ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Հայաստանի գրողների միության հարգելի՛ անդամներ,
Խոսքի ու գրի վարպետնե՛ր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Նախ թույլ տվեք բոլորիդ շնորհավորել Հայաստանի գրողների միության հիմնադրման 85-ամյա հոբելյանի առթիվ:
Մինչև Գրողների միության ստեղծումն էլ եղել են գրողներին համախմբող կառույցներ: Հիշենք թեկուզ 19-րդ դարի վերջին մեծն Թումանյանի հիմնած «Վերնատուն» գրական ակումբ-խմբավորումը: Հիշենք, թե ովքեր էին Վերնատան անդամները՝ Ղազարոս Աղայան, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Լևոն Շանթ, Դերենիկ Դեմիրճյան, Նիկոլ Աղբալյան… Իհարկե, պակաս պատկառելի չէր 1934 թվականին ստեղծված Հայաստանի գրողների միության կազմը՝ Չարենց, Թոթովենց, Ալազան, Բակունց, Մահարի… Դա մի ժամանակաշրջան էր, երբ գաղափարական ծանր մուրճը իր կնիքն էր դնում խոսքի ու մտածողության վրա, իսկ դրան հակառակվողը դավաճան էր կամ թշնամի: Դա մի շրջան էր, երբ ազգայինը որակվում էր նացիոնալիստական, մարդկայինը՝ նիհիլիստական: Դա մեծերի ու փոքրերի, նշանավորների ու աննշանների ժամանակն էր, թերևս ամենաբարդ ժամանակը Հայաստանի գրողների միության կյանքում: Այդ շրջանում բարդ էր ապրելը, ուր մնաց թե՝ ստեղծագործելը: Սակայն, այդ ամենին զուգահեռ, ստեղծվում էր գրականությունը՝ արձակ ու չափածո, ընդունելի ու անընդունելի, դրվատելի ու դատափետելի:
Իմ երիտասարդության տարիներին Գրողների միությունը ընկալվում էր որպես արժանապատվություն, ասելիք ունեցող, մտածելակերպ, գրական ճաշակ թելադրող կառույց: Գրողների միությունը, ի դեմս իր անդամների, ընկալվում էր որպես ժամանակ ձևավորող ու ժամանակը իմաստավորող, ժամանակն արժևորող կազմակերպություն: Նրա շարքերում եղել են թե՛ ժամանակին շունչ տվողներ, թե՛ ժամանակի կողմից հալածվածներ:
Իմ հիշողության մեջ այն ազատ մտածողության ինքնատիպ կղզի էր, որտեղ ապրել էին Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը, Ավետիք Իսահակյանը, որտեղ ապրում էին Պարույր Սևակը, Հովհաննես Շիրազը, Խաչիկ Դաշտենցը, Գևորգ Էմինը, Սիլվա Կապուտիկյանը, Համո Սահյանը, Վարդգես Պետրոսյանը, Հրանտ Մաթևոսյանը, որտեղ ապրեցին նաև Մուշեղ Գալշոյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, Վահագն Դավթյանը, Պերճ Զեյթունցյանը, Աղասի Այվազյանը և նրանց շատ ու շատ արժանավոր գրչակիցներ: Պատահական չէ, որ նրանց գրական ժառանգությունը հարուստ ու արժեքավոր է: Այդ կղզում ժամանակի զգացողությունն այլ էր, որովհետև Գրողների միությունը ոչ սովորական մտածելակերպով մարդկանց կազմակերպություն էր, դեմք ու կարծիք ունեցող անհատականությունների, մնայուն գրականություն ստեղծողների միավորում: Շրջանցելով գաղափարական կապանքները և հավատարիմ մնալով ազգային գրականության ավանդույթներին՝ հենց այդ շրջանի գրականությունը նոր սերունդներին դաստիարակեց հայրենասիրության և ազգային իդեալներին հավատարմության ոգով: 1988-ի սերունդը այդ գրականության պտուղն էր: Այսօր Հայաստանն ապրում է փոփոխված ժամանակներում, փոփոխությունների շրջանում, երբ անհրաժեշտ է նաև հոգեբանության, ընկալումների, նույնիսկ զգացողությունների փոփոխություն:
Գրողների միությունում ժամանակը երբեք չպետք է կանգ առնի: Միությունը պետք է համաքայլ լինի ժամանակին, իսկ այսօրվա արագ փոփոխվող աշխարհում ոչ միայն զգա ժամանակի զարկերակը, այլև ժամանակից առաջ ընկնի, առաջնորդի ժամանակը: Վստահ եմ՝ նոր ժամանակները ծնունդ կտան նոր ստեղծագործական մտածողության ու նոր որոնումների, նոր ստեղծագործությունների ու նոր գրական հաղթանակների:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Հայաստանի գրողների միությանը, նրա բոլոր անդամներին և մաղթում ամենայն բարիք, ստեղծագործական եռանդ, անաչառություն ու հավատարմություն սեփական եսին, գրչին ու ճշմարտությանը:
ԱՐԱՅԻԿ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐ
85-ամյա հոբելյանի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի գրողների միության նախագահությանը և Միության հարկի տակ համախմբված գրողներին, գրականագետներին, թարգմանիչներին ու բոլոր նրանց, որոնք հետամուտ են հայրենի գրական-ստեղծագործական կյանքի կենսունակությանը:
Գրողների միության պատմությունն ըստ էության մեր երկրի գրական ոլորտի ավանդաշատ տարեգրության վերջին 85 տարիների հարազատ արտացոլումն է, որի արձանագրած էջերը վաղուց դարձել են ազգային արժեք ու հպարտություն: Այդ ամենը ստեղծվել ու համալրվել է Միությունը տարբեր տարիների ղեկավարած ու Միությանն անդամակցած բազմաթիվ հնչեղ անունների շնորհիվ, որոնցից շատերը վաղուց դասականների շարքերում են:
Մեր ժողովրդի սպասելիքները միշտ էլ մեծ են եղել հայ գրականությունից, գրողների խոսքից և Միության գործունեությունից: Իսկ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համար Հայաստանի գրողների միությունն ամենից առաջ հուսալի գործընկեր է, որի հետ մեր համագործակցությունը նշանավորվել և առաջիկայում էլ պիտի նշանավորվի նորանոր համատեղ ծրագրերով: Հատկապես մեծ է Միության դերը Հայաստան-Սփյուռք գրական կապերի ամրապնդման, արտերկրում արդի հայ գրականության տարածման, ժամանակակից գրողների, այդ թվում` երիտասարդների խրախուսման ուղղությամբ: Այս ասպարեզներում պետությունը մշտապես գրողների կողքին է` հրատարակվող գրականության և գրական մամուլին ցուցաբերվող աջակցությամբ, գրողի և գրականության հեղինակության բարձրացմանը նպատակաուղղված դրամաշնորհային տարատեսակ ծրագրերով:
Ուրախալի է, որ մեր գրողների գործուն ներկայությունը առկա է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում` սկսած պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերից, մինչև կրթական-մշակութային հաստատություններ, ստեղծագործական կազմակերպություններ:
Վերստին շնորհավորում եմ Հայաստանի գրողների միությանը, մաղթում արգասավոր ընթացք:
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում և Հայրապետական մեր օրհնությունն ենք բերում Հայաստանի գրողների միության 85-ամյակին նվիրված տոնական հանդիսության մասնակիցներիդ:
Հսկայական է գրականության դերը հասարակական և ազգային մեր կյանքում: Իբրև խոսքի մշակույթ` այն մտածողություն է կերտում, ձևավորում հայացք կյանքի և աշխարհի նկատմամբ: Մեր գրականությունը դարեր շարունակ արտացոլել է հայ ժողովրդի կյանքն ու ձգտումները, հաղթանակներն ու տառապանքները, հաճախ նաև` որոնումներն ու վայրիվերումները: Այն կրթել է մեր ժողովրդի հոգին ու միտքը, եղել նրա ինքնության նախանձախնդիր պահապանը, ներգործուն ուժականությամբ միավորել աշխարհասփյուռ մեր ժողովրդին ազատ ու անկախ հայրենիքի, հայոց բարօր կյանքի տեսլականի շուրջ: Գրականությունը յուրօրինակ դարբնոց է. գրողն իր անդուլ աշխատանքով արծարծում է ներկայի իրողությունները, կռում ազգի ամուր և անխզելի կապը անցյալի և ապագայի հետ, անջնջելիորեն դրվագում նրա արժեքները, նշմարում և հավերժացնում հերոսականն ու անանցը: Արդարև, մարդկային կյանքը միշտ կարիքն ունի անհրաժեշտ խոսքի` բարի խորհրդի, ազնիվ զգացումի, արդար գնահատման, քաջալերության, կարիքն ունի հույսի, հավատի, առ Աստված ապավինության, որպեսզի ընթանա դեպի ապահով, խաղաղ, երջանիկ ապագա:
Մեր ժամանակներում, երբ աշխարհում տարատեսակ համահարթեցման գործընթացների հետևանքով խեղաթյուրվում են արժեքները, նահանջ ապրում հոգևորն ու ազգայինը, առավել կարևորվում է նաև գրականության դերն ու առաքելությունը` որպես մարդկային բարձր արժեքներ կրթելու, աշխարհայացք և ինքնություն ձևավորելու միջոց: Հայ գրականությունը կոչված է նաև ազգային միասնության ամրապնդմանը: Այս առումով չափազանց մեծ նշանակություն ունի Սփյուռքի և սփյուռքահայ գրողների հետ համագործակցությունը, սփյուռքահայությանը հուզող խնդիրների արտացոլումը արդի գրականության մեջ:
Անգնահատելի է Գրողների միության դերը` համախմբելու գրական մշակներին, անդրադառնալու ազգային գրականության զարգացման հեռանկարներին, ճշմարիտ գնահատականը տալու ժամանակի բերած հարցերին, խրախուսելու գրական ասպարեզում առաջին քայլերը կատարողներին: Այսօր, սիրելինե՛ր, ձերն է պատասխանատվությունը` Միության տասնամյակների ավանդներին հավատարիմ` մեր գրականությունն ու մշակույթը հարազատ պահելու իր ճշմարիտ նպատակին, հարստացնելու արժեքավոր գրական գործերով, որպեսզի դրանք շարունակեն ուղենիշ լինել մեր հայրենիքի և ազգային կյանքի զորացման մարտահրավերներում:
Այս ուրախալի առիթով Հայրապետական մեր գնահատանքն ենք բերում Գրողների միության նախագահին, վարչությանը, Միության անդամներին ` իրենց ներդրած ջանքերի, հայ գրականության մեջ բարի ավանդի համար: Աղոթքով ենք հիշում Միության հանգուցյալ մեծանուն անդամներին և մեր ժողովրդին մատուցած նրանց նվիրյալ ծառայությունը: Գրական ասպարեզի բոլոր նվիրյալներիդ մաղթում ենք ստեղծագործական նոր ներշնչանքներ և ձեռքբերումներ` ի շահ մեր մշակույթի և ազգային կյանքի զորացման ու հարստացման:
Հայցում ենք Երկնավորից, որ Աստծո ամենախնամ Սուրբ Աջի պահպանության և օրհնության ներքո ծաղկեն ու բարգավաճեն հայրենի մեր երկիրն ու բարեսեր ժողովուրդը:
Շնորհ, սէր և ողորմութիւն Աստուծոյ եղիցին ընդ ձեզ և ընդ ամենեսեան, այսօր և միշտ. ամէն:
ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
Հարգարժա՛ն պարոն Միլիտոնյան,
Հայաստանի գրողների միության հարգելի՛ անդամներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Երևանի քաղաքապետարանի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայաստանի գրողների միության հիմնադրման 85-ամյակի առթիվ:
Միության հոբելյանը նշանակալից իրադարձություն է ոչ միայն ամբողջ հայության, Հայաստանի Հանրապետության, այլև մայրաքաղաք Երևանի հասարակական և մշակութային կյանքում:
Այսօր, հետադարձ հայացք նետելով անցած տարիներին, չենք կարող ուրախությամբ չարձագանքել, որ գրողները միշտ էլ իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել մայրաքաղաքում նախաձեռնվող կարևորագույն միջոցառումների իրականացմանը: Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի գրողների միության սերտ համագործակցության արդյունքն են «Գիրք նվիրելու օրը», «Մանկական գրքի շաբաթը» մեր դպրոցներում, բուհերում, գրադարաններում, կրթամշակութային այլ օջախներում, Երևանին նվիրված դրամատուրգիական գործերի մրցանակաբաշխությունը, ականավոր գրողների հոբելյանների նշումը, մայրաքաղաքի գրականության ուսուցիչների՝ Գրողների տանը կազմակերպվող հանդիպումները ժամանակակից գրողների հետ և այլն:
Վստահ եմ, որ համագործակցության այս բարի ավանդույթը նույն հաջողությամբ կշարունակվի:
Հարգելի՛ գրողներ, մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ կարևոր հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն և ստեղծագործական հաջողություններ:
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ
Ջերմորեն շնորհավորում ենք Հայաստանի գրողների միության հիմնադրման 85-ամյակի կապակցությամբ:
Անժխտելի է, որ Գրողների միությունը ազգի ինտելեկտուալ մակարդակի չափանիշներից և մշակույթի հենասյուներից մեկն է: Միության հոբելյանը, անշուշտ, նշանակալի իրադարձություն է մեր ժողովրդի հասարակական և մշակութային կյանքում: Գրողների միությունը անգնահատելի դերակատարություն է ունեցել մեր ժողովրդի հոգևոր զարգացման և ազգային ավանդույթների պահպանման գործում: Ինչ խոսք, Միության անցած ստեղծագործական ճանապարհը դյուրին չի եղել, սակայն գրողը մնացել է մտավորական և հայրենիքին նվիրյալ:
Կարծում ենք, որ չնայած ժամանակակից տեխնոլոգիաների աննախադեպ զարգացմանը՝ տպագիր գիրքը մշտապես կմնա ընթերցողի կյանքի անբաժան ուղեկիցը:
Լիահույս ենք, որ Գրողների միությունը իր ստեղծագործական ներուժով ձեռնամուխ կլինի նոր պայմանների և իրողության գեղարվեստորեն արտացոլմանը՝ իհարկե առաջնայինը համարելով հայրենիքի և նրա քաղաքացու շահը:
Մեր խոնարհումը հայ գրողի մատուցած նշանակալի ծառայությունների և վաստակի առաջ:
ԱՆԴՐԵՅ
ՂՈՒԿԱՍՅԱՆ
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ
Հարգարժա՛ն պարոն Միլիտոնյան,
Մեծ է հայ գրողի դերը մեր մշակույթի զարգացման գործում, նաև երկրում տեղի ունեցող տարբեր իրադարձությունների ժամանակ քաղաքական ակտիվ և օբյեկտիվ դիրքորոշում դրսևորելու առումով:
Գրողների միության գործունեության մասին մենք հաճախ պատկերացում ենք կազմում՝ ելնելով Լոռու մարզային բաժանմունքի կազմակերպած միջոցառումներից, լոռեցի գրողների ձեռքբերումներից, որոնցից շատերն իրենց ծանրակշիռ տեղն ունեն գրական անդաստանում:
Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի գրողների միության 85-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ:
ՍԱՄՎԵԼ
ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ
Լրանում է հայ հասարակական-մշակութային կյանքում անփոխարինելի դերակատարում ունեցող կազմակերպության՝ Հայաստանի գրողների միության 85-ամյակը: Մի իրողություն, որը թույլ է տալիս ի մի բերել և գնահատել կառույցի անցած ուղին բարդ ու հակասական այս ժամանակներում:
Ակնհայտ է, որ մեր հասարակության զգայաչափը գրողն է և իր ստեղծած արժեքը:
Հարգելի՛ գրողներ, օրվա խորհրդին ընդառաջ՝ ընդունեք Գյումրու քաղաքապետարանի և ան- ձամբ իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները: Թող այսուհետ ևս ձեր գրիչը ծառայի ի շահ հայ գրականության և հայ ոգու ամրապնդման:
ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ
Հարգարժա՛ն պարոն Միլիտոնյան,
Անգնահատելի է ժողովրդի կյանքում մտավորականների՝ հատկապես գրողների դերը ազգային հոգևոր արժեքների համալրման, ամրագրման, տարածման և պահպանման գործում: Ստեղծման օրվանից մշակութային դարբնոց է եղել Հայաստանի գրողների միությունը, որտեղ իրենց գրական տաղանդով փայլել են համաշխարհային ճանաչում ունեցող անվանի շատ գրողներ:
Այսօր էլ շարունակվում են այդ ավանդույթները, որոնք ժառանգել է Հայաստանի գրողների միությունը:
Երևանի քաղաքապետարանի Ավ. Իսահակյանի անվան գրադարանն իր
85-ամյա պատմության մեջ գրողների համար միշտ էլ եղել է սիրելի հանգրվան և դարձել հաճելի հանդիպումների վայր, որին սպասում են բազմահազար ընթերցողներ:
Շնորհավորում ենք Ձեզ՝ մեր ազգային կյանքում կարևոր նշանակություն ունեցող իրադարձության՝ ՀԳՄ-ի հիմնադրման
85-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով ստեղծագործական նորանոր նվաճումներ:
ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Հարգելի՛ բարեկամներ,
Հայաստանի կոմպոզիտորների միության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ՝ Հայաստանի գրողների միության հիմնադրման 85-ամյակի կապակցությամբ: Այս տարիների ընթացքում շնորհիվ ձեր բարձր պրոֆեսիոնալիզմի և գործի նկատմամբ ցուցաբերած անշահախնդիր ու սրտացավ վերաբերմունքի, հայ գրի ստեղծագործական ուղին նոր հարթության վրա է բարձրացել: Ձեր օժանդակությամբ տպագրված գրքերն ու ժողովածուները շատերիս գրապահարանների անփոխարինելի մասնիկն են դարձել, իսկ ձեր կազմակերպած հիանալի միջոցառումներն իսկապես զարդ են դարձել հայ իրականության մեջ: Ու չնայած առաջացած բազմաթիվ խնդիրների՝ դուք մշտապես գտնվել եք ձեր բարձունքում՝ նպաստելով հայ գրի զարգացմանն ու տարածմանը ինչպես մեր երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Մաղթում եմ, որպեսզի ձեր աշխատանքն ու հայանպաստ գործունեությունը անխափան լինի, իսկ հայ գիրն ու գրականությունը նոր հորիզոններ նվաճի:
ԱԵԼԻՏԱ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ ԹՂԹԱԿԻՑ ԱՆԴԱՄ
ԽՈՍՔ` ԱՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ
85-ԱՄՅԱԿԻ ՀԱՆԴԻՍՈՒԹՅԱՆԸ
Ես այս հանդիսությանը եկել եմ մեծ ոգևորությամբ: Այս տարի մեր հանճարեղ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակն է, իսկ Հայաստանի գրողների միությունը Թումանյանի երազանքն էր, որի մասին նա խոսել ու գրել է բազմիցս իր ելույթներում ու հրապարակախոսության մեջ: Բացի այդ, ուզում եմ նշել, որ Գրողների միության ստեղծման գործում մեծ ավանդ ունի նաիրյան դոֆին Եղիշե Չարենցը, որն իրավամբ իրեն համարում էր օրինական ժառանգը հայ բանաստեղծական գահի` գողթան երգերի, Գրիգոր Նարեկացու և մյուս մեծերի:
Գրողների միությունը ամենաազգապահպան կառույցն է: Պարզունակություն է մտածել, թե ազգայինը համամարդկային չէ. ամեն ճշմարիտ ազգային անպայմանորեն համամարդկային է:
Ես կարդում եմ ժամանակակից գրականություն ռուսերենով, ֆրանսերենով և անգլերենով, և կարող եմ ասել, որ ժամանակակից հայ գրականությունը համաքայլ է համաշխարհային գրականությանը: Գրողների միության մեջ կան շատ տաղանդավորներ` ավագ, միջին և կրտսեր սերնդի մեջ: Շատ եմ կարևորում կանանց բազմաքանակ ներկայությունը Միության մեջ. սա նշանակում է, որ մենք առաջադեմ երկիր ենք: Իմ խոնարհումն եմ բերում բոլոր այն գրողներին, որոնք զենքը ձեռքին մասնակցեցին Արցախի հերոսամարտերին, և բոլոր նրանց, որոնք պատկերեցին այդ հերոսամարտերը հայ գրականության մեջ: Մեր Միությունը չի վախենում կյանքի դժվարություններից, կենսահաստատ է և նայում է առաջ:
Ցանկանում եմ Հայաստանի գրողների միության ղեկավարությանը, պարբերականներին, բոլոր անդամներին ստեղծագործական հաջողություններ, ցանկանում եմ, որ մեր գրողների ստեղծագործությունները թարգմանվեն աշխարհի բազմաթիվ լեզուներով` միջազգային հռչակ բերելով հայ ժամանակակից գրականությանը: