Արարատ Գյուլբանգյանի ստեղծագործությանն անդրադարձել ենք «Երկունք» պարբերաթերթում տպագրված գրախոսությամբ: Այդտեղ փորձել ենք ընդհանրացնել Ա. Գյուլբանգյան-արձակագրի ստեղծագործության գերիշխող միտումները, թեմատիկ և գաղափարական առանձնահատկությունները: Քննության արդյունքում հանգել ենք հետևյալ եզրակացությանը. «Լայն առումով Արարատ Գյուլբանգյանի ստեղծագործությունը աշխարհարարման, այդ արարումը և հետագա ընթացքը պայմանավորող, դրան նպաստող, խոչընդոտող, կառավարող գործոնների և կառավարմանը չենթարկվող սուբյեկտների մասին է»: Սույն հոդվածում ցանկանում ենք քննել հատկապես վերջին երևույթի դրսևորումները «PARACETAMOL» ստեղծագործության մեջ: Այդ ստեղծագործությունը հետաքրքրական է մի քանի առումներով: Վերը նշված գրախոսության մեջ արդեն իսկ ընդգծել ենք այն հանգամանքը, որ «PARACETAMOL»-ը ներկայացնում է կառավարող գործոնների և կառավարմանը չենթարկվող սուբյեկտի հետաքրքիր հարաբերություն և հենց այդ հատկանիշով է ներդաշնակվում Արարատ Գյուլբանգյանի մյուս ստեղծագործություններին: Սույն հոդվածում առավել հանգամանորեն կանդրադառնանք այդ հարաբերություններին` ուշադրություն դարձնելով նաև քրոնոտոպային կառույցներին: Ուշագրավ է այն հանգամանքը, որ գործողությունները ծավալվում են ինտերնետային տիրույթում. «Գործողությունը տեղի է ունենում Facebook սոցիալական ցանցի online տիրույթում փետրվարի 4-ին` Գրինվիչի ժամանակով ժամը 16:23 – 17:56 ժամանակահատվածում: Գործողությանը հետևում է 11 մլն 84 հազար 78 օգտատեր»:
Գրականությունը չի կարող անտարբեր մնալ տեխնիկական առաջընթացի նկատմամբ: Գրական ստեղծագործության տարածաժամանակային հարաբերությունները, իրային աշխարհի պատկերումը տարբեր ձևերով և չափերով պայմանավորված են տեխնիկական առաջընթացով: Իրային աշխարհը կարող է դառնալ ժամանակային կոնկրետ ցուցիչ: Այդ առումով բավականին խոսուն է Գուրգեն Խանջյանի «Լուր չկա» վեպի այս հատվածը. «Հետաքրքիր է ստացվում` միջանցքը վրիպանք է դրսի ժամանակի համար, իսկ համակարգիչը` միջանցքի ժամանակի, այսինքն` համակարգիչը դրսի ժամանակի գործակալն է` նետված այս հաստատության մեջ, որը վաղ թե ուշ ներդաշնակելու է դրսի և ներսի ժամանակները»: Բազմաթիվ են այն օրինակները, որոնք ցույց են տալիս իրային աշխարհի` ժամանակային ցուցիչ լինելու հանգամանքը: Սակայն Արարատ Գյուլբանգյանի նշված ստեղծագործության մեջ ֆեսյբուքյան տիրույթը զուտ տեխնիկական առաջընթացի արտահայտություն չէ, այլ քրոնոտոպային հետաքրքիր կառույց, որին ստորադասված կամ զուգահեռված է նրա ստեղծագործության մեջ լայնորեն կիրառվող շախմատային քրոնոտոպի կառույցը: Ֆեյսբուքյան տարածությունը բավականին համահունչ է ստեղծագործության բովանդակությանը: Ինչպես նկատեցինք մեջբերված հատվածից, հիշատակված են գործողությունների ծավալման սկզբնակետը և վերջնակետը: Հիշատակված է նաև գործողությունների կատարման կոնկրետ օրը, որ այս համատեքստում պատահական չէ: Փետրվարի չորսը հեղինակի ծննդյան, ինչպես նաև ֆեյսբուքի ստեղծման օրն է: Ֆեյսբուքյան տարածության տիրույթներում ծավալվող գործողությունն ըմբռնվում է իբրև որևէ խմբում գրվող մեկնաբանությունների կամայական շարք: Ընդ որում` առաջին հայացքից մեկնաբանությունները անկապակից են, քանի որ գործողությունների մասնակիցները մարդկային կեցության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ են, և նրանցից յուրաքանչյուրը շարադրում է աշխարհի գնահատման ի՛ր հայեցակետը: Paracetamol-ը (ընտանեկան բժիշկ), Կարո Գասպարը, Տիկին Նեոն և Սամուելը իրենց առերևույթ անկապակից մեկնաբանություններով խորապես ներդաշնակ են: Գրոսմայստերը այլ գործառույթ է իրականացնում այս ստեղծագործության մեջ: Նա դառնում է շախմատային քրոնոտոպի կառուցողը` ֆեյսբուքյան կենսատարածքում ստեղծելով մի նոր պայմանական տարածություն, որ մոդելավորում է ծավալվող իրադարձությունները: Շախմատային ֆիգուրների անհամարժեքությունը բավականին հարմար է հասարակական հարաբերությունների ստորադասակարգային բնույթը մոդելավորելու համար: Բանաստեղծն այս կոնտեքստում ներկայացնում է Paracetamol-Կարո Գասպար-Տիկին Նեո-Սամուել համադրության հակադիր բևեռը: Ինչո՞վ է պայմանավորված այդ հակադրությունը: Դա հասկանալու համար նախ պետք է պատկերացնել վերը նշված համադրությունը, այսինքն` Paracetamol-ի, Կարո Գասպարի, Տիկին Նեոյի և Սամուելի առերևույթ անկապակից մեկնաբանությունների ներքին ընդհանրությունը կամ գոնե ֆունկցիոնալ համապատասխանությունը:
Արարատ Գյուլբանգյանի ստեղծագործությունը ներկայացնում է համադրությունների տարբեր մակարդակներ: «301 գրամ» ստեղծագործությունը վերլուծելիս անդրադարձել ենք այդ երևույթին: Աշխարհարարման կենսաբանական, տիեզերաբանական և աստվածաշնչյան-առասպելական մեկնությունների համադրությունը ներկայացնում էր քաոս-կոսմոս անցումը: Անցումը պայմանավորում է կառավարման հստակ գործընթաց, և ուսումնասիրվող երկում Paracetamol-ի, Կարո Գասպարի, Տիկին Նեոյի, Սամուելի կերպարները ներդաշն են հենց կառավարման գործընթացի տեսանկյունից ու ներկայացնում են այդ գործընթացի համադրական արտահայտությունը: Այս կերպարները ներկայացնում են հետքաոսյան կարգավորման տարբեր դրսևորումները: Առերևույթ անկապակից արտահայտությունները խորապես հետևողական են և ներկայացնում են ռեգրեսիվ կամ պրոգրեսիվ անցումներ: Ոճաբանական տերմինաբանությամբ դրանք կարելի է համարել աստիճանականության դրսևորումներ: Աստիճանական աճի կամ անկման օգնությամբ ներկայացվում է բովանդակային հետաքրքիր տեղաշարժ-անցում, որ Կարո Գասպարի կերպարում արտահայտվում է «Հայրենիքին մեջ մեծ ու աղեկ գործեր պիտի ընեմ» գերագույն մակարդակից «Աղվորիկ կիներու հետույքը կսիրեմ» աստիճանական անկումով: Այդ ծայրաբևեռների արանքում տեղավորված միավորներն ամբողջացնում են անկման հետևողականությունը. «Հայրենիքին մեջ մարդկանց ուղեղները պիտի մաքրեմ, անոնց մարմինը տեղաշարժ պիտի ընեմ, գործ ընել պիտի հորդորեմ, ոսկին հարգել ու խնայել պիտի դասավանդեմ», «Հայրենիքին մեջ բանաստեղծն ալ զինվոր է», «Հայրենիքին մեջ նոր, աղվոր ու փափուկ կնիկ պիտի առնիմ»: Անկումը ցույց է տալիս վեհացումից առօրեականացման ճանապարհը: Մյուս կերպարները ներկայացնում են բժշկության, տնտեսագիտության, ՏՏ ոլորտի կառավարման մասնավոր ֆունկցիաները: Նրանց խոսքը ենթարկված է աստիճանականության նույն սկզբունքին: Սամուելի` ՏՏ ոլորտի փորձագետի խոսքը կառավարման գործընթացի տեսանկյունից ընդհանրացնում է այս բոլոր կերպարները. «Մեր թիմը, իհարկե, կառավարում է, մենք մշտապես կառավարում ենք, մենք կառավարում ենք նույնիսկ անկառավարելին»: Անկառավարելին կառավարելու միտումը ներկայացնում է ստեղծագործության գլխավոր կոնֆլիկտը և կարծես թե ուղղորդում դեպի սույն հոդվածի ենթախորագիր: Կառավարման տարբեր ենթաոլորտների ներկայացուցիչները իրենց նախնական խոսքի վերջնամասում այս կամ այն կերպ հիշատակում են Բանաստեղծին կամ բանաստեղծական համակարգը. «Կարո Գասպար-….Բայց կարծեմ Բանաստեղծն ալ հիվանդ է…», «Տիկին Նեո-….Լսել եմ` Բանաստեղծը մի քիչ տկար է»: Սամուելի հիշատակությունը դարձյալ տանում է դեպի սույն ստեղծագործության գլխավոր կոնֆլիկտ. «Նա ունակ է փլուզելու նույնիսկ բանաստեղծական ամբողջական համակարգեր»:
Այսպիսով` արդեն իսկ պարզ է նշված կերպարների ֆունկցիոնալ կողմը: Բանաստեղծի կերպարը կերպարային այս համակցությանը հակադրվում է կառավարմանը չենթարկվելու ֆունկցիայով: Առհասարակ կերպարներից յուրաքանչյուրն ունի կայուն հայեցակետ, որ պայմանավորված է իր գործունեության ոլորտով: Բայց կառավարման ընդհանուր հայեցակետին Բանաստեղծը հակադրվում է իր անկառավարելիությամբ: Այսինքն` Բանաստեղծը նշանավորում է ձգտումը դեպի նախնական քաոս: Հետքաոսյան ընթացքը ենթադրում է կառավարման հստակ օրինաչափություն, սակայն որքան էլ օրինաչափ լինի այդ գործընթացը, արդյունքում ի հայտ են գալիս չկառավարվող սուբյեկտներ: Օրինաչափը ենթադրում է նաև ոչ կանոնիկի գոյություն: Բանաստեղծի` այլ կերպարներին հակադրվելու և կառավարմանը չենթարկվելու հստակ միտումը հատուկ կերպով ընդգծված է ստեղծագործության տարբեր հատվածներում. «Paracetamol-Մեկ ժամից կրկին այցելելու եմ Բանաստեղծին: Ընդհանուր վիճակը և ինքնազգացողությունը բավարար է` դրական զարգացումով: Սակայն դեռ վաղ է ապաքինվելու մասին խոսել: Գլյուկոզայի քանակն արյան մեջ առավոտյան 18,1 մմոլ/լ էր:
Բանաստեղծ – Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում` եթե որևէ մեկն այս շաքարային լաբիրինթոսը չտեսնի, բանաստեղծ չի դառնա»: Բանաստեղծի խոսքում կաղապարային է «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում» աստվածաշնչյան միավորը, որ տվյալ համատեքստում դառնում է ընկալման նոր հորիզոնի, նոր տիրույթների մուտքը նշանավորող սկզբնակետ: Կարճ ասած` կաղապարային այդ միավորը ցույց է տալիս վերը նշված հետքաոսային աշխարհի կառավարման գործընթացների հակադիր բևեռը` անկառավարելիության տիրույթը: Մեկ այլ հատվածում ուղղակիորեն ներբեռնվում է «Տրակտատ Փողի մասին» ստեղծագործության համապատասխան հատվածը. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում… Փոքր գյուղաքաղաքի անհաղթահարելի թախիծ, մառախլապատ արշալույսներ, շաքարախտով հիվանդ ճնճղուկներ, բարձիթողի պրոստատիտ, անհուսորեն պճնված չվճարվող պոռնիկներ, բռնաբարված աղբարկղեր, կիրք, սեր, լաց, քնքուշ համբույր, փողի խրոնիկական անբավարարվածության սինդրոմ…»: Այլ ստեղծագործությունից բերված հատվածը ցույց է տալիս երկու ստեղծագործությունների արմատական կապը: Այսպես` եթե «Տրակտատ Փողի մասին» ստեղծագործությունը կառավարման և կառավարմանը չենթարկվող երևույթների հարաբերությունը ներկայացնում էր Փող-Հակափող պայքարի դիրքերից, ապա «PARACETAMOL»-ը խնդիրը քննում է առավել լայն հայեցակետով` հիմքում ունենալով նաև փողային տիրույթի գերիշխանության և այդ իշխանությանը չենթարկվող երևույթների հարաբերության հարցը: Դա է պատճառը, որ այլ ստեղծագործության տեքստային միավորը ուղղակիորեն փոխադրվում է այստեղ: Բանաստեղծի ընկալած աշխարհը ենթակա չէ որևէ վերահսկման, դուրս է բժշկական, փողային, կեղծ բարեգործական կառավարման հսկողությունից: Այդ աշխարհի կողքին կա նաև տնտեսագիտական վերահսկմանը ենթարկված պայմանական տարածություն, որի «տերը» և արարիչը տնտեսագիտության դոկտոր տիկին Նեոն է. «Agora-ն այնպիսի մի կենսատարածք է, որտեղ մշտապես զուգորդվում են պատմության հրաշք իրադարձությունները…. Agora-ի զարգացման լավագույն STARTUP կարող է դառնալ գյուղաքաղաքային տուրիզիմի առաջնահերթությունը…. Այս ամենը վերակերտելու է Agora-ի անշփոթելի դիմագիծը: Իսկ Agora-ի ամենամյա տնտեսական համաժողովը կհամախմբի մասնատված գյուղաքաղաքները»: Սա կարգավորվածության աշխարհն է, սա նյութի տրամաբանված իշխանության և հետևողական ընթացքի տարածությունն է, այնինչ Բանաստեղծի դիտակետը լիովին ապանյութական է. «Այսօր առավոտյան, երբ բուժքույրը ցանկացել էր չափել մարմնի ջերմաստիճանը` ջերմաչափը փորձելով տեղադրել թևատակում, Բանաստեղծը նրա ձեռքից խլել էր ջերմաչափը և անասելի արագությամբ այն մտցրել անակնկալի եկած բուժքրոջ հեշտոցն ու բացականչել.
– Երբեք մի՛ չափիր անչափելին»: Անչափելին դուրս է ցանկացած վերահսկողությունից և կառավարման ցանկացած ասպեկտից: Այսինքն` անկառավարելիի տիրույթը, անչափելիի տարածությունը զուտ բանաստեղծական աշխարհն է. «Ուղղափառ բժշկությունն անկասկած ճշգրիտ գիտություն է, բայց երբ Աստված չի ցանկանում այլևս կառավարել որևէ մեկին, այդ մարդը կարծես թե դառնում է Բանաստեղծ…»: Աշոտ Խաչատրյանի «Երևան» բանաստեղծության պարոդիան այստեղ Բանաստեղծի դառը հեգնանքն է` ուղղված աշխարհի կառավարելիության գործոններին:
Գրոսմայստերի կերպարը զուտ ուղեկցող բնույթ ունի: Իրադարձությունները շախմատային տախտակի վրա բավականին հետաքրքիր ձևով են մոդելավորվում: Սև խաղաքարերն անշարժ են: Շարժվում են միայն սպիտակ խաղաքարերը` արտահայտելով աշխարհի կառավարման և կառավարմանն ակամա ենթարկվողների հարաբերությունը: Այսինքն` Բանաստեղծի անկառավարելիությունը դուրս է նաև շախմատային քրոնոտոպի կառույցից:
Այսպիսով` նախնական քաոսին փոխարինած կարգավորվածությունը ենթադրում է օրինաչափ կառավարման գործընթաց: Բայց ցանկացած օրինաչափություն ենթադրում է նաև բացառություններ: Բանաստեղծի կերպարը ներկայացնում է օրինաչափության տիրույթում հանդես եկող բացառություն, որ իր անկառավարելիությամբ ու անվերահսկողությամբ նշանավորում է վերադարձը նախնական քաոսին: «PARACETAMOL» երկը Արարատ Գյուլբանգյանի ստեղծագործության համատեքստում մի տեսակ ընդհանրացնող գործառույթ է կատարում, քանի որ այստեղ ամենաամբողջական ձևով դրսևորվում են հետքաոսյան մասնավոր կարգավորումների և նախնական քաոսին ձգտող անկարգավորվածության հարաբերությունները:
———————————————
Գրականություն.
– Գյուլբանգյան Ա., PARACETAMOL, Մի հիվանդության պատմություն, Երկունք, 2018 թ., հունվար:
– Մանուչարյան Կ., Արարատ Գյուլբանգյանի ստեղծագործական դիմանկարը, Երկունք, 2019 թ., հուլիս:
– Խանջյան Գ., Լուր չկա, Երևան, «Անտարես», 2016 թ.: