– Համակարծի՞ք եք, որ ժամանակակից գրականությունն ամեն օր պարտվում է քաղաքականությանն ու մեդիային:
Արքմենիկ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ – Իհարկե, պարտվում է ու միշտ էլ պարտվել է: Դա ողբերգություն չէ, որովհետև պահի տակ գնահատելի պարտություն է: Հեռանկարի մեջ` չի պարտվում: Իհարկե, ներկայիս մեդիան չես համեմատի անգամ տասը տարի առաջվա մեդիայի հետ, էլ չեմ ասում, ասենք` 19-րդ դարի, երբ մեդիա ասվածը, ըստ էության, սահմանափակվում էր լրագրերով, բայց, այնուամենայնիվ, ողբերգություն չէ: Մեդիան ենթադրում է զանգվածայնություն, հատկանիշ, որից օրեցօր հեռանում է գրականությունը, և դա լավ է: Հիմնականում զանգվածայնության հայտ ներկայացնում են գրական այն գործերը, որոնք լրագրության կամ մեդիայի ռեսուրսներ են պարունակում` արագ արձագանք, ճանաչելի անուններ ու դեպքեր, հապճեպ գնահատականներ, ընդհանրացումների պակաս, պարզ ժամանց վերջապես: Բայց դրանք նույնքան արագ են անհետանում ասպարեզից, ինչպես լրագրերում ու կայքերում հայտնվող թեկուզև լայն արձագանք ունեցած լուրերն ու իրադարձությունները, կամ հեռուստատեսությամբ ու լրատվական ալիքներով հեռարձակվող ռեպորտաժները: Եթե պատկերավոր ասեմ` ապա մեդիան այն է, ինչ մենք տեսանք Փարիզի Աստվածամոր տաճարն այրվելու օրերին: Բոլորը խոսում, գրում, ուղիղ եթեր էին մտնում, ռեպորտաժ էին պատրաստում, լուր էին հաղորդում, վերլուծականներ էին գրում: Հիմա քանի՞ մարդ է հիշում այդ ցնցող իրադարձության մասին: Բայց հավերժ ընթերցվելու է Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպը, ու դա ևս մեկ ապացույց է, որ գրականությունը, պարտվելով հանդերձ, երբեք չի պարտվում մեդիային:
Ուստի ժամանակակից գրողները չպետք է հուսահատվեն այդ առերևույթ փաստից: Եվ նրանց ձգտումը պետք է լինի ոչ թե ստեղծել գրականություն, որը չի զիջի մեդիային, այլ գրականություն, որը կհաղթի մեդիային: