«Գրական թերթի» հարցազրույցը ՀԳՄ նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻ հետ
«Գ.Թ.» – Պարո՛ն Միլիտոնյան, Թարգմանչաց տոնն ավանդաբար նշվում է ներհայաստանյան շրջանակում: Այս տարի որոշվեց միջազգայնացնել: Ինչո՞ւ:
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ – Հայաստանում Թարգմանչաց տոնը դարերի պատմություն ունի: Հայ Առաքելական եկեղեցին այն նշում է որպես Թարգմանչաց շարժման և մշակույթի մեծ գործիչների հիշատակի, ինչպես նաև թարգմանական արվեստի, ժողովուրդների միջև գրական-մշակութային կամուրջների հաստատման տոն: Պատահական չէ, որ առաջին տողը, որ թարգմանվել ու գրվել է Մեսրոպ Մաշտոցի ձեռամբ, եղել է՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Սա մշակութային, հոգևոր մեծ ազդակ էր նաև ժողովրդի գոյատևման համար: Հիշենք 5-րդ դարը՝ բարդ ժամանակ, երկու պետությունների միջև կիսված Հայաստան: Երբ կազմալուծված ու ցաքուցրիվ հայությանն սպառնում էր ուծացման վտանգը, Սահակ կաթողիկոսն ու Մեսրոպ Մաշտոցը Վռամշապուհ արքայի աջակցությամբ գտան հայ ժողովրդի պահպանման ու ինքնուրույն զարգացման հզոր զենքը՝ հայկական գիրը, ազդարարելով հայ դպրության սկիզբը: Սա, կարելի է ասել, մեր պատմության ամենամեծ մարդկային հոգիների եռանկյունին էր: Ստեղծվեց հայոց այբուբենը և անմիջապես հետո թարգմանելով Աստվածաշունչը՝ մենք գրավոր հաղորդակից եղանք քրիստոնեական աշխարհի մեծ պատվիրաններին: Մեսրոպ Մաշտոցն ու իր աշակերտները դարձան թարգմանական գործի հիմնադիրները: Ի դեպ նշենք, որ թարգմանական շատ գործեր, բնագրերի անհետանալու պատճառով, այլևս բնագրային արժեք ունեն և պահպանվում են Մատենադարանում:
Թարգմանչաց տոնի ժամանակ փառավորապես հիշվում են մեր մեծերի՝ Սահակ Պարթևի, Մեսրոպ Մաշտոցի, Դավիթ Անհաղթի, Նարեկացու, Շնորհալու և այլոց անունները: Բնականաբար, պահպանելով այդ հոգևոր հսկա արժեքը՝ պիտի կարողանանք նորովի, նոր գործերով հարստացնել թարգմանական գրականությունը: Փառք ու պատիվ մեր բոլոր՝ թե՛ անցյալ, թե՛ ժամանակակից թարգմանիչներին, որոնք ձեռք են մեկնում աշխարհի ժողովուրդներին, նրանց գրականությանը, և որոնց շնորհիվ մենք հայերեն ենք խոսում աշխարհի հետ:
Տարիներ շարունակ, մասնավորապես 1986 թվականից, Թարգմանչաց տոնը նշվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանի գրողների միության սերտ համագործակցությամբ: 2003 թվականից համատեղ հիմնել ենք «Կանթեղ» մրցանակը, որը տրվում է և՛ Հայաստանի, և՛ արտերկրի բազմավաստակ թարգմանիչներին, ովքեր հայ գրականություն են թարգմանում: Ի դեպ, ՀԳՄ-ն ունի նաև Հովհաննես Մասեհյանի անվան մրցանակ, որը տրվում է թարգմանության ասպարեզում ավանդ ունեցող թարգմանիչներին: Այս տարի հիմնել ենք «Նարեկացի» հուշամեդալ, որը կտրվի արտերկրի և հայ վաստակաշատ թարգմանիչներին:
Պիտի ուրախությամբ նշենք, որ այսօր մեր բուհերի թարգմանական բաժիններն ավարտած շատ շնորհալի թարգմանիչներ հայերենից այլ լեզուներ են թարգմանում մեր ժամանակակից հայ գրողներին: Այդ գործերը տպագրվում են նաև արտերկրում: 3 տարի առաջ «Գ.Թ.»-ում հրապարակեցինք, թե հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունները որ երկրներում ինչ լեզուներով են թարգմանվել, և պատկերը ցուցանեց, որ պատկառելի ցանկ է գոյացել: Այս ամենը հուշում է, որ մեր բազմադարյա Թարգմանչաց տոնը միջազգայնացնելու առիթը պիտի բաց չթողնենք: Եվ ահա Գրողների միության նախագահությունը որոշեց դիմել արտերկրի այն թարգմանիչներին, ովքեր իրենց երկրներում հայերենից թարգմանել ու հրատարակել են հայ հեղինակներին, հրավիրելով միասին նշելու Թարգմանչաց տոնը: Միջոցների առումով, Գրողների միությունը շահեց ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհ, իսկ մրցանակների հարցը հոգում է Սուրբ Էջմիածինը: Կօգտագործվեն նաև Գրողների միության ստեղծագործական տան հնարավորությունները: Թարգմանչաց տոնին մասնակցելու հրավերին արձագանքել է 10 թարգմանիչ արտերկրից՝ Կալինա Զիոլա (Լեհաստան), Մաղվալա Գոնաշվիլի (Վրաստան), Բաղաթեր Արաբուլի (Վրաստան), Մանանա Գոգիաշվիլի (Վրաստան), Ղավամեդդին Ռազավիզադե (Իրան), Վարանդ (Իրան), Օլեքսանդր Բոժկո (Ուկրաինա), Ալան Ուայթհորն (Կանադա), Վահիդ Նադեր (Գերմանիա), Նինա Գաբրիելյան (Ռուսաստան):
«Գ.Թ.» – Պարո՛ն Միլիտոնյան, սեպտեմբերի 30-ը, արդեն մի քանի տարի, նշվում է որպես թարգմանիչների միջազգային օր…
Էդ. ՄԻԼԻՏՈՆՅԱՆ – Բնականաբար, մենք պիտի պահպանեինք մեր ավանդական տոնի ամիսը, չկորցնելով այն միջազգայնացնելու հնարավորությունը, նաև Հայաստանի պատմությունը, մշակույթը աշխարհին ներկայացնող պատուհան դարձնելու: Հավատում եմ, որ բոլորիս ջանքերով այս տոնը կմտնի միջազգային գրական փառատոների շարքը և ապագայում կընդլայնվի՝ լայն հնարավորություններ ստեղծելով հայ գրականությամբ հետաքրքրվող թարգմանիչների համար: Մենք գործակցում ենք բազում երկրների գրական կազմակերպությունների հետ՝ Վրաստան, Իրան, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Գերմանիա, Սերբիա, Բուլղարիա, Ռումինիա և այլն: Վերջին տարիներին ամրացել են գրական կապերը Լիտվայի, Ղազախստանի, Լեհաստանի, Չինաստանի հետ: Համատեղ անթոլոգիաներ պատրաստելու նոր ծրագրեր, առաջարկություններ կան: Վերջին մեկ տարում Լեհաստանում, Ղազախստանում, Գերմանիայում հրատարակվեցին հայ դասական և ժամանակակից գրականության անթոլոգիաներ:
Հայաստանում վերջին 15 տարում պետական աջակցությամբ հրատարակվել են հայ գրողների ստեղծագործությունները տարբեր լեզուներով և ներկայացվել են միջազգային ցուցահանդեսներում: Դարձյալ պետական աջակցությամբ բազմաթիվ լեզուներից թարգմանվել և հրատարակվել են աշխարհի հայտնի դասական և ժամանակակից գրողների գրքեր:
Ուրախությամբ նշենք, որ մեր ժամանակակից գրողներից ոմանց հրավիրում են մասնակցելու տարբեր միջազգային գրական փառատոների, ոմանք ստացել են նաև միջազգային մրցանակներ, ինչը նշան է, որ մեր հայ ժամանակակից գրականությունը որպես աշխարհի գրական քարտեզի անբաժանելի մաս է դիտարկվում: Թարգմանության գործում մեծ ներդրում ունեն նաև Գրողների միության «Լիտերատուրնայա Արմենիա» և «Արտասահմանյան գրականություն» ամսագրերը: Աշխարհի գրողների և հայ գրողների համար սրանք որոշակի հնարավորություններ են՝ ներկայանալու ընթերցողին:
«Գ.Թ.» – Ի՞նչ ծրագրով է առաջնորդվելու Թարգմանչաց տոնը:
Էդ. ՄԻԼԻՏՈՆՅԱՆ – Մեր հյուրերը կժամանեն հոկտեմբերի 9-10-ին: Ամսի 11-ին, ժամը 12-ին Գրողների միության Մեծ դահլիճում կկայանա փառատոնի բացման արարողությունը: Նույն օրը Գրողների միության Պոեզիայի պուրակում կբացվի թարգմանական գրականության ցուցահանդես: Մեր թարգմանիչները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց թարգմանությունները, խոսելու թարգմանության մասին: Հրավիրում ենք թարգմանիչներին, հրատարակիչներին և գրողներին՝ ներկայացնելու վերջին երեք տարվա իրենց թարգմանական գրքերը: Այնուհետև հյուրերը կծանոթանան Մատենադարանի և Հայաստանի պատմության թանգարանի նմուշներին: Հոկտեմբերի 12-ին Թարգմանչաց տոնը կշարունակվի Օշականում, որտեղ էլ կհանձնվեն «Կանթեղ» մրցանակները: Այս տարի առաջին անգամ կհանձնվի նաև Գրողների միության «Նարեկացի» հուշամեդալը: Նույն օրը հյուրերը կայցելեն նաև Էջմիածին: Հոկտեմբերի 13-ին նրանք կմեկնեն Գյումրի, կհանդիպեն Շիրակի գրողների և ընթերցողների հետ, կծանոթանան Գյումրու մշակութային կյանքին, կլինեն Վարպետաց փողոցում: Ամսի 14-ին կայցելեն Գառնի, Գեղարդ, ինչպես նաև Մարտիրոս Սարյանի և Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարաններ: Երևանում Ավ. Իսահակյանի անվան գրադարանում ժամը 15-ին կնշվի վրացի բանաստեղծ Մաղվալա Գոնաշվիլու հոբելյանը: Երեկոյան հյուրերը կայցելեն Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր:
«Գ.Թ.» – Ամփոփելով՝ ինչպե՞ս կբնութագրեք Թարգմանչաց տոնի իրական դերն ու նշանակությունը:
Էդ. ՄԻԼԻՏՈՆՅԱՆ – Թարգմանությունն աշխարհն ընդարձակում է ժողովուրդների համար, ճանաչելի դարձնում տարբեր երկրների հոգևոր, գեղարվեստական հարստությունը: Նաև զարմանալի արագությամբ փոքրանում է աշխարհը: Ինչո՞ւ: Քանզի պարզվում է, որ երկրագնդի գլոբալ տաքացման, ահաբեկչության տարածման, մարդու ազատ իրավունքի և ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման, զանգվածային պարզունակ պահանջմունքի և սպառողական հոգեբանության դեմ միայնակ չեն կարող պայքարել ազգերն ու պետությունները: Թարգմանիչներն են կամուրջները, որոնք կապում են սիրտ սրտի, ձեռք ձեռքի՝ դառնալով փրկության օղակ: