– Մեր նախնիները, թարգմանական արվեստը կարևորելով, «Թարգմանչաց տոն» են հռչակել: Արդյոք ավանդույթները շարունակվո՞ւմ են:
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ – Թարգմանչաց տոնը դարեր շարունակ հայոց եկեղեցին նշել է Սուրբ Խաչի տոնին, չորրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը, այս տարի` հոկտեմբերի 12-ին: Այն խորհրդանշում է հայ գրականության ոսկեդարը` հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի թարգմանությունը, թարգմանչական շարժումը: Դարեր շարունակ այն մեծ ժողովրդականություն է վայելել և ընկալվել է իբրև սրբազան տոն: Այս առնչությամբ կարելի է վկայակոչել բազում փաստեր, օրինակ, արձակագիր Ստեփան Զորյանը պատմել է, թե տոնի նախօրեին իր տանն աշխատող ապակեգործն ասել է, որ ստիպված է գործը կիսատ թողնել, քանի որ Թարգմանչաց տոնին պիտի Աստվածաշունչ կարդա, հաղորդակցվի գրի խորհրդին ու հանգստանա:
Խորհրդային տարիներին ընդհատված տոնը 1970 թ. ՀԳՄ-ի ջանքերով վերականգնվել և նշվել է որոշակի ձևաչափով` միջազգայնացվել: Իսկ 2001-ից այն զետեղվել է ՀՀ պաշտոնական տոնացույցում, ինչը կարևոր քայլ է: 2005-ից ՀԳՄ-ն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, կարևորելով թարգմանական գործունեությունը, համատեղությամբ յուրաքանչյուր տարի «Կանթեղ» մրցանակ են տալիս հայ և օտարերկրացի լավագույն թարգմանիչներին, ովքեր համաշխարհային գրականություն են թարգմանել հայերեն կամ հայ գրականությունը` այլ լեզուներով: Ովքեր ոչ միայն աշխարհին են ներկայացնում մեր գրականությունը, այլև, համաշխարհային գրականություն թարգմանելով, հարստացնում են մեր լեզուն: Այլ կերպ ասած` ոչ միայն վերականգնվել ու շարունակվում են լավագույն ավանդույթները, այլև համալրվել են նորերով: Այսուհանդերձ, պետք է նշել, որ այս ոլորտում կան նաև խնդիրներ: Ընդհանրապես, երկրորդ լեզվով թարգմանելը բնավ ցանկալի չէ, մինչդեռ Հայաստանում տարբեր լեզուների բնագրից թարգմանելու փոխարեն շարունակվում են ռուսերենից թարգմանելու «հին ու բարի» ավանդույթները, ինչի պատճառով թարգմանածը շատ ավելի է հեռանում բնագրից: Օրինակ, Վարդգես Պետրոսյանի «Մենավոր ընկուզենին» ֆրանսերենից է թարգմանվել պարսկերեն և դարձել է «Մենավոր պնդուկենի», և ոչ միայն վերանագիրն է աղավաղվել: Բացի այդ, հասկանալի չէ ստեղծագործության համար տողացի թարգմանելու և թարգմանչի հարցը, ինչը դարձյալ խորհրդային շրջանի ավանդույթ է: Պետք է դրա համար համապատասխան տերմին գտնել, օրինակ, գեղարվեստականացնել, չափածոյացնել կամ փոխադրություն, մանավանդ որ երբեմն հանդիպում ես պարզապես նույն թեմայով հայերեն հրաշալի ստեղծագործության, բայց ոչ թարգմանության: