ԳԱԼԱՊԱԳՈ՞Ս, ԹԵ՞ ԱՄԲԵՐԴ / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Այս վերնագիրը հենց այնպես չընտրեցի: Դա ունի իր նախապատմությունը: Աղջիկս էքստրիմի սիրահար է դեռ վաղ մանկությունից: Հինգերորդ դասարանում էր, երբ հանգստանում էինք Բյուրականում: Հանգստյան տան մարդկանց տանում էին Ամբերդ, և քանի որ աղջիկս եղբորս ընտանիքի հետ գնացել էր նախորդ տարին, ասաց, որ շատ ապահով ճանապարհ է: Ամբերդը Բյուրականից բավական հեռու է, սակայն ամառային կեսօր էր, ճանապարհն անցնում էր ալպյան մարգագետնով, ծաղիկների բույր, բզեզների և մեղուների բզզոց` իսկական Վան Գոգի «Կեսօր» նկարի մեջ էինք: Բայց ամեն ինչ փոխվեց, երբ սկսեցինք շատ նեղ արահետով բարձրանալ բերդը: Արահետները երկուսն էին. ես, քույրս, նրա չորս տարեկան աղջիկը ընտրեցինք ներքևի արահետը և վերջում, որպեսզի ձորը չգլորվենք, Ամբերդ բարձրացանք սողալով ու փոշու մեջ կորած: Հանկարծ հիշեցի, որ Ասատուր Մնացականյանը պատմում էր, թե Ֆրանսիայի ակադեմիայի անդամ Ռընե Գրուեսին երբ Ամբերդ են տարել XX դարի 50-ական թվականներին, ասել է. «Սեն Արևշատյանը մատերիալիստ է, բայց ինձ Ամբերդ է տանում իդեալիստական ճանապարհով»: Այդ դեպքից հետո, երբ աղջիկս ինձ որևէ տեղ է տանում, քույրս հարցնում է. «Հո Ամբերդը չէ՞ր»: Այո՛, Գալապագոսը նույն Ամբերդն էր, բայց դրա մասին քիչ հետո:
Աղջիկս զանգում է Բոստոնից` գնալու ենք Էկվադոր, որովհետև տեսնելու շատ բան կա, բացի այդ, Հայաստանի քաղաքացիներից մուտքի արտոնագիր չեն պահանջում: Այնտեղից էլ թռչելու ենք Գալապագոսի կղզիները, որտեղ Դարվինը հղացել է էվոլյուցիայի իր հանրահայտ տեսությունը:
Էկվադոր ենք թռչում Ատլանտայով: Երբ ինքնաթիռը վայրէջք է կատարում Ատլանտայում, զարմանում եմ, թե որքան մեծ օդանավակայան է: Պարզվում է, իր մեծությամբ այն աշխարհում առաջինն է: 4,5 ժամ հետո հասնում ենք Էկվադորի մայրաքաղաք Կիտո: Հագնված ենք, ինչպես ամռանը Երևանում: Արդեն օդանավակայանում տեսնում ենք վերարկուներով, գլխարկներով, ձեռնոցներով մարդկանց: Օգոստոսին Կիտոյում ջերմաստիճանը 8-ից մինչև 18 աստիճան է` չնայած քաղաքը հասարակածի գծի վրա է. Կիտոն փռված է Անդերի վրա` 50 կիլոմետր երկարությամբ: Կա երեք տեսակի Կիտո` գաղութայինը, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հսկողության տակ է, ժամանակակիցը` բարձրահարկ շենքերով ու բարեկարգ շրջապատով, և երրորդը` հիմնականը, հասարակ ու փնթի, անկանոն շինություններով` երկու կամ երեք հարկանի տներով: Պատմական Կիտոն ունի երեք հրապարակ, որոնց վրա ապշեցուցիչ գեղեցկության կաթոլիկ եկեղեցիները իրենց ճոխությամբ մրցում են Եվրոպայի հայտնի եկեղեցիների հետ: Ես մտածում եմ, թե այս եկեղեցիները տեսնելու համար արժեր հասնել Կիտո: Մայրաքաղաքում կա տելեֆերիկո կոչված ճոպանուղին, որով բարձրանում ես 4100 մետր բարձրություն ունեցող լեռան գագաթն ու այնտեղից դիտում Կիտոյի համայնապատկերը: Տելեֆերիկոյի ճանապարհին աղջիկս ասում է, թե բոլորին չի կարելի լեռը բարձրանալ. բարձրության վրա օդը նոսր է: Վստահեցնում եմ, որ ինձ ոչինչ չի պատահի, բայց երբ մոտենում ենք ճոպանուղու մուտքին, տեսնում եմ` շտապօգնության մեքենա է կանգնած, բժիշկներ և մեծ հայտարարություն, որ տարեցներին չի կարելի բարձրանալ: Բայց մենք բարձրանում ենք, և, ի զարմանս ինձ, լեռան գագաթին զգացողությունս հիանալի է: Բոլորովին անծանոթ ծառերով զարդարված է գագաթը, կանաչ, ցածր խոտի միջից, կարծես ժպտացող աչքեր, քեզ են նայում դեղին ու սպիտակ, գետնին կպած գեղեցիկ ծաղիկներ: Կիտոն լեռան բարձրությունից երևում է ամբողջությամբ, ու դեռ հայացքդ չի ընդգրկում ողջ քաղաքը: Կիտոյում շատ են թափառող շները և չափազանց շատ են մուրացիկները: Շների համար կան կերակրամաններ` հատուկ կերով լի: Քաղաքում կա գողություն: Երբ նստում ես տաքսի, վարորդները ներսից փակում են դռները, որովհետև կանգառների ժամանակ կարող են բացել մեքենայի դուռը և թռցնել պայուսակդ: Տաքսիստները բոլորը չէ, որ բարեխիղճ են. ոմանք կարող են քեզ տանել, բավական հեռու փողոցում կանգնել ու ասել` մնացածը գնացեք ոտքով: Մեր դեպքում, իհարկե, նրանց բախտը չի բերում, որովհետև աղջիկս վարժ խոսում է իսպաներեն, և տաքսիստը ստիպված ենթարկվում է նրա հրահանգներին: Ի դեպ. ոչ ոք չգիտի, թե որտեղ է Հայաստանը և ինչ ազգ են հայերը:
Կիտո արժե գնալ` տեսնելու նաև XX դարի էկվադորցի նշանավոր նկարիչ և քանդակագործ Օսվալդո Գվայասամինի (1919-1999) տուն-թանգարանն ու նրա կառուցած մարդու տաճարը:
Գվայասամինը ծնվել է շատ աղքատ ընտանիքում: Հայրը սպիտակամորթ էր, մայրը` կես բնիկ: Ընտանիքն ուներ 10 երեխա: Նրա հայրը սկզբում տրակտորիստ էր, հետո` տաքսու վարորդ: Մայրը շատ վաղ է մահացել: Մայրը զգացել է որդու նկարելու ձիրքը ու նպաստել, որ գնա նկարչական դպրոց: Սակայն նկարչության ուսուցիչը շարունակ կրկնել է, թե տղան նկարելու ձիրք չունի և պետք է թողնի այդ արվեստն ու ընտրի այլ մասնագիտություն: Դա չի հուսահատեցրել Օսվալդոյին: Ընտանիքի կամքին հակառակ` 1932-ին ընդունվել է գեղարվեստի դպրոց և շատ արագ դարձել առաջին աշակերտը:
Գվայասամինը իր մաշկի վրա զգացել է ռասայական խտրականությունը, և նրա ողջ ստեղծագործությունը ուղղված է աղքատության մերժմանը: Նկարչի տուն-թանգարանը եզակի է իր հետաքրքիր հավաքածուներով, որոնք բերել է Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի տարբեր երկրներից: Նրա պաշտամունքի առարկան Հիսուս Քրիստոսն է, հիմնական թեման` մարդու տառապանքն ու աղքատության մերժումը: Նա կրկնօրինակել է «Հիսուսի իջեցումը խաչից» իտալացի նկարչի գործը, միայն թե նրա նկարում Հիսուսը լրիվ մերկ է, իսկ Մարիամն ու մյուս կանայք էկվադորյան դեմքեր ունեն: Գվայասամինի կառուցած մարդու տաճարի կենտրոնում վառվում է հավերժական կրակը: Տաճարը մարդ արարածին բացատրում է, որ չպետք է լինեն տարբեր ռասաների և կրոնների հակամարտություններ: Տուն-թանգարանում ցուցադրվող ֆիլմը ներկայացնում է, թե ինչպես աբստրակտ նկարում արվեստի այս մեծ վարպետը պատկերում է ամեն մի մարդու ներքին էությունը: Գվայասամինը մտերիմ է եղել Ֆիդել Կաստրոյի, Ֆրանսուա Միտերանի, Գարսիա Մարկեսի, Պաբլո Ներուդայի, Մաո Ցզե Դունի հետ և աշխարհի շատ հայտնի մարդկանց է նկարել:
Կիտոյում ուտելիքը խիստ էժան է: 2,5 կգ մանդարինը, բանանը, լայմը, կիտրոնը, խնձորը և տանձը արժեն ընդամենը 1 դոլար: Կարող ես 2 դոլարով լավ ճաշել: Բացառիկ համեղ են ապուրները` պատրաստված կարտոֆիլի, եգիպտացորենի, ավոկադոյի տարբեր տեսակներից: Դրա համար էլ շատ ամերիկացիներ թոշակի անցնելուց հետո փոխադրվում են Կիտո, տուն գնում կամ վարձում թանկ թաղամասում և սկսում են ճամփորդել: Աշխարհում Էկվադորն առաջինն է բանանի արտահանման բնագավառում: Պանամա կոչված գլխարկների հայրենիքը Էկվադորն է: Էկվադորում ապրել են 3 տարբեր ցեղախմբեր, որոնց XVI դարում տիրել են ավելի զարգացած ինկերը: Ինկերը կառուցել են Ինգապիրկա քաղաքը, որի ավերակները գնում ենք դիտելու: Քանի որ տեսել եմ Պերուի Մաչու Պիչուի մասին պատմող ֆիլմը, ապա Էկվադորի Ինգապիրկան շատ նման է դրան: Արևի տաճարի վրա չի կարելի բարձրանալ. աղջիկս բարձրացել է, իսկ ես ներքևում, խառնված լամաների խմբին, նկարում եմ: Նա վերևից ձայնում է. «Մա՛մ, դո՛ւրս արի, լամաներն ուղտի նման թքում են»: Ես իսկույն վազելով դուրս եմ թռչում…
Կիտոյի ազգային թանգարանում կան Էկվադորի վաղ արվեստի կավե քանդակներ: Մեր թվարկությունից երկու հազարամյակ առաջ ստեղծված բոլոր քանդակների գլուխներին` կին թե տղամարդ, տիեզերագնացների սկաֆանդրներ են: Ինչո՞ւ: Չէ՞ որ երբ իսպանացիները XVI դարում Էկվադորի ամենամեծ քաղաքի` օվկիանոսի ափին գտնվող Գվայակիլի կողմից եկան, էկվադորցիները` կին թե տղամարդ, մերկ էին: Աշխարհում դեռ որքա՜ն անբացատրելի առեղծվածներ կան…
Կիտոյի մոտ է աշխարհի կենտրոնի` հասարակածի գծի վայրը` հիանալի կառուցված: Կողքին Լատինաամերիկյան երկրների միության շենքն է` այդ երկրների դրոշներով: Աշխարհի կենտրոնն ունի ինը հարկանի թանգարան` վրան աշխարհի գլոբուսը: Թանգարան տանող ճանապարհի երկու կողմերում Էկվադորի նշանավոր մարդկանց կիսանդրիներն են:
Կիտոյից ավտոբուսով մեկնում ենք Բանյոս` տաք ջրերի քաղաքը: Ճանապարհին մեզ ուղեկցում է էկվադորցիների Կոտապակսի սրբազան լեռը, որը կարծես Մեծ Մասիսի կրկնօրինակն է և ունի 6000 մետր բարձրություն: Բանյոսի տաք ջրերը հիանալի են, բխում են լեռներից: Այստեղ գալիս են աշխարհի ու Լատինական Ամերիկայի տարբեր երկրներից: Երկու ջրային կենտրոններում էլ եղանք ու բավականություն ստացանք. ջրերը տարբեր ջերմաստիճանի են, պղտոր, սակայն բուժիչ հատկություններ ունեն:
Վերադառնում ենք Կիտո, ինքնաթիռով Էկվադորի երրորդ քաղաքը` Կվենկա թռչելու: Կվենկան ունի հռչակավոր համալսարան, գաղութային շրջանի գեղեցիկ հրապարակ, շքեղաշուք կաթոլիկ եկեղեցիներ:
Կվենկայից ավտոբուսով մեկնում ենք Գվայակիլ` Էկվադորի ամենամեծ քաղաքը Խաղաղ օվկիանոսի ափին` 2,5 միլիոն բնակչությամբ: Երկու օրում հասցնում ենք լինել հաճելիորեն կառուցապատված օվկիանոսի ափին, որը քաղաքի ամենանշանավոր վայրն է, և այցելում ենք գունավոր շենքերով բլրի վրա կառուցված բարեկարգ թաղամասը, որտեղ նկարիչների արվեստանոցներն ու արվեստի խանութներն են:
Կվենկայից Գվայակիլի ճանապարհն անցնում է բարձր լեռնային ոլորապտույտներով. գեղեցիկ բնություն, անմարդաբնակ վայրեր, լեռան և անդունդի վրա կառուցված ճանապարհ, երբեմն ամպերը քո ներքևում են` իսկական էքստրիմ: Վերջապես 3,5 ժամ անց հասնում ենք հովիտ, ուր բանանի տնկարաններն են ու բանանների խրձերը` փաթաթված ցելոֆանե տոպրակներով: Գվայակիլն ունի միջազգային օդանավակայան, որտեղից թռչում ենք Գալապագոս: Գալապագոս կարելի է թռչել միայն Էկվադորի երկու օդանավակայաններից` Կիտոյից ու Գվայակիլից: Ի դեպ, Գվայակիլն իր անունը ստացել է տեղացի հնդկացիների ցեղի առաջնորդ Գվայասի և նրա կնոջ` Կիլի անվան միացումից: Վերջիններս չեն հանձնվել իսպանացիներին և զոհվել են նրանց դեմ մարտնչելիս: Կիտոյի Աշխարհի կենտրոնի թանգարանում պատկերված է, թե որքան դաժան են վարվել իսպանացիները բնիկների հետ: Այդ պատկերները հիշեցնում են 1915 թվականի Հայոց ցեղասպանության դրվագներն ու խիստ ցավալի են:
Գալապագոսի օդանավակայանը գտնվում է Բալտրա շատ փոքր կղզու վրա: Այնտեղից նավով մեկնում ենք Սանտա Կրուզ կղզու ամենամեծ քաղաքը` Պուերտո Այորա: Գեղեցիկ, փոքրիկ քաղաք է` 12.000 բնակչությամբ: Գալապագոսի կղզիները գտնվում են Էկվադորից մոտ 1000 կմ հեռավորության վրա: Դրանք բազմաքանակ են, սակայն բնակեցված են չորսը` Սանտա Կրուզը, Իզաբելան, Սան Քրիստոբալը և Ֆլորիանան: Եղանք ինը կղզիներում: Տարեկան Գալապագոս է այցելում 224 հազար զբոսաշրջիկ: Նախ կղզիներն, իրոք, աշխարհից կտրված են և երկրորդ` այնտեղ գնում են վախ չունեցող մարդիկ: 1831 թ. Չարլզ Դարվինը Բիգլ նավի արշավախմբի հետ Անգլիայից մեկնում է Գալապագոս, ուր հասնում է (հավանաբար կանգառներով) 1835-ին: Տարբեր կղզիներ 2 ամսում ուսումնասիրելուց հետո վերադառնում է Անգլիա, և 1859-ին լույս է տեսնում Դարվինի հանրահայտ էվոլյուցիոն տեսության գիրքը, որը մենք դպրոցում անցնում էինք «Դարվինիզմ» դասագրքով:
Բալտրայի օդանավակայանում իսպաներենով ու անգլերենով գրված է. «Աշխարհի թիվ մեկ էկոլոգիական մաքուր վայր»:
Գալապագոսյան կղզիներ գնում են փոքր նավեր` նախատեսված 16 մարդու համար: Նավին կապած է ռետինե նավակ: Երբ նավահանգստից նավ պետք է նստես, պարտադիր հագցնում են «կյանքի ապահովության ժիլետը», հետո թռչում ես նավակի մեջ, այնտեղից էլ` նավի վրա, որտեղ անմիջապես հանում ես կոշիկներդ: Երբ նավը մոտենում է նախատեսված կղզուն և կանգնում ափից շատ հեռու, այլևս չեն հագցնում ժիլետը, այլ հենց այնպես, անհատակ օվկիանոսի վրայով թռչում ես ռետինե նավակի մեջ, այնտեղից` կղզուն մոտենալիս, թռչում ջրի մեջ և նոր հագնում կոշիկները: Այդ ամենը պետք է արվի արագ ու հմտորեն: Նավի վրա հանդիպում ես եվրոպացիների` հոլանդացիներ, բելգիացիներ, իտալացիներ, ֆրանսիացիներ, գերմանացիներ, իսպանացիներ, Ասիայից` չինացիներ, ճապոնացիներ, բայց ոչ մի արաբ, պակիստանցի, հնդիկ. նրանց մուտքը Էկվադոր արգելված է: Հանդիպում ենք միայն մեկ ռուսի` Մոսկվայից Դմիտրի Ռումյանցևին: Իրավաբան է, գիտի անգլերեն ու իսպաներեն: Շատ է ճամփորդում: Ասում է, թե Պուտինի պահանջով ողջ Լատինական Ամերիկայի երկրները բաց են Ռուսաստանի համար: Պատմում է նաև` երբ գնացել է Բաքու, անձնագրային ստուգման ոստիկանն ասել է. «Դու հա՞յ ես»: Դմիտրին կապուտաչյա տիպիկ ռուսական արտաքինով, 46-ամյա համակրելի տղամարդ է: Նա բացատրել է, թե ինքը մաքուր ռուս է և ազգանունն էլ ռուսական է: Ադրբեջանցին շեշտել է, թե ազգանվան մեջ յան մասնիկ կա, ուրեմն հայ է: Խեղճը երկար ու տանջալից պաշտպանել է ռուս լինելու իրավունքը…
Հենց առաջին օրը, երբ ոտք դրեցի առաջին անմարդաբնակ կղզու վրա` խիստ քարքարոտ, կարմիր քարեր և տեղ-տեղ կակտուսի հաստաբուն ծառեր, ինձ թվաց` կա՛մ Մարսի, կա՛մ Լուսնի վրա եմ: Ուղեկցող տղամարդը սկսեց բացատրել, թե կղզում կտեսնենք միայն Գալապագոսում ապրող վառ կապույտ ոտքերով մեծ թռչուններ, կտուցի տակից մինչև փորի վերջը երկու կարմիր փուչիկներ ունեցող սև թռչուններ` իրենց ձագերով ու բներով, նաև եզակի իգուանա սողուններ, որոնք կան միայն Գալապագոսի կղզիներում: Առաջին օրը գնում ենք Դարվինի անվան հետազոտական կենտրոն` տեսնելու հսկա կրիաների, որոնց քաշը 100 տարեկանում հասնում է 200 կիլոգրամի: Հետո շատ տեղերում ենք տեսնելու կրիաների, ծովառյուծների, պինգվինների, շնաձկների, ձկնկուլների, տարբեր-տարբեր իգուանաների` կարմիր, դեղին, ջրային ու ցամաքային տեսակներ: Բոլոր այդ տեսակները պահպանվել են միայն Գալապագոսի կղզիներում:
Նավի վրա եղած մարդիկ` անկախ ազգությունից, շատ բարեկիրթ են, պատրաստ օգնության ձեռք մեկնելու, և դա բոլոր օրերին: Գալապագոսի հիմնական քաղաք Պուերտո Այորայում չկան մուրացիկներ, մթերքի գներն էլ շատ թանկ չեն: Տեղաբնակները երջանիկ տեսք ունեն: Էկվադորում Խորհրդային Միությունը դեռ թվում է երազանք: Երկրի նախագահի անունը Լենին է, իսկ ուղեկցողներից մեկի անունը` Գանդի: Երբ ավտոբուսի վարորդին աղջիկս Կիտոյում տալիս է 100 դոլար, նա փոխանակ 90 դոլարը վերադարձնելու, հանգիստ անցնում է հաջորդ շարքի ուղևորներից փող գանձելու: Աղջիկս պահանջում է 90 դոլարը, նա ասում է. «Կտամ, էլի»: Սակայն աղջիկս ստիպողաբար վերցնում է իր 90 դոլարը: Նման երևույթի հանդիպում ենք նաև ուրիշ դեպքերում: Երբ վրդովված ասում եմ, թե չեմ հասկանում նման վարքագիծը, Հասմիկը պատասխանում է. «Աղքատ երկրի հոգեբանություն»: Ավտոբուսների վարորդները, տոմսարկղերի մոտ կանգնած, առաջարկում են տոմս չգնել, այլ վարձը մի փոքր պակաս տալ իրենց: Փաստորեն, խաբում են սեփական պետությանը:
Գալապագոսի երկրորդ կղզին գնալիս ինձ վատ եմ զգում` ծովային հիվանդության նախնական փուլ է: Կծկվել եմ նավի վերնամասում, լայնեզր գլխարկը քաշել դեմքիս: Հանկարծ զգում եմ, որ մեկը կիպ նստել է կողքիս: Կարծում եմ, աղջիկս է, գլխարկի տակից նայում եմ, տեսնում միայնակ ճանապարհորդող 25-ամյա ճապոնուհին է, խիստ դժբախտ դեմքով` մի աչքը թռել է վերև, մյուսը` ներքև: Հասկանում եմ, որ նա ինձնից էլ վատ վիճակում է: Հաջորդ օրը նավ եմ նստում արդեն հաբ խմած և ինձ լավ եմ զգում: Պարզվեց, ճապոնուհին դարձյալ մեր խմբում է և հաջորդ օրը մեկնելու է Տոկիո: Հասմիկը նրան տվեց երկու հաբ. այդ օրը նա իրեն այնքան լավ էր զգում, որ հատուկ կոստյումով ու լաստերով մասնակցեց 40 րոպե տևող օվկիանոսի ձկնաշխարհի դիտմանը, այն էլ` շնաձկների հետ լողալով. վերջիններս մարդկանց վրա չեն հարձակվում` ձկները շատ առատ են:
Գալապագոսում անհաշվելի են ծովառյուծները, որոնք կաթնասուններ են և իրենց ձագերին կերակրում են մինչև 4 տարեկան դառնալը: Նրանք տասնյակներով թավալվում են ափի ավազներում, բայց չի կարելի ձագերին ձեռք տալ, որովհետև նրանց հոտը կփոխվի, մայրը հոտով չի ճանաչի, ու ձագը սովից կսատկի: Կղզիներից մեկում ծովառյուծի ձագը գառան նման մայելով ընկել էր մոր հետևից, որ վերջինս կաթով կերակրի: Մայրը քարերի վրայով փախչում էր` ձագը ետևից: Վերջապես մայրը պառկեց մեջքի վրա և թույլ տվեց ձագին մոտենալ:
Շատ գեղեցիկ է Բարտոլոմեյ կղզին, որի բարձունքից երևում է օվկիանոսային ծովածոցի երկկողմանի նեղուցների գեղեցկությունը: Այդ հրաբխային կղզու բարձր կետը հասնելու համար 360 աստիճան ես բարձրանում: Կղզու մեծ քարերն ունեն բամբակի թեթևություն` չորացած լավան է: Ուղեկցողն ասում է, որ այդ քարերի մեջ կա երկաթ, ոսկի և այլ օգտակար նյութեր:
Վերջին օրը գնում ենք ամենամեծ կղզին` Իզաբելան: Այս անգամ խումբը 60 հոգուց է, ինչպես ասում են` շունը տիրոջը չի ճանաչում: Մեր թևերին ու կրծքին փակցնում են վարդագույն թղթի կտորներ, հետո կախում ինչ-որ պլաստիկե քարտեր: Այդ խառնաշփոթի մեջ տեսնում ենք Դմիտրիին` երկու երեխաների ու կնոջ հետ: Իզաբելան շատ հեռու է Սանտա Կրուզից, դրա համար էլ պետք է գնանք 24 տեղանոց ռեակտիվ նավով: Իջնում ենք ափ: Անձրև է տեղում: Հայտնվում է նոր ուղեկցող և ասում, թե հնդկացիների կայակ ենք նստելու: Աղջկաս ասում եմ, որ ուղեգիրը գնելիս վաճառողը կայակի անուն չի տվել, թեպետ իսպաներեն չգիտեմ, բայց լավ հիշում եմ, որ պիտի տեսնեինք ծովառյուծներ, մեծ կրիաներ, պինգվիններ, շնաձկներ, իգուանաներ, ֆլամինգոներ: Աղջիկս ապստամբում է և պահանջում, որ չգնանք կայակ թիավարելու: Մեզ միանում է երիտասարդ ֆրանսիացի զույգը Փարիզից: Հանկարծ սկսում եմ անզուսպ ծիծաղել: Հասմիկը զարմացած հարցնում է, թե ինչ է պատահել: Մեր մեծ խմբում կային շատ ծեր ամուսիններ: Ես պատկերացնում եմ նրանց կայակ թիավարելիս ու չեմ կարողանում ծիծաղս զսպել: Հետո այդ ամուսիններին տեսնում ենք կրիաների արգելոցում, ուր եկել էին իրենց վարձած տաքսիով: Այդ օրը շատ արգենտինացիներ կային: Մի տարեց արգենտինացի` կնոջ, որդու, հարսի ու թոռան հետ, օպերային երգչի ձայնով շարունակ երգում էր. «Օ՜ տրոպիկանա, օ՜ տրոպիկանա, օ՜ իմ անհասկանալի սեր»:
Մեզ համար գալիս է մի հսկա ավտոբուս, և ապստամբածներս, թվով 4 անձ, նստում ենք դատարկ ավտոբուսը: Ի զարմանս մեզ, ինչ-որ անհայտ ուղեկցողներ մեզ գտնում են ու տանում ռեստորան, էքսկուրսիաների, և, ի վերջո, ժամը 3-ին նորից հասնում ենք նավահանգիստ ու վերադառնում Սանտա Կրուզ, այնտեղից վերստին թռչում Կիտո:
Մի ծիտ, մի իգուանա, ինկերի XVI դարի քաղաքի մնացորդներ տեսնելու համար մարդիկ հասնում են աշխարհի ծայրը: Շարունակ հիշում եմ Էրեբունին, Գառնիի տաճարը, մեր հրաշալի ճարտարապետությունը ու մտածում, թե որքան գեղեցկություններ և արժեքներ ունենք մենք, որոնք անհայտ են մեծ աշխարհին:
Ինչո՞ւ…

One thought on “ԳԱԼԱՊԱԳՈ՞Ս, ԹԵ՞ ԱՄԲԵՐԴ / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։