոռնացել էր: Քեզ թվացել էր` տեղն ես գցել, բայց երևի մատն էդպես էլ դուրս ընկած էր մնացել: Վախից տանը բան չէիք ասել, ու Սասունի մատը մնացել էր այդպես` տեղից դուրս ընկած ու ծուռ: Իսկ Սասունն էդ պատմությունը չէր հիշել ու ծուռ բութը կոկորդին էր քսել.
– Այ, էստեղս եք հասցրել: Ավելի լավ է տաջիկ աշխատեցնեմ:
Ուզել ես հիշեցնել, բայց նայել ես պատուհանից դուրս, պատկերացրել դրսի սառնամանիքը, Տանյայի դժգոհ ֆշշոցն ես պատկերացրել ու բերանդ եկած կոշտ բառերի շարանը կուլ ես տվել: Հիշել ես, թե բանակից եկած տղադ ոնց է անբանուգործ ու անտնտես մսխում, կարծես Մանթաշովի թոռը լինի: Ասենք, ի՞նչ ասես` հասուն տղա է, ընկերների հետ տեղ-մեղ գնալ կա, ծխել կա, ո՞վ գիտե, գուցե նաև` ընկերուհի:
Մի վայրկյանի մեջ գլխումդ հազար միտք է կայծակել, բայց բոլորն էլ կուլ ես տվել ու տնքացել ես.
– Ա՛յ Սասուն ջան, ես ու տաջիկը մե՞կ ենք քեզ համար:
– Տաջիկը քեզնից լավ է: Տաջիկը գլուխը կախ աշխատում է և իմ գործի վրայից տախտակ չի թռցնում ռուսին լավություն անելու համար, տաջիկը գործի համար առած ընտիր ամրանը ջրի գնով չի ծախում, տաջիկը ռուսի աղջկան մի շիշ օղի առնելու համար խանութից նոր բերած տասը հազար մանեթական փորիչը մի մանեթով չի ծախում աչքս գողանալով: Բա՞, Թաթո՛ւլ տղա,- իր ասելիքը մինչև վերջ է հասցրել Սասունն, ու դու ամոթահար կախել ես գլուխդ:
«Տեսնես ո՞ր շանորդին է խաբար տվել»,- մտածել ես դժգոհ: Թուքդ կուլ ես տվել, ձեռքդ գրպանիդ մեջ նորից շոշափել է ծխախոտի տուփը, բայց չես համարձակվել կպցնել ու համոզել ես.
– Տաջիկն իմ նման վարպե՞տ է: Համ էլ ինչ էլ ասես, տաջիկն իմ չափ սրտացավ չի լինի քո ունեցվածքի նկատմամբ: Ախր, դու գիտես, որ ձեռքիցս շատ բան է գալիս: Համ էլ միսն ուտում, որկորը չեն շպրտում,- ձեր համագյուղացի ու բարեկամ լինելն ես ակնարկել:
Սասունը մի քիչ փափկել է, լռել, իսկ դու շարունակել ես.
– Դու գիտես, որ քեզ համար օգտավետ եմ:
– Ի՜նչ էլ բառեր ես օգտագործում` օգտավետ,- ձեռ է առել Սասունը, հետո փափկել է, թե,- լավ, թող օրերը մի քիչ տաքանան, տեսնենք:
– Հա՞,- թեթևացած ժպտացել ես դու,- շնորհակալ եմ, բա մնալու տե՞ղ:
…Փետրվար ամսվա մնացած օրերը, մարտի երեսունմեկ օրը ցուրտ վագոնում, մենակ, ամեն ինչից հեռու, ամեն բանից կարոտ, գրպանումդ մի քանի կոպեկ, հեռախոսի մեջ` կնոջդ օրն ու կիրակին փող պահանջող ու մեղադրող կոտկտոցը.
– Աշխատածդ ռուս փչացածների վրա ես ծախսում, չէ՞:
– Հա՜, բա՞, առողջարան ես ուղարկել,- ամեն անգամ ո՛չ այն է չորել, ո՛չ այն է արդարացել ես, իսկ երբ արդեն մի ամիս աշխատած ես եղել, ամոթ-զամոթ Սասունին ես մոտեցել, թե.
– Մի քանի կոպեկ փող տուր, տուն ուղարկեմ:
– Սկսվե՜ց,- մթնել ու դժգոհել է Սասունը, հետո մի երկու օր անց տվել է քո խնդրածի կեսը, և դու խոսել չես կարողացել, մանավանդ, որ ժամանակին գին խոսած չեք եղել:
Ու հիմա վիզը երկարած նայում է ճանապարհին` հո Սասունի հսկիչներից մեկը չի՞ գալիս: Հայացքը ճանապարհին հառած հոգոց է հանում.
– Ախր, տարած-ետ բերած աղջկա նման ենք, ու լեզուներս կարճ է:
Իսկ Բենոն չէր հանգստանում.
– Ասենք` բարով-խերով քեզ թաղեցինք, էկանք, քո տղա Էդոյի ձեռքը բռնեցինք, ցավակցեցինք, հետո ամեն մեկս մեր սրտից անցած դրամը տվեցինք ու սգո սեղան նստեցինք, օղորմաթաս բարձրացնելիս ի՞նչ ասեմ:
– Տո, անխելք, թե դու էլ ասել չուզենաս, օղին ասել կտա,- թառանչեց հուսահատ:
– Հա՛, ճիշտ ես, արաղն ասել կտա: Կասեմ` զոհվեց հայրենիքի համար` նոր ինքնաթիռ փորձարկելիս:
– Որ լավ մտածես, էդպես էլ կա,- կոտր չընկավ Թաթուլը:
– Ո՞նց,- նորից զարմանք խաղաց Բենոն, հետո դարձավ տղերքի կողմը:- Տղե՛րք, ես չէ, դուք ասեք, էս մարդը Հայաստանի հողի վրա քանի՞ օր է աշխատել, որ հերոսի խաչ է ուզում: Ախր, սրա ողջ բանած-դատածը Սիբիրում է եղել:
– Հայաստանում աշխատանք եղավ, չաշխատեցի՞,- տնքաց հուսահատ,- ի՜նչ հասարակարգ եղավ, մենք պանդուխտ մնացինք:
Հետո լռեց մի քիչ ու հանկարծակի զայրույթով հարձակվեց Բենոյի վրա` կարծես դատարանում վկայություն տալիս լիներ ու իր խոսքերից էր կախված հետագա ճակատագիրը. կարդարացնե՞ն, թե՞ բանտի մեջ կփտի մի քսան տարի:
– Որ էդպես խոսում ես, ասա` բա աշխատածս փողը ի՞նչ է եղել: Ասա, հը՞, ի՞նչ է եղել: Կոպեկը կոպեկին Հայաստան չի՞ գնացել: Ես աշխատել, ուղարկել եմ, Հայաստանի պաշտոնյաները ռուբլու ու դրամի կուրսը խաղացրել, ուղարկածիս կեսը «և-ևս» են արել: Սասունի կտրածից շատ իրենք են կերել, սո՞ւտ է: Մնացածը` էրեխի հաց ու գազի վարձ, շոր ու շալակ, ուսման վճար ու հողահարկ… Ինձ իմ չարքաշ աշխատանքն է մնացել ու կնոջս դժգոհությունը: Ո՛չ մի օր կուշտ փորով հաց եմ կերել, ո՛չ էլ մի անգամ ծախսել եմ լիաբուռ…
Շատ էր լրջանում: Թաթուլն այսօր, ամեն անգամվա պես, կատակին կատակով չէր պատասխանում: Բենոն նոր կպցրած ծխախոտը սապոգի կրունկի տակ գցելով տրորեց.
– Չէ՛, ավելի լավ է աշխատենք:
Հետո Թաթուլը աղյուս ու շաղախ էր տալիս, իսկ Բենոն շարում էր: Չէին խոսում: Խռոված չէին, բայց խոսելները չէր գալիս: Իրար վիրավորական բան չէին ասել, բայց մեկմեկու երեսի նայել չէին ուզում:
Իսկ երբ բանթող արեցին, լույսը չվառեցին, որ մոծակները վրա չտան: Լվացվեցին չփչփոցով ու փայտե ինքնաշեն սեղանի մոտ նստած կարագ ու հացով թեյ էին խմում: Լավ կլիներ` ջրիկ ճաշ սարքեին, բայց հոգնած ու անհավես էին: Ֆռթացնում էին թեյը, իսկ ականջները անտառի ու քամու ձայնին էր: Անտառի կողմից փչող քամին խուլ ու անհանգիստ աղմուկ էր բերում: Ծառերի անխոս, անճար, հոգնած դիմադրության աղմուկը: Ծառերը կռանում, շտկվում ու խշշում էին, իսկ քամին ո՛չ նրանց խշշոցն էր լսում, ո՛չ էլ ջարդվող ճյուղերի չոր ճտճտոցն էր հաշվի առնում: Փչում էր ուժգին, քանի որ դիմացը կանգնածները ծառ էին ու ամենաշատը, որ կարող էին անել, նրա զարկից խույս տալն էր:
– Թե տղա ես` դիմացիր,- ավելի շատ իրեն, քան սեղանի շուրջը նստած տղաներին դիմելով տնքաց Բենոն,- եթե էսպես շարունակվի, մի տասը օր մոծակ ու մլակ անտառից փախած` գալու են մեզ վրա:
One thought on “ԹԱԹՈՒԼԻ «ԹԱՂՈՒՄԸ» / Հրաչ ԲԵԳԼԱՐՅԱՆ”