Շանթ Մկրտչյանի «Լռության խորքում նվիրականի» բանաստեղծությունների և պոեմների ժողովածուն (Երևան, 2018) աչքի է ընկնում մշակութային տարբեր փուլերի և տարակարգ նշանադաշտերի միավորման սկզբունքով: Բանաստեղծը արդի լեզվամտածողությունը հարստացնում է սաղմոսի ժանրի արտահայտչամիջոցներով` անտրոհելի պահելով ժամանակակից խոսքի որակը: Հին ձևերը անբաղադրելի են լեզվական նոր կառույցում: Չնայած հին լեզվական տարրերի առկայությանը, ապահովված է լեզվի արդիական մաքուր հոսք: Խնդիրը վերաբերում է ոչ միայն լեզվին, այլև լեզվամտածողությանը, որն ունի հանդիսերգական և միաժամանակ ողբերգական ներքին շերտեր: Սրանք ևս թելադրված են սաղմոսի ժանրային պայմանականությունների կիրառումով:
Սաղմոսի տարրերը կարող են հանդես գալ թե՛ անմիջականորեն և թե՛ պայմանական եղանակով, հեռադարձությամբ: Այս ամենը չպետք է դիտել որպես ոճավորում: Սաղմոսայինը ձուլված է բանաստեղծի մտածողությանը, այն չպետք է դիտել էկզոտիկ տարր: Հնագույն ժանրի արտահայտչաձևերը բանաստեղծության մեջ պայմանավորված են քնարական հերոսի էության խորքից բխող ծանր տեսիլներով: Սաղմոսի իմաստաձևային տարրերի սփռվածությունը թողնում է անընդմիջելիի տպավորություն: Գրքում տեղ են գտել «Սաղմոս փորձության», «Սաղմոս ելանելի» վերնագրերով բանաստեղծություններ, սակայն սաղմոսային տարրեր և տրամադրություններ են պարունակում «Դեպի Արևմտյան Հայաստան», «Մի ելևէջ Հովհ. Թումանյանից», «Հնգանվագ», «Դեպի լյառն Արարատ» և այլ գործեր: Բանաստեղծը սաղմոսային տարրերն օգտագործում է ներքին աստիճանակարգումով:
Սաղմոսն, ըստ «Գրական հանրագիտարանային բառարանի» (Մոսկվա, 1987թ.), իր մեջ միավորում է աղոթքի, խնդրանքի, անեծքի, բաղձանքի տարրեր, պատմական տվյալներ, աստվածաբանական և փիլիսոփայական խոհեր: Սաղմոսում առկա է դիմում Աստծուն` «աննահանջ հետևողին և լսողին, ով փորձում է մարդու սրտի խորությունը» («Литературный знциклопедический словарь», «Псалмы»):
Ընդհանուր անհանգստություն է արտահայտվում ազգովի փորձության տարվելու շուրջ, որին համադրվում է մարդու մարդեղացումը: Դեպի փորձության ընթանալու գիտակցումը զուսպ է և խորքային:
«Քանի որ տարար մեզ ի փորձություն». սա ծանրակշիռ դիտարկում է` արժանապատիվ զսպվածությամբ, որը մռայլ գունավորումների կնիք է թողնում ժողովածուի վրա: Չի տրվում թումանյանական հարցը.
«Աստված, տանջանքից ուժերս
հատան,
Մի՞թե չհասավ ժամը փրկության»:
(Հովհ. Թումանյան «Տրտմության սաղմոսներից»)
«Սաղմոս փորձության»-ը ժողովածուի առաջին բանաստեղծությունն է, որի մեջ առկա են գրքի բոլոր մասերի ուղղորդումները: Փորձության քշվածի հոգեապրումները ոչ թե բողոքի, այլ ցավի և ինքնազննման մի պարունակից մյուսն անցման արտահայտություն են:
Տրտմության սաղմոսի ծանր հևքը ամեն տողում է, անգամ հույս ու սպասում արտահայտող, ասենք, «Ու հետ եմ եկել ի կյանք և ի սեր մարդեղացումի»: «Քանի որ տարար մեզ ի փորձություն». սա մեր պատմությանը տրվող գնահատականն է, երբ փորձությունն այլևս անակնկալ չէ: Ձևավորվել է փորձության գնացածի գոյաբանությունը.
Տարա ծովեծով մոխիրը մեռյալ,// սփռեցի կենաց ջրերի վրա,//Որ ծլարձակի հողը մեր մարմնի,//զորանա, կենա…
Փորձության գնացածի մեջ ենթագիտակցորեն դեռ հնչում է «Մի տանիր զմեզ ի փորձություն»-ը:
Շնորհ է նրան այս փորձությունը,//ով տեսել է քեզ…
Այս մեկ տողը վերաիմաստավորում է «Սաղմոս փորձության»-ը: Ըստ ասվածի` փորձությունը շնորհ է: Գոյաբանական փիլիսոփայությունը հանգում է նրան, որ մարդը կրում է գոյի ծանրությունը, երբ գոյը մշտապես Աստծու շնորհն է:
«Սաղմոս փարձության»-ում գոյի ծանրության վկայությունն է «Մատեան ողբերգութեան» երկից սնվող հակադրությունների շարքը.
Խրախճանում եմ, չի խնդում հոգիս…
«Յիս ամենեցունն» (իմ մեջ են բոլոր մեղքերը). նարեկացիական այս խոստովանությունն է ստվերագծվում «Սաղմոս փարձության»-ի երրորդ հատվածի սկզբում.
Ճոճվող տեգերը և նիզակները այլևս իմն են, իմ մարմնի մեջ…//Սադրանքներն իմ մեջ, զոհերը իմ մեջ…
Առաջ են գալիս ինքնատիպ փոխաբերությունների նոր շարքեր.
Զղջումիս միջից աճած խոտերով//Հոգեբուժական գութով եմ գալիս…
«Սաղմոս փորձության»-ում յուրաքանչյուր բառի իմաստային սահմանն այնքան խաղացկուն է, որքան երաժշտական ստեղծագործության միավորինը:
Փորձությունը չի մատնանշվում, սակայն բանաստեղծության պատկերադաշտը մեզ կապում է ցեղասպանության հետ, որի արհավիրքների արձագանքները լսվում են ճակատագրի կեռմաններից: Իսկ ահա երկրի չափումներով այսպես է սաստկանում փորձության պատկերը.
Որպես մոխիրը հրաբուխներից…//Տեղացած երկրիս տարածումով մեկ,//Չորս ծագերով և` չորս լուսաբացով…
Անձի մեջ ահռելիորեն աճում է «հոգեբուժական գութը»: Իսկ թե ինչպես կարող է փորձությունը շնորհ համարվել, երևի պետք է պատասխանի Աստծուն տեսած ժողովուրդը:
Աստծուն տեսնելու նպատակով ազգ-ժողովրդով փորձության գնալը ամենաբարձր հոգևոր հայեցումն է, փորձությունը պատվով կրելու երկնային կռվանը:
«Սաղմոս փորձության»-ի ավարտին ընդգծվում են ընդվզումի և հառնումի ռիթմերը.
Տե՜ր, շնորհ արիր մի անգամ գամել քայլս բարձունքին,//Ղողանջ հղելով Սարդարապատի երրորդ կամարից//Այնքան մոտ, որ ինձ թվաց, թե ինքս եմ//Խփվում պղնձե արգանդին զանգի`//Նայելով հեռուն` տանն իմ տոհմական և Արարատին:
Ժողովածուի երկրորդ բանաստեղծությունը` «Սաղմոս ելանելի», ծավալով փոքր է «Սաղմոս փորձության»-ից, սակայն ավելի է համապատասխանում սաղմոսի տիպաբանությանը:
«Սաղմոս ելանելի»-ն արտահայտում է սպասում, երբ եկած պահին կանչող ոչ մի ձայն չկա: «Ո՛չ ելք կա, ո՛չ մուտք»: Մնում է սպասումը` սաղմոսների գլխավոր հոգեվիճակը (սպասում` ժամանակից դուրս): Խոր ազդեցություն է թողնում հոգևորին առնչվող ամեն տողը և հատկապես.
Ուստի կսպասեմ -//Ծնկներս մաշած մշուշների դեմ:
Տողերը թվացիկորեն իրարից անկախ են, քանզի սաղմոսի անժամանակ ժամանակի կաղապարում են: Ամեն տող Տիրոջն ուղղված իր բաժին գութն է հայցում:
Ժողովածուում լայն է սաղմոսային-հոգևոր իմաստների և ենթաիմաստների դաշտը: Շանթ Մկրտչյանի համար բանաստեղծությունն ընդհանրապես ենթաիմաստների բախում է և ներդաշնակություն, որի տիպիկ օրինակն է «ՀՆԳԱՆՎԱԳ»-ը: Անհատնում, վերին նվիրումի սիրո արտահայտման համար ընտրվել են բառերի ռիթմային անանջատ հոսքեր, մեկ բառի մխրճումը մյուսի հնչման սահմանները: Չկան բառերի միջև բաժանարար դադարները: Բառահոսքերը զուգորդվում են տողահոսքերին:
Սրան նպաստել է տողանցի օգտագործումը, երբ ռիթմով անբաժանելի բառը, օժանդակ բայը անցնում է հաջորդ տող: Ապահովվում է բանաստեղծությունը որպես անքակտելի խոսքի տպավորություն: Տեքստը վերածվել է հնչման ընթացքի` աղերսի, հորդորի և գովաբանական հնչերանգներով: Ամեն բառ շեշտված է (աղերսագին հարակրկնական շեշտեր): Գործ ունենք հատ-հատ շեշտադրվող բառերով աղոթքի հետ, որտեղ տրոհում չկա:
Մնա, սեր, դու մնա, թե գնաս – իմ միջով,//Իմ միջով զեփյուռվիր,//արյունիր, սփռվիր, խոխոջա ու գնա,//արյունից, կարոտից, մորմոքից, ճիչերից,//հառաչից, ցավերից…
Հնչյունային, վանկային, բառային տարածության մեջ ուրվագծվում են անհագ սիրո բերկրալի ու նաև ցավատանջ հոգեվիճակները:
«Մի ելևէջ Հովհ. Թումանյանից» բանաստեղծությունը պարունակում է սաղմոսների միջնադարյան մեկնությունների հետ առնչվող տարրեր, ինչը բնորոշ է Թումանյանի քառյակներին:
Ավելի վեր, ավելի վեր,//Ուր գմբեթներն են հոգու,//Լույսն է լույսին օդանվեր,//Լույսն է Աստծո դեմ չոքում:
Մեկնություններում ասված է, որ մարդկային բնությունը մարդեղությամբ ներառում է արարչության բոլոր շերտերը, հասնում մինչև երկնային ոլորտները: Շ. Մկրտչյանի տողը` «Ավելի վեր, ավելի վեր», պետք է հասկանալ արարչության վերին շերտերին ձգտելու համատեքստում: Ասենք բանաստեղծն ինքն է մատնանշում` «Ուր գմբեթներն են հոգու»:
«Դեպի Արևմտյան Հայաստան» բանաստեղծությունը զուգորդում է ցավը, վիշտը, հուշը, տեսագծում է խաչի խորապատկերը: Այսպես է նաև գրքում զետեղված պոեմներում («Լաոկոոն», «Ես` Տինտորետտոն, որդին ներկարարի») և ծավալուն բանաստեղծություններում: Պատկերավոր ասած` բանաստեղծությունն ընդգրկում է ձայնի և իմաստի «գմբեթը»:
Շ. Մկրտչյանը, իրոք, շարժման, կենդանության մեջ է պահում բանաստեղծության կառուցվածքն ու բանարվեստը (բանաստեղծության «երկրաչափությունը»):
Ասենք, «Հնգանվագ»-ում բայերի և գոյականների թվարկումները, ընդհանուր ռիթմը հատույթավորում են` առաջ բերելով հնչման նոր որակ («կաղապարվում են, հատվում են, փարվում են…», «ձեռքերի, ազդրերի, մեջքերի…», «մոլորված, թխպած, խոցված, խոտորվող…» և այլն): Մի տեսակ ցուցադրվում է պոետիկայի ներքին խաղ:
«Նոր հայրեն Նահապետ Քուչակին», «Խոնարհում Սայաթ-Նովային», «Ջիվանի» բանաստեղծությունները սիմվոլիկ մոտեցում ունեն նշված հեղինակների ոճերին:
Պահպանվել է հայելային անդրադարձի հեռավորությունը, սակայն առկա են անցյալի հեղինակների ոճական դաշտերի գլխավոր նշանները:
«Դեպի Արևմտյան Հայաստան». սաղմոսային անձնականությունն է առկա առ կորուսյալ երկիր վերաբերմունքի մեջ` «Կսկիծ կծկված»: Կսկծացնող ցավը ամենաբնորոշն է Արևմտյան Հայաստան ոտք դնող ամեն հայի համար:
«Քանի որ տարար մեզ ի փորձություն»-ը տարածվում է «Դեպի լյառն Արարատ» բանաստեղծության վրա, ինչը նշանակում է դրանում սաղմոսի շերտերի առկայություն:
«Դեպի Արևմտյան Հայաստան»-ում բանաստեղծը «յոթ հավերժով» է չափում մեր ցեղարմատը: «Օդը ձոն» է, երբ զավակը կորուսյալ հայրենիքում է:
Աղոթայի-սաղմոսային հղկում է «Դեպի լյառն Արարատ» բանաստեղծությունը: Առ լյառն խորհելիս բանաստեղծի հոգում արթնանում է «արարման նյութի որոտը»: Լեռը մնում է «Մեռոնի կաթսա հրաբուխների» և «ոգետունը մերոյ»: Երկու բանաստեղծություններում հուշերը մաքուր են, նրանցում խաչվում է անկորույսը: Մարդն իր էությամբ խփվում է սարդարապատյան զանգի «պղնձե արգանդին»: Լեռան ներբողը շարահյուսվում է սրբասացական բառաշարքերով («Առասպելների մատենադարան» և այլն):
«Դեպի Արևմտյան Հայաստան» և «Դեպի լյառն Արարատ» բանաստեղծությունները պայմանականորեն կարող ենք անվանել սրբախոսական ժանրի ստեղծագործություններ, որոնցում սրբադասվում են զոհյալ լեռ ու երկիր: Երկու բանաստեղծությունները սրբացումի մաքուր հյուսվածք են: Չմոռանանք լեռան կատարին գտնվելու պահը.
Երբ կատարին ես, և օդը ձոն է,//հայրենյաց օդա…
Շանթ Մկրտչյանն ամեն անգամ գրում է «որպես էջին մաքուր»: Նա վերին արժեք է ընդունում «սուրբերից եկած մի քանի տող»-ը («Հիշողության պատառիկ գալիքից»): Բանաստեղծի գրածը դառնում է իմաստի մաքուր նմուշ: Դրա հիմքում ընկած է մաքուր ձևը: Բանաստեղծական բոլոր իմաստավորումները մաքրվում են այլազան առնչություններից` մնալով ձևաբովանդակային առանձնահատուկ սահմաններում:
Ասվածի վկայությունն է «Երկու ռիթմ» բանաստեղծությունը:
Երկու ռիթմ` մի կույր, մի արթուն //աղբյուրից են խշշում…
Երկու ռիթմերը միավորվում են մղձավանջի կամ երազի պահով: Արտահայտվում է քամահրանք սեփական անձի հանդեպ.
Ես ի՜նչ սուրբ ու ես ինչ մեղսական…
Միավորման պահը իռացիոնալ է.
Պարզապես շրշյունն է ներքաշում//Մարմարիոնի մեջ, ամպերի մեջ, սակայն: («Երկու ռիթմ` նույն վայրում»)
«Ռիթմ և հոգի» բաժնի առաջին բանաստեղծությունը վերնագրված է «Ո՞վ տեսավ վերջինը» (սաղմոս): Այն փոքրիկ պիես է` մասնակիցների նախադասություն-մենախոսությամբ: Խոսում են գեղեցկուհու մասին, որին, ինչպես մեկն է ասում, «մշուշը տարավ»: Իսկ այն, որ բանաստեղծությունը ենթավերնագրված է սաղմոս, հուշում է հոգու թիրախավորման մասին: «Արվեստ քերթության» բաժնում գրականության խնդիրները քննարկվում են կյանքի թնջուկի ներկայացմանը զուգահեռ: «Ընդդեմ»-ը և «հանուն»-ը փիլիսոփայական հարթությունում են:
Չարենցյան «Արվեստ քերթության»-ի մոնումենտալ հարցադրումներն այստեղ ժամանակակից թիրախավորում են ստանում, այն էլ` խոհական դրվածքով, «արյունատար անոթների» ցանցով: «Արվեստ քերթության»-ի խնդրառություններն առկա են գրքի այլ բաժիններում ևս:
«Լաոկոոն» պոեմում գերական հեղինակի ապրումներն են` կապված տառապանքի թեմայի հետ: Զեղումների ընթացքում առաջանում են ենթագիտակցական տարակերպ «կանգառներ», թեմային «ներդիր» օղակներ, թվացիկ «խաթարված կոմունիկացիաներ», որոնք տեքստը հագեցնում են պոետիկական նորաբանություններով:
Բանաստեղծը միշտ փորձում է բանական անդունդներից ինչ-որ բան վերադարձնել:
Տառապանքի թեման մեկնաբանվում է բարդ ասոցիացիաներով:
«Գնում եմ մեղքի»,- ասված է պոեմում: Քրիստոնեական փիլիսոփայությամբ գոյը թաթախված է մեղքի մեջ: Նույն այդ կերպ է իմաստավորվում Տրոյայի ապոլլոնյան մեհյանի քուրմ Լաոկոոնի ճակատագիրը:
Պոեմի վերջին տողերը` «Տեր Աստված, Լաոկոոն, Միքելանջելո», ողբերգական և միաժամանակ արվեստի տիեզերական հնչողության արտահայտություն են (Միքելանջելոն որպես քանդակի հանճարի խորհրդանիշ):
«Էության խորքում նվիրականի» ժողովածուն բանաստեղծության խորաքանդակային մտածողության արդյունք է: Ով գիտի փորձությունը, նա կհամաձայնի, որ Շանթ Մկրտչյանի բանաստեղծական վավերագրությունն անպայման շնորհ է: