-Ընթերցողն ինչպե՞ս է ընկալում, երբ գրողը ճշմարտությունից ավելի ներկայացնում է ճշմարտանմանը:
Սամվել ԿՈՍՅԱՆ – Ճշմարտանմանը թեև ճշմարտությունը չէ, սակայն պայմանավորված է ճշմարտության գոյությամբ: Մարդու ստվերը որքան էլ մարդու մարմնի գծագրական պատկերն արտահայտի, մանեկենները մարդկանց նմանակով քանդակվեն, միևնույն է, ընկալվելու են որպես ճշմարտանման, որովհետև զուրկ են մարդուն հատկանշող որակներից` հուզականություն, վերլուծելու, գնահատելու, ստեղծելու կարողություն և այլն: Հետևությունը մեկն է` չլինի առարկան, այսինքն` ճշմարիտը, չեն լինի ստվերն ու մանեկենը, այսինքն` ճշմարտանմանը: Այլ է գրականության պարագայում, երբ ճշմարտանմանը գրողի երևակայության արդյունքը լինելով, հետագայում վերահաստատվում է որպես ինքնուրույն գործոն` վերածվելով ճշմարիտի: Ֆանտաստիկայի ժանրը նման վերափոխությունների բազում օրինակներ է արձանագրել: Ընդհանրապես, դեռևս անտիկ ժամանակներից, մարդկությունն իր կենսակերպին առնչվող անբացատրելի շատ հարցերի պատասխանները փորձել է գտնել իր միջավայրից դուրս, առանց դրանց պատկերները ճանաչելու ու դրանց իմաստը վերծանելու գիտակցական աշխատանքի, ներքին անորոշությունը հաղթահարելու ջանքերը տեղափոխելով այլ իրականություն, որտեղ հնարավոր է եղել իր ընկալումներում առարկայացնել ամենաանհնարին թվացող երազանքներն անգամ: Հեքիաթներում թռչող գորգերի, այլ գերբնական երևույթների գոյությունը հենց այդ ձգտումների արդյունքն են: Անգամ 21-րդ դարում, տեխնիկական աննախադեպ պայմաններում, պարզվում է, որ Հարի Փոթերի անհավանական արկածների մասին պատմող գրքերը հարյուր հազարավորների կարող է հետաքրքրել: Ընթերցողը ցանկանում է ավելին իմանալ իր հնարավորությունների ու կարողությունների մասին, որը սոցիալական, քաղաքական և կենցաղին առնչվող այլ գործոններով պայմանավորված, այնքան էլ հասանելի չէ առօրյա, կրկնվող իրադարձություններով շարունակվող օրերի մեջ, և, տվյալ դեպքում, ճանաչողության ընդարձակման աղբյուրը շարունակում է մնալ մշակույթն ու գրականությունը, որոնցում ճշմարտանմանն ընկալվում է որպես պատուհան` ճանաչելու և տեսնելու ճշմարիտը:
Ճշմարիտն այն սահմանն է որին ձգտում է հասնել ճշմարտանմանը-Վերջինս կարող է անչափ մոտիկ լինել ու անսահմանորե փոքրացնել իրենց միջև հեռավորությունը բայց երբեք չի հասնի ճշմարիտին