ՄԻՄՅԱՆՑ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ՀՐԱՇԱԼԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ  / ՕԼԵՔՍԱՆԴՐ ԲՈԺԿՈ

Օլեքսանդր_Բոժկո

«Գրական թերթի» հարցազրույցը թարգմանիչ, հայագետ ՕԼԵՔՍԱՆԴՐ ԲՈԺԿՈՅԻ հետ
«Գրական թերթ» – Պարո՛ն Բոժկո, Ձեր առաջին թարգմանությունը հայերենից ուկրաիներեն հրատարակվել է անցյալ դարի 70-ական թվականներին: Անցել է ավելի քան չորս տասնամյակ: Ի՞նչ է նշանակում Ձեզ համար լինել թարգմանիչ հայերենից:
Օլեքսանդր ԲՈԺԿՈ – Հայերենից իմ առաջին թարգմանությունը Հրանտ Մաթևոսյանի «Մենք ենք, մեր սարերը» հանրահայտ վիպակից մի հատված է եղել` 1973 թվականին, այն ժամանակվա «Україна» ամսագրում, որը լույս էր տեսնում 230 հազար տպաքանակով: Հետագայում ամբողջությամբ թարգմանեցի նրա «Մենք ենք, մեր սարերը» և «Կանաչ դաշտը» վիպակները, ինչպես նաև նրա պատմվածքների ժողովածուն, որոնք լույս տեսան առանձին գրքերով: Աշխարհահռչակ գրողի հետ անձամբ երկարամյա բարեկամական կապի մեջ էի: Ինձ են պատկանում նաև «Հայկական ժողովրդական հեքիաթները», Աղասի Այվազյանի, Մուշեղ Գալշոյանի, Րաֆֆու, Զորայր Խալափյանի, Կարեն Սիմոնյանի, Սերո Խանզադյանի և այլ հայ արձակագիրների ստեղծագործությունների թարգմանությունները: 80-ական թվականներին կազմեցի նաև հայ երիտասարդ արձակի անթոլոգիան «розквітле каміння» (Ծաղկած քարեր) խորագրով` առաջին անգամ ուկրաինացի ընթերցողին ներկայացնելով երիտասարդ սերնդի հայ արձակագիրների` Վանո Սիրադեղյանի, Մերուժան Տեր-Գուլանյանի, Ալվարդ Պետրոսյանի և այլոց ստեղծագործությունները: Այժմ աշխատում եմ 2000 թվականից հետո հայ գրականությունում հանդես եկած ժամանակակից երիտասարդ արձակագիրների պատմվածքների անթոլոգիայի թարգմանության վրա:
Սակայն ասեմ, որ նախ և առաջ ես ինձ համարում էի և այժմ էլ համարում եմ ոչ այնքան թարգմանիչ, որքան հայագետ ու հայասեր: Բավական է ասել, որ ողջ գործունեությանս ընթացքում ուկրաինական մամուլում լույս են տեսել հայկական մշակույթին և պատմությանը նվիրված իմ գրեթե 100 հոդված, թարգմանած գրքերիս համար գրած առաջաբաններ, Հայաստանում տեղի ունեցած այս կամ այն իրադարձության` լինի դա 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժը, Սումգայիթի արյունոտ ջարդը թե Օսմանյան կայսրությունում կատարված Մեծ ցեղասպանությունը և 2018 թ. Թավշյա հեղափոխությունը լուսաբանող բազմաթիվ արձագանքներ: Ավելացնեմ նաև ուկրաինական և հայկական ռադիոյով ու հեռուստատեսությամբ իմ բազմաթիվ ելույթները:
Կարող եմ վստահորեն ասել, որ մշտապես զգացել եմ (և այժմ էլ զգում եմ) պատմական և մշակութային այն գործընթացների մասնակիցը, որոնք տեղի էին ունենում Ուկրաինայում և Հայաստանում, մեր երկու ժողովուրդների միջև: Եվ որպես մարդ, որ առնչված ու անտարբեր չէ այդ գործընթացներին, անհրաժեշտ էի համարում ոչ միայն իմ կարծիքը հայտնել, այլև հակազդել այն առանձին փորձերին, որոնք մեր ժողովուրդների միջև թշնամություն սերմանելու բացահայտ նպատակ էին հետապնդում: Նամանավանդ, որ «հայ» բառը, որը ուկրաիներենով հնչում է «вірменин», թարգմանաբար կնշանակի` «Вір мені!», այսինքն` «Հավատա ինձ»: Եվ մեր ժողովուրդների միջև վստահելի հարաբերությունների, միմյանց ավելի լավ ճանաչելու, միջպետական, ինչպես նաև անձնական մակարդակով կապերի ընդլայնման գործընթացում գրականության և գեղարվեստական թարգմանության դերն անգնահատելի է: Այսինքն` որպես թարգմանիչ և հայագետ, այժմ նույնպես շարունակում եմ այն աշխատանքը, որ իրագործում էի քաղաքական գործիքների և հատուկ լիազորությունների միջոցով` աշխատելով որպես Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանը Հայաստանում 1996-2001 և 2005-2010 թվականներին: Միայն թե հիմա այդ անում եմ խոսքի միջոցով:
«Գ.Թ.» – Համառոտ հետահայաց` խոսենք Ձեր արդեն իրականացված գործունեության մասին:
Օ. Բ. – Ներկայումս մեր ժողովուրդները հասարակական, հաճախ ցավոտ, վերափոխությունների փուլ են ապրում: Նրանց առջև ծառացած գլոբալ մարտահրավերներին (դրանք Հայաստանում` Լեռնային Ղարաբաղի, Ուկրաինայում` Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի մարզերի հարցերն են) գումարվում են աղքատությունը, գործազրկությունը, պետական պաշտոնյաների կաշառակերությունը: Իսկ դա իր հեթին բնակչության զանգվածային միգրացիայի է հանգեցնում: Այս պայմաններում կարևոր է պահպանել կապը սերունդների միջև, այդ թվում նաև գրական կապերը, մեր պատմական և մշակութային հիշողությունը: Լվովի «Видавництво старого лева» («Ծեր առյուծի հրատարակչություն») հրատարակչությունում լույս է տեսնում «Սասունցի Դավիթ» դյուցազներգությունը իմ թարգմանությամբ, որի վրա աշխատել եմ երկար տարիներ: Գրքում կտեղակայվի իմ առաջաբանը, որտեղ ոչ միայն դյուզացներգության առաջացման պատմությունն եմ անում, այլև ուշադրություն եմ դարձնում նրա ժամանակակից հնչողության վրա` ներկա, մասամբ պատերազմի, սպառնալիքների պայմաններում, որ ծառացած են մեր հասարակությունների առջև: Հրատարակությունը նախապատրաստելիս անհրաժեշտություն ծագեց գրքում զետեղել Սասունի քարտեզը, որպեսզի ուկրաինացի ընթերցողը կարողանա պատկերացնել, թե պատմական Հայաստանի որ մասում են տեղի ունեցել նկարագրվող իրադարձությունները: Եվ որքան մեծ եղավ իմ զարմանքը, երբ դյուզացներգության ոչ մի հրատարակությունում չգտա նման որևէ քարտեզ, դեռ ավելին` Սասունի քարտեզը ո՛չ խորհրդային, ո՛չ էլ անկախ Հայաստանում երբևէ լույս չի տեսել: Այնժամ ես դիմեցի Հայաստանի հանրային գրադարանի քարտեզագրության բաժին, հետո` Երևանի պետական համալսարանի քարտեզագրության ամբիոնին: Այնտեղ ինձ սիրալիորեն տրամադրեցին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Արևմտյան Հայաստանում, մասնավորապես Սասունում տեղի ունեցած ռազմական գործողությունների քարտեզը, որ լույս էր տեսել 1912-14 թթ.: Այդ քարտեզի հիման վրա էլ գիրքը նկարազարդող նկարչուհու` Իվա Միխայլյանի հետ կազմեցինք Սասուն երկրի ուրույն քարտեզը, որտեղ նշված են պատումի մեջ տեղի ունեցող բոլոր գործողությունների տեղերը` Բաթմանի կամուրջը, Մարութի Աստվածածնի տաճարը և այլն:
Եվս մի գիրք` նվիրված Հայաստանի պատմական անցյալին, տաղանդավոր արձակագիր Վարդան Գրիգորյանի «Հավերժական վերադարձ»-ը` նույնպես իմ առաջաբանով լույս է տեսել Խարկովի «Ֆոլիո» հրատարկչությունում: Ինչպես հիշում եք, այս նորաշունչ ստեղծագործությունը նվիրված է VII դարում տեղի ունեցած իրադարձություններին, երբ Բյուզանդական կայսրության մեջ ներգրավված հայկական հողերում տարածվեց պավլիկյան կրոնական հզոր շարժումը, որը հետագայում Եվրոպայում բողոքական կրոնի ձևավորման մեջ մեծ ազդեցություն ունեցավ:
Դրա հետ մեկտեղ, որպես թարգմանիչ` ես հետևում եմ հայ արձակագիրների ստեղծագործությանը: Նրանց գործերում արծարծվում է Հայաստանի ժամանակակից, հաճախ հակասական ներկան, ստեղծվում են ժամանակակից կերպարներ: Հետաքրքիր գործերը իսկույնևեթ թարգմանում եմ և տպագրում ուկրաինական գրական մամուլում, որպեսզի հետագայում լույս ընծայեմ առանձին գրքով: Այդ բանը, սակայն, ասեմ, որ նյութական դժվարությունների պատճառով այնքան էլ դյուրին չէ: Մասնավորապես կուզենայի նշել Արփի Ոսկանյանի հրաշալի «Մարտի երկուսը» պատմվածքը` նվիրված 2008 թ. մարտի 1-ի իրադարձություններին: Այս պատմվածքը լույս է տեսել Ուկրաինայի գրողների միության «Գրական թերթում» մինչև Թավշյա հեղափոխությունը: Այս հեղինակավոր շաբաթաթերթում նույնպես տպագրել եմ Համբարձում Համբարձումյանի «Էդ գիշեր» և Հրաչյա Սարիբեկյանի «Ապորիա» պատմվածքների թարգմանություններս: Իսկ բոլորովին վերջերս «Ուկրաինական գրական թերթում» հրապարակվեց Էդվարդ Միլիտոնյանի «Մանոյի լացն ու ծիծաղը» գունեղ պատմվածքը, որը, հույս ունեմ, կօգնի ուկրաինացիներին նաև հասկանալ, թե ինչպես են ապրում հարյուր և հազարավոր հասարակ հայեր` չկորցնելով բարու հանդեպ հավատը:
«Գ.Թ.» – Չենք կարող շրջանցել վաղվա օրը` ի՞նչ թեմայի կամ թարգմանության վրա եք աշխատում:
Օ. Բ. – Աշխատում եմ միաժամանակ մի քանի ծրագրերի վրա: Նշեցի ժամանակակից հայ արձակի անթոլոգիան, որ, իմիջիայլոց, ուկրաինական ընթերցողին հնարավորություն կտա պատկերացում կազմելու այսօրվա Հայաստանում տեղի ունեցող գրական գործընթացի, գրական սերնդափոխության մասին:
Գիրքը կիսով չափ պատրաստ է, բայց թե ինչպես եմ հրատարակելու` առայժմ չգիտեմ, քանի որ ֆինանսավորման հարցը դեռ պարզ չէ: Ուզում եմ նաև լույս ընծայել իմ ևս մի թարգմանություն` այսպես կոչված, XV-XVII դարերի Կամյանեցի տարեգրությունը, որ հին հայկական պատմագրական անչափ հետաքրքիր մի հուշարձան է: Այն գրաբար են ստեղծել Պոդոլի Կամյանեց քաղաքի հայկական գաղութի վանականների մի քանի սերունդ: Ժամանակին այդ տարեգրության թարգմանությունը պատվիրել էր ինձ հայ-ուկրաինական պատմական կապերի հետազոտող Յարոսլավ Դաշկեվիչը: Կամյանեցի հայկական գաղութը եղել է Ուկրաինայի ամենահին և ամենահարուստ գաղութներից մեկը: Սակայն տարեգրությունը հետաքրքիր է ոչ միայն միջնադարյան հայ բնակավայրի պատմության, այլև այն տեսակետից, որ իրադարձությունները տեղի են ունենում այն ժամանակվա Ռեչ-Պոսպոլիտայում, նրա կազմի մեջ գտնվող Ուկրաինայում, ինչպես նաև նրանց հարող երկրներում: Այնտեղ նկարագրվում է ուկրաինական կոզակների ապստամբությունը լեհական կեղեքիչների դեմ, մասնավորապես կոզակների` Օսմանյան Թուրքիայի դեմ մղած պատերազմների մասին: Տարեգրությունը իմ ընդարձակ առաջաբանով արդեն հրապարակվել է «Կիև» և Ուկրաինայի գիտությունների ակադեմիայի «Արևելյան աշխարհ» ամսագրերում, բայց կուզենայի, որ այն լույս տեսներ առանձին գրքով: Եվ, վերջապես, աշխատում եմ իմ դիվանագիտական հուշերի վրա, որի նշանակալի մասն արդեն տպագրված է «Դիվանագիտական Ուկրաինա» ժողովածուի մի քանի համարներում:
«Գ.Թ.» – Թարգմանչաց տոնը` Ձեր գնահատությամբ:
Օ. Բ. – Մշակույթների հանդիպումից զատ ուրիշ էլ ի՞նչ լավ բան կարող է լինել», – գրել է հայտնի ուկրաինացի բանաստեղծ Պավլո Տիչինան, որը, իմ կարծիքով, հանճարեղ Հովհաննես Թումանյանի ամենալավ թարգմանիչն էր: Այդ պատճառով այս տոնը միմյանց հետ հանդիպելու հրաշալի հնարավորություն եմ համարում բոլոր նրանց համար, ովքեր ուզում են ավելի լավ ճանաչել հայ հարստահարուստ մշակույթը, շփվել ժամանակակից հայ գրողների հետ և իրենց փորձը փոխանակել տարբեր երկրների գրչակից թարգմանիչների հետ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։