Մաքսիմ Ամելին` յուրօրինակ լեզվով ու մտածողությամբ օժտված ռուս բանաստեղծ, թարգմանիչ, էսսեիստ: Արդի ռուսական
գրականության ամենավառ անհատականություններից մեկը:
Մի շարք մրցանակների դափնեկիր է, այդ թվում` «Անտիբուքեր» (1998), «Նովի միր» ամսագրի, «Московский счёт» մեծ
մրցանակի (2004), Բունինյան (2012),
Սոլժենիցինի (2013) և «Պոետ» (2017) մրցանակների:
Ծավալում է հրատարակչական և լուսավորչական գործունեություն: 6 գրքերից բացի, հեղինակել է բազմաթիվ բանասիրական և գրականագիտական հոդվածներ և խոհագրություններ` նկատելով և լրացնելով դասական գրականագիտության և քննադատության բացթողումները:
Պոեզիան ունի թշնամիներ` ներքին և արտաքին: Արտաքին թշնամիների շարքին կարելի է դասել բանասերներին և գրականության պատմաբաններին: Առաջին հերթին պոեզիան հարկավոր է պաշտպանել մարտնչող բանասերներից: Պոեզիան իր գոյությամբ ապացուցում է Աստծու գոյությունն առավել, քան մյուս արվեստները: Բանասիրությունը, առավել քան մյուս գիտությունները, հատկապես վերջին հարյուրամյակի ընթացքում, անհաջող, բայց առանձնահատուկ ջանասիրությամբ, փորձում է ապացուցել հակառակը: Առանձնահատուկ վտանգ են ներկայացնում պոեզիայի հանդեպ կիրառվող ձևաբանական և կառուցվածքային մեթոդները: Իրենց իսկ մշակած ապարատի ողջ հզորությամբ հանդերձ, այդ մեթոդներն անզոր եղան որևէ բան բացահայտել կամ բացատրել ինչպես պոետներին, այնպես էլ ընթերցողին: Եթե սրանց նախնիները գոնե բարեհոգի դիահերձներ էին, ապա նրանց հետնորդները իսկական փոր թափող մոլագարներ են, ամենքին և ամենն անդամահատողներ: Պոեզիայի մասին նրանք ոչ մի նոր բան չեն ասել, թեև հաշվել են բոլոր ոսկորներն ու հյուսվածքները: Քանի որ հիմնական հասկացությունները, որոնցով վիրահատում է արդի բանասիրությունը, տեքստն ու համատեքստն է, որը ոչ այլ ինչ է, քան դիակն ու դրա թաղման հանդիսավոր զգեստը: Բայց իսկական բանաստեղծությունը, որն իմաստաձայնային միասնություն է, անտեղյակ է այդ հասկացություններից, քանզի, հանդիսանալով առանձնահատուկ կենդանի օրգանիզմ, գոյում է իր օրենքներով:
Առանձին հոգեհանգստի են արժանի պրոգրեսիստային տեսությունները: Իբր պոեզիան ունակ է զարգանալ, օրինակ` կլասիցիզմից հասնել ռոմանտիզմի` անցնելով սենտիմենտալիզմով, կամ սիմվոլիզմից հասնել սոցռեալիզմի` անցնելով ֆուտուրիզմով: Դա սխալ է, քանզի պոեզիայում չկա՛ և չի՛ կարող լինել ո՛չ զարգացում, ո՛չ պրոգրես, իսկ անհատական ոճական փոփոխությունները չի կարելի դիտարկել իբրև շարժում որևէ ուղղությամբ: Այստեղ սկսվում է գրականության պատմության ոլորտը: Բելինսկուց և Չերնիշևսկուց հետո ամբողջ մի հարյուրամյակ Ռուսաստանում իշխում էր պոեզիայի հանդեպ կոպիտ սոցիոլոգիական մոտեցումը: XX դարի կեսից դրան սկսեց փոխարինել մեկ ուրիշ, ոչ պակաս միակողմանի մոտեցում` կենսագրականը: Այս երկրորդի հիմնական սխալը պոեզիան հեղինակի կենսագրությամբ փոխարինելն է: Որպեսզի ոչինչ չասվի ստեղծագործությունների մասին, հարկավոր է մանրակրկիտ լուսաբանել այն ամենը, ինչ վերաբերում է հեղինակի կյանքի մանր, անգամ նեղ անձնական մանրամասներին: Ի՜նչ մի հաճույք է փորփրել այն կեղտը, որից արդեն բանաստեղծություններ են ծլել: Ավելին, այդ մոտեցումը ծնել է գրողների մի ողջ դասակարգ, որոնք չունեն ստեղծագործություններ, բայց ունեն բավական հետաքրքիր կենսագրություն: Կյանքն ու գործունեությունը առանձին ժանր է, բայց ոչ գրական: Քանզի հեղինակից` գործող անձ և հակառակ կերպափոխումը գրական ոչ մի օգուտ չի տալիս:
Անիմաստ բանաստեղծները պոեզիայի փչացումն են ներսից: Արտոնություններ որոնող կիսագրագետների` դեպի գրականություն զանգվածային հոսքի արդյունքում, խաթարվել է ընթերցողի ճաշակը իսկական բարձր պոեզիայի ընկալման առումով: Թվացյալ «հասկանալիությունը», «ժողովրդից չկտրվելու» աղոտ ջանքերը հանգեցրին պարզունակացման: Պոեզիան հասցվեց քառատող ստրոֆիկայի, համավանկ տաղաչափությանը, պարզունակ նախադասությունների և այլն: Յուրահատուկ նվաճում էր համարվում պոեզիայի պրոզայացումը (արձակացումը), որը, ինչպես ինձ է թվում, նման է գյուղի ու քաղաքի, կնոջ և տղամարդու միջև տարբերությունների ջնջմանը:
Որպեսզի հնարավոր լինի դիմակայել վերը թվարկված թշնամական զորքին, հարկավոր է վճռական քայլեր անել: Ռուսաց լեզուն գուցե թե վերջին կենդանի լեզուն է Եվրոպայի նշանակալի լեզուներից: Ինչո՞ւ մուրալ, երբ պահեստներդ լի են հարստությամբ: Ինչո՞ւ շրջել ցնցոտիներով, երբ ունես ոսկե կոճակներով կամզոլ: Դիմակայելու համար բոլոր միջոցներն են լավ. բազմապիսի հանգերը, հռետորական կերպարները, հարուստ տաղաչափությունը, ռուսական շարահյուսության հարստությունը: Պոեզիան կարո՛ղ է և պե՛տք է բարձրանա կենցաղից վեր, միայն այդ ժամանակ նա կլինի անխոցելի, միայն ա՛յդ ժամանակ կիրագործի իր բարձր կոչումը:
Ռուսերենից թարգմանեց
Գևորգ ԳԻԼԱՆՑԸ