ԱԳՈՒԼԻՍԻ ԵՂԵՌՆԻ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ / Արտակ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ագուլիս1891փ
ԱԳՈՒԼԻՍԻ ԵՂԵՌՆԻ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Արտակ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Բան. գիտ. թեկնածու

 

Այս տարվա դեկտեմբերի 24-25-ին լրանում է հայոց պատմության ողբերգական իրադարձություններից մեկի` Ագուլիսի եղեռնի 100 տարին: Մեկ դար առաջ օսմանյան զորքը և նրան միացած ադրբեջանցի զինված խառնամբոխը հիմնահատակ ավերեցին ու հրո ճարակ դարձրին Գողթն-Նախիջևանի հիասքանչ ոստան Ագուլիսը:

Հայ մշակույթի նշանավոր այս կենտրոնի անվան առաջին հիշատակությունը վերաբերում է 11-րդ դարին` Արգուլիք ձևով, բարբառով անվանվել է Ըգյուլիս, Յուգյուլիս,  ստուգաբանվում է որպես «այգիներով լի», «ե՛կ, լո՛ւյս», «աչքի լույս» և այլն:

Գողթնի բազմագույն լեռների ժայռոտ լանջերին փռված տասը թաղեր ընդգրկող Ագուլիսը 17-րդ դարում ունեցել է 8000 տուն հայ բնակիչ, սալահատակ փողոցներ, երկհարկանի և եռահարկ տներ, արական և իգական դպրոցներ, գրադարան, մեծ շուկա, մետաքսի գործարաններ, բազմաթիվ արհեստանոցներ, տասներկու վանք ու եկեղեցի: Սուրբ Թովմա Առաքյալի հռչակավոր առաջնորդանիստ վանքի որմնանկարների հեղինակը Նաղաշ Հովնաթանն է եղել, իսկ տեղի դպրոցներում դասավանդել են Րաֆֆին և Պերճ Պռոշյանը: Վաճառաշահ այս ավանի վաճառականները առևտրական սերտ կապերի մեջ են եղել Եվրոպայի և Ասիայի բազմաթիվ երկրների հետ: Ագուլիսից սերված հայ նշանավոր մտավորականների համաստեղության թվում են Ավետիք Արասխանյանը, Քրիստափոր Միքայելյանը, Աշոտ Մելիք-Մուսյանը, Պողոս Մակինցյանը, թատերական գործիչներ Լևոն Քալանթարը, Միքայել Մանվելյանը, դերասաններ Գուրգեն և Կարեն Ջանիբեկյանները, Էդգար և Արմեն Էլբակյանները, երգչուհի Զարուհի Դոլուխանյանը, նկարչուհիներ Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը, Գայանե Խաչատրյանը, Լուսիկ Ագուլեցին և շատ-շատերը:

Ագուլիսում անցյալ դարասկզբին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին է մասնավորապես վկայում ծնունդով ագուլիսցի, Պրահայի և Թեհրանի համալսարանների պատմագիտության և փիլիսոփայության դոկտոր, Ագուլիսի եղեռնի ականատես Հովհաննես Հախնազարյանն (1900-1978) իր «Գողթան գաւառ. Ագուլիսի և շրջակայ գիւղերի եղեռնը» փաստագրական հուշագրությամբ (Անթիլիաս, 1987, Թեհրան, 1991).

«Դեկտեմբերի 24-ի առաւօտեան ուղղակի սևացել էին Օրդուբադից և նրա մօտակայ գիւղերից դէպի Ագուլիս ձգւած ճանապարհները: Հազարաւոր թուրքեր, բեռնակիր անասուններն իրենց առջևը գցած ու մինչև ատամները զինւած, շտապում էին դէպի Ագուլիս, այս անպաշտպան աւանը` աւարի, կողոպուտի ու արեան անյագ ծարաւով: Գիւղաքաղաքի` շուրջ երկու հազարի հասնող սարսափահար և այլևս իրեն կորցրած ժողովուրդը, ունեցած-չունեցածը թողնելով ներս խուժող մարդակերպ գազաններին, աշխատեց փրկություն գտնել կենտրոնական թաղամասում, որտեղ ինքը` Էդիֆ բեյն էր իր ասկեարներով ու ոստիկաններով:

Երեկոյեան ժամը 9-ին արդեն թուրք կողոպտիչներն ու աւերող ամբոխը լցւել էին ծայրամասերի թաղերը և միմեանց ետևից կոտրելով տների դռները` խուժում էին ներս, սպանում հիւանդ, ծեր և կամ փախչել չկարողացած բնակիչներին, կողոպտում, բարձում իրենց անասուններին, ապա հրդեհում տունը…

…Երեխաների և կանանց լացն ու վայնասունը գնալով շատանում էր և կարող էր ոստիկանների ու տաճիկ զինւորների ուշադրութիւնը գրաւել: Մենք էլ ուշանում էինք, արդեն կէսգիշերը մօտենում էր: Այլ ճանապարհ չունէինք, քան լեռն ապաստանել և Ցղնա գնալ…

…Թերևս միայն քսան-քսանհինգ քայլ էր մնացել, որ հասնենք լեռան գլուխը, երբ միանգամայն անակնկալ կերպով լեռնագլխին դարանակալ թուրքերը տասնեակ հրացաններից սոսկալի կրակ բացեցին և շղթայ կապած, շարունակ կրակելով, մեզ վրայ յարձակւեցին:

Գրիչս անզօր է նկարագրելու այն ահաւոր խուճապը, որ ստեղծւեց ահաբեկւած ու սարսափահար ժողովրդի մէջ: Անցել են շուրջ վաթսուն երկար տարիներ այս ճակատագրական գիշերւանից, բայց մինչև այժմ էլ ականջիս հնչում է այն ճիչն ու աղաղակը, օգնության կանչերը, մարդկանց աղեխարշ լացը… Հայրս ու մայրս անձայն գետին տապալւեցին, քոյրս ու եղբայրս, խառնւելով մարդկանց հետ, լեռան թեք լանջից ներքև գլորւեցին: Ինչպէս ինձ գնդակ չդիպաւ, չեմ կարող բացատրել: Ես անմիջապէս գետնին պառկեցի, ու այնպիսի խոր յուսահատութիւն պատեց ինձ, որ մի վայրկեան ատրճանակիս խողովակը քունքիս ուղղելով` ուզեցի ինքնասպանութիւն գործել, և այդ ոչ թէ նրա համար, որ վախեցայ այդ ստոր գազանների ձեռքն ընկնելուց, այլ աւելի ճիշտ այն տմարդի դավադրութեան համար, որին ականատես եղայ…»:

Պետական գործիչ Սերգեյ Մելիք-Յոլչյանը այդ օրերին Լեռնահայաստանից հեռագրել է Հայաստանի արտգործնախարարին. «Լրացուցիչ, ստուգւած տեղեկութիւնների համաձայն` Նախիջևանի և Օրդուբադի թաթարները, թուրքական և ադրբեջանական սպաներ Խալիլ բեյի, Էդիֆ բեյի և ուրիշների գլխաւորութեամբ Ներքին Ագուլիսի կոտորածից հետո, գազանորեն խողխողել են Վերին Ագուլիսի ամբողջ բնակչութեանը: Վերին Ագուլիսում սպանւած է 400, իսկ Ներքին Ագուլիսում` 1000 մարդ:

Բնակչութիւնը կոտորւած է գլխովին, բացառութեամբ 20 գեղեցիկ աղջիկների, որոնք, իբրև նուէրներ, բաժանւել են սպաներին: Հարուստ Փանեանի 16 տարեկան աղջիկը մատուցւած է Էդիֆ բեյին:

Թէ՛ Ներքին և թէ՛ Վերին Ագուլիսների բնակչութիւնը բոլորովին անզէն էր և պահում էր իրեն խիստ լոյալ, բայց այդ հանգամանքը չփրկեց նրանց:

Թաթարների առաջխաղացումը դեպի Գողթան շարունակւում է: Գողթանի բնակիչների մնացորդների հոսանքը դեպի Մեղրի է քաշւում…» (Յառաջ, ՀՅԴ պաշտոնաթերթ, Երևան, 13 հունվարի 1920 թ.):

Մեր ժողովրդի պատմության այս  ողբերգական դրվագին անդրադարձել են հայ և օտարազգի բազմաթիվ պատմաբաններ ու հուշագրողներ, որոնց թվում` նաև արդեն Այլիս դարձած Ագուլիսում ծնված ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» հայտնի վեպ-ռեքվիեմում: Մարդասեր գրողը, որ տարեց ադրբեջանցիներից լսել էր Ագուլիսի ողբերգության մասին, մեր օրերում տեսել նրա եկեղեցիների ու վանքերի ավերումը և այդ ամենի մասին բարձրաձայնել իր վեպում, ճշմարտությանն առերեսվելու համար իր երկրում պետական մակարդակով հալածանքների ու նվաստացումների ենթարկվեց: Ահա Այլիսլիի վեպի` Ագուլիսի սահմռկեցուցիչ դեպքերի նկարագրության հատվածը.

«…Այլիսում այդ ժամանակ դեռ միջին տարիքի շատ մարդիկ էլ կային, որոնք իրենց աչքով տեսել էին Այլիսի հայերի ահավոր ջարդը:

Այդ ջարդի մասին ամեն մեկն իր ձևով էր պատմում` ելնելով մարդու և մարդկայնության սեփական ըմբռնումներից: Այնուամենայնիվ, այդ դեպքերի ականատեսներից ոչ մեկը չէր թաքցնում տեսածը: Տարբեր մարդկանց պատմություններում հավաստիորեն տեղ էին գտնում միևնույն փաստերը: Մարդկանց կարծիքները, թե ինչպես է սկսվել այդ ամենը, ինչպես է ավարտվել, լիովին համընկնում էին:

Այսպես էր եղել. որպեսզի Այլիսի հայ բնակչությունը նախապես ոչնչի մասին չկռահեր, Էդիֆ բեյի երեսուն-քառասուն թուրք հեծյալներ վաղ առավոտից շրջել էին բոլոր տները` ե՛ւ հայերի, ե՛ւ մահմեդականների, ու հայտարարել, որ այդ օրը զինադադար է հայտարարվելու, որի համար բոլորն անհապաղ պետք է հավաքվեն այսինչ հայի բակում: Հենց պայմանավորված վայրում ժողովուրդը հավաքվեց, թուրք զինվորները մահմեդականներին բաժանեցին հայերից և նրանց շարք կանգնեցրին բակի տարբեր կողմերում: Հանկարծ ինչ-որ տեղից բարձրագոչ հրաման լսվեց. «Կրա՛կ», և բոլոր կողմերից բակը շրջապատած թուրք զինվորները փամփուշտների կարկուտ տեղացին հայերի վրա: Շատերն անմիջապես զոհվեցին, ողջ մնացածների` մինչև վերջին մարդու, կոկորդները դաշույնով կտրեցին կամ սվինահարեցին: Նրանց, ում հնարավոր էր միանգամից բակում և այգում թաղել, հոր փորեցին ու թաղեցին: Ում համար տեղ չգտնվեց բակում և այգում, լցրեցին մոտակա տների գոմերն ու մարագները, այրեցին: Մահմեդական կանայք, որոնք այդ օրը նույնիսկ չհամարձակվեցին տնից դուրս գալ, հետագայում այսպես էին նկարագրում տեղի ունեցածը. «Բոլոր առուներում ջուրը մի ամբողջ շաբաթ արյունից կարմրել էր»: «Էդիֆ բեյը ագռավի նման սև ձի ուներ: Էդիֆը ձիու վրա էր` տան դարպասի մոտ: «Կրա՛կ» բղավելով` նա ձիուն մտրակեց ու սլացավ: Եվ իսկույն գնդակների անձրև թափվեց, թվում էր` երկինքը փուլ է գալիս, վերևից մոխիր է թափվում: Այնպիսի աղաղակ բարձրացավ, որ երբեք ոչ ոք չէր լսել աշխարհի արարումից ի վեր: Միանգամից բակերի բոլոր շները ոռնացին: Կռավեցին ծառերի բոլոր ագռավները: Վախեցած կաչաղակներն ու աղավնիները միանգամից անհետացան գյուղից, թռան` թաքնվելու սարերից այն կողմ: Թվում էր, դժոխքը բացվել է, արևը ուր որ է կփլվի երկրի վրա…»:

Այս իրադարձությունների հետ է կապված նաև մեծանուն հայագետ Հրաչյա Աճառյանի «Քննութիւն Ագուլիսի բարբառի» ձեռագրատիպ ուսումնասիրության (Երևան, 1935) բարբառային նմուշների բաժնում զետեղված` Ագուլիսի բարբառով (զոկերենով) գրված մի բանաստեղծություն. «Սույն ոտանաւորը գրուած է հայ-թրքական ընդհարումների տպաւորութեան տակ,- նախաբանում գրում է  Հ.  Աճառյանը:- Թէև պարունակում է որոշ ազգայնական մտայնութիւն, բայց բարբառի համար շատ բնորոշ լինելով` աւելորդ չենք համարում արտատպել այստեղ»:

Այդ օրերին ընդամենը մեկուկես տասնամյակ էր անցել Ագուլիսի հրեշավոր եղեռնից, սակայն «ազգայնականի» վտանգավոր պիտակից երկյուղած ականավոր լեզվաբանը բնականաբար խիստ զգուշավորությամբ է տեղադրել Հարություն Թումանյանի «Միր հըգյադառձ վաթանը» («Մեր հոգեդարձ հայրենիքը») վերնագրով սրտառուչ բանաստեղծությունն իր նշանավոր բարբառագիտական աշխատանքներից մեկում:

Ժամանակի ճանաչված գրող և մտավորական Հարություն Թումանյանը ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ոչ միայն ազգանվանակիցն ու գրչակիցն է եղել, այլև հասակակիցը. ծնվել է նույն` 1869 թվականին, Գողթն գավառի Ագուլիս ավանում, որպես ուսուցիչ աշխատել և ստեղծագործել է Թիֆլիսում:

Հարություն Թումանյանն այնքան ճանաչված է եղել, որ նրա անուն-ազգանվան կրճատ տարբերակը Թիֆլիսի պարբերականներում և հրատարակված գրքերում տպագրվել է «Յար. Թումանեան» ձևով, իսկ Հովհաննես Թումանյանինը` «Յովհ. Թումանեան»:

Հարություն Թումանյանը ստեղծագործել է ոչ միայն գրական հայերենով, այլև իր մայրենի բարբառով: Ագուլիսի բարբառը կամ զոկերենը` ըստ ավանդական միահատկանիշ դասակարգման, պատկանում է հայերենի բարբառների «ում» ճյուղին, գրաբարի և գրական հայերենի նման ունի եռաստիճան բաղաձայնական համակարգ, ըստ Գևորգ Ջահուկյանի մշակած բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման, պատկանում է հայերենի բարբառների արևելյան խմբակցության արևելյան (Ագուլիս-Մեղրու) բարբառախմբին, հայոց լեզվի ամենաառանձնահատուկ բարբառներից է: Ունի քմային ձայնավորներ (ա, օ, ու) և քմային բաղաձայններ (գյ, կյ, քյ): Առաջին տպավորությամբ խիստ անհասկանալի լինելը հետևանք է բարբառում ձայնավորների կրած գրեթե անճանաչելի փոփոխությունների, պարզ ձայնավորների դիմաց երկբարբառների առկայության, բայի խոնարհման առանձնահատկությունների և այլն: Խոսվել է Գողթն գավառի Վերին Ագուլիս ավանում, Ներքին Ագուլիս, Ցղնա, Տանակերտ, Քաղաքիկ, Հանդամեջ, Դիսար գյուղերում: Հինավուրց այս բարբառը վերջնականապես մարեց 1988 թվականին, երբ ադրբեջանցի ելուզակները Ցղնա գյուղից արտաքսեցին վերջին մի քանի տասնյակ հայ բնակիչներին:

