– Ընթերցողն ինչպե՞ս է ընկալում, երբ գրողը ճշմարտությունից ավելի ներկայացնում է ճշմարտանմանը:
Անահիտ ԱՐՓԵՆ – Սովորաբար ճշմարտանմանն ավելի հեշտ է ընկալվում և ընդունվում, քան ճշմարտացին: Եթե իրականությունն ու դեպքերը շարադրում ես ամենայն ճշգրտությամբ, ինչպես որ եղել է իրականում, գրվածքը քիչ է հավանության արժանանում: Եթե գրվածքը ներկայացվում է համեմված` ավելի ձևափոխված, ճոխացրած կամ սքողած պատկերավորությամբ ու գեղարվեստական ընդհանրացումներով, կարդացողին ավելի ճշմարտանման է թվում: Առաջին հայացքից անհասկանալի թվացող այս երևույթն իրականում բնական է և տրամաբանական: Թերևս ոչ ոք չի ցանկանում արվեստի և գրականության գործերում տեսնել այն, ինչ ամեն օր տեսնում և զգում է իր տանն ու առօրյա կյանքում:
Ընթեցողն իր ընթերցածից սպասում է ավելին, քան ինքը գիտի անձնական փորձով: Ձեռքը գիրք վերցնելով` ընթերցողը գիտակցում է, որ մտնում է պայմանականության դաշտ, գիտի, որ ինքը գեղարվեստական հորինվածք է կարդում, ոչ թե տեղեկատվություն, հետևաբար փնտրում է այլ իրականություն, ակնկալում է տեսնել իր որոնած, ցանկացած կամ գտած մոտիվներն ու ճշմարտությունը: Այս կապակցությամբ ընթերցողին ավելի հաճո է հանդիպել իր փնտրածին ու երազածին, քան այն ամենին, ինչ ինքը գրողից լավ գիտի ու իր մաշկի վրա է զգացել: Սակայն, մյուս կողմից էլ, նա իր մաշկի վրա այդ զգացածի, իր կյանքի հույզերի ու հարաբերությունների, խնդիրների ու լուծումների ճշմարտությունն է փնտրում, հետևաբար իրեն ավելի հոգեհարազատ են հենց ծանոթ միջավայրն ու աշխարհը, քան ուրիշի խնդիրները կամ իռեալ տարածականությունները: Այսինքն` որքան էլ որ ընթերցողը ձգտում է հեռանալ իրեն շրջապատող իրականությունից, լիցքաթափվել և գտնել նոր իրավիճակներ կամ այլ ճշմարտություններ, միևնույն ժամանակ նա ցանկանում է և կարևորում, որ իր կարդացածն իր իմացածի սահմաններում ճշմարտանման լինի: Այսպիսով, ռեալ թե իռեալ, ընթերցողի համար կարևոր է, որ իր ընթերցածի մեջ հավասարակշռված ու ներդաշնակ լինեն կյանքի արտացոլումը, պատկերված դրվագների գեղագիտությունը, նյութի արծարծման հիմնավորվածությունը, խնդիրների լուծման որոշակիությունը: Ինչպես նաև` երջանկության ձգտման ճանապարհին հանդիպած կռվանների ու երազայինի իրականանալիության հնարավորությունը:
Ընթերցողը շատ է կարևորում, թե ինչ գեղագիտության ու սկզբունքների կրող է ինքը գրողը: Ոճական առումով, ընթերցողի համար էական է նյութի մատչելիությունը, քանի որ հանճարեղությունը պարզ արտահայտվելու մեջ է, որն էլ ամենաուժեղն է խոցում, թափանցում մարդկային զգացողությունների ու զգացմունքների խորքերը: Ուստի ընթերցողը կարևորում է նաև, թե ինչ մանևրումներով է գրողը հայտնում իր դիրքորոշումն ու բարոյականությունը, և թե դրանք որքան սրտամոտ են իրեն, իսկ գրողի առաջարկածին հասնելը ցանկալի: