ԵՂԻԱ ՏԵՄԻՐՃԻՊԱՇՅԱՆ. «Միշտ ճամփան փնտրող մարդ մը պիտի ըլլամ» / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

ԵղիաԱյս տարի լրանում է հայ մտքի ամենաինքնատիպ դեմքերից մեկի` Եղիա Տեմիրճիպաշյանի ծննդյան 162-ամյակը: Թերևս, ընդունված կարգի համաձայն, տարեթիվը հոբելյանական չէ: Բայց եթե նկատի ունենանք, որ Եղիայի նույնիսկ արժանիորեն հասանելի հոբելյանները անուշադրության են մատնվել, լրացող յուրաքանչյուր տարին կարելի է
հոբելյանական համարել: Այսօր արդեն անհանդուրժելի է, որ Եղիայի /ի դեպ, ոչ միայն նրա, այլև մի շարք այլ մեծերի/ անձն ու գործը տասնամյակներ շարունակ դուրս է մնացել հայրենի գրական-մշակութային զարգացման հիմնուղուց: Բավական է ասել, որ մեծանուն գրողի մահից մեկ դար անց ժամանակի գրական մամուլում սփռված նրա բազմաթիվ ու բազմազան գործերից ընթերցողների սեղանին է դրվել քիչ թե շատ ամբողջական ընդամենը երեք ժողովածու`«Արձակ էջեր, նամակներ, քերթուածներ» /Փարիզ, 1955/, «Երկեր» /Երևան, 1986/ և բոլորովին վերջերս` «Հրայրք մութին» /Իսթանպուլ, 2008/: Գրողի անձի ու գործի ամբողջական պատմությունը նույնպես դեռևս սպասում է իր նախանձախնդիր հետազոտողին: Մինչդեռ Եղիա Տեմիրճիպաշյանը առանձնահատուկ երևույթ է հայ գրականության պատմության և, մասնավորապես, 19-րդ դարի վերջին քառորդի մեր ազգային-հասարակական, կրթական-մշակութային զարգացման մեջ:

Ո՞րն է նման հակասության պատճառը: Պատասխանը պետք է փնտրել ժամանակի գործոնի ու նաև գրողի անհատական խառնվածքի, ստեղծագործական էության յուրահատկությունների մեջ: Եղիա Տեմիրճիպաշյանին վիճակվել էր ապրել և ստեղծագործել մեր ժողովրդի համար, հիրավի, շրջադարձային պատմական ժամանակում, երբ ոչ միայն ազգային ու հասարակական կյանքը, այլև գիտական-իմաստասիրական-ստեղծագործական միտքը սրընթաց բարեփոխումների էր ենթարկվում: Սուլթանական Թուրքիայի ճնշիչ մթնոլորտում անգամ հայության արարող ոգին ջանում էր ելքեր գտնել դեպի աշխարհում ընթացող զարգացումները, առաջադիմության ակունքներն ու նորագույն ուղիները: Ահա թե ինչու, Ե.Տեմիրճիպաշյանը 1860-ին ընդունված Ազգային սահմանադրությունից առաջ եղած ժամանակը «խավարյալ», իսկ ներկան «մութ» ժամանակ է անվանում, որը պետք է լուսավորել ու բարեփոխել արդի եվրոպական մտքի նվաճումներին հասու լինելու ճանապարհով: Միաժամանակ, իր խառնվածքով ու մտածողությամբ նա աշխարհի և կյանքի էվոլյուցիոն` բարեշրջային զարգացման կողմնակիցն էր, և դա անթաքույց դրսևորվել է ինչպես արվեստին, գեղեցիկին, այնպես էլ պատմության, գիտության, կրթության և այլ ոլորտների մասին գրած «Տարերք պատմության իմաստասիրության», «Բարեշրջություն գեղեցկին» և իր բազմաթիվ փոքր ու մեծ գործերում: Ընդ որում, ժամանակների կապի, ներքին փոխանցումների համակարգում առաջնությունը նա տալիս էր ներկա ժամանակին: Դա հստակորեն դրսևորվում է նաև ճշմարտության մասին իր տեսակետի շարադրման մեջ, ըստ որի, ինչպես ամեն բան, ճշմարտությունը նույնպես հարաբերական է: Այնուամենայիվ, այն, ինչն այսօրվան ու ներկային է վերաբերում, առավել մոտ կլինի «բացարձակին, եթե կա»: Որովհետև այսօրն ու նորը նա գնահատում էր հենց այն բանի համար, որ «ունի այն, ինչ անցյալն ունի, ինչ որ հինն ունի, և բան մ’ալ ավելի – ինչ որ զայն անցելույն և ապագային կզոդե»: Այս իմաստով կարևոր է նկատել, որ Եղիայի մտավոր և հոգևոր աշխարհը հիմնականում ձևավորվել էր դեռևս իր ծննդավայր Խասգյուղի Ներսիսյան վարժարանում, որտեղ իր նույնքան նշանավոր սերնդակիցների` Մինաս Չերազի ու Ռեթեոս Պերպերյանի հետ, աշակերտել էր ճանաչված գրող ու մանկավարժ Թովմաս Թերզյանին: Հենց նրա հսկողությամբ էլ հաղորդակցվել էր համաշխարհային գրական-գեղագիտական մտքի ժամանակակից արժեքներին: Իսկ ժամանակը փոխվել էր, փոխվել էր մարդը: Պայքարի թատերաբեմը դրսի աշխարհից տեղափոխվել էր մարդու հոգու մեջ` «Չափահաս մարդն հոռետես եղած է. խորհուրդը կգրավե իր հոգին», գրում է Եղիան: Անցել էին միջնադարյան վարդի ու բլբուլի հովվերգական ժամանակները, հիմա «անդունդին եզրը գլխահակ` վայուն կարձակե… պյուլպյուլն: Եվ այդ իսկ է Լամառդինի «Լճակը»: Հայ իրականության մեջ ևս, թվում էր, անցել էին Ալիշանի, Պեշիկթաշլյանի ազգային-հայրենասիրական ռոմանտիզմի ժամանակները: Արդեն հրապարակի վրա էր Թերզյանի և Դուրյանի` բանաստեղծական հոգու խորունկ ներաշխարհային բացահայտումներով հատկանշվող քնարերգությունը:
Եվրոպական, մասնավորապես, ֆրանսիական ռոմանտիզմից ու սիմվոլիզմից եկող ազդեցությամբ, սևեռվածությունը անհատի ներաշխարհի, Տիեզերքի, Բնության հետ մարդու «թաքուն» կապերի, հավերժի ու անցողիկի, մարդկային ճակատագրի առեղծվածայնության ճանաչողությանը, լայն ասպարեզ էր բացում նաև կրոնի և գիտության, հավատի ու անհավատության խնդիրների արծարծման համար: Սիմվոլիզմն այդ ամենին ավելացնում էր պատկերի երկրորդ խորքի կամ, այսպես կոչված, «աշխարհի երկատման», խորհրդանշանների մեջ խտացված իմաստային ընդգրկումների համակարգը, բերում հասարակության անկատարություններից, արատներից տառապող ու մեկուսացող, հավերժի ցավով բռնված տրտմագին արվեստագետ անհատի «տարօրինակ», բազմության համար շատ կողմերով անհասկանալի կերպարը: Եղիայի պարագայում այդ ամենին գումարվում էին նաև նրա անձնական կյանքի յուրահատկությունները: «Վաղահաս հայրենաբաղձությունս անդրագույնին` ինձի բոլորովին աշխարհի վրա պանդուխտի կերպարանք մը տվին», խոստովանում է նա «Հորեղբորս կաղանդչեքը» պատմվածքում:
Չի կարելի ասել, թե ժամանակակից հասարակությունը չէր նկատում Եղիայի ունակությունները և ինքնադրսևորման հնարավորություններ չէր ստեղծում նրա համար: Ե.Տեմիրճիպաշյանը նույնիսկ մի քանի պետական պաշտոններ է վարել, զբաղվել ազգային-քաղաքական գործունեությամբ` ընտրվելով թաղական, երեսփոխան: Այնուամենայնիվ, նա շատ կարճ ժամկետում ըմբռնեց իր բուն կոչումը, հրաժարվեց հարակից բոլոր զբաղումներից, իրեն նվիրելով մանկավարժական, խմբագրական ու ստեղծագործական աշխատանքին` այդ բոլոր ոլորտներում էլ հասնելով մեծ համբավի:
Զուտ գրական առումով, կարող ենք ասել, որ նա իսկական նորարար էր, քանի որ մեր իրականություն բերեց գրողի, ստեղծագործողի նոր տիպը, որը ոչ թե գրականություն էր ստեղծում, այլ գրականությունը դիտում էր իբրև իր կյանքի բնական արտահայտությունը, իր բազմակողմանի, հակասական, հարուստ ու առեղծվածային ներաշխարհի անխուսափելի դրսևորումը: Նա համոզված էր, թե բանաստեղծները նրանք են, «որոնց թևին վրա քնար մը դրավ երկինք»: Բայց միշտ չէ, որ բանաստեղծի կյանքը անամպ է ու երջանիկ, կան նվիրյալներ կամ «կոչեցյալք», որոնց կյանքի ուղին «Գողգոթայի ճամփա» է հիշեցնում, որոնց «աշխարհ գալը տարաբախտություն» է, իսկ բանաստեղծ լինելը` «տարաբախտություն կրկին»: Այս երկրորդների շարքին էր նա դասում իրեն, ում համար մոր սիրտը գուշակել էր, թե «Տղաս, գրող եղար, անոթի պիտի մեռնիս»:
«Մարդկութենեն վեր կա անհատ մարդը» , համոզված գրում էր Եղիան «Նոքա և ես» հոդվածում, այդ թվում` «իմաստնույն վրա զմայլող և խելագարի վիճակին ցանկացող մարդը»: Նման անհատը, ըստ նրա, «հանելուկ մ’է», «առեղծված մ’է», որ «աչքն ի հերկին և մահն ի հոգին» ստիպված է օրնիբուն տքնել` կենաց կնճիռները լուծելու համար: Միաժամանակ, Եղիան չէր ընդունում աշխարհի և մարդու դրսևորման ու բացահայտման միակողմանիությունը, քանզի դա առաջին հերթին հակասում էր հենց ներքին ու արտաքին աշխարհի մասին բուն ճշմարտությունը բացահայտելու դարի հրամայականին: Իսկ ժամանակը առաջ էր ընթանում: 19-րդ դարակեսն արդեն առավել հակված էր աշխարհի և մարդու զարգացման օբյեկտիվ, քան սուբյեկտիվ օրինաչափությունների ընդունմանը: 70-ական թվականների կեսերին մեկնումը Ֆրանսիա, այցելությունը Վիկտոր Հյուգոյին, մոտիկից ծանոթությունը բնապաշտական-իրապաշտական գրական ուղղության հեղինակների ու նրանց երկերի, ինչպես նաև պոզիտիվիստական փիլիսոփայության, հատկապես Լիտրեի գաղափարներին, շատ բանով պայմանավորեցին Եղիայի հետագա մտածողությունն ու ազգային-մշակութային գործունեության ուղղությունը: Նա խոստովանում է, թե ինքը այլևս հարում է «այն գրական դպրոցին, որ մատենագրական բարեշրջության մեջ ի հայտ կուգա յուր կարգին` երբ արդեն իրենց վերջին բառն ըսած են մյուս դպրոցներն, ա՛յն իմաստասիրական դպրոցին, որ գիտության արդի վիճակին կհամաձայնեցնե յուր վճիռներն` առանց նկատողության տեղվո կամ պատեհության, այն բարոյական դպրոցին, որ կըմբռնե բնականին ու բարոյականին անձուկ վերաբերությունն և ըստ այնմ կբանաձևէ իր պատվերներն» /ընդգծումները մերն են` Պ.Դ./:
Սակայն կարևոր է նկատել, որ նա երևույթների բարեշրջության ընթացքը ուղղագիծ, ինչպես ինքն է արտահայտվում` վերելական չի պատկերացնում: Եվ դրա ցայտուն ապացույցը Գեղեցիկի զարգացման իրեն ժամանակակից փուլն է, ուր /մասնավորապես, Բոդլերի ստեղծագործության մեջ/ գերիշխում է …Տգեղը, իբրև Գեղեցիկի բարեշրջության արդյունք: Թվում է, հակասություն կա նման դատողության հիմքում: Սակայն իրականում նման մոտեցումը բխում է Եղիայի իմաստասիրական մտածողության յուրահատկությունից, որը զերծ չէ իրերի ու երևույթների զարգացման դիալեկտիկայի` ներքին հակադրամիասնության, ըմբռնումից: Մանավանդ որ պատմության իմաստասիրության աշխարհի փորձը նրան ևս բերել էր այն համոզման, թե « ինչ ալ ըլլա, պետք է համակերպիլ բնության օրենքին, որու համեմատ շարժումն, հառաջադիմությունը ճոճմամբք /oscillation/ կկատարվի. գործ ու հակագործություն: Լավատեսութենեն հոռետեսություն կերթանք. հոռետեսութենե լավատեսության պիտ վերադառնա՜նք»: Նույն օրինաչափությունը նա տեսնում էր նաև գեղեցկագիտության ոլորտում` Տգեղի ու Գեղեցիկի բարեշրջային զարգացման գործընթացում:
Այդուհանդերձ, մեզ համար այսօր շատ ավելի կարևոր է Եղիայի այն հստակ դիրքորոշումը, որ դրսևորում է նա իր ապրած բարդ անցումային ժամանակի երևույթները ազգի և ընդհանրապես հասարակության կյանքի ու առաջադիմության տեսանկյունից գնահատելիս: Եվրոպական գրական-գիտական-իմաստասիրական մտքի ներհոսքը հայ իրականության մեջ խրախուսելով հանդերձ, Ե. Տեմիրճիպաշյանը, սակայն, դեմ էր Արևմուտքից եկող բոլոր հովերն ու հոսանքները գրկաբաց ընդունելու մտայնությանը: Գեղագիտական-իմաստասիրական տեսակետից շատ բարձր գնահատելով եվրոպական դասական ռոմանտիզմի մի շարք մեծերի/ Լամարտին, Մյուսե, Գյոթե, դը Ստալ, Բայրոն ևն/ ստեղծագործությունը, նա գտնում էր, որ այդ գրականությունը` իր ջղախտավոր, հոռետես, անձնասպանության մղող հերոսներով, պարզապես վնասակար է մարմնական ու հոգեկան առողջության կարոտ հայ ժողովրդի ապագայի համար: Եղիան գրում է, թե Լամարտինը` որքան էլ եվրոպական գրականության հրեշտակը, որքան էլ մեծագույն, բայց հաց ու գինի կամ միս չէ, այլ, թերևս, կաթ, մեղր, նեկտար: Համենայն դեպս, հայոց ներկա իրականության մեջ: Ահա թե ինչու, հետագայում «Գրական և իմաստասիրական շարժում» հանդեսի էջերում պաշտպանում էր մարմնի իրավունքները` սերունդները բարոյական հիվանդությունից զերծ պահելու համար, դաստիարակության մեջ ջատագովում Գեղեցկի հետ նաև Օգտակարին ու Ճշմարտին տեղ տալու գաղափարը: «Մեր ազգին վրա ալ ներգործել սկսող դրական իրապաշտությունն», ըստ նրա, արդյունք էր «դրական գիտության» զարգացման ամբողջ Եվրոպայում: Մանավանդ համոզված էր, որ գիտությունը հենց «իրականին ծանոթությունն է»: Այս տեսակետից, գիտակցելով կրթության խնդրի կարևորությունը` նա ահազանգում է, թե պետք է լրջորեն զբաղվել դրանով, քանզի դպրոցն է ազգի գոյությունը երաշխավորողը: Անհրաժեշտ է կրթության և դաստիարակության դրությունը հեղաշրջել կամ գեթ բարեփոխել` «արվեստական ջերմանոցական դաստիարակությունը» համաձայնեցնելով իրապաշտականության արդի սկզբունքների հետ, քանզի` իրապաշտություն-բնապաշտությունն է /իմա` գիտության պաշտպանությամբ/ այսօր մարդկության տերը:
Բայց մի՞թե այդ ամենը հակասության մեջ չէր մտնում հենց իր` Եղիայի ապրած կյանքի ու դավանած սկզբունքների` մասնավորապես, հոռետեսության, անձնասպանության փորձերի, մեծ Ոչնչի` հավերժական Հանգստի խորհրդանիշ Նիրվանայի մասին դատողությունների և հոգեվիճակների հետ: Որքան էլ տարօրինակ հնչի, Եղիայի պատասխանը այս հարցին դրական էր: Ավելին` նա չէր վարանում նոր սերնդին չառաջարկել իր կյանքի փորձը` անկեղծորեն խոստովանելով, թե «Ես բարոյական հեղինակի հավակնություն չունիմ, ես կորուսանելու կոչում ունիմ»: Միակ արդարացումը իր գրող` ստեղծագործող լինելն էր, իսկ էությամբ, կոչումով գրողները, որոնց մեջ իմաստասիրությունն ու գիտությունը ձուլվում են ստեղծագործությանը, ըստ նրա, դատապարտված են անցնելու երկրային ու երկնային բոլոր տառապանքների, հակասական թվացող բոլոր զգացողությունների ու հոգեվիճակների` աստվածապաշտության ու աստվածամերժության, նյութապաշտության ու հոգեպաշտության, մութի և լույսի, չարի և բարու, արդարի ու անարդարի, գեղեցիկի ու տգեղի միջով` ի վերջո, կյանքի մեծ իմաստին` Ճշմարտության ճանաչողությանը հասնելու լավատեսական մղումով: Ահա թե ինչու էր նա համոզված հորդորում իր հնարավոր ընդդիմախոսներին, թե` «Արդ, ինձ ու ինձ նմաններու միայն ներելի է միգրոպներով լի գրվածներ տարածել հայ ընկերության մեջ», քանզի դա` համաշխարհային մտքի զարգացումներին համընթաց ներաշխարհային այդ որոնումներն ու դեգերումները ևս խորքային հոսանքներով նպաստում են ազգի հոգևոր ու մտավոր հարստացմանը, ուրեմն և առաջընթացին:
Բայց այդ ամենը նման գրողներին ու արվեստագետներին / և իրեն այդ թվում/ չի ազատում ազգի և հասարակության առջև ունեցած պարտականություններից: Ընդհակառակը, կոչեցյալ արվեստագետների պարտքն է առավել մեծ նվիրումով լծվել այդ նպատակի իրագործմանը: Համոզված լինելով, որ մարմնական ու հոգեկան այլևայլ հիվանդությունների, այդ թվում` հոռետեսության գլխավոր պատճառը «ընկերային խնդրույն մեջ պետք է փնտրվի», «Ծիծաղ և գերություն հայ գրագիտաց» հոդվածում նա սահմանում էր. «Գրագետն, ընդհանուր անվամբ այդպես կկոչվի բարքերն և օրենքներն ուղղելու կոչումն ունեցող մարդն…»/ ընդգծումը մերն է`Պ.Դ./ :
Կարևոր է նկատել, որ Եղիա Տեմիրճիպաշյանի անձի ու գործի նկատմամբ վերը հիշատակված վերապահ վերաբերմունքի պատճառներից մեկն էլ այն է, որ ուշադրությունը սևեռելով գրողի գեղագիտական, նիրվանայապաշտական հայացքներին, անձնական կյանքի «տարօրինակություններին», գրականագիտությունը ամենից քիչ է լուսաբանել նրա ազգային ու հայրենասիրական էությունն ու հայացքները: Մինչդեռ դա մեծ գրողի դասական ժառանգության ամենակարևոր ու մշտապես արդիական նշանակություն ունեցող կողմերից է: Այս տեսակետից հատկանշական է այն հանգամանքը, որ դավանելով ու քարոզելով հայ կյանքի եվրոպականացման անհրաժեշտությունը, Տեմիրճիպաշյանը, սակայն, երբեք էլ կույր հետևողության կողմնակիցը չէր: «Պատերազմ ընդդեմ Ֆռանսայի» հրապարակման մեջ, հնարավոր սխալ ընկալողների համար մեկնաբանելով հավակնոտ թվացող այդ խորագիրը, նա գրում է, թե ինքը ամենևին էլ ֆռանսատյաց չէ ու չի կարող լինել, թե իր պայքարի կոչը միայն օրեցօր ահագնացող օտարամոլության դեմ է: Նա ահազանգ է հնչեցնում այն բանի համար, որ հիանալով Ֆրանսիայի անցյալի փառքով ու ներկայի նվաճումներով, «Կմոռնանք, թե մենք ալ ազգ ենք, ոյր քաղաքակրթությունն հնագույն է, քան ֆռանսական ազգինն. /…/ կմոռնանք, թե միննեսինկերներեն հառաջ ու Պեռանժեեն առաջ մենք ալ ունեցած ենք մեր երգիչներն, ունեցած ենք այն Գողթան երգիչներն, ոյց հազվագյուտ հատակոտորք համարձակություն կուտա մեզ հռչակելու, թե բոլոր ազգաց երգիչներեն գերազանց` երգչաց երգիչք էին մեր հին երգիչք, Գողթն գինեվետ գավառին երգիչք: /… /Կմոռնանք, թե Ֆռանսայի Ազգային մատենադարանեն ճոխագոյն մատենադարան մը ունինք հոն, հայրենի հողին վրա…»: Եղիան ցավում էր, որ «հայ ազգին մեկ կարևոր ու կշռավոր մասը» ծանոթ չէ իր երկրի փառքին, որը «ճշմարտություն, իրողություն» է:: Ուրեմն և, բացականչում է նա` «Մաքառիլ ֆռանսական ազդեցության դեմ կամ մանավանդ ֆռանսական լույսերուն ու փողփողումներուն մեջեն ի վեր հանել, ծանոթացնել ու պանծացնել ինչ որ ազգային է, ինչ որ հայ հողին վրա ծնունդ առած է, ինչ որ հայ մտաց արտադրություն է, ինչ որ հայ սրտե բխած է, ինչ որ, ի մի բան, մերն է. ահա պաշտոնս, ահա գործս այս պիտ ըլլա»:
19-րդ դարի ճիշտ կենտրոնում` 1851թ. գարնանաբույր մայիսին էր ծնվել Եղիան, որը միշտ էլ գույնզգույն երազների ու տենչերի հուշերով էր լցնում նրա հոգին` «Եկավ հասավ Մայիս, իմ ծննդյան ամիս` եկավ հասավ սիրամիս Մայիս,- գրում է նա «Մայիս» մանրապատումում:- Երկին և երկիր պիտի զգենուն կարմիր-կարմիր ամպեր մեր գլխուն վերև, կարմիր այտեր մեր շրթերուն ներքև…»: Բայց … անցնող տարիները այլ ճակատագիր էին նախասահմանել նրա համար. հարազատների` հոր, եղբոր ու հատկապես պաշտելի մոր վաղաժամ մահերը, սիրային «ձախորդությունները», որոնք նույնիսկ անձնասպանության դուռն էին հասցնում նրան, թվում էր, կատարյալ ու անելանելի մենակության էին մատնել արվեստագետի նուրբ հոգու տեր գրողին: 1892-ին գրած «Մինակ» քերթվածում, արդեն քառասնամյակը բոլորած Եղիան անկեղծորեն խոստովանում էր.
Տարիներն, որոնք ետիս են`
Իրենց զվարթության դառն հիշատակով
Զիս կչարչարեն:
Տարիներն, որոնք առջիս են`
Խելագարության ահռելի հեռապատկերով
Զիս կքարացնեն:
Եղիան չէր սխալվում. ի վերջո, հասարակության արատներից, կյանքի և մարդկային գոյության իմաստի, նյութականի և հոգեկանի հակասություններից խոցոտվող նրա զգայուն սիրտն ու հոգին չդիմացան այդ ամենի ահավոր ճնշմանը, «խելագարության ահռելի հեռապատկերը» դարձավ դաժան ու շրջապատի համար անսպասելի իրականություն` երրորդ փորձից 1908 թ. հուլիսի 19 –ին նա անձնասպանությամբ վերջ տվեց տասնամյակների իր նյարդային–հոգեկան տառապանքներին:
Բայց, իհարկե, Եղիան խելագար չէր այդ հասկացության սովորական իմաստով: Իրողությունն այն է, որ, ինչպես նշեցինք, ժամանակի ու անձնական կյանքի յուրահատկությունները պայմանավորել էին նաև նրա` իբրև արվեստագետի, յուրօրինակ էությունն ու նկարագիրը:
Կարելի է ասել, որ Ե. Տեմիրճիպաշյանը իրենով մարմնավորեց հայ կյանքի արդիականացման ժամանակի հրամայականը, շարունակելով և խորացնելով ժամանակակիցների ու նախորդների հատվածական ջանքերը, առավել նվիրումով ու անձնազոհությամբ լծվեց համաշխարհային և հատկապես եվրոպական գրական-մշակութային, գիտական-իմաստասիրական մտքի արժեքները մեր իրականություն ներմուծելու, յուրացնելու և այդ ամենի հետ հայ մտքի համաժամանակյա /սինխրոն/ ընթացքը ապահովելու գերխնդրին: Այստեղից էլ նրա հետաքրքրությունների, ձեռնարկումների, ստեղծագործական արարումների բազմազանությունն ու բազմաբևեռայնությունը: Վիթխարի նյութ ու աշխատություն, որի ծանրության տակ Ատլասի նման կքելով, նա չկարողացավ ի մի բերել այդ ամենը, ստեղծել աշխարհաճանաչողության ճիշտ կամ սխալ, բայց իր սեփական համակարգը: Այդուհանդերձ, աշխարհի զարգացումների հետ համընթացության ապահովման խնդիրը` նաև նրա տիտանական ջանքերի շնորհիվ, տվեց իր դրական պտուղները, բայց ավելի շատ նյութի կուտակման, բազմազանության յուրացման մակարդակով: Այդ ամենի խորքային քննության, համակարգման ու դրա հիման վրա ազգային գրականության զարգացումը նոր որակով առաջ տանելու խնդիրը թողնելով իր տաղանդավոր հաջորդներին, յուրատեսակ կամուրջ հանդիսանալով գրական սերունդների միջև:

One thought on “ԵՂԻԱ ՏԵՄԻՐՃԻՊԱՇՅԱՆ. «Միշտ ճամփան փնտրող մարդ մը պիտի ըլլամ» / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

  1. Ես չգիտեի ով էր Եղիա Տեմիրճիբաշեանը։ Իր անունը տրվում է Գուրգեն Մահարիի ԵՐԳ ՄԱՀՈՒ ԵՎ ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ՝ Կոմիտասի մասին գրված թատերախաղի մեջ։ Շնորհակալ եմ այս հոդվածի համար։
    Արամազդ Ստեփանյան

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։