Հարություն Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է Ագուլիսի մեծ ողբերգությունից ամիսներ առաջ` կանխազգալով բարդ և հակասական իրադարձություններով լի այդ ժամանակներում հայրենի եզերքի մոտալուտ կորուստը: Այն առաջին անգամ հրապարակվել է 1919 թվականին` «Զօկի ճրօյգը» պարբերականում և, ցավոք, այսօր էլ առավել քան արդիական է, քանզի պատմական դաժան ճակատագրի բերումով արդեն հիմնովին հայաթափված և ամայացած Հայոց նվիրական Գողթն գավառի հիասքանչ մարգարիտ Ագուլիսը արդեն մեկ դար երկու խղճուկ ադրբեջանաբնակ գյուղի է վերածված…

Թումանաց Հարըթյուն

ՄԻՐ ՀԸԳյԱԴԱՌՁ ՎԱԹԱՆԸ

 

Օհի մաջին, մօհի մաջին

Միր վաթանը լէլիս ա.

Ուման չիկօ` քյօմագյ արի,

Սէվ խըբերը գյէլիս ա:

 

Շօռ ա տըվէծ, մալլափ ծըռվէծ

Միր ըշխարքի ուլլուրը.

Հարամիքյ ըն ակած լըցվէծ

Միր ազգի չուրք բուլլուրը:

 

Ըկընլուսի, մըշտըլըղի,

Թօզա կյանքի գյարունքին

Սէվ մըռօջ ա, թօխպ ա ակած

Կէտված Հայօց յէրկընքին:

 

Դուշմունն ակած, չափմիշ նարամ,

Միր օջաղը քյանդամ ա,

Հայի ճըրօգյը հընգյըցանամ,

Աշխարք ըրնօվ նարկամ ա:

 

Միզ կյանք տըվուղ, միզ շունչ տըվուղ

Զօկըստունը մառնամ ա,

Նօ՞ր ըք, նօ՞ր ըք, քյամբախտ զօկար,

Շուտ հըսահիքյ, մառնամ ա:

 

Հարություն Թումանյան

ՄԵՐ ՀՈԳԵԴԱՐՁ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Ահերի մեջ, մահերի մեջ

Մեր հայրենիքն է լալիս,

Չկա մեկը, որ ձեռք մեկնի,

Սև լուրեր են մեզ գալիս:

Շուռ է եկել, իսպառ ծռվել

Մեր աշխարհի ոլորքը.

Թշնամին է եկել-լցվել

Մեր ազգի չորսբոլորը:

 

Աչքալույսի, ավետիսի,

Նորոգ կյանքի գարունքին

Սև մշուշ է, թուխպ է եկել

Դիզվել Հայոց երկնքին:

 

Ոսոխն եկել, մեզ թալանում,

Մեր օջախն է ավերում,

Հայի ճրագն է հանգցնում,

Հողն արյունով է ներկում:

 

Մեզ կյանք տվող, մեզ շունչ տվող

Զոկստանը մեռնում է,

Ո՞ւր եք, ո՞ւր եք, դժբախտ զոկեր,

Շուտ հասեք դուք, մեռնում է:

 

Ագուլիսի եղեռնից ընդամենը երեք ամիս անց` 1920 թվականի մարտի 22-26-ին, թուրք-ադրբեջանական ելուզակները միևնույն եղեռնագործ ձեռքերով այս անգամ ավերեցին Արցախի պարծանք, հայ մշակույթի նշանավոր կենտրոն Շուշին, որտեղ զոհերը տասնյակ հազարների հասան: Սակայն եթե այսօր ավերակներից կրկին հառնում և նոր կյանքով է ապրում հայոց ազատագրված Շուշին, ապա գերված Ագուլիսը դեռևս տառապում է օտարի կրնկի տակ, իսկ նրա ավեր վանքերի ու եկեղեցիների` հողին հավասարեցված բեկորները շունչ ու հոգի առած` կարոտով սպասում են իրենց օրինական տերերին…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։